Հրաչ ԲԵԳԼԱՐՅԱՆ / …ՄԱՆԱՎԱՆԴ, ԵՐԲ ՄԵՐ ՍԵՎԵՐԸ ՍԱՊՈՆ ՉՈՒՆԵՆ

 

 

 

Վերջերս հանկարծ հայտնաբերեցի, որ հայը նման է իր սիրած ծառին՝ ծիրանենուն: Հենց մի քիչ տաքանում են օրերը, հենց արևը ժպտում է մի քիչ, ծառն անմիջապես բացում է ծաղիկները և ժպտում է բոլորին: Ժպտում է ինքնամոռաց, ժպտում է, քանի որ չարություն չունի աշխարհի դեմ և մոռանում է իր նկատմամբ արած չարությունը: Կարծես թե լավ է, որ անչար է աշխարհի դեմ, բայց մոռանում է սառնամանիքի ու կարկուտի մասին: Դրա համար էլ ծիրանենին գրեթե ամեն գարուն ցրտահարվում է կամ կարկտահարվում: Հայն էլ է այդպիսին. հենց մեկը մի բարի ու լավ խոսք է ասում, անմիջապես մոռանում է նրա արած չարությունը և ծաղիկները բացում է՝ համեցեք, հիացեք տեսքով և ըմբոշխնեք բույրը: Հետո, ժամանակ անց, պտուղն էլ է ձերը: Բայց այդպես էլ դար ու դարեր չի հասկացել, որ իր համաձայնությունը հարցնող չկա և իր պտուղը քաղելու են դեռ չհասած…

Եվ ծիրանենին ու հայը մեղավոր չեն, որ նորից Հայկական հարցը լակմուսի թղթի դեր է կատարում: Այս անգամ արդեն միջազգային կառույցների համար: Հայկական հարցին առնչվելով պայթում են, ասենք, ՄԱԿ-ի, Հաագայի միջազգային դատարանի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և մյուս նման կազմակերպությունների փուչիկները: Նրանք Արցախի շրջափակմանը, Ադրբեջանի և Թուրքիայի հակահայ քաղաքականությանն առնչվելով, լավագույն դեպքում, բանաձևեր են ընդունում, ու այդքանը: Ցույց են տալիս իրենց սնանկությունը և մեզ մի ավելորդ անգամ էլ ապացուցում, որ այս աշխարհը ոչ թե արդարության, այլ բիրտ ուժի աշխարհ է, և հաղթում է նա, ով ուժ ունի, լսում են նրան, ով ուժեղ է, ով հանքահումքային պաշարներ ունի, ով իրենց համար օգտակար կարող է լինել:

Միջազգային կառույցները արդեն որերորդ անգամ մեզ անբառ բացատրում են, որ հարկավոր է ուժեղ լինել լսելի լինելու համար, իսկ արդարությունը և ժողովրդավարությունը միայն արտաքին շղարշ են այս աշխարհի համար: Ի՞նչ է պայմանագիրը՝ թղթի կտոր: Պատմությունը քանի՞ անգամ է ապացուցել այդ: Հենց թեկուզ Հիտլերին հիշենք, որը առանց վարանելու ոտնահարեց 1939 թ. Մոլոտով – Ռիբենտրոպ պակտը: Հիմա ասում են՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքենք: Դա ընդամենը թղթի կտոր կլինի թշնամու համար, որ իր թիկունքում ունի Թուրքիա, գազով փակած եվրոպական բերաններ ունի, նաև՝ բազմաթիվ դաշնակիցներ, որոնք փողը և շահը մեծ հաճույքով փոխել ու փոխելու են արդարության հետ՝ առանց աչք թարթելու: Քանի դեռ քեզ լսել տալու ուժ չունես, չեն լսի…

Իսկ մենք՝ ինքներս նոտա չճանաչելով, Կոմիտասին ենք քննադատում, առանց երկար մտածելու թշնամու դրոշն ենք այրում: Հարցնում եմ. մենք այնքան ուժեղ պետությո՞ւն ենք, որ անհատ մարդու արած սխալ քայլը չազդի մեզ վրա: Մեր երկրի ամեն մի բնակիչ պատասխանատու է իր արարքների համար, քանի որ դրանց հետևանքների կրողը միայն ինքը չէ: Իսկ դրոշ այրելը… Թշնամու դրոշն այրել, նշանակում է անարգել նրան: Թշնամուն անարգելը լավ բան է, նույնիսկ՝ անհրաժեշտ բան, միայն թե նրա դրոշը անարգել ու այրել է հարկավոր, եթե այն վերցրել ես ու տեղը հայկական դրոշ ես բարձրացրել, եթե թշնամուդ հաղթել ես ու ոտքի տակ ես տալիս նրա սրբությունը, որ տվյալ պահին դրոշն է: Մենք դրա առիթն ունենում ենք ամեն օր, ամեն ժամ: Մեր սահմանների վրա կանգնած է թուրքը, և նրա դրոշն այրելը, նրա ատամները ջարդելը իսկական հերոսություն է: Մենք նման հերոսներ ունենք բարեբախտաբար և շատ ունենք: Ունենալու ենք էլի: Թե չէ այդպես դրոշ այրելը «կես բալանոց» շախ էլ չէ…

Մենք սիրում ենք քարը հորը գցել ու մի կողմ քաշվել: Քար գցող՝ որքան ասես: Դա կարող է լինել, ասենք, ցանկացած կշիռ ու քաշ ունեցող պաշտոնյա, իրեն հայրենասեր համարող մտավորական, վերջապես՝ միջին վիճակագրական ցանկացած հայ: Մենք քար գցելու վարպետ ենք: Ով ուզում է, թող հանի հորից: Չգիտես ինչու, չենք հասկանում, որ այդ քարը գցում ենք հենց մեզ վրա: «Իմ մի աչքը հանեք, մենակ թե թշնամուս երկու աչքը դուրս գա»… Եվ ցավն էն է, որ տվյալ դեպքում թշնամին իր նման մեկ այլ հայ է:

Չէ՛, մենք մտքի ժողովուրդ ենք և միտք ենք տալիս, ոչ թե մեզ, այլ թշնամուն: Հիշում եք, չէ՞, մի նախկին պաշտոնյա ոնց էր Քառասունչորսօրյայից առաջ Ալիևին ցույց տալիս Հայաստան արշավելու ճանապարհները: Կարծես Ալիևը չգիտեր: Մի քանի օր առաջ էլ մի վայ քաղաքագետ հեռուստացույցով բացատրում էր, թե Ադրբեջանը ոնց կարող է Հայաստանին դատի տալ, նրանից միլիարդավոր դոլարներ ռազմատուգանք պահանջել, իսկ եթե Հայաստանը չտա, իր զորքերը մտցնել Սյունիք ու այն որպես գրավ վերցնել… Լա՜վ եք անում, բա հայի խելքն ո՞ւմ համար է: Հո հայն իր խելքն իր համար չի՞ օգտագործի: Տեր է պետք, չէ՞, որ ծառայի: Իսկ թշնամին խոսում է սահմանները ճշգրտող քարտեզների մասին: Ասում են՝ քարտեզները պիտի ճշտենք սահմանները ճշտելու համար: Մի հարցնող լինի՝ ի՞նչ քարտեզ: Քարտեզը մեր հողի մեջ եղած եկեղեցիներն են: Հայախոս հուշարձանները, որոնց գրերը թշնամին ամեն օր վերացնում է, բայց այդ հուշարձաններն էլի հայերեն են խոսում: Թշնամին մեր եկեղեցիները հայտարարում է կա՛մ աղվանական, կա՛մ ուդիական, կա՛մ ուղղափառ, կա՛մ… Միայն թե՝ ոչ հայկական: Մեր սահմանները խաչքարերն են մեր… Քարտեզները մեր հողի մեջ մեզ կանչող ու աշխարհի առաջ իրենց հայկականությունը ճչացող բերդերի ավերակներն են: Վերջապես, քարտեզը հայոց հողի վրա դարեդար ապրած և ապրող հայ մարդն է: Նրանք կենդանի քարտեզ են, սահման: Քարտեզ են մեր ինքնության ու մեր պատմության սահմաններից ճակատագրի բերումով նահանջած մարդիկ, որոնք ապրում են իրենց ապուպապերի հողի վրա ու ասում են՝ մենք ենք քարտեզը և ոչ թե՝ ո՛վ գիտե ում ձեռքով ու երբ, որտեղ և ինչ մտադրությամբ գծագրված ինչ-որ թղթի կտոր…

Թշնամին լպի՞րշ է, իհարկե, ստախո՞ս է, իհարկե, դաժա՞ն է, այն էլ ինչքան: Մենք էդ բոլորը գիտենք, բայց չգիտես ինչու, միավորվելու փոխարեն ամեն մեկս թաքնվում ենք մեր թմբի տակ, մեզ թվում է՝ ապահովության մեջ ենք ու քննադատում ենք բոլորին: Մեր ունեցածին տեր չենք կանգնում: Դադիվանքի հսկայական արձանագրություն-քարե մատյանը ասում է, թե ով է կառուցել այն, ում է պատկանել այն, ասենք, 12-րդ դարում, բայց թշնամին եկել, ասում է՝ դա իմն է: Մենք դիմում ենք աշխարհին, իսկ աշխարհում ամեն մեկն իր ցավն ու հոգսն ունի: Թուրքերը չգիտե՞ն, որ Դադիվանքն իրենցը չէ: Գիտեն, բայց ասում են՝ մերն է: «Մեր պապերն են կառուցել»,- ասում են այն դեպքում, երբ իրենց պապերը ընդամենը աթարի դեզ սարքել գիտեին, այն էլ՝ թեք ու ծուռ: Բայց հիմա նրանք հզոր են, դաժան: Գիտեն՝ այս աշխարհում ուժն այլընտրանք չունի: Ասում ենք՝ արդարություն, ժողովրդավարություն: Դա լավ բան է, բայց դրանից առաջ համախմբվել է պետք: Ժողովրդավարություն նշանակում է ազատ խոսք, բայց ոչ, թող ներվի ասել՝ «ափռ-ցըփըռ» դուրս տալ… Իր չհասկացած-չըմբռնածի մասին խոսել: Նշանակում է յոթ անգամ չափել ու մեկ անգամ կտրել, իսկ մեր պարագայում՝ յոթն անգամ չափելն էլ է քիչ: Պիտի տասը-քսան անգամ չափես… Եթե կարող ես, նույնիսկ մկրատ չպիտի վերցնես, մինչև… Մինչև ուժ ունենաս կտրելու, մինչև համոզված լինես, որ ճիշտ ես կտրում, և քո մկրատը գուլ չէ էն գլխից: Մեզանում քիչ չեն նրանք, որ այս ամենն ինձնից ավելի լավ գիտեն… ու խոսում են: Ինչո՞ւ: Պարզ: Դրանով վնասում են իրենց հայ հակառակորդին… Հետո՞: Էլի կրկնեմ. «Թող իմ մի աչքը դուրս գա, մենակ թե թշնամիս երկու աչքով կուրանա»: Հա՛յ թշնամիս, հա՛յ հակառակորդս:

Գրողի ասածի պես՝ նույնիսկ մեր այսքան պարտություններից հետո էլ կարգին պարտվել չենք սովորել: Ամեն բանի մեջ առաջին գիծ ենք մղում զգացմունքը, այնինչ պետական մտածողությունը հաշվարկ է ենթադրում: Չոր, պարզ հաշվարկ: Ես այսինչ ղեկավարին չեմ սիրում, վե՛րջ, նրան հագցնում եմ բոլոր եղած ու չեղած մեղքերը: Սիրո՞ւմ եմ այն մյուսին, նրան հագցնում եմ բոլոր առաքինությունները, դարձնում իմ իդեալը: Չունենք պետական մտածողություն, ու վերջ: Ամեն մեկս թագավոր ենք, պետիկ լինելով՝ պետ ենք, աշխարհից ոչինչ չհասկանալով՝ դիվանագետ ենք…

Աշխարհում ոչ ոք մեր մասին չի մտածում, ոչ ոք պարտավոր չէ մեր մասին մտածել: Մենք ենք մտածելու մեր ինքնապաշտպանության մասին, մեր զինված կամ անզեն լինելու մասին: Համաշխարհային հանրությունը… Չկա այդպիսի հանրություն, դա վերացական հասկացություն է: Ինչո՞ւ պիտի որևէ մեկը իր առօրյա հոգսը թողած՝ մտածի, էլ չեմ ասում՝ զոհվի հայի ու Հայաստանի համար: Մի անգամ մեկն ասաց՝ աշխարհում կան ժողովուրդներ, որոնք հող են սիրում, իսկ մենք փող ենք սիրում, նույնիսկ լավ իմանալով, որ եթե այդ թաքցնենք, զենք չառնենք, թշնամին գալու է ու այն առնի մեր ձեռքից: Այդպես չեղա՞վ 1915 թվականին: Եղավ…

Պետական մտածողությունից զուրկ է ոչ միայն հասարակ քաղաքացին, այլև երկրիս պաշտոնյան: Կարծես չեն տեսնում, թե ինչպես նյութը իրենց համար աստված դարձրած մարդիկ հատուցում են հիմա, հատուցում են տասնապատիկ:

Ոտք ենք մեկնում թուրքական դիվանագիտության հետ, ուզում ենք խաբել ռուսական կայսրությանը, ուզում ենք ԱՄՆ-ին «ֆռռացնել» ու չենք հասկանում, որ նրանք մեր մասին ամեն ինչ գիտեն մանրամասն, գիտեն նույնիսկ, թե քանի դրամ կա սովորական հայի գրպանում, էլ չեմ ասում, թե ինչ ունի մեր երկիրն ու պետությունը:

Իմ կարծիքով հիմա հարկավոր է լռել, աչքի չընկնել, երբ մեծերն իրար հետ հաշիվ են մաքրում՝ հարկ է չերևալ և ոտքի տակ չընկնել որքան հնարավոր է: Հարկ է ուժ կուտակել, որքան հնարավոր է ուժեղանալ, զարգանալ, թե չէ աղքատ ազգականին մի կտոր հաց են տալիս ու հարվածում են տեղի-անտեղի:

Խոսքս խեղճությանը չի վերաբերում, խոսքս ազգի խեղճությանը չի վերաբերում, համակերպվելուն չի վերաբերում: Ես ասում եմ՝ պետք է շրջահայաց լինել, հասկանալ՝ ում հետ գործ ունես, հասկանալ՝ ով է քո թշնամին, որ ատամ է կրճտացնում քեզ վրա և քո ունեցած ամեն ինչն ուզում է իրենով անել, իսկ դու օդ ես ծեծում ու բռունցք ես թափահարում, դատարկ բռունցք… Իսկ եթե ուժ չունես, ինչո՞ւ ես ուժով կառավարվող այս աշխարհում խոսում առանց հասկանալու…

Բայց ավելի վատ է, երբ խոսում ես այդ ամենը հասկանալով: Այդ դեպքում ո՞ւմ ջրաղացին ես ջուր լցնում:

Որպեսզի ամեն բան պարզ լինի, ասեմ. ես որևէ կուսակցության չեմ պատկանում, որևէ պաշտոն չեմ զբաղեցրել ու չեմ զբաղեցնում: Ես ընդամենը թոշակառու գրող եմ, հայ գրող… Եվ գրում եմ այն, ինչ խմորվում է սրտիս ու գլխիս մեջ: Իսկ եթե չխոսեմ, սիրտս ու գլուխս չեն դիմանա հաստատ:

Իմ կարճ խելքով այս պայքարը իր խորքի մեջ տեսակի պայքար է, և որպեսզի քո տեսակը հաղթի, պիտի շատ լինես: Հենց այնպես շատ չէ, որակյա՛լ շատ: Խելացի պիտի լինես, լավ զինված պիտի լինես և արյունռուշտ հարևանիդ չմոռանալով՝ հասկանաս, որ որքան էլ լավ ապրես այս կամ այն երկրում, Աստծով քո բաժինն այս փոքրիկ հողակտորն է:

Այս պահին թերևս վատ հաշտության պայմանագիրը շատ անգամ ավելի լավ է, քան պատերազմը: Պատերազմին պատրաստվում են: Պատրաստվում են երկար: Զինվում են, տնտեսապես հզորանում, զինվոր են պատրաստում, հասարակություն են պատրաստում, թշնամու թույլ տեղերն են ուսումնասիրում… Դա կարող է տևել տարիներ: Իսկ անպատրաստ, գլխապատառ գոռալով մարտի նետվել՝ կնշանակի կորցնել նույնիսկ այն փոքրը, որ դեռ ունենք: Ես վախենում եմ՝ կորցնենք, հետո այս կամ այն երկրում նստած՝ արցունքով նայենք մեր կորցրածին ու էլի ձայներս գլուխներս գցենք ու աշխարհից արդարություն պահանջենք…

Ամեն ինչ իր ժամանակն ունի: Հիմա մեր լռելու, միասնանալու, ամբողջապես կենտրոնանալու և ուժ հավաքելու ժամանակն է: Մի՛ մոռացեք, թե Արցախյան պատերազմների ժամանակ քանի երիտասարդ կյանք ենք տվել, որքան ռեսուրս, ինչքան էներգիա: Ես պայքարից հրաժարվելու կոչ չեմ անում: Հարկ է փոխել պայքարի ուղղությունը, սլաքն ուղղել դեպի ներս… Շունչ քաշել, տնտեսապես զարգանալ, հզորացնել բանակը… Կուժեղանա՞նք, մեր թշնամին կթուլանա՞՝ պատմության ինչ-որ շրջադարձի ժամանակ կկարողանանք նաև պահանջներ ներկայացնել:

Անմիտ բան է դատարկ ձեռքը թշնամու սուր նիզակի դեմ պարզելը, և սարսափելի է, երբ պետության անհեռատես քաղաքականության պատճառով ազգը, ժողովուրդը, սերունդը վարժվում է պարտության: Չե՞ք տեսնում՝ ինչ ալեկոծ օվկիանոսում ենք հայտնվել: Չե՞ք տեսնում՝ ի՜նչ ցունամի է շուրջը, չե՞ք տեսնում, որ մեր փոքրիկ կաթիլը կարող է երկու վիթխարի ալիքների բախման հետևանքով հյուլեների վերածվել…

Հիմա համախմբում է անհրաժեշտ: Մտածում եմ՝ մի՞թե մեր ղեկավարները, լինեն իշխանավոր թե ընդդիմադիր, փոխզիջման որևէ եզր չունեն: Գուցե և կա այդպիսի եզր, բայց մարդկային ես-ը ամեն բան մի կողմ է դնում ու ատելությունից կուրացած, իսկական թշնամուն թողած՝ հարձակվում է իր հայ թշնամու վրա: Բայց ինչպես ժողովուրդն է ասում. «Սևին սապոնն ինչ կանի, խևին՝ խրատը»:

…Ասացի ու հասկացա, որ մեր խևերն իրենց իմաստուն են կարծում, իսկ սևերը նույնիսկ սապոն չունեն…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։