Տիեզերքը, ողջ աշխարհը կառավարվում է հզոր մտքի միջոցով: Գալակտիկաների ծնունդն ու մահը, աստղերի վարքը, ամենը մտքի միջոցով է ղեկավարվում: Կուզեք Աստված անվանեք կամ Համագոյ: Դրանից ոչինչ չի փոխվում: Մենք նախաստեղծի, աշխարհի կարգի մասին ոչինչ չգիտենք: Աստղագետներն ասում են, թե Անդրոմեդա և մեր Ծիր կաթին գալակտիկաները իրենց միլիարդավոր աստղերով, սև խոռոչներով իրար ընդառաջ են սլանում, և մեծ բախում, աղետ կլինի: Բայց ես ասում եմ՝ ո՛չ, նրանք իրար ընդառաջ են գալիս միանալու: Դա տիեզերական Մեծ Պսակ է: Մանրադիտակի տակ տեսե՞լ եք, թե ինչպես են միանում բջիջները: Ոչ մի աղետ էլ տեղի չի ունենում: Պատկերացնենք, որ բջիջների ներսում էակները անհանգստանան այդ միացումից, քննեն միացման արդյունքը: Իհարկե, կան նյութեր, որոնք իրար «չեն հանդուրժում», ուստի և ռեակցիայի արդյունքում նոր նյութ է առաջանում: Տիեզերքում էլ նույնն է տեղի ունենում:
Մարդկային քաղաքակրթության զարգացման հիմքը ևս միտքն է, այն մարդկության ամենաթանկ ռեսուրսն է: Ուստի առաջնայինը ոչ թե ընդերքի ոսկին է, նավթը, մետաղները, այլ մարդու մտածելու, մտքով հայտնություններ անելու ունակությունը: Մարդկային քաղաքակրթության զարգացման հիմքը հանրությունը կառավարելու կարողությունն է: Այն երկիրն է առաջընթաց ապրում, որտեղ ստեղծվել է մարդկային ուղեղների ունակության ճիշտ գնահատման և համապատասխան տեղում այն աշխատեցնելու համակարգ: Ամենավառ օրինակը Կորեական թերակղզին է: Երկու Կորեաներում նույն էթնիկ կազմն է, նույն ինքնությունը, լեզուն, մշակույթը, պատմական անցյալը, բնական պայմանները: Եթե Հարավայինում ճիշտ է կազմակերպված մարդկային ուղեղների գնահատումը և օգտագործումը, ապա Հյուսիսայինում քարացած բռնապետական ռեժիմը արգելում է ցանկացած առաջընթաց: Եվ առկա են այդ երկրների տարբեր մակարդակները: Եթե Հյուսիսայինը աշխարհի ամենահետամնաց երկրների թվում է, ապա Հարավայինը աշխարհի առաջատարներից է:
Հայ ժողովուրդը քաղաքակիրթ աշխարհում առանձնանում է իր անհատներով: Մենք ունեցել ենք հրաշալի պատմիչ ռազմավարներ: Պակերացրեք, եթե չլինեին Մեսրոպ Մաշտոցը, Եղիշեն, Կորյունը, Մովսես Խորենացին, Մովսես Կաղանկատվացին, Փավստոս Բուզանդը, Փարպեցին, Մխիթար Գոշը, Կիրակոս Գանձակեցին, Նարեկացին, ուշ միջնադարի մեր մտավորականները, վերջապես՝ Րաֆֆին, Խաչատուր Աբովյանը, Հովհաննես Թումանյանը, հայությունը կարո՞ղ էր գոյություն ունենալ: Դա մեր մշակութային հարստությունն է: Բոլորն էլ միասնության մեջ են տեսել փրկությունը: Սակայն նրանց մոտ բացակայում էր պետություն ստեղծելու, այն պահպանելու մշակույթը:
Հայությունը մարդկությանը տվել է աշխարհահռչակ գիտնականներ, մշակույթի, ռազմական, քաղաքական գործիչներ: Սակայն պետականորեն այս ռեսուրսը չգնահատելու և այն իր զարգացման համար չօգտագործելու հետևանքով հետամնաց երկրների շարքում ենք հայտնվել: Ունակ ուղեղները հեռանում են զարգացող երկրներ, որտեղ գնահատվում և վարձատրվում են նրանց կարողությունները, աշխատանքը: Ունենալով պայծառ ուղեղների գենոֆոնդ՝ մեր երկիրը ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ հետամնացության ճիրաններից: Տնտեսական, կրթական, պաշտպանական, դիվանագիտական ոլորտներում առաջընթացի փոխարեն հետընթաց ենք ապրում: Այս հետընթացի, արգելափակումների հիմքում համընդհանուր մտածելակերպն է: Մի քանի պայծառ ուղեղների ճիգերը՝ երկիրը դուրս բերել ճգնաժամից, փոխել հանրության ընդհանուր մտածելակերպը, արդյունք չեն տալիս: Անշուշտ, խիստ կաևոր է ճիշտ գնահատել հանրության մտածելակերպը, ուղիներ գտնել այն վերափոխելու համար: Այս գործում բավարար չէ համապատասխան օրենքներ մշակելն ու գործարկելը: Պահանջվում է նախ մտավորականության մտածելակերպի վերափոխումը: Անցած երեսուն տարիներին երկրի առաջնորդներից, քաղաքական վերնախավից ոչ ոք ազգի, պետության ամրապնդման, առաջընթացն ապահովող մշակույթի մասին մի խոսք չի ասել: Մշակույթը, գրականությունը ետին պլան են մղվել: Գրողները արհամարհվել են ոչ միայն երկրի առաջնորդների, այլև քաղաքական վերնախավի կողմից: Հանրությունը կտրվել է սեփական մշակույթից, գրականությունից: Գրողների, մշակույթի գործիչների ջանքերը փոշիանում են: Ամեն ինչի հիմքը հանդիսացող միտքը մերժված է: Անարգել զարգանում է կոռուպցիան, համատարած թալանը, բարոյահոգևոր անկումը, կրթության, տնտեսության ոլորտներում առաջանում է խորը ճգնաժամ:
Գոնե ռուսներից սովորենք իրենց մշակույթի, գրականության գործիչներին, մշակույթը գնահատելու մշակույթը: Մեզանում հաճախ եմ լսում. «Մենք գրող, գրականություն չունենք»: Հարցնում եմ. «Երբևէ ընթերցե՞լ եք որևէ գրողի»: Չեն ընթերցել, իսկ իրականում այսօր հրաշալի արձակ ունենք: Հարևան վրացիներից ևս երևի սովորելու բան ունենք: Նրանք իրենց երկիրը աշխարհում ճանաչել են տալիս գրողների ստեղծագործություններով: Իսկ ի՞նչն է խանգարում մեզ նույնն անել: Չարությո՞ւնը, նախա՞նձը, չկամությո՞ւնը: Ստեղծված իրավիճակը հնարավոր է շտկել, եթե, ասենք, հեռուստաընկերություններում ղեկավարներ, պատասխանատուներ ընտրվեն, ելնելով ոչ թե տերերի սեփական կամ խմբակային, այլ համընդհանուր, պետության շահերից:
Վերջապես, մենք պետք է ի մի գանք մի գաղափարախոսության շուրջը, որը հաշվի է առնում մեր ժողովրդի յուրահատկությունները, պատմականորեն ակնհայտ հակումներն ու ունակությունները: Հայերը աշխարհում ամենասփռված ժողովուրդներից են: Հայությանը յուրահատուկ է սեփական շահի թելադրանքով փոքր իսկ առիթով հեռանալ հայրենիքից: Տիրապետող է դարձել «Որտեղ հաց՝ այնտեղ կաց» գաղափարախոսությունը: Հայ վաճառականները, հին ժամանակներից սկսած, առևտրի միջոցով կապել են աշխարհի չորս ծայրերը: Դա ևս բացատրվում է դեպի սեփական շահը ունեցած հակումով: Սակայն կուտակած հարստությունները, երբ քեզ պաշտպանող ուժեղ պետություն չես ունենում, թշնամուն են բաժին հասնում: Ուրեմն, մեր ազգային գաղափարախոսության միջուկը պետք է հանդիսանա շահը, որը կապված լինի պետականության, նրա կայունության, յուրաքանչյուրի անվտանգության հետ: Ահա այն. ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՍ ՇԱՀԸ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՇԱՀԻ ՄԵՋ Է: Մի օրինակ բերեմ. հրեաների ազգային գաղափարախոսության հիմքում երկու բառ է. «Ավետյաց երկիր»: Այն հավաքեց հրեաներին մի պետության մեջ: Օտարները, ինչպիսիք են հոները, խազարները, ընդունեցին այս գաղափարախոսությունը և հրեա մկրտվեցին: Իսկ հայության համար այսօր ամենալուրջ խնդիրը պետության ամրապնդումն է, որը բխում է յուրաքանչյուրիս շահից:
Հայերը հաճախ են հպարտանում Սփյուռքով: Իսկ այսօր Սփյուռքը ասես ոչ մի կապ չունի Հայաստանի Հանրապետության, Արցախի հետ: ՀՀ-ն, մանավանդ վերջին երեք տարիներին, անտեսում է հայկական սփյուռքի հնարավորությունները, արգելակում նրա հզորացմանը, յուրաքանչյուրի հայ զգալու երջանկությունը: Տասնյակ տարիներ պայքարում եմ «Ամեն հայի տուն՝ փոքրիկ Հայաստան» ծրագիրը գործողության մեջ դնելու համար, սակայն ամենուր քար լռություն է տիրում: Իսկ առանց հայապահպանման, հայ մշակույթը Սփյուռքում ներարկման դատապարտված ենք այդ հզոր ուժի կորուստին:
Ահա այս պայմաններում է, որ օգտվում են պոպուլիստները, խավարամիտ մարդիկ մանիպուլյացիաների միջոցով խաբում են ժողովրդին: Հանրության մտածելակերպում առաջանում են «սև խոռոչներ»: Ունակ մարդիկ դուրս են մնում ասպարեզից, առաջ են գալիս կեղծարարները, խաբեբաները: Նրանք էլ ստանում են մտածելակերպը խեղված ժողովրդի քվեն: Եվ արդյունքը մեր անդեմ խորհրդարանն է: Հենց Ազգային ժողովն է համարվում մեր ժողովրդի դեմքը, նրա զարգացման ցուցիչը: Իսկ անցած 30 տարիներին մենք նորմալ, մեր ժողովրդին, մեր մշակույթին ու պատմությանը արժանի խորհրդարան ու կառավարություն չունեցանք:
90-ականների պատերազմում ձեռք բերած հաջողությունները ոչ միայն չկարողացանք պահպանել, այլև քաղաքական վերնախավի նկատմամբ հանրության խելահեղ ատելության արդյունքում իշխանության եկան պոպուլիստ «լարախաղացներ», որոնք քանդելով երկրի հիմքերը, այն հասցրին լիակատար պարտության: Առանց ցավի հանձնեցին Արցախը՝ ձեռք բերելով դավաճանի, կապիտուլյանտի պիտակը: Պարտությունները շարունակվում են:
Հերթական անգամ հայությունը գնում է ընտրության: Ո՞ւմ է ընտրելու: Կարո՞ղ ենք ցույց տալ, թե որն է ճշմարիտ ուղին: Ինչպե՞ս պետք է նա գտնի ճշմարտությունը: