Որսած գեղեցկություններ

Որսած գեղեցկություններ

(Գագիկ Աբրահամյանի ցուցահանդեսի առթիվ)

Իր հասակակիցներից շատերն ամեն մի կլոր տարեդարձի ներկայացել են իրենց աշխատանքներով, ոմանք՝ չունենալով իսկ «հենման կետ», թե ինչով է նախորդը տարբերվում նորից… Այդպես, իր աչքի առջև տասնամյակներ շարունակ, և ինքը զսպել է իրեն՝ մշտապես կրելով պատկառանքը «անհատական ցուցահանդեսի» հանդեպ, կրել է սրբազան դողով՝ հանդեպ իր գեղագիտական իդեալը:

70-ամյակի առթիվ, ի վերջո, ութսունից ավելի գեղանկարներ զարդարեցին ՆՄ սրահը: Բոլորը՝ բնանկարներ: Բոլորը՝ Հայաստան: Բոլորը՝ միմիայն իր տեսիլով, տրամադրություններով, բնության իր ըմբռնումով: Թվում էր` նույն ժանրի այդքան կտավներն իրար կողքի պիտի խանգարեին մեկը մյուսին, սակայն հնչո՛ւմ են առանձին-առանձին իբրև մեկ ամբողջության հղացում… Լեռը, լիճը, կածանը, լեռնալանջերը, հովիտը, ժայռերը, ծառերը…

Սրանք գոյեր են, ինքնին, իրենց իմաստով շնչավորված, ոչ մի մեռյալ կետ կամ հատված, կենդանի են, մեզ հետ համակյանք՝ հայկական բնության յուրահատուկ մթնոլորտում…

Խորքում ինքնամփոփ են այդ կտավները, քանի որ նկարչի բնավորության, ճշմարիտ ապրումների, փափուկ-թախծոտ տրամադրությունների պտուղներն են: Հատուկ վառվռուն, ճչան գույներ չեն ընտրված. «արևային Հայաստանը» չէ: (Վեհությունը շեշտված է միայն «Արարատը Ողջաբերդից» նկարում): Գագիկ Աբրահամյան վարպետ գեղանկարչի Հայաստանն է: Եվ ինքն այդ նվիրական անկյունները՝ գյուղ, արահետ, ձմեռային կամ ամառային պատկերները, կարծես առնում է ձեռնափի մեջ, բերում է տուն՝ տեսիլների իր որսն արած գեղեցկության աշխարհից: Գրեցի որս բառը… ու հիշեցի, որ ինքը որսորդ է հմուտ, ներբաններով շոշափած՝ մեր բնաշխարհը և հատկապես Վայոց ձորը, որը մագնիսական բևեռի դեր է խաղում իր բնանկարչության մեջ:

Ինչպիսի թեժ ժայռեր…

Հայրենագիտական իր իմացությունը ամուր հենված է կենսափորձի վրա` կուտակված տարիներով, կյանքով… Ու այս ամենը թրծվել է արվեստի քուրայում, որը ջերմ է, մեղմ, գեղեցիկ, հայտնաբերված, անհատականացված, սեփականված: Համո Սահյանը որ գրում էր՝ «խանում-խաթուն» խնձորենի, այդ խնձորենուց չէ (գաճաճ, քամահարված, գետնամերձ): Խանում-խաթուն փառաբանությունը Սահյանինն է: Գագիկ Աբրահամյանն էլ ունի «Խնձորի այգին Եղվարդում» կտավը, և այն զուգահեռվում է բանաստեղծի հետ: Եվ ոչ միայն այս կտավը:

Գունային շրջանները թերևս զանազանելի չեն, սակայն հայ բնանկարչության մեջ կա՛ գեղանկարչի աշխարհը՝ յուրօրինակ, վարպետ ձեռքի արգասիք: Տարվա բոլոր եղանակներին տեղանքը, երանգները, տարածուն լույսը մարմնավորված են իբրև գողտրիկ բանաստեղծություններ, սրտամերձ ու շնչակից:

Այս ցուցահանդեսն անաղմուկ, անաղաղակ տոն եղավ այցելուների համար: Եվ ինձ համար՝ Գագիկ Աբրահամյան (փետուր Գագո) գեղանկարչի վաղեմի ընկերոջ:

Շանթ ՄԿՐՏՉՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։