ՀԱՅՐԵՆԱԿԱՆՉ / Արևշատ ԱՎԱԳՅԱՆ

Արևշատ ԱՎԱԳՅԱՆՆերկայացնում ենք բանաստեղծություններ ՀԳՄ-ի և ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ Հայոց բանակին և հայրենասիրությանը նվիրված 2019 թ. մրցանակաբաշխության 1-ին մրցանակի արժանացած Արևշատ Ավագյանի «Հայրենականչ» բանաստեղծական շարքից:

ՀԱՅՐԵՆԱՏՆԵՐԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ
Կինն ու տղամարդը
երկբևեռ կապերի միջոցով
ընտանիքն ամրակապում են
հարատև սիրո շղթաներին…

Խանդից, կասկածանքից,
դավաճանությունից
հեռու գնալով,
ընդլայնվում է սիրո
անսահման բերկրանքը…

Շունչ շնչի,
շրթունք շրթունքի տված
երջանկության մեջ
ծնվում ու բազմանում են
սիրուց ծնված
Հայրենիքի զինվորները…

Նրանք վեճ ու կռիվ,
ցավ ու դավ
չպետք է տեսնեն,
նրանք պետք է սովորեն
սիրով սերունդ տալու,
սիրելու և սիրվելու
երջանկաբեր արվեստը…

Կռվելու, առճակատվելու,
բաժանվելու ճանապարհից հեռու
նրանք պետք է պաշտպանեն
Մայրատունը հույսի,
Հայրենատունը սիրո…

Աստղաշխարհներին կապված
լույսով ու հավատով ամբողջացող
Հայրենատան երկնքում
հավատի օրհնաբեր
ամպերը պիտի լողան,
հրեշտակները պիտի ճախրեն
վստահության ու սիրո
երջանկաբեր երկնքում…

Հայրենատան հիմքերը
նրանք պետք է ամրացնեն հավատի
ամուր որձաքարերով,
լուսավոր ու թափանցիկ
պետք է լինեն
Հայրենատան պատուհանները…

Խելքը պիտի բնակվի այնտեղ,
արի ու բարի զավակների
ծիծաղի և ուրախության
միջավայրում պիտի հասունանան
հավատի ու սիրո նորանոր
կենսաբեր պտուղները:

Հայրենատները
պիտի պահպանենք մենք`
հայ գենի, արյան ու սիրո
պայծառ հոգեգույներով զորացած
հայ զինվորներս,
մեր հայրերի ու մայրերի Հոր`
Տիեզերքի Տիրոջ օրհնությամբ…

ԶՈՐԱԿԱՆՉ
Մեկ ազգ, մեկ բանակ
ունենալու համար
ազգային հոգով արի ու բարի
զավակներ պետք է ունենանք,
պետք է զորացնենք
մեր հայրենագնդերը
քաջ ու առողջ զավակներով,
ընտանիքներով ապահով,
ազատ ու արդար վերաբերմունքով
գոտեպնդենք հավատը`
պաշտպանների ու
պաշտպանվողների միջև…

Ոչ մի թիզ վախի,
ոչ մի մետր կասկածանքի
կարիք չպետք է լինի
սահմանի ողջ երկարությամբ.
ամեն մի տունը,
ամեն մի սիրտն ու հոգին
պետք է զգա միասնական
հավատի ու կամքի զորությունը…

Հայոց եթերը պետք է մաքրել
թշնամական ոտնձգություններից,
պետք է փակել
ներքին թշնամիների բերանը,
որոնք ծաղր ու ծանակի
հումորակերպ դավադրությամբ
քայքայում են վաղվա զինվորների
հույսն ու հավատն
արդարության հանդեպ…

Ծնել, բազմացնել
ու դաստիարակել է պետք
գալիքի զինվորներին`
հզոր, անկախ ու միացյալ
հայանպաստ գաղափարները
կյանքի կոչելու համար…

ԱՌԱՎՈՏ ԼՈՒՍՈ
Զինվոր Արևշատ թոռնիկիս
Հանդարտ լուսարձակում է
Երկիր մոլորակի
աստղազարդ երկինքը…

Աստղացոլքերի նրբությամբ
օրհնություն է թափվում
մոլորակով մեկ սփռված
հայաշունչ հոգիներին…

Աղոթքի ու երկրպագության
սրբազան ավազանում
նոր օրվա լուսաբացի
ծիսակարգն է սկսում
բարի լույսի երկինքը…

Մաքրվում են մեղքաթափ գիշերվա
երազկոտ աչքերը,
հովիտները լցվում են
լույսով ու հույսով…
Ամպերի բացվածքներից
ծաղկազարդող հղացումները
թափվում են սարերի ուսերին…

Հայրենատների տանիքներին
թափվում է արդար լույսի բերկրանքը…
Բարությունը
մարմին է առնում,
հենվում է արիացող օրվա
ամուր հավատին,
հայացքը հառում է երկնքին`
առավոտի Տիրոջը
գոհության աղոթքը մրմնջալով,
ի խորոց սրտի
հղելով երկինք…

Բարի լույս, Երկի՛ր մոլորակ,
բարի լույս, Հայո՛ց աշխարհ,
բարի լույս քեզ, զինվո՛ր`
իմ հայրենապա՛շտ թոռ,
որ պապիդ արևոտ
անունն ես կրում…

ՀԱՅՈՒՀԻ
Գիտակցության եկած
բնաշխարհի էացումն ես,
բարության մարմնացումը,
որի թափանցիկ ու լուսավոր դեմքը
ժպտերես դիմագծեր ունի…

Նուրբ ու զգայուն մաշկդ
ծաղկաթերթերի բուրմունքն ունի,
աչքերիդ փայլի մեջ
շողարձակում է
գայթակղության թաքնված հմայքը…

Ոտքից մինչև գլուխ
մարմնավորված բերկրանքի
դրսևորումն ես,
սրտիդ խորքային ներունակությունը
լցված է սիրո
պտղաբեր ու բեղուն
բարեբախտությամբ…

Գույնի, գծի ու մեղեդու
ներդաշնակումն ես
մեր պատկերացրած
իրականության միջավայրում,
էություն ես,
որից լիցքավորվում է
Հայրենիքին ուժ
ու զորություն տվող
հայոց զինվորների
քաջասիրտ էությունը:

ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ՃԱՄՓԱՆԵՐՈՎ
Հայր ու մայր
ունենք մենք` զինվորներս,
Հայրենիքին ծառայելու համար
ունենք սեր ու հավատ:

Մեր մտքի,
սրտի ու էության միջով
հոսում է քաջակորով,
հայաշունչ արյունը:

Մենք բոլորս
էացումն ենք սիրո,
որի անմահ սրտում
տրոփում է
Հավերժության զարկերակը:

Անսկիզբ ու անվերջ
փոխակերպումների միջով
գալիս ու գնում են
մեզ կյանք տվող խաղաղության
ու մահ բերող պատերազմների
անսպառելի ժամանակները:

Մենք հավերժական ենք
մեր հոր ու մոր,
մեր զավակների,
մեր նախորդների
ու հաջորդների
հարահոս ու հարատև,
անվերջանալի շղթայում:

Օղակ-օղակ
իրար ամրակապվող ժամերի,
օրերի ու տարիների
դարակազմիկ ընթացքով
մենք գալիս
ու գնում ենք հաղթական
վերընթաց կյանքի
Հավերժության ճամփաներով:

ՀԱՅԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ
Հայել, նայել եմ ուզում աշխարհին
արդարամիտ, ազատասեր
հայ զինվորի հայացքով:

Հայ զինվորի մաքուր հոգով ու սրտով
ուզում եմ ներդաշնակված ապրել
համայն աշխարհի խաղաղասեր
ու ազնիվ մարդկանց հետ,
զգալ արարչական սիրո
երջանկաբեր բերկրանքը…

Համակրանքով հայել, նայել,
համախմբվել եմ ուզում
արարչածին ու արդարամիտ
բոլոր հայասեր ու հայրենասեր
հոգիների հետ,
ովքեր չեն կորցրել
խիղճն ու հավատը,
որոնք դրված են
մարդ կոչված սիրող էակի
թափանցիկ ու ամուր կերպարի մեջ…

ՀԱՅՐԵՆԱԾԱՌ
Հայի էությունը
ծլարձակում է ազգային գենի
աստվածատուր միջուկից,
արմատները տարածվում են
սիրո կորիզից դուրս գտնվող
երկնահողի խորունկ
ենթաշերտերում…

Կորիզից վերը ձգվող
կյանքի հարատևության գաղափարը
ծառաբնով երկինք մտնելով`
սաղարթվում է աստղամերձ երկնքի
լուսարձակումների տակ…

Հայրենածառերն աճում են
Հայրենատների կողքին,
Հայրենիքի պաշտպանների
հայրենաշունչ մեղեդիներով,
նրբերանգներով սիրո ու կարոտի,
գունազարդում են կյանքը
հայոց լեզվի խորիմաստ բառերով…

Ճյուղ առ ճյուղ
ձգվում են վեր,
խառնվում են երկնքի
աստղազարդ երազանքներին,
լուսաշող տերևներով,
ծաղիկներով ու պտուղներով
զարդարում են երկնքի
արարչածին խորհուրդը`
հայրենաշունչ հայերենով խոսող
Բիբլիական երկրում…

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶՈՐԱՑՆՈՂ ԱՐԵՎԸ
Արևը, որ այս պահին
արշալույսվում է Հայաստանում,
մայրամուտ է ապրում
օվկիանոսից այն կողմ,
որտեղ ապրում է հայախոս
ու հայաշունչ կարոտը:

Այս պահին մի տեղ կեսօր է,
մի ուրիշ տեղ
արևը չի երևում
կեսգիշերի երկնքում…

Բայց ամեն տեղ
հայորդիների և հայուհիների
էության մեջ հոսում է
հայի հարատևող արյունը…

Հողագնդի բոլոր կողմերում,
բացվող ու փակվող օրերի
արշալույսների և մայրամուտների մեջ
ապրում են հայրենապաշտ,
հայախոս համայնքների
ու գաղթականների
հայաշունչ զավակները…

Մեր երկիրը, մեր մոլորակը
զարդարենք հայրենակարոտ սրտերի
ու հոգիների մերձեցման գաղափարով,
մեր Հայրենատները լցնենք
հայախոս մանուկներով,
հայրենիքի գալիք զինվորներով,
հայոց մշակույթի հոգեկերտվածքով
ամրապնդենք նրանց էությունը:

Հայոց բարձրիկ սարերը
դարձնենք անառիկ բերդեր
մեր նոր պատմության,
ամրոցները թող դառնան
Հայրենապաշտ հայրենիքում
և հայրենի մոլորակի
բոլոր այն տներում,
որտեղ հնչում է հայոց լեզուն,
և հայոց մշակույթը շողարձակում է
կարոտը հայրենաբաղձ`
գիշեր ու ցերեկ,
հավիտյանս հավիտյան…
ԱՐԱՐՉԱԿԱՆ ՀԱՂԹԱՇՈՒՆՉ ԼԵԶՈՒՆ
Հայոց լեռնային աղբյուրների
սառնորակ շշուկները
գնում, խառնվում են
համաշխարհային ծովերի
փրփրաբաշ ու ալեբախվող
ծովի ջրերին…

Հայոց լեզվի
ու հայոց հոգու
արարչաստեղծ արմատները
համ ու հոտ են տալիս
աշխարհով մեկ սփռված
լեզուների, լեզվաճյուղերի
ու լեզվախմբերի բարբառներին…

Կամուրջներ չհանդուրժող
Արաքս գետի կողքին լեռնացած
Արարատ լեռը
ալեհավաքն է արդարության,
որ աստղաշխարհների ձայնը
Հաղթականչի պես
սփռում է հողագնդով մեկ…
արարչաստեղծ նախնական լեզվի
հայաշունչ հնչյուններով…

ՆՊԱՏԱԿԱԴՐՈՒՄ
Ուզում եմ հայաշունչ
ու հայախոս երգեր գրել
համայն աշխարհով մեկ սփռված
հայերի մասին…

Ամեն բառի մեջ ուժ,
ամեն տողում կորով,
ուզում եմ զորությամբ օժտվի
հայեցի խոսքի
միասնական ու ամուր
արարչածին հավատը…

Մեսրոպյան այբուբենի
հնչյունաշար իմաստը
և խորհուրդն եմ ուզում դնել
երգիս բոլոր հնչերանգների
բնածին ներդաշնակության մեջ…

Ուզում եմ հավատով
ու սիրով զորանան
բոլոր հայրենատները,
որոնք պիտի զորակոչով ընդլայնեն
հայրենիքի հոգեղեն սահմանները
հայրենատներով լցվող
մոլորակով մեկ…

ԿԵՆՏԱՎՐՈՍ
Մեր հեծյալներն
արշավում էին դեպի արևմուտք,
ձիերին հեծած հայերը
կենտավրոսներ էին թվում
սարսափահար հույներին,
այրն ու ձին
մի մարմին դարձած
ձիամարդ էին թվում
ձի չտեսած օտարներին:

Այսպես ծնվեցին առասպելները
կենտավրոսների մասին,
այսպես հայոց այրուձին`
որպես լեգենդ ու առասպել,
արշավեց պատմության քառուղիներում:

Դժվար էր ճանապարհը մեր.
սերն ու խիղճը հետ էին կանչում
մեր հեծյալներին,
մեր քարավաններին
օտար ափերից…

Հայոց ախոռները քանդվեցին,
գմբեթվեցին երկինք մտած
սրբավայրերը հայոց…

Ձիերի երամակները,
հեծյալները քաջակորով
առասպելների պես անհետացան
օտար, ամայի ճամփաներին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։