Ֆոլիկ ՀԱԿՈԲՅԱՆ

ՖոլիկՄԵՆՔ

Մենք Նոյի հետ որդիաբար
Ցամաք իջանք առաջինը,
Մասիսների գմբեթի տակ
Տուն շինեցինք առաջինը:

Բերք ու բարիք արարեցինք՝
Շատերի մեջ առաջինը,
Նենգ Բելի դեմ ըմբոստացանք
Ու հաղթեցինք առաջինը:

Մենք Հիսուսի սուրբ ծնունդը
Ողջունեցինք առաջինը,
Նարեկացին Աստծո հետ
Զրույց բացեց առաջինը:

Մոլորակի երթը անտես
Մենք հասկացանք առաջինը,
(Ինչո՞ւ իրար չհասկացանք,
Ափսոս, նորից առաջինը):

Ցավ ու դավի որոգայթում
Խճճվեցինք առաջինը,
Եվ զոհերի սուրբ սեղանին
Հայտնվեցինք առաջինը:

Թիթեռների պես Փարվանա՝
Հուր ենք փնտրում առաջինը,
Կրակվում ենք բոցերի մեջ,
Վահագնանում առաջինը:

Բարեկամի թե թշնամու
Ձեռք ենք մեկնել առաջինը,
Չար ու բարու մարտադաշտում
Մարդացել ենք առաջինը:

***
Խի՛ղճ իմ, խի՛ղճ իմ,
Մնա այսպես՝
Քո կոչմանը հավատարիմ:
Սրտիս շեմին այնպես հսկիր,
Որ փոքրոգի խոհերն օտար
Ներս չխուժեն՝ անանցագիր:
Դու ինձ գիտես, մարդ եմ, էլի,
Հարկ է լինում նաև քնել,
Բայց քեզ քնել չի՛ կարելի:
Զգո՛ն, զգո՛ւյշ հերթապահիր,
Որ ինչքան էլ տարիքս աճի,
Քանի դեռ կամ այս աշխարհում,
Չհանդիպեմ քնած խղճի:

ՀԵՌԱՎՈՐԻՍ
Հասցես մոռանաս՝
գրի՛ր լեռներին,
Մի լուր կուղարկեն նրանք
իմ մասին,
Դեգերումներից հոգնած կարոտս
Հանգրվանում է լեռների ուսին:

Լեզուս մոռանաս՝
դիմի՛ր գետերին,
Քեզ սրտիս խոսքը սիրով կբերեն,
Գահավիժումի տարերքի պահին
Նրանք երգում են
միա՛յն հայերեն:

Տունս մոռանաս՝ հարցրո՛ւ
ճամփեքին,
Արահետներին,
կածաններին նեղ,
Գալուստիդ ձայնից
այստեղ կերգեն
Երկինք ակոսող կայծակները շեղ:
Բայց երբ անունս մի օր մոռանաս,
Խոստացի՛ր չասել, չասել ոչ ոքի.
Մի ափ սիրտն ի՞նչ է, այդ
անափ ցավից
Քեզ իր մեջ պահող
սիրտս կպայթի:

***
Ձմեռ էր, գիշեր,
Ցուրտը հալվում էր
Շուրթերին քո տաք…
Փաթիլներն անհոգ
Դեռ հյուսում էին
Սպիտակ հեքիաթ:
Գիշերն անցել էր,
Մնացել էին
Կարոտներ ու գութ…
Միրա՞ժ էր, արդյոք,
Թե՞ դուք, փաթիլնե՛ր,
Մեզ պատմում էիք
Գեղեցիկ մի սուտ…

***
Պիտի գնամ, պիտի գնամ,
Լողամ ծովում մեր Վանի,
Օգնեմ, օգնեմ՝ կղզուն հասնի
Սիրած տղան Թամարի:

Ո՞նց կարող էր տեղ չհասնել
Լողորդ տղան քաջարի,
Թեև ափին մարել էին
Փարոս-ջահը Թամարի:

Ախր, սիրո ուրիշ մի ջահ
Վառ էր սրտում ավելի,
Որ չէր շեղի մթնում ծովի
Դեպի ափը Թամարի:

Չէ՛, չեմ կարող ես չհերքել
Տխուր վերջը լեգենդի,
Իբր կղզու չար տղերքը՝
Գերի սիրո կույր խանդի
Հանգցրել են մութ գիշերով
Սիրո ջահը Թամարի:

Ինչ էլ ասեն, պիտի գնամ,
Սուզվեմ ծովում մեր Վանի,
Լողամ, օգնեմ, որ ափ դուրս գա
Լողորդ տղան պատանի:

Հավատացե՛ք դուք իմ խոսքին,
Որ այն կղզում Ախթամարի
Մինչև այսօր բոցկլտում է
Կանչող ջահը Թամարի:

Խոհ ծննդյան օրվա
Ծերացել եմ, բարեկամնե՛ր,
Բայց դեռ ծերին չեմ հասել,
Ա՛խր ես ո՞նց թողնեմ, գնամ,
Վերջին խոսքս չեմ ասել:

Ինձ անծանոթ լավ մարդիկ կան
Աշխարհի չորս կողմերում,
Որոնց հետ ես հանդիպումի
Մի կում գինի չեմ թասել:

Տատի դարձած մի հեզ աղջիկ
Տանս հոգսերն է ուսել,
Բայց ես նրան մինչև հիմա
«Քեզ սիրում եմ» չեմ ասել:

Թշնամիներ ունեմ պես-պես,
Սիրում են ինձ բամբասել,
Պետք է նրանց դարձի բերել.
Լոկ բարությամբ հակասել:

Ուր նայում եմ՝ այս աշխարհում
Չարությունն է շատացել,
Զարմանում եմ, թե ինչու է
Բարությունը պակասել:

Ծերացել եմ, բարեկամնե՛ր,
Բայց դեռ ծերին չեմ հասել,
Ի՞նչ իմանամ՝ ինձ տրվածից
Դեռ ինչքան է մնացել:

Տարիները իմ ճակատին
Նոր ցելեր են ակոսել,
Նորոգում ես դեռ հույսով
Մի խափանված կարուսել:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։