ԵԹԵ ՍԵՐԸ ԿԱ
Եթե սերը կա, կա և՛ ապրելու,
Ե՛վ արարելու իմաստը վերին,
Կյանքի իմաստը՝ անվերջ տքնելու
Եվ ծաղկեցնելու հողը հայրենի:
Եթե սերը կա, էլ ի՜նչ հոգս, կարի՜ք,
Երջանիկ ես դու, խոսքիս հավատա,
Շունչ կտա դարեր մամռոտած քարին,
Սիրուց թև առած, և նա կժպտա…
Եթե սերը կա, լույսը կբացվի,
Գութանը հողը կակոսի երգով,
Աստծո օրհնանքով տունը կլցվի
Առատությամբ ճոխ, բերք ու բարիքով:
Սերն է գոյության հիմքը աշխարհի,
Սիրանյութից է մարդը շաղախված,
Հիսուսը սիրուց բարձրացավ խաչին,
Երկինք համբարձվեց ու
դարձավ Աստված…
ԱՐԴԱՐ ՉԻ ԵՂԵԼ
Մարդը ի ծնե արդար չի եղել,
Ազնիվ չի եղել մարդը ի ծնե,
Հարազատ եղբոր արյունն է հեղել,
Նրա քրտինքով դղյակներ շինել…
Բաժինը խլել իր խեղճ դրացու,
Նրան ստրուկ է դարձրել ու ճորտ,
Ինքն ապրել կյանքով
երջանիկ ու ճոխ,
Նրա ցավերին, վշտին անհաղորդ:
Մարդը սեփական կրքերին գերի
Ձգտել է լինել ինքնակալ, հզոր,
Տեր դառնալ, իշխել գետ ու ծովերին,
Իրեն հռչակել Արարիչ մի նոր…
Ագահ է, իրավ, մարդն ամենազոր,
Բնության մեջ իր նմանը չկա,
Ինչ լա՜վ է՝ նրա կրքերը զսպող,
Աչքը կշտացնող արդար մահը կա…
ՄԻ՛ ԴԺԳՈՀԻՐ
Պարտք եմ մնացել
կյանքում շատերին,
Ո՞վ է, որ երբեք պարտք չի ունենում,
Իր ապրած կյանքի կարճ տարիներին,
Երբ որ աշխարհն է
թողնում, հեռանում:
Պարտքերով լի է աշխարհն
այս ծերուկ,
Հոգսերով բազում՝ անվերջ ու անծայր,
Ամեն տարիք իր հոգսերն է բերում,
Նոր պարտքեր ծնում
ամեն ակնթարթ…
Կյանքը հոգսերի շղթա է, իրոք,
Հաճախ հաճելի ոսկե մի շղթա,
Հարուստ է մարդը իր ծով հոգսերով,
Կյանքի իմաստը
հենց հոգսն է, որ կա…
Սերն է հոգսերի հոգսն ամենաթանկ
Եվ զավակների հոգսը իմաստուն,
Երբ հայրենի հող ունես անվտանգ,
Խաղաղ քուն բերող
հայրենական տուն:
Դու մի՛ դժգոհիր հոգսերից երբեք,
Աշխատիր հոգսին գերի չդառնալ,
Աշխատիր բոլոր պարտքերդ մարել,
Աշխարհից միայն հետո հեռանալ:
Ի՞ՆՉ ԻՄԱՆԱՄ
Ծե՞ր եմ, թե՞ ջահել…
Երբ մարմնիս եմ հարցնում,
Տկա՜ր, ծե՜ր եմ հիրավի,
Երբ հոգուս կայտառ
Թևե՜րն է պարզում
Հպա՛րտ արծվի…
Ծե՞ր եմ, թե՞ ջահել…
Ես ի՞նչ իմանամ՝
Պիտի արարեմ,
Ապրում եմ քանի՝
Հողագործի պես
Ամուր բռնած միշտ
Մաճը գութանի…
Պիտի օրն ի բուն
Իմ վարը վարեմ,
Պահ տամ ցելերին
Ցորենն իմ ոսկի,
Խորհուրդն իմ խոսքի՝
Որպես վերջին սեր
Ու վերջին պատգամ,
Մինչև աշխարհն ինձ
Ու ես աշխարհին
Հրաժեշտ կտամ…
Ծե՞ր եմ, թե՞ ջահել,
Ես ի՞նչ իմանամ…
ՏՐԻՈԼԵՏՆԵՐ
***
Որքան դառնում է դարը լուսավոր,
Դաժանանում է մարդը ավելի,
Զենքեր է կռում մահ ու ավերի,
Որքան դառնում է դարը լուսավոր:
Այդպես թե գնա, երևի մի օր
Երկրի գլխին մեծ փորձանք բերի…
Որքան դառնում է դարը լուսավոր,
Դաժանանում է մարդը ավելի…
***
Արարիչ, երկրիս լույս բաշխիր առատ,
Շատ է տառապել խավարին գերի,
Հոգում կարոտը արարումների.
Արարիչ, երկրիս լույս
բաշխիր առատ…
Դարեր ապրել է հույսով անվհատ,
Սուրբ աղոթքներով իր Նարեկների.
Արարիչ, երկրիս լույս բաշխիր առատ,
Շատ է տառապել խավարին գերի…
***
Եթե հովիվ ես դարձել դու հոտին,
Գայլ ու գազանիդ
պիտի պաշտպանես,
Խաղաղ, ծաղկառատ
հովիտներ տանես,
Եթե հովիվ ես դարձել դու հոտին…
Ծանր է բեռն, իրավ,
պարտքն առաջնորդի,
Ամեն պահ պիտի քեզ զոհաբերես.
Եթե հովիվ ես դարձել դու հոտին,
Գայլ ու գազանիդ
պիտի պաշտպանես…
***
Գեղեցկությունը զորավոր ուժ է,
Կինը միշտ պիտի հմայիչ լինի,
Օջախի համ ու հոտը պահպանի.
Գեղեցկությունը զորավոր ուժ է…
Սիրո պատճառած վերքը անբուժ է,
Թե՛ ուժ կտա քեզ, թե՛ կկործանի.
Գեղեցկությունը զորավոր ուժ է,
Կինը միշտ պիտի հմայիչ լինի…
***
Արդարությունը չի մեռնելու, չէ՛,
Չարի վերջը միշտ գալիս է մի օր,
Պատասխան տալու ժամը ահավոր.
Արդարությունը չի մեռնելու, չէ՛…
Ով իր նմանին գռփել է, տանջել,
Իշխան լինի նա, լինի թագավոր.
Արդարությունը չի մեռնելու, չէ՛,
Չարի վերջը միշտ գալիս է մի օր…
***
Մի տող արթնացավ
հոգուս մեջ հանկարծ՝
Թփի տակ քնած մանուշակի պես,
Մշուշից ծագող արևը ինչպես՝
Մի տող արթնացավ
հոգուս մեջ հանկարծ:
Բորբոքվեց հեռվում
խարույկ մի հանգած,
Սիրո մի հեքիաթ ծիածան կապեց…
Մի տող արթնացավ
հոգուս մեջ հանկարծ՝
Թփի տակ քնած մանուշակի պես…
***
Ինչպես ցորենի սերմը հողի մեջ՝
Սիրո սերմերն էլ ծլում են հոգում,
Աշխարհը մի նոր սիրով նորոգում՝
Ինչպես ցորենի սերմը հողի մեջ:
Սիրո ծնունդ կա, սակայն չկա վերջ
Թե՛ երկրի վրա, թե՛ տիեզերքում.
Ինչպես ցորենի սերմը հողի մեջ՝
Սիրո սերմերն էլ ծլում են հոգում…
***
Հազար ծաղիկ կա,
հազար գույն ու բույր,
Դու քո սեփական գույնը ունեցիր,
Քո համն ու հոտը, բույրը ունեցիր,
Հազար ծաղիկ կա,
հազար գույն ու բույր:
Որպես լեռնային մի զուլալ աղբյուր՝
Զովություն տալով քո
ճամփան անցիր.
Հազար ծաղիկ կա,
հազար գույն ու բույր,
Դու քո սեփական գույնը ունեցիր…
***
Ինձ մեր սարերի կարոտն է պահում,
Հպարտությունն ու հմայքը նրանց,
Իրար թև-թիկունք, իրար պինդ գրկած.
Ինձ մեր սարերի կարոտն է պահում:
Փոքր սար չկա՛ մեր լեռնաշխարհում,
Բոլորն էլ Մասիս, մի-մի Արագած…
Ինձ մեր սարերի կարոտն է պահում,
Հպարտությունն ու հմայքը նրանց…
ՈՒԹՆՅԱԿՆԵՐ
Դու շատ երգեր ես գրել,
Բայց դրանց մեջ մեկը կա,
Որ նվիրված է հեռվում
Ապրող մի լավ աղջկա…
Երգն այդ թղթին չես տալիս,
Սրտիդ մեջ ես պահում խոր,
Մինչև աղջիկն այդ չքնաղ
Այցի չգա քեզ մի օր…
***
Դու երգեր ես գրում,
Բառերը թև առնում,
Ծաղիկները գո՜ւյն-գույն
Թիթեռներ են դառնում…
Հեքիաթի է փոխվում
Ողջ աշխարհը կարծես,
Եվ ամեն ծառ ու թուփ
Լո՜ւռ ունկնդրում են քեզ…
***
Շառլ Ազնավուրին
Նրա երգում բառը օտար,
Բայց մեր ցավն է մորմոքում,
Մի մեծ սրտի բաբախ կա տաք
Ամեն տողում ու հանգում…
Եվ ունկնդիր աշխարհն արար
Բարությամբ լի այդ երգին,
Սփոփում է տագնապահար,
Հույսի կարոտ իր հոգին…
***
Լիներ մի խաղաղ երկինք
Եվ լիներ խաղաղ մի օր,
Հրաշքի նման հանկարծ
Հայտնվեր հայրս հնձվոր…
Փարվեր ինձ գուրգուրանքով`
Մոռացած մանգաղ ու արտ,
Հոգու մեջ երկա՜ր պահած
Հայրական սիրով հպարտ…
***
Հայաստան աշխարհ,
Հույսի դուռ ես դու,
Թեև բզկտված,
Սուրբ մատուռ ես դու…
Աշխարհով ցրված
Որբ զավակներիդ
Տուն կանչող Մասիս,
Սասնա ծուռ ես դու…
***
Ամեն ազգ ու ժողովուրդ
Սուրբ գնով իր տաք արյան,
Կռիվ է մղել դարեր՝
Հանուն իր հողի ու տան…
Մենք դեռ մեր կռիվն ունենք`
Հանուն մեր Վան ու Մուշի,
Որ մի օր մտնենք այնտեղ,
Ինչպես որ մտանք Շուշի…
ՔԱՌՅԱԿՆԵՐ
***
Ծաղկած ծառը մի հրաշք է իսկական՝
Իմաստության վսեմ
խորհուրդն ու վկան.
Առանց ծաղիկ պտուղ չկա աշխարհում,
Պատկերն է լույս նա
մայրացող աղջկա…
***
Ժողովուրդն իմ ազատատենչ վեհ,
անվհատ է եղել,
Օրհասին մի բռունցք դարձել,
Սարդարապատ է եղել,
Արյունարբու թալեաթներին՝
աչքի առաջ աշխարհի,
Թեյլերյանի սուրբ գնդակով
վճիռ ու դատ է եղել…
***
Ցավերով լի այս աշխարհում
ամեն մարդն իր ցավն ունի,
Խնջույքներին օրհնանքով լի
սիրած գինու գավն ունի,
Կյանքի ծովում փոթորկալի՝
փրկության ափ հասնելու
Իր երազի, իր հավատի,
հույսի ոսկե նավն ունի…
***
Ի՜նչ է կյանքը առանց երգ,
Ծառն անծաղիկ ու անբերք,
Արարող մարդն աշխարհում
Մի Աստված է ոսկետեսք…
***
Գիշեր-ցերեկ ինձ հայրենի
գյուղն է կանչում՝ արի տուն,
Լսում եմ այդ ղողանջը թանկ՝
քնած լինեմ թե արթուն,
Հողի՞ց է այդ ձայնը ծնվում,
սար ու քարի՞ց, աղբյուրի՞ց,
Թե՞ ինձ հետ է աշխարհ եկել,
ապրում է միշտ իմ սրտում:
***
Ոչ ոք խախտել չի կարող
Աստծո կարգը սահմանած,
Գիշերն ինչքան երկարի՝
լինելու է լուսաբաց,
Ի՜նչ հնարքներ էլ փորձես,
ի՜նչ հրաշքներ էլ գործես,
Հասուն պտուղը ծառից
ընկնելու է մի օր ցած…
***
Ամեն մարդ իր ճանապարհն է ունենում,
Իր սուրբ ու վեհ միակ մայրն է ունենում,
Ամեն պոետ աշխարհ գալով՝ իր սրտում
Աստվածատուր
երգաշխարհ է ունենում…
***
Արդար խոսքն է, ազնիվ սերն է
ինձ թովում,
Իմ բաժին մեղքն եմ որոնում
մարդու մեղքի մեծ ծովում,
Ներիր, Հայր մեր, մենք
մեղանչում ենք անվերջ
Եվ Քեզնից ենք դժգոհում ու խռովում…
***
Ջուրը կյանք է, ջրի ճամփան չեն կտրի,
Կուժն, ասում են, ջրի ճամփին կկոտրի,
Աշխարհում թող ոչ ոք երբեք, ո՛չ մի տեղ
Անմահության դեղ ու դարման չփնտրի…
ՔՈ ՄԵՋ ՓՆՏՐԻՐ
Միշտ քո մեջ փնտրիր մեղք ու մեղավոր,
Այլոց մի՛ նայիր որպես թշնամու,
Մարդ երջանիկ է այն պահին միայն,
Երբ դիմացինի ցավն է հասկանում…
Երբ դեղ է փնտրում ընկերոջ համար,
Նրա վշտերին դառնում կարեկից,
Կարծես Արարչի անտես զորությամբ
Խաղաղվում է և ի՛ր ցավող հոգին:
Ամեն մարդ, իրավ, իր ցավն է քաշում,
Իր հոգսի տերն է, իր տառապանքի,
Թեթևանում է բայց ցավդ ասես,
Երբ հարազատ է հայտնվում կողքիդ:
Միշտ քո մեջ փնտրիր մեղք ու մեղավոր,
Ժպիտով նայիր աշխարհին, մարդուն,
Խորհիր քո կյանքի մասին անցավոր
Եվ խիղճդ պահիր մաքուր ու արթուն…
ՕՋԱԽՈՒՄ ՔՈ ՀԻՆ
Ապրիր սեփական օջախում քո հին,
Սեփական ուժիդ միայն հավատա,
Օտարը երբեք, ինչ էլ պատահի,
Իր տանը երկար ապաստան չի տա…
Ամեն հավք փոքրիկ իր բույնն է հյուսում,
Պատերի ճեղքում, ծառերի վրա,
Օրոր է ասում այնտեղ ձագերին՝
Հասկացնում, որ այդ օջախն է նրանց:
Որ ուր էլ թռչեն, ետ գան բույնն իրենց,
Միշտ հավատարիմ իրենց տուն-տեղին,
Նախնիների պես միշտ բարձր պահեն
Պատիվը իրենց հինավուրց ցեղի…
Մարդ Հող, Հայրենիք պիտի ունենա,
Արմատներ հզոր, ազնիվ տոհմանուն,
Իր հողի մի գուղձ-փշուրը դառնա.
Հայրենիքով է մարդ հավերժանում…
ԵՍ ԾԱՌԱՆ ԵՄ ՁԵՐ
Իմ գործն ուրի՜շ է…
Աստված ինձ ուրիշ շնորհ է տվել,
Ճախրանքի ուրիշ լուսեղեն թևեր,
Որ չեն երևում աչքերին չարի…
Լոկ հոգիներն են զգում այդ բարի,
Երբ հոգնած պահին, երբ պահին տրտում
Իմ՝ սիրուց ծնված տաղերն են կարդում…
Իմ գործն ուրի՜շ է, այլ խորհուրդ ունի.
Սավառնել աստղոտ խորքերն անհունի,
Զրուցել ծառ ու ծաղկի հետ, քարի,
Հասկանալ ցավն ու հոգսը աշխարհի…
Գարնան առաջին ծիլը նկատել,
Լույսն ու խավարը իրարից զատել,
Լինել միշտ ազնիվ ու արդարադատ,
Հուսալքվածին ներշնչել հավատ:
Եղբայրը դառնալ խեղճ ու զրկվածի,
Նրա հետ կիսել պատառը հացի…
Իմ գործն ուրի՜շ է՝ Աստծո օրհնանքով,
Ես ծառան եմ ձեր՝ իմ երգ ու խոսքով…
ԵՐԿՏՈՂ ԽՈՀԵՐ
***
Մուկը մի բան չէ, ասել են հնում,
Բայց մի ողջ կարաս յուղ է հարամում…
***
Այսպես է՝ կյանքում խոսքից մի թթու,
Մեծ ցավ է ծնվում մի բարի սրտում…
***
Լավություն արա ու ջուրը գցիր,
Եվ խոսքով անգամ մարդու մի՛ կծիր…
***
Խիղճդ միշտ արթո՛ւն պահիր, բարեկամ,
Լուսաբացն արդար վաղ թե ուշ կգա…