ՏՈՒՆԸ
Արշալույս է… ելել եմ
Աղավնաթև իմ քնից,
Ինչ երազել եմ երեկ,
Սիրտս շոյում է նորից…
Շոյում է… և հորդորում՝
Գալիք բերքի նոր հերկեր…
Աստղաժպիտ երազներ,
Նոր նվագներ ու երգեր…
Կյանքի ամեն մի վայրկյան
Սավառնում է Արծվաթև…
Կյանքը գունեղ հեքիաթ չէ,
Գոտեմարտ է հարատև…
Մարտ է՝ հանուն նոր երթի,
Հանուն թևող Հիմներգի…
Ո՛վ, մեր Ուստրեր ու Դուստրեր,
Իրար սիրեք սրտաբուխ,
Եղեք Ձեր սուրբ Երկրի տեր…
Ձեր հայրական տան թևեր…
Հերոսները նրանք են,
Ովքեր ունեն Տուն ու Տեղ,
Ովքեր ունեն Ընտանիք՝
Սիրո վերքը բուժող դեղ…
Առանց Սիրո չկա Տուն,
Տունը պատիվն է Մարդու…
Տունը՝ պարիսպ, Տունը՝ բերդ,
Տունը՝ հավերժ թևող երգ…
Տունը՝ հիմքը նոր հերկի
Տունը՝ դիրքը Մայր Երկրի…
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ
Արշալույս է, Վարպետ…
Աչքդ Լույս է, Վարպետ,
Մեր ամեն մի նոր քայլ
Կյանքի հույս է, Վարպետ…
Հայաստան է՜, Վարպետ,
Կուռ Ոստան է, Վարպետ,
Մենք ենք անապական,
Կուռ Համայնք ենք, Վարպետ…
Հարցերն անթիվ են, Վարպետ,
Մեզ համար լուրջ թիվ են…
Դեպի աստղեր թևող
Հայ Հրթիռ ենք, Վարպետ…
Եղել ենք… ու կանք,
Պիտի լինենք հավետ
Որպես Հայկի թոռներ,
Որպես խիզախ ծոռներ…
ՀՆԱՐ ԼԻՆԵՐ
Հնար լիներ… հենց այս պահի
Երեկոյի թևերով,
Հասնեի իմ Հայրենի գյուղ,
Աստղաժպիտ լեռներով…
Ծնկի գայի Աղբյուրի մոտ,
Ջուրն ըմպեի բուռ առ բուռ,
Ամեն մի բուռ սառն ջրի հետ՝
Սիրո կարոտ ու համբույր…
Հնար լիներ՝ այս ուշ ժամին
Հասնեի ես գյուղը մեր,
Իմ Հայրական Տան սեղանին՝
Ալվան գինու բաժակներ…
Համբուրեի Մորս ձեռքը,
Ճակատը իմ հոգնած Հոր:
Հնար լիներ՝ սիրտս շոյեր
Իմ Կյանք-Սիրո երգը նոր…
Հնար լիներ, լիներ հնար՝
Մեր տան դուռը բացեի,
Ու կարոտիս համբույրն առած՝
Լռին մի կուշտ լացեի…
Հնար լիներ… հնար լիներ՝
Չթողնեի գյուղը մեր,
Մորս սիրով ինձ գիրկն առներ
Հորս կերտած Հյուղը մեր…
ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՍԸ
Երջանկության դասը բազմահատոր գիրք է,
Առաջին Սիրո գիրքը հաճախ դառնում է կուտ,
Երջանկության դասը շնչակոտոր ձիրք է,
Որի վրա, ցավոք, տեղում է և կարկուտ…
Երջանկության դասը՝ Սիրո ծփանքներում
Արևաթև առծիվ, աստղերի գրկում,
Երջանկության դասը՝ Սիրո շիկնանքներում
Հաճախ դարձած անթև, բունը խլված թռչուն,
Երջանկության դասը Աստծո նվեր է,
Պետք է պահել նրան Աստվածավարի,
Երջանկության դասը ամեն ինչից վեր է,
Սիրող Սիրտը նրան սիրով պիտի վարի,
Երջանկության դասը Աստծո նվեր՝ կյանք է,
Աստծո նվեր կյանքից ուրիշ կյանք չկա,
Ուրիշ կյանքը մեր մայր ժողովրդի Սերն է,
Որին պետք է հասնես ճամփաներով երկար…
Ժողովրդի Սերը մոր քնքշաթև սիրտն է,
Հոր ազնվաթև թռիչքը մոր թռիչքի առջև,
Հայրեր, լավ ուշք դրեք իմ հայրական խոսքին.
Աստծո նվեր Սերն է մեզ ընծայում թևեր…
ԱՌԱՆՑ ՔԵԶ
Այս քնքշաթև երեկոն
Թախծի ծով է առանց Քեզ,
Ես առանց Քեզ մոլոր եմ,
Աշնան հով եմ առանց Քեզ:
Ես առանց Քեզ մենակ եմ,
Զրուցում եմ ինքս ինձ հետ:
Այո, Սիրտս ինձ հենակ է,
Սակայն հոգիս՝ անթև երգ:
Աստղաթև է մեր Սերը,
Բայց առանց Քեզ մոլոր եմ,
Անգամ օրը արևոտ,
Ամպածրար օրոր է:
Սեր իմ, Սիրտս Քեզ հետ է,
Բայց թևերիդ եմ կարոտ,
Սերդ զուլալ մի գետ է,
Սերդ՝ քնքշաթև նարոտ…
Շնորհակալ եմ Աստծուն,
Քեզ փայփայեց ինձ համար,
Երազների իմ Երազ,
Ծիածանված իմ Կամար…
ԴԼԵ ՅԱՄԱՆ
Ես նվագեցի երգը՝ «Դլեյաման»,
Մանկության օրերս թևեցին իմ դեմ,
Եկան-փարվեցին իմ ջահելության
Չքնաղ օրերին ու հեքիաթ դարձան. –
Կյանքը Հեքիաթ է… Երազ է կյանքը,
Լավ է, որ այնտեղ մենակ չեմ լինում…
Այնտեղ՝ դժվարանց ճամփեքի վրա
Կյանքը իր հրաշք հեքիաթն է հիմնում…
Հեքիաթ չէ՜ – ի՜նչ է, հեքիաթ է իրոք,
Կյանքը ժպտում է՝ նախ, մանկան նման,
Ապա գալիս է, շոյում քո սիրտը
Եվ հետո թևում դեպի Տիեզերք…
Նա միանում է պայծառ աստղերին,
Եվ ինքն էլ դառնում Աստղ լուսավառ…
Ահա, թե ինչու կյանքում ամեն քայլ
Ճամփիդ դառնում է Հրաշք-լուսարար…
Մարդը ծնվում է՝ որպես Աստղ վառ,
Ծնվում է որպես Արև հրավառ…
Երանի նրան, ով իր ողջ կյանքում
Սեր է նվիրում արարող Մարդուն…
ԵՐԳԸ
Երգը՝ ոգու թռիչք,
Երգը՝ Սրտի կանչ,
Երգը՝ քաղցր խմիչք,
Երգը՝ ալ կակաչ…
Երգը մոր օրոր,
Երգը՝ հոր ժպիտ,
Երգը՝ Սիրո համբույր,
Երգը՝ Առաջին Սեր…
Երգը՝ Սիրո աղբյուր,
Լինի ջահել, թե ծեր…
Երգը՝ անքուն գիշեր,
Երգը՝ արթուն Սեր,
Երգը՝ Սիրո բերկրանք,
Սերը՝ անհուն տանջանք…
Ո՜Վ, ԻՄ ՏԱՏ
Իմ սրտի հուր՝ Արև՝ Տատ,
Երգչուհին իմ Օրորի,
Դու իմ Հեքիաթ, իմ Լեգենդ,
Աստվածուհին թոռներիդ…
Երգիդ կարկաչն ինձ հետ է,
Սրտիս կանչն է ՝ թևավոր,
Գանձասար է, Խաչեն գետ,
Կավագ Վանք է հարգևոր…
Իմ Հադրութն է՝ հարատև,
Իմ Ակնաղբյուր գյուղն է հին,
Ուրախության թեժ պահին
Սրտեր գերող երգչուհին…
Իմ հայրենի Ակնաղբյուր
Իմ տենչերի ջինջ աղբյուր
Իմ հայրենի հաց ու աղ,
Թոռ ու ծոռան ջերմ համբյուր,
Ասել է թե՝ իմ համբավ,
Հայածածան իմ ճամփա,
Իմ մոր երազ, հոր պատիվ,
Իմ այբուբեն և իմ թիվ…
ՍԵՐ ԻՄ
Սեր իմ, ինչո՜ւ հեռացար,
Ինձ թողեցիր մեն-մենակ,
Աշխարհի մեջ այս անծայր,
Ոչ թև ունեմ, ոչ հենակ…
Սեր իմ, ինչո՞ւ հեռացար,
Ո՞նց ես ապրում առանց ինձ,
Խոհերի մեջ քո անծիր
Ի՞նչ ես անում առանց ինձ…
Արի, Սեր իմ, ետ արի,
Կարոտներիդ հետ արի,
Գիրկս բաց է քո հանդեպ,
Որպես Սիրո գետ արի…
Իմ Առաջին Սերն ես Դու,
Իմ Առաջին համբույրը,
Պատանեկան իմ Սիրո
Լեռնային ջինջ աղբյուրը…
Արի, Սեր իմ, ետ արի,
Որպես Սիրո գետ արի,
Ես պատրաստ եմ քո նետին,
Արի, ձեռքիդ նետ արի,
Գիտեմ՝ սիրտս ձեռքիդ է
Ցաված սրտիս հետ արի,
Կուրծքս բաց է քո հանդեպ,
Որպես զուլալ գետ արի…
