Նոնա ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

ԼԱՎԻԴ ՉՀԱՍԱ՛, ՑԱՎԻԴ ՉՀԱՍԱ՛, ԴԱՎԻԴ ՉՀԱՍԱ՛….

 

Մինչ սեպտեմբերի 19-ը

1.

Այս Նոր Տարվա տոնածառի 

հին ու բարի աստղը, որ միշտ 

զարդարել է գագաթը ծեր, 

դեն նետեցի… Արդեն չկա…

Փոխարենը խաչ դրեցի նրա գլխին,

որ այս տարվա իմ Նոր Տարին

էլ հրաշքի չհավատա…

Խաղալիքների կողերին` 

կախված փայլուն երազներից,  

ես գրեցի.

Լաչին- Կյանքումահի ճամփա,

Լաչին – Ցավուդավի միջանցք,

Լաչին – Հույսի անհույս Վկա

Ու Ամանորն արնոտ, սարսռե ղողանջներով

իմ մեջ զնգաց, 

Ու Ամանորն իմ մեջ ընկավ, ինչպես զինվորը այն վերջին, 

որ չուներ ոչ փամփուշտ, ոչ` հաց…

Լաչին, Լաչին…

Ու մտքերն իմ դարձան նորից Ցավի լրտես, 

ու մտքերն իմ հազարաթև թռչունի պես 

Արցախ հասան, 

որ ունկ դնեն սահմանների լուռ հառաչին…

Լաչին, Լաչին…

Ո՞նց թշնամին իր դավերով 

սողոսկեց քո կողերի մեջ, 

փակեց կյանքի ճամփան վերջին, 

որ նենգության Հեգնանքը մեծ քո հինավուրց հողի վրա 

դեռ խրախճի…

Ու ես հիմա, հենց այս գիշեր, 

կախված Ահեղ Ցավի խաչից 

հազար անգամ պիտի լլկեմ այս աշխարհի մերկությունը,

որ պատրանք չէր…

…Կեղծ գթության, հումանիզմի 

այս գույնզգույն խաղալիքներն ասես ո՞վ է իմ տուն բերել 

այս գիշերով` 

այսքան անշուք, 

այսքան անփայլ,

բերել, կախել Անփրկագին Ամանորի տոնածառից,

ու աշխարհին ձևանում է

նորից անմեղ, 

նորից արդար…

…Իսկ ես չունեմ գոնե փայլուն մի խաղալիք, 

գոնե փայլուն մի Հույս, Հավատ, 

որ կարող եմ կախել ծառից` 

խաբելով ինձ ու աշխարհին,

թե Նոր տարին ինձ բերել է

հին ու բարի մի երազանք..

…Ու մտքերն իմ այս Նոր Տարվա պաղ գիշերով 

սլանում են դեպի Լաչին 

ամեն վայրկյան 

ու Արցախը մոլեգնում է իմ Խղճի դեմ` 

իբրև կամքի ու ինքնության Նոր Պատվիրան…

…Իմ Նոր Տարվա տոնածառի հին ու բարի աստղը, 

որ միշտ զարդարել է գագաթը ծեր, 

դեն եմ նետել, արդեն չկա…

Փոխարենը մի մեծ խաչ եմ դրել գլխին,

որ մարդկությանն այս գիշերով, խաչի ճամփով, 

լուռ ուղեկցեմ մինչև Լաչին,

որ ի վերջո նա հասկանա, 

թե ինչպես են Սովը գրկում մեր ու մանուկ,

Ցավը փրկում այր ու որդի, 

թե ինչպես են Հողը ներկում հոգու կանչով, 

Սերը փրկում Հնարինի սահմաններից հեռու, անդին…

 

2.

Մինչ դու փորձում էիր ապրելու ճար գտնել,

ես առավոտներում խարիսխներ էի փնտրում 

անմխիթար սիրո, 

որ կյանքը մոռացել էր լույսով բեռնված նավերիս համար…

Մինչ փորձում էիր բացել 

մեռնել-ապրելու միջանցքը փակված 

ու խղճի նշխարներ դնում թլպատված աշխարհի լեզվին,

ես չէի աղոթում միայն քեզ համար, 

մեկ-մեկ էլ Աստծուն ինձ էի հիշեցնում,

Արցա՛խ, ինձ ների՛ր…

Հիմա վիրակապում եմ առավոտներս,

բայց մեկ է, դու անվերջ

արնահոսում ես…

Վիրակապում եմ օրերս` 

մարդասիրական բեռները տնքում են քեզ չհասնելու 

անամոք ցավից…

Վիրակապում եմ սերս` 

նայում ես աչքերիս ու չես հավատում ինձ…

Քեզ որտե՞ղ կորցրեցի, 

որտե՞ղ չգտա,

իմ հպարտ Արցախ…

…Քո սովելու չափ անտանելի է հացն այն,

որ հիմա դրված է սեղանիս վրա…

Մանուկներիդ պես անզոր են խոսքերն այն, 

որոնք շարվում են պապանձ շուրթերիս`

ծերացած խիղճս շպարելու համար…

Ուզում եմ վերքերդ վերցնեմ ու գնամ,

բայց դրանք շատ-շատ են,

չէ՛, չեմ դիմանա…

Խնդրում եմ, փրկիր ինձ քեզ չունենալու մեղքից

(այս մեկն անտանելի է, ինձ մի քիչ խղճա…)

…Մինչ դու փորձում էիր

սովից չմեռնել 

ու կանգնած էիր հպարտ, անվարան,

ես` 

Հույսդ չդարձածս,

Խիղճդ չդարձածս, 

Ցավդ չդարձածս, 

իմ հազարդարյա միամտությամբ 

դեռ որոնում էի քո փրկությունը

այս պոռնիկ աշխարհի սավանների վրա…

 

3.

Մինչ հավատացնում էիր, որ չես անի ետքայլ,

Ցավդ գալիս էր,

քսվում օրերիս դառնահամ հացին,

ու ես ծամում էի երկար, շատ երկար` 

մինչև կուլ կտար Անհույսն ինձ զազիր…

Քո մանուկների հայացքները սոված 

խրվում էին գիշերներիս մաշված ողերի մեջ, 

ու ես փլուզվում էի, 

ավերակվում անդարձ

աշխարհի գթասրտության դռների առջև…  

Հիմա Անկարողությունից 

կախվելու համար

տառապանքներից քո պարաններ եմ գործել, 

որ գոնե մի քիչ լինեմ արդարացված…

Լավիդ չհասա՛, 

Ցավիդ չհասա՛, 

Դավիդ չհասա՛…

Ասա՛, 

ո՞նց հայցեմ թողությունը քո, 

որ ինձ հավատաս,

որ ողորմաս ինձ` 

իբրև Վերջին Մեղք
կամ էլ քեզ տրված ուշացած Պարգև`  

անմարդկային ողջ քո զրկանքները շապկելու համար,

որ ի՛նձ, միայն ի՛նձ շնորհես նորից 

գլխիս կրելու տառապանքներիդ պսակը փշե 

ու հպարտանաս, 

որ կանգնել եմ ես նորից քո կողքին` 

մաքուր ու անքեն…

Որ քայլենք նորից երազանքների ճամփեքով փշե` 

իբրև երկուսիս հոգու փրկության մեզ տրված Պարգև…

…Մինչ հավատացնում էիր, 

թե դու կարող ես քո Ազատության համար մինչև վերջ

տոկալ, պայքարել` 

թքելով դարի արնոտված ճակտին,

ես հավաքում էի քո պաղ ափերին նետված քարերն 

ու բերում, լուռ կիտում իմ անսյուք բախտին…

 

4.

Ծերացող Սպասումդ ամեն օր շպարում եմ 

այս մեծ քաղաքի անգույն եռուզեռով,

բայց կնճիռներդ անվերջ խորանում են աչքերում այն տկլոր, 

որտեղից փախուստ է, փախուստ ամեն օր…

Քեզ որտե՞ղ կորցրեցի,  

որտե՞ղ չգտա,

իմ չքնաղ Արցախ… 

Արևները գլորվել, 

ընկել են գրկիցդ,

ու դու չես գտնում երկինքները քո, 

չես գտնում Հեքիաթիդ խենթ թռիչքներն ու

Երազանքներիդ ճախրերը շենշող…

Ասա՛, ես ոնց գամ, 

քեզ հասնեմ նորից,

երբ Սրտիս Ճամփան Քարինտակով է…

Երբ քեզ փրկելը, քեզ հավատալը 

այս աշխարհում դեռ դատարկ ծափով է…

…Քո տառապանքով հազարգույնանի

զարդել եմ Հոգիս, Խիղճս, Անունս, 

որ իմ վերքերով քո Ցավը զգան, 

որ իմ աչքերով գտնեն քո Տունը 

ու քեզ չթողնեն Ճամփեքին Զրկման…

…Հիմա վախենում, շատ եմ վախենում, 

որ Սպասումդ անվերջ ծերացող 

Անհույսի մահճում կմեռնի մի օր,

ու վերջին, վերջին, մի վերջին անգամ 

քաղաքն իր դեմքը հուշիկ կշպարի 

այդ Մեծ Կորստի Խառնաշփոթով …

 

5.

Քո գլխատված բոլոր հեքիաթներում ես կամ… 

Ների՛ր,  

որ էլ ես չեմ կարողանում

քեզ համար դառնալ Լուսե Երազանք…

…Ես քո մասին պատմում եմ 

կեսգիշերային մղձավանջներիս պղտոր ջրերին, 

որոնք հոսում են դեպի մութ Ելքեր, 

Անհայտություն դեպի…

Ասա՛, ո՞նց փրկեմ  

Ճերմակ Ասպետին քո Հին Հեքիաթի… 

Ես համբերությունդ ամեն օր զարդարում եմ 

հոգիդ բզկտած արկերի խղճով…

Ու վախենում եմ. այդպես զարդարված  

հանկարծ պատերազմ չգնա՞ս մի օր…

Իմ գլխատված բոլոր հեքիաթներում 

դու կաս… 

Խնդրում եմ, ների՛ր…

Դրանք շատ վաղուց էլ քեզ չեմ պատմում,

 որ նորից հավատաս քո հեքիաթների 

բարի փերիին…

 

6.

Ա՜խ, եթե միայն կարելի լիներ 

հոգուս միջանցքով Արցախ հասցնել նրանց,

ովքեր որ այնտեղ զավակներ, մայրեր են թողել…

Կարելի լիներ մի քիչ հաց տանել, 

մակարոն մի քիչ, 

մի քիչ քաղցրեղեն…

Հետո Այայի աչքերին նայել, 

ասել` ներիր ինձ, 

որ հոգիս այսպես լեռքար է կտրել…

Ա՜խ, եթե միայն կարելի լիներ

նավթահոտ փողկապ կապած այրերի

ամուլ կոչերը ընդմիշտ լռեցնել…

Կոչերը, որոնք այսքան տարիներ

մահվան հեշտանք են ամենուր սփռել…

…Ա՜խ, եթե միայն կարելի լիներ

Ցավի ու Հույսի խաչասերումից 

այդ Արդարություն կոչված Մանուկին լույս աշխարհ բերել…

Ասել` Արցախը կա’,  

լինելո՛ւ է, 

որ նա չի լռել… 

 

7.

Աշխարհաձևման այս մահասարսուռ խառնաշփոթում 

քո գոյատևման ամեն մի ժամը 

պատվո մի շքանշան է…

Կրծքիդ վրա վաղուց տեղ չկա արդեն…

Բայց չես ընկրկում,

դիմակայում ես՝ անվերջ ու անվերջ…

Ու հավատում ես, 

որ դեռ գալու է քո Ազատության ժամը ցնծալի…

Գալու է հազար փոթորկների զարկել-զարկվելով, 

գալու է՝ իբրև աշխարհի խղճից պոկված Նոր Ալիք…

…Ու Կամքիդ առջև խոնարհվելու են 

բոլորը` հերթով, 

ու թերթելու են դեռ պատմությունդ 

խեղված ամոթով…

Աշխարհաձևման այս մահասարսուռ իրարանցումում 

քո գոյատևման ամեն մի ժամը 

պատվո մի շքանշան է…

Ուզում եմ՝ մի օր դրանք դեն նետես 

կրծքից քո հպարտ 

ու լուսաբացին իմ դուռը թակես, 

ինչպես երբեմնի կորած մի զավակ…

 

Սեպտեմբերի 19-ից հետո

1.

…Անսեր աշուն էր,

անաստված Աստված…

էս ինչքան արյուն լցվեց ձեռքերիս,

ինչքան ոտնահետք` 

մոլորված, անտեր, 

անտուն-անտանիք

կպավ ոտքերիս,

ինչքան վառված մաշկ լցվեց մաշկիս տակ. ՞

ծխամ ու ծխամ… 

մռմռամ ու մռմռամ…

սարսռեմ ու սարսռեմ…

 

…Անսեր աշուն էր,

անաստված Աստված…

 

Էսքան մորթված խիղճ ո՞ւր տանեմ, 

որտե՞ղ թաքուն պարտակեմ,

էսքան խեղված հուշ ո՞ր պատմությանը 

նորից կարկատեմ…

Իմ ո՞ր կողի տակ,

Ցավի ո՞ր ոսկրի վրա ես տեղ տամ, 

որ ապրեն նորից, 

ծածկվեն-ծրարվեն 

այսքան տառապյալ, 

այսքան տնավեր, 

այսքան խոշտանգված…

 

…Անսեր աշուն էր,

անաստված Աստված…

 

Էս ինչքա՞ն Հավատ կորավ ճամփեքին, 

շուրթերին սառեց, 

աչքում լերդացավ…

Ինչքա՞ն Կորցրած Խիղճ ժամանակների 

խանձարուրներում 

թլպատվեց անդարձ…

 

…Անսեր աշուն էր,

անաստված Աստված…

 

Ես ինչքա՞ն պիտի Խղճի ձեռքերին 

Ցավն այս խնկարկեմ

ու ինչքա՞ն պիտի Սպանդը այս Նոր 

առանց մեղայի երկինք ուղարկեմ…

 

…Էս ինչ աշուն էր՝ թևերը կտրած,

Ու ինչքան խեղճ էր անաստված Աստված… 

 

2.

Անզորության այս մակարդուկներում 

Ցավը լերդացել 

ու համբերանքի նեղ երակներով

երկիր չի հոսում, 

չի ելնում երկինք…

Ես բարձրացնում եմ նրան 

մի փայտե անշուք դարակի 

ու հասկացնում, 

որ այն դարձել է մաշված խաղալիք…

Ես փրկություն եմ անվերջ որոնում.

Խիղճն եմ լուռ փակում` 

անտուն, անտանիք,

փակում եմ միտքը` 

մի նոր Արհավիրք,

ու Սերն եմ փակում,

որ չկեղտոտվի,

Հավատն եմ փակում, 

որ չհոշոտվի…

Մինչև ո՞ւր տանեմ 

Ցավն այս բնավեր, 

Ցավն այս չարչրկված, 

Ցավն այս անվավեր…

Անզորության այս մակարդուկներում Ցավը լերդացել 

ու համբերանքի նեղ երակներով 

երկիր չի հոսում,

չի ելնում երկինք…

Ու ես կանգնել եմ այս Ցավի դիմաց` 

ոնց վերջին վկան, որ իր ցուցմունքով 

փրկել է փորձում չարչրկված հոգին…

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.