Անուշ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՁԱՅՆԵՐԸ
Ես հավատում եմ, հավատում եմ հրաշքների…
Հնչում են ձայները. բասերը ռիթմիկ
Արագացնում են զարկերը, զարկերը
սրտիս..
Ես գիտեմ դեմքիդ կնճիռները
յուրաքանչյուր:
Ծանոթ եմ հոգուդ արձագանքին.
զրույցների դետալներին
աննշան…
Տար ինձ, տար դեպ երկիրը հեռու-
հեռավոր`
լեցուն երաժշտությամբ թռչնոց
դայլայլի…
Չէ՞ որ դու ինձ չես ճանաչում,
չես ճանաչում.
ԲՈԼՈՐՈՎԻՆ…

ԿԱՆՉԻՐ ԻՆՁ
Կանչիր ինձ, և ես կգամ…
կթռչեմ քամու թևով,
ծաղկաթերթերի պարով
մայիսյան օդում:
Կանչիր ինձ, և ես կգամ.
մետաքսե սավանների
շրշյունով նրբագեղ`
կարմիր ու սևի
համադրությամբ կրքոտ:
Կանչիր, և ես կգամ.
ՍԵՐ….

ԻՆՉՊԵՍ Է ԾՆՎՈՒՄ ՍԵՐԸ
Արդյոք մենք ապրո՞ւմ ենք
աշխարհներում զուգահեռ.
Մի՞թե չի հայտնվելու ձգողական կետը
ոսկե հատումի…
Չէ՛, չեմ ուզում անէանան սիրային քնքուշ
ցնորներս.
Ես փնտրել եմ քեզ ամեն տեղ,
ամենուր…
Իսկ մառախուղը բարձրանում է դեպ
բարձրիկ սարերը:
Թափանցիկ շղարշը ծվեն-ծվեն
անհետանում է.
Ասես պարուհին բալետի
թռչում է ամուր թևերով պարընկերոջ:
Գիտես, իմ երազն է.
կղմինդրե կարմիր տանիքով տունը.
այգով ծաղկած, ուր վազվզում են
շուն, կատու, երեխա,
ժանյակները քանդվում են դարս-դարս:
Վարագույրները ամպհովանու
ծածանվում են զեփյուռից կազդուրիչ,
և դեպ ինձ են թռչում խոսքի պատառիկներ.
ՉՀԱՆՁՆՎԵԼ….

ժԱՄԱՆԱԿԸ ՓՈՇԻ Է
Ես ապրում եմ
Արտացոլանքում
Քո հայացքի.
Ժամանակը փոշի է.
Փոշու մի հյուլեն
Մեր սիրո հատվածն է:
Քայլում եմ քո կողքով,
Նստում քո դիմաց,
Իսկ հայելու մեջ
Քո աչքերի
Իմ արտացոլքը
Դուր է գալիս…
Դու ապրում ես
Կանաչ աչքերի
Պատուհաններում.
Եթե փակեմ աչքերն իմ,
Դու այլևս
Չես լինի…

ԱՂՋԿԱԿԱՆ
Այս ցերեկը մերն է, սիրելի՛ս.
Բացենք պատուհանները բոլոր,
Թող գարունը իր շնչով
Կենդանացնի տան անկյունները…
Այս երեկոն մերն է, սե՛ր իմ.
Վառենք զույգ մոմերը կարմիր,
Թող բյուրեղապակյա բաժակները
Ցոլան գինուց ալ, հանց արյունը…
Այս գիշերը մերն է ու մերը:
Թող գաղջ ու ջերմ շնչից
Թրթռան վարագույրները,
Սիրո նրբագեղ ձայները հնչեն,
Ինչպես հեքիաթի փողից եղեգան…
Դե, իսկ վաղը,
Վաղը նորից
կսկսվի
առօրյան…

ԱՆՈՐՈՇ
Սիրտս կոտրված է.
Աչքիս է գալիս մեկ ժամ առաջ
Եղած տխուր պատկերը…
Դուք հարց տվե՞լ եք.
Ինչո՞ւ աստղերը չեն ընկնում…
Աղճատված դիմախաղ.
Անկապ մեղադրանք:
Աստղերը պտույտ են գալիս
Արևելքից արևմուտք`
Հանդիսանքային վեհությամբ:
Մեր պատմությունը սիրո
Սկսվեց մի ձյունոտ օր.
Սայթաքելիս բռնվեցի մեկից,
Եվ այդ մեկը դու էիր…
Գիշերվա կապտամութ գմբեթից
Թափվում էր Ծիր կաթնի
Լույսը կաթնոտ.
Մեր սիրո պատումը ունի սկիզբ.
Վերջն
ԱՆՈՐՈՇ
Է…

ԹԱՆԿԱ
Օ՜, ջրի նայադներ,
կապտականաչ մշուշների.
ստեղծեք ծիածանե
կամար սիրող սրտերի միջև…

ՀՈՒՅԶ
Արթնանում եմ լույսից երկնի կապտաճերմակ,
ՀՈԳԻՍ թրթռում է կրծքիս մեջ,
Ուզում է դուրս թռչել հանց
Չալպուտուրիկ վայրի բադը:
Ով Հայաստան աշխարհ, և՛ հին, և՛ նոր.
Ուզում եմ ըմպել սառնորակ ջրերից քո,
Հասնել սահմաններիդ անվերջ,
Ժամանակի ու տարածության մեջ
Դառնալ կաշվե, ամուր գոտի կամ
Ծիածանե կամուրջ ներկա-անցյալի մեջ.
Ահա, այդ ես եմ` քո զավակը.
Վանեցի Արփենիկի և Միսակի դուստրը.
Ապրում եմ երկնառաք Արարատի
Դեմ հանդիման:
ԲՈԼՈՐ ժամանակներում հողդ սրբազան է.
Ասես շագրենի կաշի, փոքրացել
Եվ վերածվել է մի բռունցքի չափ.
Կգա օրը, և թափ կտանք ժամանակների
Փոշին ու մոխիրը:
Կհագնենք թագավորական մետաքս ու բեհեզ,
Ոսկյա ու արծաթե ապարանջանն ու ապարոշը
Տիգրան արքայի, կզարդարի մեր
Ճակատը, և հայոց ազգը մեծաց կգտնի
Կորսված քարտեզները և ասքերը.
Տեր կդառնա
ՃԱԿԱՏԱԳՐԻՆ
փառավոր:

ԽՈՀ
Հանճարեղությունը
դա
ճոճաձող է
ամենաբարձր երկու տանիքին
ամրացված ճոպանին քայլող
մարդու ձեռքին.
մի կողմը միշտ ձգում է դեպ
ԱՆԴՈՒՆԴԸ

ՊԱՏԿԵՐ
Երբեմն կյանքը հուռթի ծաղկունքով մարգագետին է
չոր անապատի կղզյակներով հատվող:
Երբեմն կյանքը կիզիչ, չոր, միապաղաղ անապատ է.
օազիսի կղզյակներով ընդմիջվող…

ԱՆՍՊԱՍԵԼԻ
Ես օազիս եմ, սիրո օազիս.
Ամենայնի ԱՐԱՐԻՉ.
Օժտել ես ինձ սիրով անպարագիծ.
Փոքրիկ սարդը սենյակիս անկյունում
Հյուսում է կատարյալ մանվածքը.
սարդոստայն,
չեմ կարող ոչնչացնել:
Տան մեջ թագավորում է կատու Խաչոն.
արարում քաոս, որից ստեղծվում է
գեղեցկությունը.
կյանքը իմպրովիզ է
դիպվածի և սիրո.
ոսկու և արծաթի
բանվածքից
զարմանահրաշ…

ԲԱՌԵՐԸ
Ուզում եմ գտնել բառերը,
բառերը կորսված,
և հանց ԴԱՆԿՈՆ բարձր պահել.
ՀԱՅՐԵՆԻՔ  ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ…
թող վառվի ջահը և լուսավորի ճանապարհը.
ճանապարհը
դեպ լյառն սրբազան.
լյառն ՄԱՍԻՍՆ
ի վեր
ի վեր…

ՎԱԶՔ
Փախչել, փախչել դեպ անհայտը…
վազք, վազք. համաչափ, միատոն.
փախուստ կեղծ ժպիտներից,
թունավոր ձեռքսեղմումներից.
վազք, վազք.
շունչ. արտաշունչ…
այնտեղ, հորիզոնից անդին
լուսաբացը բոսորագույն
կսփոփի փերթ-փերթ արյունած
սիրտն իմ, հոգին վիրավոր…
վազք, վազք կա՛մ գլխապատառ,
կա՛մ միապաղաղ…
գլուխս քամիները թափ կտան,
մութ մտքերը կցրվեն,
գլուխս կնմանի թեթև, անկշիռ
փետուրի,
բերանս կբացվի լուռ ճիչից, ասես
ցամաք նետված ոսկե ձուկ…
փախուստը կատարյալ է.
փախուստ`
ինքս ինձնից:

ԴՐՎԱԳ
Երբ Սևանի բարկ արևից խարկված
տուն դարձա,
տեսա ԱՊԱԳԱՆ եկել է…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։