Սերժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆ
Վաղեմի փառքիդ ծփանքն իմ հոգում,
Եվ աչքերիս մեջ
Լեռնաղբյուրային զուլալությունը
Վաղեմի շուքիդ,
Քո գիրկն եմ եկել, տո՛ւն իմ հայրենի:
Եկել եմ, որ քո համերով լցվեմ,
Նորից մանկանամ լուսաբացի մեջ
Ու զրույց անեմ
Մեռած մայրիկիս սուրբ աճյունի հետ,
Ու կրկին անգամ տաքանամ
Պատիդ փոշոտ
քարերի հուշի անթեղով,
Պապիս օրհնանքի
լույսո՜վ տաքանամ,
Անդարձ հեռացած Առաքել պապիս:
Տուն իմ հայրենի,
Շաղախը պատիդ
Նա է հունցել իր հոգնած ձեռքերով,
Լեռներից բերած կավից է հունցել
Եվ իր օրհնության լույսը շաղ տվել
Քարերիդ վրա,
Որ բիրտ հողմերից
Մեջքդ չծալվի,
Զմրուխտներին է շաղ տվել բակիդ,
Որ դալար մնա,
Մի՜շտ դալար մնա մեր հին թթենին`
Ծա՜ռն իմ մանկության:
Բայց հիմա, ավա՜ղ…
Թախիծն է կաթում
Քիվերիդ վրա մրկած մամուռից,
Ու կաթկթում է փոշոտ մենության
Սարսուռը դեղին:
Իսկ երդիկիդ մեջ քամին է սուլում
Իշխողի բիրտ ու վայրի սուլոցով:
Իսկ երդիկիդ մեջ շունչը կրակի
Իր տառապալի հոգեվարքն ապրել,
Դարձել է մոխիր ունջոտ օջախիդ`
Կարոտի ցավից ճաքճքած քարին:
Ա՜խ, վնգստոցը բակապահ մեր շան`
Խեղճ ու սովահար,
Շվար կարկամած մեր ծեր թթենու
Խշշոցն ամայի…
Փոշոտված բակիդ խորքերից եկող
Մայունը գառան
Մորմոք է քամվող:
Եկել եմ դառնամ
Մորմոքն այդ այրող,
Համերդ պահող
Սուրբ նշխարներիդ արևափոշին:
Եկել եմ դառնամ,
Տո՛ւն իմ հայրենի,
Ծփանքն այն երգի,
Որ մի օր պիտի հարություն առնի,
Թևածի քարե քիվերիդ վրա
Ու երկինք հանի
Խաթարված զանգիդ ղողանջը լռած:

* * *
Ես տառապանքի ցավից եմ ծնվել
Եվ իմ սրբազան
պարտքն եմ կատարում
Աղբյուրի նման
Ու լույսի նման`
Ձեր հոգիների մուրը մաքրելով,
Ձեզ ազատելով սև մժղուկներից,
Որ այս խեղճ ու որբ
Աշխարհին նայեք մանկան աչքերով
Ու բյուրեղացա՜ծ,
Եվ հողի կանաչ քնքշանքն ունենաք,
Որից փխրուն է դառնում մինչևիսկ
Կարծրացած լավան հրաբխային:
Ես տառապանքի ցավից եմ ծնվել`
Անվերջ, անմոխիր այրվելու համար,
Որ իմ կրակով դուք միշտ տաքանաք
Եվ իմ անթեղից խարույկներ վառեք,
Եթե նվաղեն երակները ձեր
Ցրտերից դաժան:
Ծնվել եմ, որ ձեզ բաշխվեմ լիաբուռ
Ու ձեզ ավանդեմ
Լեռնաղբյուրային իմ պարզությունը,
Եվ ձեզ ազատեմ
Հոգս ու կարիքից:
Ես տառապանքի ցավից եմ ծնվել,
Մի՛ տրորեք ինձ,-
Հողմերից փրկված հունդեր է լույսի
Բեռը տարիքիս…

ԱՐԺԱՆԻ ԱՐԱ
Ուշ է, սիրելի՛ս…
Արյունն իմ արդեն սառչում է դանդաղ
Երակներիս մեջ,
Արյունն իմ արդեն չի՜ ջերմացնում
Մատներդ մրսած:
Ուշ է, անգի՛նս…
Իսկ դու հիշո՞ւմ ես
օրն այն կապուտակ,
Պիտի որ հիշե՜ս,
Երբ իմ թևերով,
Իմ` հին ասպետիս,
Եկար ու հասար հովիտն այս չքնաղ:
Քո աչքերի մեջ ծփանք կար
Վճիտ առավոտների,
Ծիածանային մի սուրբ մաքրություն:
Ծաղկած նշենու հոտով էր բուրում
Ուսերդ շողուն,
Ցորենի հոտով:
Ա՜խ, այդ բուրմունքը…
Ու մի սրբազան գլխապտույտ էր
Լուսաբացի մեջ…
Մրրիկ էր հետո,
Որ ծովի վճիտ հորիզոններից
Տեղափոխվել էր իմ աչքերի մեջ:
Բայց նա, սիրելի՛ս,
Ո՛չ, չէ՜ր ավերում,
Սիրո կրակով քեզ սրբագործում,
Դարձնում էր օրհներգ
Բարակ մատներիդ քնքշանքը թավշե:
Ու երբ հնչում էր
Այդ սուրբ օրհներգի մեղեդին լուսե,
Կանաչ ծառերը մաքրվում փոշուց,
Ցոլցլում էին կապույտներն ի վեր,
Ու զրնգում էր ընդերքում փակված
Արծաթն աղբյուրի:
Ո՞ւր են պահերն այդ…
Գուցե ձորերում,
Թուփ ու խոտերին թրթռում են տաք
Ու սպասում են,
Որ մի օր կրկին հարություն կառնեն
Մի պարզ հրաշքով.
Չգիտեմ, հոգի՛ս:
Սակայն, ա՜խ, գիտեմ,
Որ ուշ է արդեն…
Նժույգն իմ հոգնած
Ու շատ է հոգնած:
Իսկ քոնը հողմ է,
Կրա՛կ է ու շա՛նթ,
Քարանձավների սարսուռը ցրող,
Կանչող կապույտի վրնջոց է տաք:
Նժույգն իմ տկար
Ու շատ է տկար:
Ես հիմա վանքի ճաք տված պատ եմ,
Վճիտ արցունքի լույս եմ դողդոջուն:
Ոչինչ չեմ ուզում.
Իմ քույրը դարձիր,
Քո՜ւյրն իմ բաղձալի,
Ինձ ձերբազատիր
Մոռացումի այս խտացող մուժից,
Սև կասկածներից սիրտս ծվատող,
Եվ այնպես արա`
Թոթափեմ ընդմիշտ
Մաշված բառերի ձանձրույթը խեղդող:
Իմացիր նաև.
Ես գիշերն ի լույս աղոթում եմ քեզ,
Աղերսում անձայն`
Արժանի անես ինձ
Քո եղբայրը դառնալու պատվին`
Հանուն հավատի՜,
Մեր սուրբ հավատի,
Որ չսասանվեց հողմերից ահեղ:
Հանուն մեր սիրո,
Որ խանդի մթին վիհերով անցել
Ու մնացել է
Լեռան աղբյուրի արցունքի նման,
Ու մնացել է
Ակոսով բուրող ճառագայթի պես
Մաքուր ու անբիծ:

* * *
Գարնանային շողի
Գուրգուրանքից տաքուկ
Իմ օրերը կանաչ,
Ա՜խ, արթնացել նորից,
Վերհուշերիս թևով
Եկել ու շարվել են
Մեր ամայի այգու
Խնձորենուն փարված
Ծիածանի լարին,
Եղինջներում ընկած
Մեր երկանքի քարին,
Նրա փոշեթաթախ
Նշխարների վրա:
Եկել ու շարվել են
Մրկած մամուռներին
Մեր ամայի բակի,
Ու խշշում են կամաց,
Ու ցոլում են թախծոտ`
Խաչաղբյուրի ձորից,
Ա՜խ, իրենց հետ բերած
Ցոլանքով մասրենու:
Ծղրիդների նման
Եկել ու շարվել են,
Ուլունքաշար կապել
Մեր չարդախի քիվին,
Դարձել թրթիռ ու դող`
Քերծ ու քարափների վրնջոցը խմած
Իմ օրերը կանաչ…

* * *
Մեր այգու աշունքվող ծառերից
Գունագեղ կարոտներ են ծորում.
Ծորում են, կաթկթում թփերին
Ու հետո… խշխշում են ձորում:

Ու հետո շշուկվում խոտերին,
Հովերի շոյանքից կայծկլտում,
Դյութանքով փոխվում են բառերի
Ու թախծոտ զրնգում իմ սրտում:

Զրնգում քնքշանքով մի տխուր,
Ինձ լույսի տավիղ են դարձնում,
Քարափին ցոլացող մասրենու
Բուրվառն են բերում, ինձ հագցնում:

Գույներն են բերում, ինձ հագցնում
Ակներում ծփացող մաքրության,
Ինձ առած իրենց տաք թևերին,
Տանում են սարերն իմ մանկության:

… Արցունքիս լույսի մեջ ծվարել,
Նայում եմ որբացած սարերին.-
Մերկացած հուշերի մխանք է
Մեր այգու աշունքվող ծառերին…

ՆԻԱԳԱՐԱ
Չեմ հաղորդվել, օ՜, ո՛չ,
Քո տարերքի ուժին,
Չեմ մկրտվել ես քո
Աստղերի մեջ շողուն,
Բայց երբ ամեն անգամ
Քո անունն է հնչում,
Մի սրբազան դողով,
Ա՜խ, իմ սիրտն է դողում:
Բայց երբ ամեն անգամ
Քո անունն է հնչում,
Քնքշանում է հոգիս
Ու խշշոցիդ կապույտ
զովերով է լցվում:
Ու ես իմ քարքարոտ հողի
Հրաշքն առած,
Քամիների թևով սլանում եմ դեպի
Լույսը ծիածանիդ,
Գալիս եմ ու խառնվում
Վայրի կրակներիդ
Ճերմակաթույր բոցին,
Անհունների կապույտն իր մեջ
Տարրալուծած ցողերիդ զնգոցին:
Ու ես իմ քարքարոտ հողի
Հրաշքն առած,
Սլանում եմ այդպես,
Գալիս եմ ու հյուսվում
Քո տարերքին մաքուր,
Հորիզոնից բխող մշուշներիդ ծավի,
Գալիս եմ ու ձուլվում
Քարը ծաղիկ դարձնող
Ինքնայրումիդ ցավին:

ԱՂԲՅՈՒՐ
Ու երբ հոգնում եմ
Փողոցների բիրտ աղմուկ-վեճերից,
Եվ հոգուս խորքում հովերն են զնգում
Կարոտի ճիչով,
Ես թռչունների
Արևով օծված թևերին տրվում,
Քեզ մոտ եմ գալիս
Առավոտների մաքրության միջով:

Ես լազուրների ծփանքը առած,
Գալիս եմ այդպես,
Խոտերիդ վրա ու մամուռներիդ
Իջնում եմ ծունկի
Եվ քո փիրուզե քարերի
Զմրուխտ կանաչն եմ շոյում`
Վճիտ երկնքիդ մովին խառնելով
Լույսն իմ արցունքի:

Ես քո երկնքի մովին խառնելով
Քնքշանքն իմ հոգու`
Սուզվում եմ քո մեջ
Ու դեպի մաքուր սկիզբն եմ սահում.-
Այնտեղ կապուտակ իմ մանկությունն է`
Լույսով զարդարված,
Լեռան խորքերում
Կորած օրերիս բույրերն է պահում:

Խոտերին խոնարհ
Մնում եմ քեզ հետ գիշերը արթուն,
Խոտերին խոնարհ
Արևով ես դու բուրում ողկույզի,
Ես ներծծվում եմ երակներիդ մեջ,
Գնում եմ այդպես,
Գնում եմ դեպի մեղմիկ ալիքվող
Ակունքը լույսի…

ԾԱՌ
Դեմքս սուզել եմ սաղարթներիդ մեջ,
Քո ճյուղերի թաց աշունն եմ խմում,
Եվ դու հոսում ես տերև առ տերև
Հուշերիս ծփող ձորակներն ի վար:
Դու հոսում ես լուռ, խոհերիս հլու,
Խոհերիս տրվում կաթիլ առ կաթիլ,
Ծա՛ռ իմ խարույկված, քեզ չեմ լքելու,
Երգիդ թավիշով կուրծքս փաթաթիր:
Հուշս փաթաթիր երգիդ թավիշով.
Թող հուշաղբյուրվե՜մ քո թևերի տակ,
Դանդաղ կհոսեմ ես քո ավիշով`
Իմ մեջ անթեղած աշուններդ տաք:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։