ԱՄՍՎԱ ՀԱՐՑԸ. Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

ԱՄՍՎԱ ՀԱՐՑԸ

– Ե՞րբ և ի՞նչ գործողությունների արդյունքում է հասարակության համար բախտորոշ իրադար­ձությունը դառնում գրական նյութ:

Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ – Գրողը հասարակական կյանքի ամենազգայուն էակն է և իսկական գրողը չի կարող չարձագանքել հասարակական կյանքում տեղ գտած բախտորոշ իրադարձություններին: Սա աներկբա ճշմարտություն է, գալիս է հնագույն ժամանակներից ու առկա է մեր օրերում:
Ոսկեդարի պատմիչ Եղիշեն այնքան էր ազդված Ավարայրի ճակատամարտի դեպքերից, որ գրեց իր դյուցազնավեպ հիշեցնող պատմությունը` մշտապես հիշեցնելով հայերին, թե աններելի է հայրենիքի վտանգի պահին միասնական ու միակամ չլինելը, առավել ևս ամոթալի է հայրենիքին դավաճանելը: Մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը, 1828 թ. Հայաստանը Ռուսաստանի կայսրության կազմում մտնելուց հետո իր հայրենակիցներին պատգամեց չմոռանալ, թե ինչ հերոսական ու պարտավորեցնող անցյալ ենք ունեցել, հիշեցրեց մեր հնագույն քաղաքակրթություն ու պետականություն ունենալը:
Հայոց ցեղասպանության ցնցող դեպքերի ազդեցության տակ Եղիշե Չարենցը` հայրենասեր կամավորականը, գրեց «Դանթեական առասպելը»:
Նման օրինակներ կարելի է թվարկել համաշխարհային գրականության պատմությունից:
Գանք մեր ժամանակներին:
1991 թվականի ամռան վերջին փլուզվեց Խոր­հրդային Միությունը, որի կազմում էր Հայաստանը: Այս պատմական շրջադարձին անմիջականորեն նախորդեց ղարաբաղյան շարժումը, որը գործող հրաբուխ էր և, այսպես կոչված, պերեստրոյկայի ալիքով ժայթքեց: Ղարաբաղյան շարժմանը մասնակցած ու չմասնակցած գրողները թեմա դարձրին այդ շարժումը: Նման գրողների մեջ շատ էին նաև կանայք` Նոնա Պողոսյան, Աշխեն Աբազյան և էլի շատերը:
Իսկ որքան շատ էին ղարաբաղյան շարժման դեպքերը պատկերող գրողները: Նրանց պատմվածքները, պոեմները, բանաստեղծությունները լույս տեսան մամուլում և առանձին գրքերով: Անպայման նշեմ` Գրական պետական մրցանակի արժանացած Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» վեպը և Ար­ցախյան ազատամարտին նվիրված պատմվածք­ները: Իսկ ազատամարտիկ Արա Նազարեթյանի և վա­ռոդի հոտը չզգացած Սուսաննա Հարությունյանի պա­տե­րազմական թեմայով պատմվածքները նույն­քան հավաստի և ազդեցիկ:
Կյանքի նոր հեղաբեկումները յուրովի ներկայացան գրողի աչքերով: Ղարաբաղյան շարժման դեպքերի թարմ ազդեցության տակ Սամվել Կոսյանը գրեց «Եվ պատերազմի շուրթերը թաց» ժողովածուն (1995):
Սամվել Բեգլարյանն այսօր էլ շարունակում է պատերազմի թեման` ապրելով ու գործելով պատերազմական սահմանին մոտիկ:
Հովիկ Վարդումյանն իր ռեալիստական արձակով մեզ ներկայացրեց ղարաբաղյան պատերազմի ճշմարիտ պատկերը:
Պատերազմից բացի, գրականության թեմա դարձավ անկախ Հայաստանի քաղաքացու հոգեբանությունը: Համայնավարությանը փոխարինելու եկան յուրօրինակ նոր զարգացող հարաբերություններ, որոնք առաջացրել են անթույլատրելի հասարակական շերտավորում` հարուստներ և աղքատներ: Երևույթը հիանալի պատկերված է Նորայր Ադալյանի «Դավայաթաղում» և «Ապոկալիպսիսում»: Նախկին Խոր­հրդային Միության քաղաքացիների նոր վարքագիծն ենք տեսնում Գուրգեն Խանջյանի «Տուր ձեռքդ, պստլո» վեպում: Կյանքի բարդությունները Մ. Բուլգակովի նման Էդվարդ Խաչիկյանը պատկերում է «Երկու աշխարհների քաղաքացին» վեպում, բանականի հարաբերությունների բարդությունը ներկայացնում է Հիսուսի կենսագրությանն ու վարդապետությանը շաղկապված:
Նորօրյա հասարակական փոփոխություններն իրենց խոր վերլուծությունն են գտել Կարինե Խոդիկյանի դրամաներում և Էդվարդ Միլիտոնյանի տպավորիչ չափածոյում:
Վերոհիշյալ օրինակներն ապացուցում են, որ գրականության հիմնական նյութ դառնում են հենց հասարակական կյանքի բախտորոշ իրադարձությունները, և դրանք պատկերող գրողները գրում են ինքնաբուխ` առանց որևէ պատվերի ու հրահանգի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։