ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ, արձակագիր
ԼԻՊԱՐԻՏ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ծննդյան 80-ամյակի առթիվ
«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին
Սիրելի
Լիպարիտ Տիգրանի
Ուզում եմ նախ շնորհավորել ծննդյանդ 80-ամյակը և մաղթել, որ առողջ լինես ու կյանքով լի, ինչպես քեզ ճանաչում եմ ավելի քան 30 տարի: Դու մեկն ես այն անխոնջ մտավորականներից, որ վաղուց արդեն անում են այն, ինչ միայն իրենցն է, իրենց գործը` նվիրվել ես հայ գրին ու մշակույթին: Դու ճիշտ քո տեղում ես, և դա է գեղեցիկը. ոչ մեկը քո կողքին ու քեզ հետ նեղված չզգաց, ընդհակառակը` այսօր շրջապատված ես աշակերտների, այո՛, իսկական աշակերտների մի մեծ բանակով, որոնց տարիներ շարունակ օգնել ես, եղել նրանց գրական առաջին քայլերի ուղեկիցն ու խորհրդատուն: Հոգ չէ, որ նրանք հայտնի բանաստեղծ կամ գրող չդարձան. կարևորն այն է, որ նրանց մեջ մշտապես վառ է մնում այն կրակը, որ նրանց մեջ արթնացնում ես հայ գրականության ու մշակույթի հանդեպ:
Ճանապարհդ, Մեծ լոռեցու կրտսեր եղբայր, այո՛, Լոռուց է սկսվել, մի աշխարհ, որը գրականության, ճարտարապետության, մշակույթի բաց թանգարան է, որտեղ ծնված ցանկացած աչքաբաց մարդ առնվազն բանաստեղծ է: Դու, այո՛, բանաստեղծների այն սերնդից ես, որոնց ստեղծագործություններով Լոռին նորովի խոսեց. Լոռու նոր շունչը եկավ գրականություն, մանավանդ` քառյակը, որ վերահաստատեց իր վաղեմի «լոռեցիությունը»:
«Պիոներ կանչից» մինչև «Կանչ» ու «Աղբյուր» այսօր մի հրաշալի պահոց են հայ աշակերտի հետ ապրած քո բեղուն կենսագրության. գրեցիր մանուկների ու պատանիների համար, գրեցիր մեծերի համար, և գիրքը գրքի հետևից ամբողջացավ ու դարձավ գրականություն: Քո բանաստեղծությունները նաև երաժշտության թևեր առան ու երգվում են դպրոցներում, մանկապարտեզներում և տարբեր միջոցառումներում:
Շատ կարևոր է, որ քո գրական խոսքը կենդանի է, ապրող, քո ձեռքը եղել և մնում է հայոց կյանքի զարկերակին. դու ուրախացել ես մեր ժողովրդի հաջողություններով, տխրել` նրա դժվարություններով. արտագաղթ, հայրենաբաղձություն, բարքերի անհասկանալի փոփոխություններ, բարեկեցության դարձդարձումներ և այլն, որոնք քեզ հատկապես մտահոգում են, չասենք` ցավ են պատճառում որպես իսկական մտավորականի: Այդուհանդերձ, քո գրականությունը ապրեցնող է, քո բոլոր ստեղծագործություններում անպայման մի հուսադրող շող կա` լույս, որը, վստահ եմ, քեզ առաջնորդել և առաջնորդելու է շարունակաբար:
Պինդ կաց…
Հովհաննես ԱՅՎԱԶՅԱՆ
Հայկական հանրագիտարանի
գլխ. խմբագիր
Խոսք իմ ուսուցչին
Եթե ինձ հարցնեն, թե ինչպիսի երկրում եմ ուզում ապրել, ես չեմ ընկնի տնտեսագիտական խրթին ձևակերպումների մեջ, ինչը վարպետորեն կարող են անել շատերը: Միայն կասեմ հետևյալը. այնպիսի երկրում, որտեղ ընդունված կարգ լինի, որ երբ ներս է մտնում Բանաստեղծը, արքաները ոտքի են կանգնում:
Ի հարգանս բոլոր մեր ժամանակակից գրողների և բանաստեղծների, պետք է համարձակվեմ հայտնել իմ կարծիքը. հենց նման վերաբերմունքի է արժանի իմ ուսուցիչը` Լիպարիտ Սարգսյանը:
Եթե ընդունում ենք, որ խոսքն ավելի մեծ ցավ կարող է պատճառել, քան սուրն ու հրազենը, իսկ մեկ այլ դեպքում` այն խնդիրը, որ որևէ ընծայով կամ նյութական արժեքով չի լուծվում, կարող է մի սիրալիր խոսքով լուծվել, ապա հարկ է ավելի ուշադիր լինել խոսքին և խոսքի արժեքին:
Ուրեմն` երկիր կառուցելիս, կյանքի և աշխատանքի բոլոր ոլորտներում պատշաճ գիտելիքներով զինվելու համար, նախ, պետք է կրթել ապագա գիտելիք տվողին` խոսքով գիտելիքը մարդուն փոխանցողին: Այսինքն` արժևորենք խոսքը և գնահատենք այն, եթե կուզեք` ավելի արժևորենք, քան ցանկացած նյութական արժեք: Զգույշ լինենք ամեն արտաբերվող բառի ընտրության մեջ:
Բոլորիս համար հոգեհարազատ և սրտամոտ են Լիպարիտ Սարգսյանի բանաստեղծական պատկերները: Իսկ կարո՞ղ եք երևակայել, թե ինչ աշխատանք կա այդ ամենի ետևում` խնամքով ընտրելու այն բառերը, որոնցով պետք է փոխանցվեն բանաստեղծի հույզերն ու խորունկ, իմաստուն մտքերը: Հենց այս շնորհով է մյուս մահկանացուներիցս տարբերվում խոսքի վարպետը` Լիպարիտ Սարգսյանը: Ընդամենը մի քառատողում ամփոփվում է մարդկային կյանքից առած հետևյալ համոզմունքը.
Պատդ փլել չեն կարող,
Ճամփադ ծռել չեն կարող,
Ինչ որ Տերն է պարգևել,
Քեզնից խլել չեն կարող…
Երբ ձեռքդ ես վերցնում բանաստեղծի որևէ ժողովածու, հայտնվում ես մեկ այլ տիրույթում, այլ աշխարհում, որտեղից դժկամությամբ ես վերադառնում այս իրականություն: Լինի դա պատանեկան սիրո խոստովանանք թե հայրենապաշտության անզուգական երկ, նախ, դրոշմվում է մեր հիշողության մեջ, հետո` ծնում այն զգացողությունը, որ այդ տողերը կարծես հենց քո աշխարհից են գալիս:
Տիրոջ պարգևածը` ոգեղենը, մշտապես պետք է հեռու պահել նյութապաշտության վտանգից, որը համաճարակի պես տարածվում է: Ժամանակին Գրիգոր Տաթևացին ասել է. «Չկա այնպիսի մարդ, որին այնքան նյութական բարիքներ տրվի, որից հետո նա այլևս ոչինչ չցանկանա»: Դա մարդու անկուշտ էությունն է: Նույն արժեհամակարգում գտնվող մարդիկ հեռու են նյութապաշտության գայթակղությունից և քչով են բավարարվում. քիչ նյութական արժեքներով: Եվ եթե չեն հագենում որևէ բանից, ապա դա իմաստասիրությունն է:
Վստահ եմ, որ բանաստեղծական աշխարհընկալմամբ և իմաստասիրության գիտակցությամբ մեզ կհաջողվի ձևավորել ազգային վերնախավ: Այն վերնախավը, որի համար մերժելի է սերմնացու գողանալն ու աշխատավորի վաստակն ուրանալը: Այն վերնախավը, որի համար նախընտրելի կլինի ոչ թե ապրանքների, այլ մշակութային ու հոգևոր արժեքների բարձր «գնաճը»: Ի վերջո, այնպիսի ազգային վերնախավ, որը ոտքի կկանգնի, երբ ներս մտնի Բանաստեղծը:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Լիպարիտ ՍԱՐԳՍՅԱՆ
Քառյակներ
***
Քայլում եմ ես հիմա արդեն իմ հուշերի արահետով,
Հեռվում թողած և՛ ցավ, և՛ սեր, որ նայում են ինձ կարոտով,
Սերմնացանի նման հոգնած, այգեպանի նման մի ծեր,
Միտք եմ անում՝ ի՞նչ թողեցի, ի՞նչ կմնա ինձնից հետո:
***
Դու օտարի շունչն օջախից քո վանի՛ր,
Հավատա ինձ, նա քեզ հեռուն կտանի,
Կորցրա՞ծդ ես վերադարձնել ցանկանում,
Նախ՝ եղածը շենացրու և պահպանիր…
***
Փորձանքներին, դավերին դիմանալ է հարկավոր,
Ընկած տեղից վերստին բարձրանալ է հարկավոր,
Հույսի թելը երբևէ չկորցնել աշխարհում,
Բարձունքներին նվաճած՝ ամրանա՛լ է հարկավոր:
***
Լույսը վերից է գալիս,
Հույսը վերից է գալիս,
Կռի՜վ, աղետ ու փորձանք՝
Պալատներից է գալիս…
***
Լուսավորչի կանթեղից սուրբ ջահ չկա,
Հայրենիքի սիրուց վսեմ շահ չկա,
Մարդու հոգու փրկության զոհը դառած,
Տիրոջ միակ, Խաչված Որդուն մահ չկա…
***
Նոր տարի է, սիրո՜ ծնունդ, հույսի ծնունդ, հավատի,
Շնորհավոր ասենք իրար, խփենք գավաթ գավաթի,
Խաղաղությո՜ւն, եղբայրությո՜ւն մաղթենք իրար ամենուր,
Սիրո լեզուն խոսի միայն, Սերն աշխարհում թող հաղթի:
***
Աշխարհի մեջ դու քո խաղը ունեցիր,
Վար ու ցանքը, դու քո քաղը ունեցիր,
Մեկ են կյանքում շքեղ դղյակ, ապարանք.
Քո տաք բույնը, քո օջախը ունեցիր…
***
Այս հին խոսքին հավատա՝
Կյանքի դպրոց, դաս է դա.
Թե երեխան չլացի,
Մայրը նրան կուրծք չի տա…
***
Ամեն գործի հաջողության ելքը կա,
Եթե կամքը, աշխատանքն ու խելքը կա,
Չարի սերմը փարթամորեն չի աճի,
Թե օրենքի արդարադատ ձեռքը կա:
***
Երկրում այս ծեր խաղաղ մի դար չի լինելու երբևէ,
Կռիվներին վերջ ու դադար չի լինելու երբևէ,
Խղճի ձայնը պալատներին չի հասնելու ոչ մի օր,
Մարդը՝ ազնիվ, օրենքն արդար չի լինելու երբևէ…
***
Ուրիշ էր մեր հին օջախը, երբ մայրիկիս շունչը կար,
Զավակներին իրար կապող ամրակուռ կամուրջը կար,
Հիմա էլ ենք մեկ-մեկ գնում, բայց ուրիշ բույր ուներ նա,
Երբ մոր անուշ բույրով լցված սիրո ծաղկեփունջը կար:
***
Կյանքը պիտի միտք ու իմաստ ունենա,
Մարդը պիտի սեր ու հավատ ունենա,
Կյանքի ծովում՝ ափ հասնելու երազանք,
Հույսի մի նավ ու առագաստ ունենա…
Քարը լոկ քար չէ
Քարը լոկ քար չէ, նա հավատն է մեր,
Վանքի կամարը ու սյունը վանքի,
Նա բերդ է դարձել, նա մեզ պաշտպանել
Ու թև է տվել մեր երազանքին…
Քարը լոկ քար չէ, մեր լեռնաշխարհում,
Քարը կամքն է մեր ու ապրող ոգին,
Քարից հավատի խաչքարեր կերտել
Եվ հավատով ենք նայել երկնքին:
Քարը մեր սիրուց
այնպես քնքշացել,
Որ զարդ է դարձել, դարձել գիր,
մատյան,
Իր սրտում մեր սուրբ
երազը պահել,
Բռնել է ճամփան
հավիտենության…
Քարը իմաստուն իմ ժողովրդի
Արարման նյութն է դարձել
դարերով
Եվ ի հեճուկս քարսիրտ
աշխարհի՝
Հող դարձել՝ բերք ու բարիք
արարող…
Հեռուներում մի՛ փնտրիր
Հեռուներում մի՛ փնտրիր
Փառք ու պատիվ ու անուն,
Դափնեվարդերը ընտիր
Քո հողում են բազմանում…
Քո սեղանի հացն արդար
Թխիր քո արտ ու կալից,
Որ համն ու հոտն իմանան
Հյուրերդ թանկ, բաղձալի:
Պալատներից ուրիշի
Որքան էլ որ լինես գոհ,
Դու կարոտով մի՛ հիշի,
Շքեղ դարձրու տունը քո…
Հեռուներում մի՛ փնտրիր
Դափնիներ, փառք ու պատիվ,
Երգդ ծնվի թող ազգիդ
Սիրուց խորունկ ու ցավից…
Չես փոխի
Դեռ նոր երգեր կգրես,
Թե բանաստեղծ ես իրավ,
Նոր շունչ տալով ինքդ քեզ,
Իրար հյուսած խինդ ու ցավ:
Ամեն օրը մի խորհուրդ,
Հոգս է բերում աշխարհին,
Նոր թև տալիս ու ծնունդ
Քո նորածիլ երգերին…
Քանի ապրում ես ու կաս,
Քանի շունչ կա բերանիդ,
Երգով պիտի զորանաս,
Օջախով քո հայրենի:
Արագածով սրբագահ՝
Երկինքներից ճառագող,
Ապրես ազնիվ ու անշահ
Ժողովրդիդ սիրուց գոհ…
Երջանիկ մարդ ես իրավ,
Տեր Հայրենիք ու Հողի,
Որի փշուրը անգամ
Աշխարհի հետ չես փոխի…
Թե չլիներ
Ես քո սիրով ապրեցի,
Աշխարհը սեր էր մի ողջ,
Ես քո սիրով սիրեցի
Ամեն ծաղիկ ու բողբոջ…
Դու հրաշք մի մանուշակ՝
Թփերի տակ թաքնված,
Քեզ այդ ինչպես ես գտա՝
Բարի սիրո իմ աստված:
Ես քո սիրով հասկացա
Ինչն է չարը, ինչը՝ բարին,
Ես քո սիրով տեր դարձա
Հարստությանն աշխարհի…
Հասկացա, որ, չէ՛, չկան
Դժոխք, դրախտ, թե լիներ,
Այդ դժոխքը իրական
Օջախներում է անսեր…