Արմեն ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
Ամեն երեքից երկուսը մերկ են,
Մահվան սնարիդ երրորդն է թեքվել,
Անձնուրացները թե քեզ չմերժեն,
Անհերքում կասեն,
որ կյանքդ էր բեկվել:
Դու այնտեղ էլի «Հայր մերը» կասես,
Մոտից դուրս կանես տեղի քաջերին,
Կալը չծեծած` մանրը կկալսես,
Վերջին կռիվը թողած քաջերին:
Քեզ սիրահարված մի կին կարտասվի
Հուշի հետադարձ նույն
հատման կետում,
Սրբերի շարքում նա քեզ կդասի,
Որ չմոլորես մահվան այս հերթում:

***
Լուսնի մահիկին ինչ նկարեցի
Բորբոսը նռնեց, մաշվեց, հնացավ,
Միանձնուհի էր, երբ նկատեցի,
Անառակ կնոջ նման շնացավ:
Եվ անկոխ մնաց իմ ժամանակը`
Սատանի հյուսած թակարդը ցավի,
Շողակնաշողք էր քառամանյակը,
Նշույլ չթողեց երկնքից ծավի:
Տուր ինձ ալեկոծ ջրի խայտանքը`
Ափերիդ վրա գրածս ջնջեմ,
Տղմուտին թողած այս տառապանքը,
Որ խեցիներում իզուր չհնչեմ:

***
Ճապաղաջուրն անցանք
մինչև կիրակի,
Երկրի կատարն էր զառիկող էլի,
Ասենք մաքուր էր ակունքն Արաքսի,
Չասե՞նք մաքուր էր կամ անկոխելի:
Այդ ո՞վ Բյուրակնը փոխեց Բինգյոլի
Կամ կոչեց Մուրատ գետն Արածանի,
Բա ո՞նց չջնջենք գիրը գծողի,
Անիմաստ բանից ի՞նչ առածանի:
Հայոց զորքերի բանակատեղին`
Շահապիվանն է մնացել անտեր,
Թիկնեղ մարդ չկա՞` Հայկի աղեղի
Լիալիճն էլի բացեր անթերի:
Ամոթի պատին խազեցիք բառեր,
Ձեր մեղքն ավելի տարողունակ էր,
Կապը կտրածը ե՞րբ էր լրբացել,
Մի սուրբ չմնա՞ց նրան ծանակեր:

***
Գալիս եմ դեպի Սահյան,
Սահյանից կարոտս առնում,
Երկրիս մեջ քանի մատյան
Գնդեր եմ փոշուն խառնում:
Հավքի պես այն վիրավոր,
Մենավոր կաղնուն թառում,
Դուք անմեղ, ես` մեղավոր,
Սիրում եմ, ինձ եք թաղում:
Ո՞վ գիտի, ծառն է պահում
Երկվանքի քանի փաղանգ,
Քերթվածքիս ոտքն է կաղում,
Թերատ եմ, սակայն… անհա՞նգ:

***
Քո հերոսացման վերջինեկ ժամին
Ստվերների հետ խամրեց ամեն ինչ,
Արձակ դաշտի մեջ շնկշնկաց քամին,
Եվ լույսից, լույսից չմնաց ոչինչ:
Հիմա Տիրոջ հետ ո՞նց ես երկխոսում,
Խեղված մատներով ի՞նչ մոմ ես բռնել,
Ակնախոռոչիդ արցունքն է հոսում
Ցավին համընթաց, ուր մահն է թառել:
Ինչ որ հատեցին` պահոցն էր մտքիդ,
Կարող էիր, չէ՞, ընկրկել մի պահ,
Տե՛ս, քաջին վայել աներեր տեսքիդ
Անդրադարձումն է երկնում մենասահ:
Գնում ես հուշի վարձը մեկտեղես,
Թե որ հետ դառնաս, միայն երազում,
Հայրդ ու մայրդ, երբ կանչեն` տղե՜ս,
Ասես` բաժանման ծիրն է երկարում:

***
Ասում եմ շտկիր, թե թերացել ես,
Անանց բան չկա աշխարհի վրա,
Մոտ արի` հուշեմ, դու մոռացել ես,
Թե ինչից հետո ինչն է աներկբա:
Տե՛ս, կան թիրախներ,
որ շարժական չեն,
Քանի չես խոցել, կանգուն կմնան,
Ախոյաններդ պայմանական են,
Թող գլխի չընկնեն` երբ կվերանան:
Միևնույն ճիգով ամբողջն ես խոցում,
Քեզանից հետո` թեկուզ ջրհեղեղ,
Մեկ է, հռչակը չեն ոսկեզօծում,
Ներոն ես եղել թե Իվան ահեղ:

***
Ցավը երբևէ մենակ չի գալիս,
Կատաղած գետը լափին է տալիս,
Հորձանք է տալիս, գնում է առաջ,
Աշխարհիս բանը իրենով արած:
Պարզ մասերի է ողջը բաժանում,
Ինչ տրոհում է` ավյունով սակայն,
Այն սիրո նման, որ հենց թեժանում,
Հետքն է պարտակում
խոնջացած արյան:
Կի՛ն, քո հոլանին մտասևեռ է,
Հրապույրի պես իրեն է ձգում,
Եթե հանդիման` միաբևեռ է,
Եթե զուգահեռ`ինչի՞ է ձգտում:
Հետամտում է անեզրին ասես,
Լարումից, ով կին, չի էլ թերհատում,
Այդ հորձանուտում քեզ նման, կասե՞ս,
Մի՞թե կա մեկը, որ ինձ չի ատում:
Ուրիշ մեկը կա՞, որ ինձ է սիրում,
Որ այլ մարմին է ապառիկ առել,
Ես նրան ե՞րբ եմ սիրաբախ տիրում,
Երբ զմայլ տեղս լուսնին եմ թառել:
Հրահանգ կար, կի՛ն, որ ինձ դարպասես,
Իմ թշվառ կերպին լինես աջակից,
Այս մասին, սակայն, ուրիշին չասես,
Գլուխ չեն հանի այլքն այս առակից:

ՄԵԿ ՀՈԳՈՒ ԹԱՏՐՈՆ
Հանդարտության մեջ բոլորակատար
Իմ դիմախաղն էր երիցս անթերի.
Մահս սգացին կանայք ինձ օտար,
Հուշս փշրվեց խորքում անցքերի:
Լվածաղիկի թուրմը ըմպեցի,
Տագնապից հետո սրսուռն էր գալիս,
Ակնախեցուս մեջ ինչ էլ պարպեցի,
Ցող արցունքի պես պարուրեց հոգիս:

***
Անբիծը` ճերմակ, անարատը` կին,
Աչքը աղջիկն է անմեղ կկոցում,
Ծունկս հպում եմ հողին թանկագին,
Տեսնես ինձ ո՞վ է խորքից կարեկցում:
Ճրագվառոցի մոմերում ծվար,
Իմ ժամանակն է վետվետ պարպվում,
Տեր հայր, ինչո՞ւ ես բոլորից շվար,
Ես էլ մաքրագիր
այդպես եմ պարտվում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։