Զգալ
որ լուսաբացն անկրկնելի է
եթե անգամ պատուհանիդ
արևը դեռ չի հպվել
լինել ջղերով
մազանոթներով
զգալ
եթե արմուկդ լույսը չի գրկել
գալ լույսի գրկախառնումով
մաշկիդ թրթռոցը սեղմելով
էլի գալ խոնավ ափերով
խռիվ ու սահուն գալ
գալ
գալ…
անթովչանք
անմրմունջ
զգալ
որ միշտ էլ անվերջ են սիրում
որ ինձ քեզ
զգայուն դարձնողների
ջանքն է սխրանքը
զարմանալ որ
դեռ չունես բառեր
դեռ բառեր չկան
և օդը չի հերիքում
հիացմունք է միայն
թևերս բաց են
և ես ծնվեցի
Ձեռքերդ
մարդ Աստծո
ձեռքերդ զգո՞ւմ են թռիչքի
թովչանքը
հիշո՞ւմ ես
այստեղ
նրբիրան
սքանչումներ
կային և
կար
հիշողություն…
ոչինչ
որ քեզ հիշեցնող
տարածությունն աբսուրդ է
և վերջ
…Բարև հարազատս
Ընկերներ
իմ շքեղ ու պարզ
դուք անասելի եք
կմրմնջամ միշտ
Արևը
մանուկ է
ձեր հորինած աշխարհներում
ես արևոտ տող եմ
շեմին
թռվռացողս
Երկիրս
ծաղկանց եռագույնն է
կարմիրը խաշխաշի
տերեփուկը ծավի
անթառամը գեղազարդ
և միայն նարնջագույնը
նրա ծաղկի
Խատուտիկներ
իմ երկրի կողմը թռչող
ջրերին մի հատիկ նետեցի
աչք ծովացավ
սիրո վիճակագրության
պես մի բան
Ամեն օր
իրերը մարդկանց,
զգացողությունները
կշռել չափել եմ քեզնով
և երկյուղած հույզի
բառի շեմին
սպասել եմ քեզ
ավելի խորունկ
ավելի երկար
փշրվել եմ աչքերիդ մեջ
փշրվել են մատներս
ափերիդ հնոցում
անբառ լսել եմ`
ա՛յդ կետից շրջվելու
հետ դառնալու բոլոր իղձերը
հնարները թողած
ամեն օր
չեմ արբել որ ափսոսամ
չեմ խոստովանել
թեկո՜ւզ սիրել եմ
Սիրելի խանդոտ
խանդոտ սիրելի
ուժի մեջ է
ուժի մեջ մնալու
կարևորությունը
պատասխանատու բան է
ասածս
սրտին
Տարածությունը
շշուկների
գույնով ու զարդով լցնելու
դողն անցավ
պահն անցավ
դալուկ օրվա կիսադեմով
ցողոտ
անշշուկ
անցավ
հունիս է
խոտհնձի ժամանակ
Հաղթանակի առավոտը
հարատև բաղձանք է
ջի՜նջ գրեր
անհայտ ու բաց
էջերին…
միշտ սեր ավելի խիզախ
և երկարող անձրև
և սեր
և զգլխիչ բույրեր
և սեր ցնծացող արև
Երևելի
ճերմակող
լույսից
այսօր
կփողփողաս է՛լ ավելի
իմ առավոտ
է՛լ ավելի
սրտից
ծիրանագույն հաղթած
Հա՛յր իմ
հայրդ
ամենաերգված
հաղթանակն է