ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆ

Արևշատ ԱՎԱԳՅԱՆՀԳՄ վար­չու­թյու­նը
շնոր­հա­վո­րում է բանաստեղծ, գեղանկարիչ, հրապարակախոս
ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆԻՆ
ծննդյան 80-ամյակի առթիվ

«Գրա­կան թեր­թը» միա­նում է շնորհավորանքին

 

 

ՀԱՅՐԵՆԱԾԱՌ
Հայի էությունը
ծլարձակում է ազգային գենի
աստվածատուր միջուկից,
արմատները տարածվում են
սիրո կորիզից դուրս գտնվող
երկնահողի
խորունկ ենթաշերտերում…

Կորիզից վերը ձգվող
կյանքի հարատևության գաղափարը
ծառաբնով երկինք մտնելով`
սաղարթվում է աստղամերձ երկնքի
լուսարձակումների տակ…

Հայրենածառերն աճում են
Հայրենատների կողքին,
Հայրենիքի պաշտպանների
հայրենաշունչ մեղեդիներով,
նրբերանգներով սիրո ու կարոտի,
գունազարդում են կյանքը
հայոց լեզվի խորիմաստ բառերով…

Ճյուղ առ ճյուղ
ձգվում են վեր,
խառնվում են երկնքի
աստղազարդ երազանքներին,
լուսաշող տերևներով,
ծաղիկներով ու պտուղներով
զարդարում են երկնքի
արարչածին խորհուրդը`
հայրենաշունչ հայերենով խոսող
Բիբլիական երկրում…

ՀԱՅՐԵՆԻՔԻ
ԶՈՐԱՑՆՈՂ ԱՐԵՎԸ
Արևը, որ այս պահին
արշալույսվում է Հայաստանում,
մայրամուտ է ապրում
օվկիանոսից այն կողմ,
որտեղ ապրում է հայախոս
ու հայաշունչ կարոտը:

Այս պահին մի տեղ կեսօր է,
մի ուրիշ տեղ
արևը չի երևում
կեսգիշերի երկնքում…

Բայց ամեն տեղ
հայորդիների և հայուհիների
էության մեջ հոսում է
հայի հարատևող արյունը…

Հողագնդի բոլոր կողմերում,
բացվող ու փակվող օրերի
արշալույսների և մայրամուտների մեջ
ապրում են հայրենապաշտ
հայախոս համայնքների
ու գաղթականների
հայաշունչ զավակները…

Մեր երկիրը, մեր մոլորակը
զարդարենք հայրենակարոտ սրտերի
ու հոգիների
մերձեցման գաղափարով,
մեր Հայրենատները լցնենք
հայախոս մանուկներով,
հայրենիքի գալիք զինվորներով,
հայոց մշակույթի հոգեկերտվածքով
ամրապնդենք նրանց էությունը:

Հայոց բարձրիկ սարերը
դարձնենք անառիկ բերդեր,
մեր նոր պատմության,
ամրոցները թող դառնան
Հայրենապաշտ հայրենիքում
և հայրենի մոլորակի
բոլոր այն տներում,
որտեղ հնչում է հայոց լեզուն,
և հայոց մշակույթը շողարձակում է
կարոտը հայրենաբաղձ՝
գիշեր ու ցերեկ,
հավիտյանս հավիտյան…
ԱՐԱՐՉԱԿԱՆ ՀԱՂԹԱՇՈՒՆՉ ԼԵԶՈՒՆ
Հայոց լեռնային աղբյուրների
սառնորակ շշուկները
գնում, խառնվում են
համաշխարհային ծովերի
փրփրաբաշ ու ալեբախվող
ծովի ջրերին…

Հայոց լեզվի
ու հայոց հոգու
արարչաստեղծ արմատները
համ ու հոտ են տալիս
աշխարհով մեկ սփռված
լեզուների, լեզվաճյուղերի
ու լեզվախմբերի բարբառներին…

Կամուրջներ չհանդուրժող
Արաքս գետի կողքին լեռնացած
Արարատ լեռը
ալեհավաքն է արդարության,
որ աստղաշխարհների ձայնը
Հաղթականչի պես
սփռում է հողագնդով մեկ՝
արարչաստեղծ նախնական լեզվի
հայաշունչ հնչյուններով…
ՆՊԱՏԱԿԱԴՐՈՒՄ
Ուզում եմ հայաշունչ
ու հայախոս երգեր գրել
համայն աշխարհով մեկ սփռված
հայերի մասին…

Ամեն բառի մեջ ուժ,
ամեն տողում կորով,
ուզում եմ զորությամբ օժտվի
հայեցի խոսքի
միասնական ու ամուր
արարչածին հավատը…

Մեսրոպյան այբուբենի
հնչյունաշար իմաստը
և խորհուրդն եմ ուզում դնել
երգիս բոլոր հնչերանգների
բնածին ներդաշնակության մեջ…

Ուզում եմ հավատով
ու սիրով զորանան
բոլոր հայրենատները,
որոնք պիտի զորակոչով ընդլայնեն
հայրենիքի հոգեղեն սահմանները
հայրենատներով լցվող
մոլորակով մեկ…
ՀԱՅՐԵՆԱԿԱՆՉ
Կանչում եմ, արի տղա,
բարի տղա, արի տուն,
արի հայոց հողի վրա
հայոց սառնորակ աղբյուրների
ակունքների մոտ
կառուցենք հայրենատները՝
քաջ, արի, քաջարի
հայորդիների ու
հայուհիների համար…
Սրբազան մեր հողում,
մեր արիասիրտ ու քաջասիրտ
զավակների համար,
կառուցենք հայրենատները
հայոց լեզվով խոսող,
հայոց լեզվով գրող,
հայեցի հոգով ու մտքով
ապրող ու բազմացող
մեր զավակների համար…

Կանչում եմ, արի տղա,
քաջ ու բարի տղա,
աշխարհի բոլոր անկյուններում
թող արձագանքի
հայրենականչի ձայնը.
հավաքվել է պետք,
համախմբվել է պետք
մեր հայրենիքում՝
հզոր, հայաշունչ
ու հայրենախոս
հայրենատները կառուցելու համար:

Արի, բարի ու բարեսիրտ
հայորդիներ ու հայուհիներ,
եկեք աշխարհի բոլոր անկյուններից,
սիրով, հավատով, վստահաբար
կառուցենք նոր, հզոր ամրոցները՝
հայրենատները մեր նոր հայրենիքի…
ՋՐԻ ՃԱՄՓԱՆ
Գետաբերանից վեր ձգվող
թեք, աստիճանաձև լանջով
վեր էր ձգվում
մշտահոս գետից պոկված
գոլորշու ծվենը՝
թեթևասահ ամպի
երազանքի նման…

Ձորալանջի ճեղքված
ժայռի արանքից
դուրս էր հորդում
սառնաղբյուր ջուրը
ու նորից թափվում էր
գետի մեջ`
հեռավոր ծովին հասցնելով
թափառական ամպերի երազանքը:
ԿՅԱՆՔԻ ՀԱՐԱՀՈՍ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ
Օղակ – օղակ
շղթայվում են իրար օրերը,
միանում են իրար
երկու և երեք թվերը.
դառնում են չորս ու հինգ
սերերը, սերմերը, սերունդները.
գումարվում ու բազմապատկվում են
ամիսները, տարիները, դարերը.
տարրերն ու տառերը
դառնում են նոր բառեր,
հնչյունափոխվում են բառերը,
նոր բառեր են ծնվում.
հնացող բարքերը նորանում են,
օղակվում, շղթայվում են հին ու նորը,
որ շղթայվեն իրար, ամրապնդեն
կյանքի ու կամքի
նորացող ինքնությունը…

ԾԱԾԿԱԳՐՎԱԾ ՀՈԳԵՊՏՈՒՂՆԵՐ
Արարման ծառը
արմատներով մտած է
սրտիս ու երակներիս
սրբազան հոգենյութի
ելևէջումների խորքերը…

Հիշողությանս անհունից
գալիս են նախապատմական
եղելությունների պատկերները,
մտաշխարհիս մեջ
անցյալն ու գալիքը
հանդիպում են ներկայի
չընդհատվող հոլովույթում…
Իրերի, դեպքերի ու դեմքերի
առօրյա ընթացքի մեջ
երազանքներիս ծառերը
հոգեպտուղներ են տալիս
անմահության գաղտնագրված
իմաստակիր կորիզներով…

ՕՐՀՆԵՐԳԸ՝
ՄԱՐԴԵՂԵՆԱՑԱԾ ՍԻՐՈ
Ջուրը ելումուտ է անում
մտքիս մեջ,
թափանցում է գիտակցությանս
խորունկ գաղտնարանները,
արյանս շրջապտույտի հետ
ռիթմավորում է սրտիս
ու զարկերակներիս
ներդաշնակված տրոփյունը…

Օդը ելումուտ է անում
էությանս մեջ,
թափանցում է ուղեղիս,
խելքիս ու մտքիս
ոգեշնչվող բջիջների մեջ,
շունչ ու կյանք է տալիս
մարմնիս մեջ հոգեղենացած
հողին ու ջրին…

Կրակը, հուրը լուսածին
ելումուտ են անում
մարմնիս մեջ՝
հնչեցնելով օրհներգը
մարդեղենացած սիրո…

ՀԱՄԵՐԱՇԽ
ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Այն քամիները,
որոնք փչում են կնաբարո
քաղաքական դաշտից,
արհեստական այն թայֆունները,
փոթորիկները և ցունամիները,
որոնք ստեղծում են
աշխարհի կարծեցյալ տերերը,
արհեստածին երկրաշարժերը,
արյունահեղ ահաբեկչությունները,
վթարներն ու սպանությունները`
Երկիր մոլորակի կարծեցյալ տերերի
հոգեխախտված
մոլուցքի արդյունքներն են…

Ուշադիր ու զգոն պետք է լինել
մեր հանապազօրյա արդար հացին,
մեր մաքրամաքուր ջրերին
թունավոր հավելումներ անողներից,
սեռափոխված տղամարդկանցից
ու կանանցից զգույշ պետք է լինել…

Հավատի ու վստահության կողքին
թող գոյատևեն
նաև կասկածամիտները,
բայց չարակամ, ստոր ու նենգ
դավադիրներին պետք է
արմատախիլ անել կյանքից`
բարեհոգի, ազնիվ մարդկանց հետ
համերաշխ ապրելու համար…

ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՇՂԹԱ
Միասնության շղթայի
ամբողջության մեջ
սկիզբն ու վերջը օղակված են իրար
սկզբի ու վերջի միացյալ կապերով…
Սերն ու սիրտը շղթայված են
կենսաբեր արյան շրջապտույտով,
որ կյանք ու զորություն է տալիս
համերաշխ միասնության
բոլոր օղակներին:

Առաջին ու վերջին
տարբերակումը չկա
միասնական ամբողջությամբ
կապված
բոլոր օղակների մեջ,
որոնք նույնական են հոգեպես
և մարմնական են՝ վզնոցի
առողջ կենսակերպով
իրար միացած…

 

***
Կան մարդիկ, որոնց բնությունը օժտում է և՛ պոետական, և՛ պլաստիկ մտածողությամբ։ Նման երջանիկների թվին է պատկանում Արևշատ Ավագյանը։
Նրա նկարները գեղեցիկ են գույնով և կոլորիտով, կատարման անկաշկանդ տեխնիկայով։ Դա է նրա աշխարհի գեղեցկության գաղտնիքը։
Արևշատ Ավագյանը նկարիչ է, որ կրում է իր մեջ ջերմություն ու անկեղծություն, և հարուստ է իր ապրումների լուսավոր հիշողություններով։

Ռոբերտ ԷԼԻԲԵԿՅԱՆ

***

Արևշատ Ավագյանը Հայաստանի պատմության ներկայի ու ապագայի, նրա վառ գույների և մաքառող լույսերի երգիչն է։ Նա ո՛չ հավաստիացումներ է անում, ո՛չ էլ՝ խոստումներ տալիս, նա պարզապես կատարում է այն, ինչ ասում է, և այն, ինչ ասում է, կատարում է։ Այսինքն՝ նա ամենից առաջ իրենից է պահանջում, հետո՝ ուրիշներից։ Սիրում է առաջինը, տխրում ու անհանգստանում՝ առաջինը, հրճվում և հպարտանում՝ առաջինը։ Միշտ առաջինը։

Վազգեն ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

***

Արևշատ Ավագյանը նկարչի խորաթափանց հայացքով գույներն ու երանգները որսում է հենց շարժման պահին, իրենց անվախճան ընթացքի մեջ, դրա համար էլ բառերը գունա­զգեստ հոսում են, պատկերները ներքին ճառագումով սահում-գնում են բնություն, ասել է թե՝ մարդկային հոգեբանության բազմաշերտ կտավի վրա ամբողջանալու, այդ կտավին իրենց անհանգիստ տրոփյունն ու ներքին շարժումը հաղորդելու։

Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

***

Արևշատ Ավագյանը, դատելով նրա անցած ճանապարհից, բանաստեղծ է առանց հարցականի։ Բավականաչափ շեշտված երևում է նրա բանաստեղծական կերպարանքը. ոչ թե առարկաների նկարագրություն՝ հանրահայտ «հուզական» կաղապարների մեջ, այլ՝ այդ առարկաների մեջ եղած ներքին-անտեսանելի կապերի բացահայտում, ոչ թե բանա­ստեղ­ծական կառուցվածքների զարդարանքներ ու զարդաձևեր, այլ՝ էության թափանցումներ, ոչ թե տեքստային հարթագծեր, այլ՝ խորքային-ներտեսքային նրբագծեր… Ասել է թե՝ կյանքի նյութը, առարկաների «ստատիկ», հարաբերականորեն անշարժ վիճակները հոգևոր նյութի, հոգեկան շարժման ու վերաբերմունքի վերածելու միանգամայն ճիշտ մեկնակետ։

Սուրեն ԱՂԱԲԱԲՅԱՆ

***

Գեղանկարչության աշխարհում հազվադեպ է պատահում, որ ապրենք զարմանքի զգացում՝ բախվելով բնագրաբնույթ աշխատանքների, որոնք մեջբերումներ չունենան նորաձև նկարիչների գեղանկարչական ժառանգությունից։ Ճշմարիտ նկարիչն աճել է ոչ թե նորա­ձևության քաղվածքների, այլ հայ մշակույթի հարուստ հողի վրա։

Ալգիմանտաս ԲՈՒՉԻՍ

 

 

ԱՆՎԱՆ ՊԱՏԻՎՆ ՈՒ ԳՈՒՆԵՐԱՆԳԸ

Արևշատ Ավագյան անուն-ազգանունը պարտավորեցնող է։ Անունը նրան մղում է լուսերգության, բարության ու այգեպանության, վկա՝ նրա բանաստեղծական բնապաշտական, գունագեղ աշխարհը, նկարչության շրջանակում առասպելականի ու տոհմականի հաշտեցումը, հայրենի բնության թրթռուն ալեբախը գրաֆիկական հորինվածքներում, աստղերի ցոլացումը երկնքում և աչքերում մարդկանց, և այս ամենին գումարած՝ Յոթ մուսաների այգում Ծիրանատոնի, ընկույզի, խաղողի և այլ մրգերի տոնակատարություններ, մշակութային հավաք, որտեղ երգողների մեջ է Արևշատը, ծառերն էլ նրա քանդակներն են։ Մշակույթ բառը նրա անձնագրի մեջ չի գրվել, բայց նրա անձի բացահայտիչ բառ է՝ մշակույթի ֆոնդ, մշակութային խորհրդարան, մշակութային ամսագրեր, հաղորդումներ, բանավոր ու գրավոր զրույցներ և մի ողջ կենսագրություն։ Նրա կյանքում գրականությունն ու մշակույթը առանձնացված չեն, գիրն էլ է հագեցած նկարչական գուներանգով, երաժշտական ռիթմով, մարդկանց ուղղված, երբեմն ուղիղ, հորդորներով, խորհրդածություններով։
Նրա նմաններին մայրս կոչում էր «անդադրում»։ Այդպես տեսել եմ նրան, երբ ես 14 տարեկան էի, և նա դեռ մազեր ուներ գագաթին, տեսնում եմ հիմա, երբ և՛ նա, և՛ ես բավականին ճաճանչափայլ գագաթներ ունենք և հավատացած ենք, որ կարևորը ծառ, ծաղիկ աճեցնելն է և գումարած՝ մագաղաթներին ծաղկելը, վայելչագրելը և ծառայելը Մշակույթին։
Որպես կրտսեր ընկեր՝ շնորհավորում եմ տաղանդավոր գրող, տաղանդավոր նկարիչ և տաղանդավոր մշակութապահպան իմ ավագ ընկերոջ 80-ամյակը։
Ազգանունը պարտավորեցնում է միշտ լինել Ավագ և ապրել որպես Արևշատ։

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

ՅՈԹ ՄՈՒՍԱՆԵՐԻ ԺԱՄԱԴՐԱՎԱՅՐԸ ԱՇՏԱՐԱԿՈՒՄ

Իր ծննդա­վայր Աշ­տա­րա­կի հետ Արև­շատ Ա­վագ­յա­նը կապ­ված է հա­զար թե­լե­րով։ Հռ­չա­կա­վոր Կարմ­րա­վոր եկե­ղե­ցու դի­մաց Գաղ­թա­կան­նե­րի հին թաղն է, ուր 1915- ից հե­տո ե­կան ու բնա­կութ­յուն հաս­տա­տե­ցին Մոկ­սից, Վա­նից ու Ռշ­տու­նի­քից գաղ­թած հա­յեր։ Ի­րար վրա կռթնած, հո­ղով ու կոպ­տա­տաշ քա­րով շար­ված խրճիթ­ներ էին, ո­լոր­ծուն փո­ղոց­ներ ու նրբանցք­ներ, թթե­նի­նե­րի ու ըն­կու­զե­նի­նե­րի ստվեր­նե­րի մեջ թպրտա­ցող լույ­սի թռչուն­ներ… Հին տնե­րը հի­մա գրե­թե չկան, հի­մա այս­տեղ քա­րու­ցե­մեն­տի ուղ­ղա­ձիգ պա­րիսպ­ներ են, մի քա­նի հնա­բույր պա­տեր, փլվե­լու պատ­րաստ կար­կա­տած տա­նիք­ներ։ Այս ան­հե­տա­ցող թա­ղի մի տան մեջ, մո­կա­ցի Խոս­րով Ա­վագ­յա­նի ըն­տա­նի­քում է ծնվել Արև­շատ Ա­վագ­յա­նը։ Գեր­դաս­տա­նի ու­ղին, ծննդա­վայ­րի գե­ղեց­կութ­յուն­նե­րը, պա­տա­նութ­յան տա­րի­նե­րից ի վեր բարձր ար­վես­տի հան­դեպ հափշ­տա­կութ­յու­նը նրա ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի մեջ վե­րար­ծարծ­վել են ջրա­ներ­կի թա­փան­ցի­կութ­յամբ ու գծան­կա­րի շեշ­տով, խիստ տպա­վո­րիչ բա­նաս­տեղ­ծա­կան խոս­քով, որ տա­րեց­տա­րի դար­ձել է ա­վե­լի հա­րուստ, տա­րո­ղու­նակ ու հան­ճա­րա­միտ։ Նա ար­դի հայ պոե­զիա­յի մե­ծե­րից է՝ հսկա­յա­կան գրա­կան վաս­տա­կով, հայ գրա­կա­նութ­յա­նը և մ­շա­կույ­թին մա­տու­ցած անգ­նա­հա­տե­լի ծա­ռա­յութ­յուն­նե­րով։ Տող առ տող, պատ­կեր առ պատ­կեր նա ծա­նոթ ու ան­ծա­նոթ ճա­նա­պարհ­նե­րով մեզ տա­նում է դե­պի լու­սա­վոր ու գու­նա­գեղ մի ո­լորտ, որ­տեղ ի­րար են հյուս­ված իր ծննդա­վայ­րի կարմ­րա­վոր շո­ղերն ու աշ­խար­հի քա­ղա­քա­ցու մտա­հո­գութ­յուն­նե­րը, կո­րուս­յալ հայ­րե­նի­քի կա­րոտն ու իր ե­րազ­նե­րի եր­կիրն ու­նե­նա­լու տենչն ու ձգտու­մը։
Աշ­տա­րա­կից Օ­շա­կան տա­նող ճա­նա­պար­հից ձախ, դե­պի Քա­սա­խի գե­ղա­տե­սիլ կիր­ճը փռված հար­թութ­յան վրա փթթում է նրա ծա­ռաս­տա­նը, որ իր բո­լոր ըն­կեր­նե­րին, գրչի, վրձնի ու մտքի հար­յու­րա­վոր մշակ­նե­րի հայտ­նի է որ­պես «­Յոթ մու­սա­նե­րի այ­գի»։ Ա­վե­լի քան 100 տարի ա­ռաջ այս նույն վայ­րում տա­րած­ված է ե­ղել բազ­մա­վաս­տակ թարգ­մա­նիչ Նի­կո­ղա­յոս Թու­ման­յա­նի այ­գին, կա­ռուց­ված է ե­ղել մի հա­մեստ այ­գետ­նակ, որ­տեղ հյու­րըն­կալ­վել են Նի­կո­ղա­յոս Մա­ռը, Լ­ևոն Շան­թը, Ա­վե­տիս Ա­հա­րոն­յա­նը, Մա­նուկ Ա­բեղ­յա­նը, ժա­մա­նա­կի մյուս մե­ծե­րը։ Եվ որ­պես­զի դա­րա­վոր ա­վան­դույ­թը նո­րից միս ու ար­յուն ստա­նա, տասն­վեց տա­րի ա­ռաջ, գար­նա­նա­յին մի օր, նկա­րիչ-բա­նաս­տեղծն այս­տեղ էր հրա­վի­րել մեր գրա­կա­նութ­յան և մ­շա­կույ­թի մե­ծե­րին՝ Սեն Արև­շատ­յա­նին, Ա­նա­հիտ Սա­հին­յա­նին, Էդ­վարդ Ի­սա­բեկ­յա­նին, Բա­ղիշ Հով­սեփ­յա­նին, Ա­րամ Սաթ­յա­նին, Վա­հան Խո­րեն­յա­նին, հա­յա­գի­տութ­յան, ար­վես­տի ու գրա­կա­նութ­յան 60 ան­վա­նի գոր­ծիչ­նե­րի՝ վե­րա­հիմ­նադ­րե­լու պատ­մա­կան ծա­ռաս­տա­նը։ Ն­րանց հա­մա­տեղ տնկած ծա­ռերն այ­սօր ար­դեն ծան­րա­նում են բեր­քի տակ և շո­ղում տա­րա­տե­սակ գույ­նե­րով։
Տար­վա մեջ յոթ ան­գամ Արև­շատ Ա­վագ­յանն այս­տեղ կազ­մա­կեր­պում է մշա­կույ­թի օ­րեր, ո­րոնք ձոն­վում են այ­գում ա­ճող յոթ պտուղ­նե­րին՝ թթին, կե­ռա­սին, ծի­րա­նին, դեղ­ձին, խա­ղո­ղին, նռա­նը և­ ըն­կույ­զին։ Տար­վա մեջ յոթ ան­գամ այս այ­գին դառ­նում է յոթ մու­սա­նե­րի տո­նա­կան ժա­մադ­րա­վայր, Ա­րա­գա­ծի, Ա­րա­րա­տի և Ա­րա լե­ռան շո­ղե­րի այս հան­գու­ցա­կե­տում հնչում են բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներ, թնդում են եր­գեր, նկա­րիչ­նե­րը բա­ցում են ի­րենց նկա­րա­կալ­նե­րը, ճար­տա­սան­նե­րը կե­նաց խոս­քեր են զե­ղում՝ նվիր­ված մայր բնութ­յա­նը, նրա շքեղ ու շռայլ բարիք­նե­րին, հայ­րե­նի հո­ղին ու երկ­րին։ Պտ­ղա­տո­նե­րի փա­ռապ­սակն, ի­հար­կե, Ծի­րա­նա­տոնն է, որ մեծ շու­քով նշվում է ա­մեն տա­րի հու­լի­սի 1-ին։ Գ­րա­կա­նութ­յան ու ար­վես­տի մարդ­կանց ան­մի­ջա­կան շփու­մը, մտքե­րի ան­կաշ­կանդ փո­խա­նա­կու­մը տո­նա­կան հան­դի­սա­վո­րութ­յու­նը անն­կա­տե­լիո­րեն վե­րա­ծում են սրտա­մոտ զրույ­ցի, գրա­կա­նութ­յան և­ ար­վես­տի շուր­ջը ծա­վալ­վող լուրջ քննար­կում­նե­րի։
Ար­դեն ա­վան­դա­կան դար­ձած դաշ­տա­հան­դես­նե­րը, հայ­րե­նի բնօր­րա­նի հան­դեպ սի­րո վկա­յութ­յուն լի­նե­լուց բա­ցի, մեր հոգ­ևոր հարս­տութ­յան, գրի ու գրչութ­յան, արվես­տի ու մշա­կույ­թի հան­դեպ բա­նաս­տեղ­ծի սի­րո և ս­տեղ­ծա­գոր­ծա­կան ներշն­չան­քի յու­րա­տե­սակ ար­տա­հայ­տութ­յուն է։ Արև­շատ Ա­վագ­յա­նը հռչակ վա­յե­լող նկա­րիչ է, ազ­նիվ հրա­պա­րա­կա­խոս, ար­վես­տա­բան ու մշա­կու­թային գոր­ծիչ, թարգ­մա­նիչ և գ­րող-քա­ղա­քա­ցի։ Բայց ա­մե­նից ա­ռաջ նա բա­նաս­տեղծ է։ Ն­րա բո­լոր գու­նան­կար­նե­րի, նույ­նիսկ մա­տի­տան­կար­նե­րի մեջ բա­նաս­տեղ­ծութ­յուն կա, եր­բեմն թա­քուն ու գաղտ­նա­գիր, եր­բեմն պարզ ու շո­շա­փե­լի՝ գրված մար­գար­տա­շար ձե­ռագ­րով՝ որ­պես նույն կտա­վի տարր, պատ­կեր, վրձնա­հար­ված։ Բա­նաստեղ­ծութ­յու­նը ան­կա­սե­լիո­րեն խու­ժում է նրա ապ­րած տաս­նամ­յակ­նե­րի, նրա ի­րա­կա­նաց­րած գոր­ծե­րի ու մտահ­ղա­ցում­նե­րի, նույ­նիսկ իր ա­ճեց­րած ծառ ու ծաղ­կի մեջ։ Եվ ինչ­պես ա­մեն մի հե­ղի­նակ, նա ու­զում է նույն ներշն­չան­քով վա­րա­կել նաև իր գրչա­կիցնե­րին, ըն­կեր­նե­րին, ըն­թեր­ցող­նե­րին, ի­րեն բա­ժին հա­սած պարգ­ևը կի­սել ա­մեն­քի հետ։ Արև­շատ Ա­վագ­յա­նը ծրա­գրում է Մաշ­տո­ցա­տուն ա­նու­նով սրահ և պու­րակ ստեղ­ծել Հայ գրե­րի օ­շա­կան­յան հու­շար­ձա­նի մոտ, որն հար­մա­րեցված կլի­նի ուխ­տագ­նա­ցութ­յուն­նե­րի, գրա­կան-մշա­կու­ա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րի հա­մար, հյու­րըն­կալ տա­նիք կտրա­մադ­րի օ­տար և սփ­յուռ­քա­հայ գրող­նե­րին, ար­վես­տա­գետ­նե­րին, մշա­կու­թա­յին գոր­ծիչ­նե­րին։ Այ­սօր իսկ Քա­սա­խի կիր­ճի ժայ­ռա­կոփ զա­ռի­վայ­րում, ու­րար­տա­կան ջրանց­քի ա­փին նկա­րիչ բա­նաս­տեղծն իր շնոր­հա­լի որ­դի­նե­րի հետ գողտ­րիկ դարա­վանդ­ներ ու զրու­ցա­րան­ներ է ստեղ­ծում՝ օգ­տա­գոր­ծե­լով բնութ­յան պատ­կե­րաս­րա­հի գծերն ու գույ­նե­րը, ժայ­ռե­ղեն զանգ­ված­ներն ու ըն­կու­զե­նու դա­րա­վոր ծա­ռե­րը։
Նա ան­խոնջ մշակ է, գոր­ծի ու աշ­խա­տան­քի մարդ, բա­րի ըն­կեր և խորհր­դա­տու, ո­րի հա­մար 80 տա­րին մեծ վաս­տա­կի մի մասն է միայն։ Յոթ մու­սա­նե­րի աշ­տա­րակ­յան ժա­մադ­րա­վայ­րը բա­նաս­տեղ­ծի, նկար­չի, բնութ­յան մեծ սի­րա­հա­րի և տոհ­միկ այ­գե­գոր­ծի տքնա­ջան վաս­տա­կի փա­ռա­բա­նումն է։

Ար­տա­վազդ ՆԱԶԱՐՅԱՆ

ՍԻՐՈ ԷՆԵՐԳԻԱՆ

Դարերն իրար էներգիա են փոխանցում, ինչպես բարձրավոլտ հաղորդալարերը, և որևէ ժամանակի մեջ ծաղկելով-վառվելով՝ մշակութային մթնոլորտում արարչագործությունն են շարունակում՝ իբրև կյանքի փառաբանություն: Եվ՝ «երգը հողից է աճում», և՝ երգը հոգուց է աճում: Եվ սիրո աստվածային էներգիան բնավորվում է այն անհատների մեջ, ովքեր ի ծնե են պատրաստ ընդունելուն: Հայոց միջնադարի բանաստեղծներն ու ծաղկողները, շնորհիվ աստվածային էներգիայի, նորոգ շնչում են ներկաներիս մեջ:
Արմատներով մոկացի Արևշատ Ավագյան մշակութային անհատն այս երևույթի կրողն է արդեն կես դարից ավելի, երբ իր բանաստեղծական յուրատիպ ժողովածուներն էր հրապարակ հանում և հանում է մեր փառավո՛րը՝ ժառանգորդաբար յուրացրած, դարձնում հոգևոր կյանքի, մթնոլորտի անանջատ մաս: Նա սերն է շատացնում՝ իբրև տաղանդավոր բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ, արձակագիր, արվեստաբան, մեծ հաշվով՝ Մշակույթի գործիչ: Խաղաղ տարածվել ու տարածվում է իբրև Գեղեցկությունը, որը չի ավերում, որը ջերմ է, որը գթասիրտ, ապրումա­կցող, որը կառուցողաբար գիտակցված է և ունի սփռման նշանակետեր՝ մեր ինքնության մեջ ներառելու նաև իր հոգուն համահունչ աշխարհի մարդասիրական արժեքները:
Արևշատի ձուլվածքը շինարարի, մշակի, այգեպանի ոգենյութից է կազմված. ինքնամոռաց թափառում Գեղեցկության սահմաններում, ինքնաբերաբար հակում ավետարանական լույսի աղբյուրին՝ ո՛չ իբրև հակա­դրանք այլոց: Ովքեր տիեզերական շրջափուլերը փիլիսոփայական հայացքով են տեսնում, ավերների, պատերազմների, աշխարհաքաղաքական տեսանելի և անտեսանելի խարդավանքների, կարճ ասած, չարի դեմ մաքառումներում հավասարակշիռ են և խոսք են հնչեցնում ողջախոհությամբ, տիրոջ տագնապով պահպանում ազգային և համամարդկային հոգևոր-գեղեցկագույնը: Ես համոզված եմ, որ սրտի ու հոգու ամեն մի ճառագայթ նույն պայծառությամբ ու ջերմությամբ Աստծուց և աշխարհից վերադառնում է իր տիրոջը… արտացոլանքի ոսկե օրենքով:
Իմ ավագ գրչեղբայր Արևշատ Ավագյանը 80-ամյակի իր բարձունքին հավաքում է այդ ճառագայթները՝ որպես դափնեպսակ, որպես բարեմաղթություն ու քաջալերանք՝ իր ահել ու ջահել ընկերներից և բազում երկրպագուներից:

Շանթ ՄԿՐՏՉՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։