Սամվել ԿՈՍՅԱՆ – Ձեր նոր՝ «Վերջին մեղրամիս» ժողովածուն ամբողջովին սեր է ու սիրո մասին: Սակայն ինչո՞ւ վերջին, եթե ժողովածուում սերը ոչ թե սահմանափակվում, այլ ձգտում է անսահմանության:
Խաչիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ – Սերն իր բազմաբովանդակությամբ է ներկայանում՝ անքննելի հայացք, փշրվող գիշեր, կրքախանձ ընթացք, հպանցիկ գորով, ինքնահաճ ճակատագիր, ինքնամոռաց թռիչք ու էլի, էլի… Իմ տարիքում սերն արդեն վերջին մեղրամիս է՝ անընդհատ, թանձր, ամփոփ, թագակիր (էս վերջինն՝ ի հեճուկս կորոնայի):
Մի պատմություն հիշեցի: Ֆելիքս Մելոյանը, Ռուբեն Հովսեփյանն ու Ռաֆայել Ավագյանը Մոսկվայի օդանավակայանում են, դիմավորողն էլ՝ Ռաֆայելի ընկերուհին: Մինչ ընկերուհու մոտենալը, Ռաֆայելը տարվում է մեկ այլ կնոջ հմայքով և փորձում է պայմանավորվածություն ձեռք բերել: Ընկերներն, անհարմար վիճակում, փորձում են մխիթարել դիմավորող գեղեցկուհուն, բայց վերջինս վիրավորված հեռանում է:
– Ռաֆի՛կ ջան, լավ բան չստացվեց,- ասում է Ռուբեն Հովսեփյանը:
– Էդ ինչի՞ որ…
– Դե՛, քո հարազատ ընկերուհուն այս անծանոթի հետ փոխեցիր:
Այս խոսք-զրույցի ընթացքում ուղևորասրահ է մտնում մի շրխկան գեղեցկուհի: Ռաֆայելը շրջվում է ու ասում.
– Ռուբի՛կ ջան, արդեն այս մեկին եմ ուզում:
Երջանիկ են նրանք, ովքեր գտնում են ցանկալի բոլոր որակներն ամփոփող իրենց նվիրյալին, և պակաս երջանիկ չեն նրանք, ովքեր փնտրելու հնարավորություն դեռ ունեն:
Ս. Կ. – Չե՞ք կարծում, որ գեղարվեստից և տարրական գրագիտությունից զուրկ գրքերի առատությունն, ի վերջո, կարող է ստվերել իրական արժեքները: Արդյոք գրաքննադատներն անո՞ւմ են հնարավորը՝ սևը սպիտակից տարբերակելու ուղղությամբ:
Խ. Մ. – Ամենաթողություն է: Ընթերցողի վիճակին չես նախանձի: «Էստի համեցեք» կանչող գրականագետիկները, հանուն բիզնեսի, պատրաստ են շրջանցել գրական արժեքները, ինչը պահի մեջ գուցե հաջողում են, բայց ժամանակի ընթացքում իրենք էլ կորչելու են իրենց հրամցրած թերմացքի հետ միասին: Ասում են՝ ապրելու խնդիր է: Ասում եմ՝ այդպես չեն ապրում:
Ճշմարիտ արժեքները շրջանցելով՝ ձևն ու կեցվածքն են փորձում տիրական դարձնել և ներգրական խմբուլիկների առաջ, այս կամ այն զառանցանքի շուրջ հիացական թառանչներ արձակելով՝ ինքնաոչնչացված փռվում են գրականության տաճարի տրորվող շեմին: Մի քիչ դժվար կլինի տաղանդավոր երիտասարդներին այդ ոհմակի հետ լղոզվելը, բայց տաղանդավորի համար այդ ե՞րբ դժվար չի եղել որ:
Բան չի փոխվել՝ հարդն անցնելու է, ցորենն է մնալու: Համո Սահյանն ասաց` մեր ժամանակից ի՞նչ բանաստեղծներ կառանձնացնես: Մի 6-7 հեղինակ նշեցի: Կիսաժպիտ ասաց` հարյուրներով եկան, ո՞ւր են…
Ձեր կողմից սև-սպիտակի բնորոշումը հիշեցրեց նաև այսօրվա քաղաքացիական բաժանումը մեր երկրում: Էդ բաժանող գիծը քաշողներին ուզում եմ հարցնել` տրանսգենդերները, լեսբիներն ու գեյերը, բիսեքսուալները ո՞ր մասում են, որ մենք հակառակ կողմում տեղավորվենք: Կամ, ընդհանրապես, աջ ու ձախ, կենտրոնական ու եզրային քաղաքական ուժերին ասենք` կգա՞ մի օր, որ Հայաստանում տիրական լինի Հայի խոսքը:
Ս. Կ. – Գրողի «ձայնը» ե՞րբ է ավելի ազդեցիկ ու լսելի՝ նրա ստեղծագործություններն ընթերցելի՞ս, թե՞՝ լինի զորամաս, դպրոց, գրադարան, ընթերցողների հետ անմիջական հանդիպումների ու շփումների միջավայրում:
Խ. Մ. – Երբ գրողի ստեղծագործությունները հագեցած են մեծ էներգիայով և ապրեցնող լիցքեր են կրում, ինչպես, ասենք, Մեծարենցի պոեզիան, ընթերցողը միշտ ձգտելու է դեպի այդ տողերը` այնտեղ գտնելով մեղվի իր նեկտարը: Իհարկե, հանդիպումներն ու շփումները ճանաչողության առումով կարևորություն ունեն, բայց նաև կարող են հիասթափության ալիքներ տարածել: Դեպի անկարողություն (իմպոտենցիա) տանող ստեղծագործություններն էլ մեծ տարածում են գտնում. մարդն ինքնաբերաբար մղվում է ավարտին, հանգչել է ուզում, և այդ անկյանք դատողությունների մեջ խճճված բանդագուշանքը` անմարս, կիսամարս կամ մարսված, վերածվում է հոգու կենսական ծորակները փակող ժանգոտված փականների, որոնք հետո հեշտ չեն բացվելու:
Առողջ, արևոտ, ապրեցնող, շրխկան գիրն եմ փնտրում, որտեղ աստվածային մարդը դեռ կա:
Ս. Կ. – Համաշխարհային ճգնաժամի վերածված համաճարակային «դիմակահանդեսն» արդյոք բնության չհայտարարված պատերա՞զմն է մարդկությանը, թե՞ ահազանգ է ապագա նոր կործանարար աղետների:
Խ. Մ. – Այնքա՛ն փորձությունների միջով անցանք, որ այս համաճարակն ինձ մոտ չտպավորվեց – երկրաշարժ, Արցախյան գոյամարտ, ապրիլյան քառօրյա…
Հայ առաքելական եկեղեցու դեմ կատարվող տևական հանցանքները մեր ժողովրդի կողմից իրենց արժանի գնահատանքը կստանան ժամանակի ընթացքում: Նայում էի Վեհափառ Հայրապետի վրա հարձակվող ամբոխին և մտածում` արդյոք դրանց ստացած գումարն ու խոստումները կշռո՞ւմ էին իրենց հավատը, և հայ քրիստոնյայի ոտքի տակ փալասվելով՝ այլևս երջանի՞կ կապրեն՝ աղոթքի փոխարեն դոլարների խշխշոցն ունկերում: Անասնակալածների այդ բույլը կա, և մենք թույլ տվեցինք նրանց մեզ ծաղրել…
Հիմա ամենուր փշրում են մարդկային հույսն ու հավատը, սերը գրեթե նույնացրել են սեռական հարաբերությանը` սեքսին, մարդուն կտրում են աստվածային իր արմատից, և եկող սերունդները հեշտ են հոշոտելու միմյանց` մարմնով և հոգով այլասերվածի իրենց վարքով, չարքի հովանու տակ:
Ս. Կ. – Գրականությունը Ձեզ համար մասնագիտությո՞ւն է, վայե՞լք, թե՞ ինքնահաստատման հնարավորություն:
Խ. Մ. – Գրականությունը մարդկության ընթացքի կառավարիչն է: Ես նկատի չունեմ մանր-մունր ծախու գրականագետիկների կողմից մատուցվող խզբզանքները:
Մենք ամուր պետություն կունենանք, երբ գրական ճշմարիտ արժեքներին դավանող հանձնախմբի օգնությամբ կառավարությունը կհրապարակի հայ բազմադարյա գրականության մատենաշարը` գողթան երգերից մինչև մեր օրերը: Գրական այդ առողջ մատենաշարի ներկայությունն է միայն զորացնելու և հաղթական շունչ հաղորդելու մեր հայրենակիցներին:
Տվե՛ք ժողովրդին իրեն պատկանող այդ ոգեղեն ավիշը: