Ապրիլի 20-ին «Գրական թերթի» խմբագրակազմը հյուրընկալվեց ԵՊՄՀ-ի բանասիրական ֆակուլտետում

Ապրիլի 20-ին «Գրական թերթի» խմբագրակազմը հյուրընկալվեց ԵՊՄՀ-ի բանասիրական ֆակուլտետումԱպրիլի 20-ին «Գրական թերթի» խմբագրակազմը հյուրընկալվեց ԵՊՄՀ-ի բանասիրական ֆակուլտետում:
Ֆակուլտետի դեկան, բան. գիտ. թեկնածու, դոցենտ Աշոտ Գալստյանը բացման խոսքում արժևորելով «ԳԹ»-ի դերը` ընդգծեց, որ այստեղ տպագրվող նյութերը բազմաժանր են: «Տարբեր հիմնախնդիրներ է փորձում վերհանել այս թերթը և մտերմիկ զրույց վարել ընթերցողի հետ»,- ասաց նա:
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանի հավաստմամբ` թերթը ճաշակ է ձևավորում, բազմապլան է, այստեղ տպագրվում են նյութեր, թարգմանություններ, որոնք առաջին անգամ են տպագրվում և բնագրից են թարգմանվում, ինչպես նաև` նույն հարցի վերաբերյալ ամենատարբեր կարծիքներ, որոնք շրջանառվում են թերթում: Նա հատկապես կարևորեց «ԳԹ»-ի առաջին էջը, որտեղ համարձակ նյութեր են տպագրվում: Ներկայացնելով «ԳԹ»-ի` սրահում ներկա գործող և նախկին խմբագիրներին` Կարինե Խոդիկյանին, Նորայր Ադալյանին, Սամվել Կոսյանին, Ա. Դոլուխանյանը նշեց. «Եթե գրողը չի ապրում իր հայրենիքի ճակատագրով, նա գրող չէ: Երեք խմբագիրներն էլ ապրում են երկրի ճակատագրով և համարձակ նյութեր են տպագրում առաջին էջում»: Ա. Դոլուխանյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Ս. Կոսյանին՝ քաղաքական սյունակի համար:
««ԳԹ»-ում տեսնում ենք մարտնչող հոգեբանությունը, հատկապես հասարակական-ընկերային երևույթների գնահատության մեջ»,- ասաց գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը և փաստեց, որ արդեն ավանդույթ է այս թերթի ներկայությունը Մանկավարժական համալսարանում:
Գրականագետ Մարտին Գիլավյանը դժգոհություն հայտնեց բանաստեղծական ժողովածուների վերաբերյալ քննադատական հոդվածների բացակայության համար և ցանկություն հայտնեց «ԳԹ»-ի էջերում տեսնել գրականագիտական-գրաքննադատական հոդվածներ:
Մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Էդգար Ապրեսյանի հավաստմամբ՝ «Գրական թերթի» շնորհիվ լուսաբանվում են ժամանակակից գրողների ստեղծագործությունները` նոր ուժ և շարունակականություն տալով գրական կյանքին»:
Ըստ բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանողուհի Անի Ղալաչյանի` «ԳԹ»-ն մեծ նշանակություն և կարևորություն ունի հատկապես բանասերների շրջանում: «Ուսանողներին այն հնարավորություն է տալիս ծանոթանալ գրական կյանքի անցուդարձին, գրական նորություններին ու թարգմանական գրականությանը, էլ ավելի լավ ճանաչել մեր արդի ստեղծագործողներին»,- ասաց նա:
«ԳԹ»-ի դերի ու նշանակության մասին արտահայտվեցին նաև Կարինե Հովհաննիսյանը (բակ. 2-րդ կուրս) և Լիլիթ Կարապետյանը (մագ. 1-ին կուրս)` շեշտելով, որ մշակութային բազմազանության մեջ պարբերականն ունի իր ուրույն տեղը:
«ԳԹ»-ի խմբագիր Կարինե Խոդիկյանը ներկայացրեց խմբագրակազմին՝ արժևորելով յուրաքանչյուր աշխատակցի պատասխանատվությունը իր գործի հանդեպ: Խոստովանելով, որ «ԳԹ»-ն, նաև ծավալի ու շաբաթաթերթ լինելու պատճառով, լիարժեք գրական գործընթաց ապահովել չի կարող, ասաց. «Փորձում ենք «ԳԹ» բերված գրականագիտական միտքը, խոսքը գոնե հասու դարձնել ընթերցողին»:
Արձակագիր, դրամատուրգ Նորայր Ադալյանը նշեց, որ թերթի խմբագիրը միշտ ակնկալում է ընթերցողական շրջանակների բարյացակամությունը, և հենց ընթերցողները պետք է շահագրգիռ լինեն բարձրացնելու թերթի որակը: «Չի եղել որևէ խմբագիր, որ ստանա լավ, հետաքրքիր նյութ ու չտպագրի»,- ասաց Ն. Ադալյանը և խոստովանեց, որ «ԳԹ»-ում աշխատելու տարիները իր կյանքի ամենալուսավոր էջերից են:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։