Ի ՇԱՀ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ

ՀԳՄ

Դեկտեմբերի 12-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ «Ծիծեռնակ» հրատարակչության լույս ընծայած Վ. Առաքելյանի «Խռովկան ելակը», Ա. Բոստանջյանի «Հենց այսպես», Ն. Գրիգորյանի «Սոնան կրկեսում», Ռ. Հայրապետյանի «Իմ երազի ձին», Ս. Ղազարյանի «Հեքիաթի արև» գրքերի և Վ. Թևոսի գեղանկարների ալբոմի շնորհանդեսը: Գրքերը հրատարակվել են Էդ. Միլիտոնյանի հովանավորությամբ: ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը, ներկայացնելով գրքերը և հեղինակներին, ցավով նշեց, որ թեև մանկական գրականությունը որոշ քանակով տպագրվում է, սակայն չի տարածվում, դպրոցների գրադարանները չեն համալրվում, դպրոց մուտք չեն գործում նաև մանկապատանեկան թերթերն ու հանդեսները: Ապա նշեց, որ հովանավորել է մանկապատանեկան գրքերի տպագրությունը, քանի որ այսօր մանկական գրականությունը պահանջ ունի նոր ներարկումների, նոր անունների, նոր գրքերի: «Եթե ամսագրերում նոր անուններ հայտնվեն, մենք փորձելու ենք խրախուսել, տպագրել նրանց գրքերը»,- ասաց նա: Էդ. Միլիտոնյանը միաժամանակ փաստեց, որ մանկական ստեղծագործություն գրելը չափազանց դժվար է, և կարևորեց մանկական գրքերին օժանդակելը և հրատարակելը: Սաթենիկ Ղազարյանը ներկայացրեց իր «Հեքիաթի արև» գիրքը, որը պիեսների ժողովածու է: Նա նշեց, որ դրանցից մի քանիսը բեմադրվել են, այսինքն` գրքում ընդգրկված պիեսներն արդեն որոշակի ընթացք են անցել: «Ծիծեռնակ» հրատարակչության տնօրեն Անուշ Վարդանյանը վստահեցրեց, որ անգամ 500 օրինակով հրատարակվող գրքերը անհրաժեշտ են գրողի համար. «Եթե գիրքը չի տպագրվում, գրողը չի կարողանում նոր գրքին անցնել, տպագրելով այն` գրողը ազատագրվում է դրանից և ձեռնամուխ է լինում հաջորդին»: Նրա կարծիքով, մանկագրության հետագա ընթացքի համար կարևոր է, որ հրատարակչությունները աշխատեն ապրող գրողների հետ` նույնպիսի ոգևորությամբ տպագրելով նրանց գրքերը, ինչպես դասականների: Լյուդվիգ Կարապետյանն ընդգծեց հրատարակված գրքերի ժանրային առանձնահատկությունները` եզակի երևույթ համարելով պիեսների հրատարակությունը մանկական գրականության մեջ, քանի որ վերջինս ժանրային ներկապնակով այնքան հարուստ չէ: Նա ևս ցավով նշեց, որ մանկական գրականության հանդեպ մյուս հրատարակչությունները անտարբեր են: «Ծիծեռնակը» միակն է, որ հետևողականորեն զբաղվում է մանկական գրականության հրատարակությամբ»,- հավելեց նա և առաջարկեց ավելի խստապահանջ լինել տպագրվող գրքերի հանդեպ: Ղուկաս Սիրունյանը, ողջունելով այս նախաձեռնությունը, նշեց, որ պետք է վերացնել կաղապարված մտածողությունը, թե մանկագրությունը երկրորդական գրականություն է. «Այն սկիզբն է, առաջինը, այստեղից է սկսվում երեխայի կյանքի ճանապարհը: Լավ նյութ տվեցինք՝ կունենանք լավ արդյունք»: Ըստ նրա` մանկագրության մեծագույն իմաստն ու նշանակությունը երեխային իր կյանքի խաղերին հաղորդակից դարձնելն ու կյանքի գեղեցկությունն ու պայծառությունը նրան փոխանցելն է: Ելույթ ունեցան նաև Նորայր Գրիգորյանը և Երվանդ Պետրոսյանը: «Ծիծեռնակ» հրատարարակչությանը` ի դեմս Ա. Վարդանյանի, ինչպես նաև Էդ. Միլիտոյանին նամակով իր շնորհակալությունն էր հայտնել Անահիտ Բոստանջյանը` նշելով, որ իր գրքի տպագրությունը կամուրջ է վիրահայության հետ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.