Յուրաքանչյուրը, ով մոտենում է լեգենդար և հերոսական Ապարանին, ակամա և սրտի թրթիռով ուշադիր զննում է մեսրոպյան կախարդական այբուբենի հսկայական քարե տառերը, որոնք տեղադրված են հրաշագեղ թեք լանջին: Տուֆե 39 գլուխգործոց:
Այն ժամանակ (2004-2005 թթ.) դժվար թե որևէ մեկը կարողանար մտածել, թե այդ եզակի համալիրը, փոքր ճարտարապետության իրական այդ գլուխգործոցը, թվում է, թե պատմական լրացման կարիք ունի: Եվ շուտով հայկական ահռելի այբուբենի կողքին, այդ նույն հիասքանչ սարալանջին, իրոք, հայտնվեցին յուրաքանչյուր հայի սրտին թանկ անուններ. Գրիգոր Լուսավորիչ, Վռամշապուհ արքա, Մեսրոպ Մաշտոց, Մովսես Խորենացի, Տիգրան Մեծ, Մխիթար Գոշ: Նաև Աբովյանի հուշարձանը, ով մեսրոպյան տառերով, ըստ էության, ստեղծեց ժամանակակից հայոց լեզուն:
Հոյակապ և նաև հեռավոր ապագային ուղղված քանդակների հեղինակների մասին չէ, որ կուզեմ խոսել հիմա, այլ նրանց մասին, ովքեր կազմակերպում են, ես կասեի՝ պատվիրում են հուշարձաններ: Այսօր դա, անկասկած, կարևոր թեմա է մեր մշակույթում, առանձնապես՝ քանդակագործության ժանրում:
Շուտով ես իմացա, որ լայն համբավ վայելող Եսայանների ընտանիքը հանձն է առել, ես կասեի՝ հիմնավորապես ձեռնամուխ է եղել Ղարաբաղում իր փոքր հայրենիքի՝ Մեծշեն գյուղի վերականգնմանը: Նախ հիշեցնեմ, որ 1992 թ. ամռանից մինչև 1993 թ. կեսերը Մարտակերտի և Հադրութի շրջանների համարյա քառասուն տոկոսը զավթել էին ազերիները: Իսկ զավթած տարածքներում գործնականում բոլոր բնակավայրերը լիովին ավերված էին: Վանդալներն առանձնակի բարբարոսությամբ էին ծանակել հայկական գերեզմանոցները: Տարել էին մարմարե բոլոր սալիկները, փշրել խաչքարերի մեծամասնությունը և այլ շիրմաքարեր: Այստեղ պետք է ընդգծել, որ ամենից շատ վնասվել էր Մեծշենը, որտեղ գտնվում էին միանգամից չորս ընդարձակ գերեզմանոցներ: Պատահական չէ, որ հենց պատմությունն է այդ բնակավայրին տվել իր անունը. Մեծշեն՝ Մեծ գյուղ: Եվ հանկարծ այդ մեծ գյուղում կանգուն չմնաց ոչ մի տուն: Ես հաճախ էի այցելում մարտիկներին բազմաթիվ ուղղություններում: Տղաների հետ հանդիպումներից մեկը Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ լեդի Քերոլայն Քոքսի և բազմաթիվ երկրներից նրա հյուրերի հետ էր: Այդ ժամանակ էլ խնդրեցի մարտիկներին, որ Մեծշենն ազատագրելուն պես ինձ անմիջապես հաղորդեն այդ մասին: Նրանք կատարեցին իրենց խոստումը: Եվ ես առաջիններից մեկն էի, որ այցելեցի իմ հրապարակախոսական և պատմագիտական կուռք Դավիթ Անանունի տան փլատակները և, չթաքցնեմ, նաև զոքանչիս տան: Ըստ էության ոչինչ, կրկնում եմ, չէր մնացել: Ոչ մի հատիկ տուն: Նույնն էր նաև Հադրութի շրջանում: Մարտակերտցիները, հադրութցիները, բերդաձորցիները, և ոչ միայն նրանք, ստիպված էին եղել թողնել իրենց հարազատ գյուղերը, ցրվել աշխարհով մեկ: Կվերադառնա՞ն արդյոք. բոլորս այս հարցն էինք տալիս ինքներս մեզ: Այո՛, կվերադառնան, եթե վերականգնենք տները, աշխատատեղերը, դպրոցները:
Այդ ամենի մասին ես խոսել էի մի մարդու հետ, ում ծանոթ էի դեռ պատանեկան տարիներից, դեռևս հիսունականների սկզբից, երբ նա սովորում էր Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում: Դա Կառլեն Եսայանն էր: Տարիներ անց, եթե չասենք՝ տասնամյակներ, մենք նրա հետ հանդիպեցինք ազատագրված Մեծշենում: Այն ժամանակ նա առաջիններից մեկը այցելեց հայրենիք: Իհարկե, մենք չէինք կարողանում թաքցնել մեր երջանկությունը: Հաղթանակի երջանկությունը: Սակայն, չնայած հաղթանակի իսկական երջանկության շոշափելի զգացողությանը, չէի կարող չնկատել անթաքույց տագնապը Կառլենի աչքերում: Ասենք, նա չէր էլ թաքցնում իր հենց այդ տագնապը: Տագնապ՝ վաղվա օրվա հանդեպ: Եվ նա, հիշում եմ, հառաչանքով մի ինչ-որ ճակատագրական նախադասություն արտաբերեց՝ անավարտ թողնելով էությունը. «Բայց չէ՞ որ այս ամենը պետք է վերականգնել, հակառակ դեպքում…»: Ես ժպտացի: Ամեն ինչից երևում էր, որ նա զարմացավ: Նրան թվաց, թե ժպիտս անհամատեղելի է իր բառերի էությանը: Իսկ ես, այդ անավարտ նախադասությունը նկատի առնելով, ասացի նրան. «Հիշո՞ւմ ես, մենք մանկուց լսել ենք մեծերից, որ «…ավարտուն միտքն ասում են միայն ավանակին»: Այդժամ Կառլենն արդեն ինքը ժպտաց, ապա ծիծաղեց: Իհարկե, ես չէի կարող չիմանալ, որ մենք այլ ելք չունեինք: Այդ ամենը պետք էր վերականգնել: Հակառակ դեպքում… «Հակառակ դեպքում,- ասաց Կառլենը,- մենք պարզապես հայրենիք ենք կորցնում»: Ահա այդպիսին է նա՝ իմ ընկեր Կառլենը: Ամեն առանձին տուն, ամեն գյուղ անպայման անվանում էր Հայրենիք: Ես գիտեի, որ նա օր ու գիշեր գտնվում էր իր պոլիկլինիկայում, իսկ ես անվերջանալի գործուղումների և ճանապարհորդությունների մեջ էի: Եվ ահա 2011 թ. վաղ աշնանը՝ շուրջերկրյա նավարկության ավարտից անմիջապես հետո, հրավեր ստացա Արցախի նախագահ Բակո Սահակյանից, ինչպես նա ասաց, «մասնակցելու տոնին՝ ոչ միայն Մեծշենի համար»: Կցանկանայի հիշեցնել, որ դեռևս 2006 թ. բավական հաճախ ու տևականորեն այցելում էի այն ժամանակ արդեն կառուցվող Մեծշեն: Եվ չէի թաքցնում երջանկությունս: Չէ՞ որ խոսքն իսկապես Հայրենիքի վերածննդի մասին է:
Բազմիցս եմ ականատես դարձել մի երևույթի, որում տեսել եմ ռազմավարական և փրկիչ մի ողջ ծրագիր: Իսկ դա արդեն, իրոք, մարտավարություն չէ, որն իր մեջ ամփոփում է ընդամենը այսօրվա կենսական հարցերի լուծման նախապատրաստության էությունը: Դա իսկական ռազմավարություն է, որն ուղղված է հեռանկարին: Հիշեցի Մարտակերտի բրիգադի մարտիկներին, որոնց հետ լուռ ու սրտի ցավով զննում էինք ամայացած, կարելի է ասել՝ գետնին պառկած քաղաքը: Այո՛, քաղաքը, և ոչ թե՝ գյուղ: Քանզի չորս ահռելի գերեզմանատները շատ բանի մասին են խոսում: Եվ հանկարծ տեսնում ես տոնական հագնված ժողովրդին՝ նորակառույց եկեղեցիների, տների, շենքերի, գործարանների, ֆաբրիկաների, մարզադաշտի, ֆուտբոլի դաշտի, մարզահրապարակների խորապատկերին: Եվ այդ ամենը՝ շնորհիվ նախևառաջ Կառլեն և Սառա Եսայանների: Այդ օրը այնտեղ էին Արցախի նախագահը, գեներալներ, սպաներ, Հայաստանի գլխավոր դատախազը, հարյուրավոր մեծշենցիներ՝ մանուկների բազմությամբ: Իմ ուշադրությունը գրավեցին խմբով համեստ կանգնած Եսայանների ընտանիքի բոլոր անդամները: Մտածեցի, որ վաղուց նման շոշափելի երջանկություն չէի զգացել՝ կապված հետպատերազմյան Արցախի հետ, և նույնքան շոշափելիորեն զգում էի սրտիս զարկերի մի ինչ-որ քաղցրություն: Երջանկությունս չթաքցնելով՝ նայում էի արդեն կառուցված և ակներևորեն կառուցվող առասպելական Մեծշենին: Եվ ինչպես այստեղ չկրկնես. «Այդ ամենը՝ Եսայանների շնորհիվ»:
Իհարկե, Եսայանները միակը չէին: Անմահություն ոտք դրեցին նաև նրանք, ովքեր վերականգնում էին Շուշին, Գանձասարը, Մատաղիսը, Չափարը, Մարտակերտը (ի դեպ, այստեղ էլ Եսայանները շատ բան են արել), Մաղավուզը, Ակնաբերդը, Թալիշը, ինչպես նաև Հադրութը, Մարտունին, Ասկերանը և այլն: Եվ այդ ամենի մասին, կասկած չունեմ, կգրեն պատմաբանները, գրողները, լրագրողները: Չէ՞ որ, իրոք, խոսքը սրբազան ռազմավարության և ազգային գլխավոր խնդրի մասին է:
Սակայն պատահական չէ, որ ես, հատկապես հիմա, անդրադարձա կոնկրետ Եսայանների զարմանալի սխրանքին: Անցած՝ 2016 թ. աշնան ճիշտ կեսին զանգվածային լրատվամիջոցները շատ և բավական հանգամանորեն գրեցին Եսայանների ընտանիքի հանգուցյալ ղեկավարի՝ Կառլեն Եսայանի պատվին հուշարձան կանգնեցնելու մասին: Ինչպես հայտնի է, տարիներ առաջ Կառլեն Եսայանի ջանքերով հուշարձան էր կանգնեցվել Հայրենական մեծ պատերազմի ճակատներում 1941-1945 թթ. զոհվածների պատվին: Եվ նույնպիսի հուշարձան էր տեղադրվել նաև Արցախյան պատերազմում զոհված մեծշենցիների համար: Մենք չէ, որ պիտի ասենք՝ հուշարձան բառի արմատը հուշն է: Սակայն սրանով չի ավարտվում Եսայանների ընտանիքի սխրանքը: Ես խորապես համոզված եմ, որ առանց հուշաթերթիկի պարզապես անհնար է թվարկել այն ամենը, ինչ արդեն ստեղծվել է և տեղադրվել: Եվ շատ լավ գիտեմ այդ վեհաբարո ընտանիքի բազմաթիվ ծրագրերի մասին:
Լիովին ծանոթանալով այն ամենին, ինչ արված է, ստեղծված է Եսայաններ ընտանիքի կողմից, ես հասկացա, որ եթե թվարկենք առանց բացառության բոլոր աշխատանքները, վերականգնումները և նոր հուշարձանների ստեղծումը, ապա դրա համար պետք է, ես կասեի, պարզապես արդեն ուրիշ ժանր: Չէ՞ որ խոսքը ոչ միայն Արցախի, այլև Հայաստան բուն հանրապետության մասին է: Նույնիսկ՝ Նախիջևանի: Այո՛: Այո՛, հենց Նախիջևանի: 2015 թ. Սուրբ Հովհաննես եկեղեցու կենտրոնական մուտքի երկու կողմերում տեղադրվեցին Նախիջևանի խաչքարերի պատճենները: Խոսքը համաշխարհային փոքր ճարտարապետության գլուխգործոցների մասին է, որոնք ադրբեջանական բարբարոսների և վանդալների կողմից վերածվել էին խճաքարի: Մնում է ավելացնել, որ նման սրբազան աշխատանքներ Եսայանների կողմից իրագործվել են ևս շատ եկեղեցիների մուտքերի մոտ:
Գրելով այս հոդվածը՝ ես հընթացս հասկացա և գիտակցեցի, որ ժանրը, որի մասին խոսվեց սկզբում, ոչ մի կերպ չի տեղավորվում լրագրային էջերի շրջանակներում: Ես կասեի, որ խոսքը գրքի մասին է, մի որևէ մենագրության: Չէ՞ որ պետք է յուրաքանչյուր նյութի կամ նույնիսկ նյութերի համալիրի մասին պատմել գիտականորեն մանրամասն ու հանգամանալի, քանզի խոսքն էության, իսկական սխրանքի մասին է:
Բավական է բերել միայն մեկ օրինակ: Երևանում հաճախ կարելի է լսել, որ Նորքի առաջին զանգվածում տեղադրվել է Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանը: Ի դեպ և ի երջանկություն, Հայաստանում դա առաջին հուշարձանը չէ նորվեգացի մեծ հետազոտողի, ճանապարհորդի, ռազմագերիների և փախստականների գործերով Ազգերի լիգայի կոմիսարի պատվին: Ո՞վ չի հիշում Ցեղասպանության զոհ հարյուր հազարավոր հայերի փրկության՝ նանսենյան լեգենդար անձնագրերի մասին: Այնպես որ՝ պատահական չէր, որ Եսայանների ընտանիքն էլ հուշարձան կանգնեցրեց Ֆրիտյոֆ Նանսենի պատվին: Սակայն նրանք, ովքեր տեսել են մեծ հումանիստի հսկայական, ես կասեի, բառացի իմաստով՝ լուսավոր արձանը, կանգնած ողջ հասակով, չգիտեն, որ խոսքը եզակի համալիրի մասին է, որը մարմնավորում է Ցեղասպանությունից հետո Հայաստանի վերածնության փաստը: Դրանք են Սուրբ Տիրամայր և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ աննման եկեղեցիները: Մեսրոպ Մաշտոցի և Վարդան Մամիկոնյանի հուշարձանը: Այնտեղ կա ամեն ինչ, կապված ազգային հիշողության հետ: Դա և՛ 1915 թվականն է, և՛ 1988 թ. Երկրաշարժը, և՛ հիշատակն այն հերոսների, ովքեր իրենց կյանքը զոհեցին Ղարաբաղի ազատագրման համար: Գիրք-հուշարձանը և բրոնզե հուշարձանը ժուռնալիստին, ով ճեղքում է քարաբեկորը, պատմելու համար ճշմարտությունը: Եվ շատ այլ բաներ: Եվ այդ ամենը առարկայացած հուշ է: Հուշարձան բառի արմատը: Ինձ համար շատ կարևոր է և այն, որ «Ֆրիտյոֆ Նանսեն» անվանումը ստացած ճարտարապետական համալիրի երկու կողմերում Եսայանների ընտանիքը երեխաների համար ստեղծել է մեկ այլ համալիր՝ մարզաբուժական, առողջությունը մարմնավորող սպորտային գույքով:
Ի դեպ, առողջության մասին: 2016 թվականի վերջին Քանաքեռ-Զեյթուն թաղամասում Հրաչյա Ներսիսյան փողոցում հանդիսավորությամբ բացվեց Եսայանների կողմից, ըստ էության, նորից կառուցված պոլիկլինիկան՝ հագեցած ժամանակակից բժշկական սարքավորմամբ: Պոլիկլինիկան կրում է Կառլեն Եսայանի անունը և պետական սեփականություն է:
Կառլեն Եսայանի պես մարդկանց մասին է, որ ասվել է դեռևս հեռավոր անցյալում. «Մեռածների կյանքը շարունակվում է ապրողների հիշողության մեջ»: