Ինչպես հայտնի է, 2008 թվականին, Հայաստանի գրողների միության լուսահոգի նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ը, հռչակվել է Գիրք նվիրելու օր: Ամեն տարի այդ օրը ողջ հանրապետությունում կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ, գրողները հանդիպումներ են ունենում գրադարաններում, տարբեր կրթօջախներում, մշակույթի օջախներում և այլուր` Ամենայն Հայոց բանաստեղծի ծննդյան օրվա առթիվ գրքեր նվիրելով:
Այս տարի այդ օրը Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքը միջոցառում անցկացրեց Վանաձորի մերձակա N զորամասում` բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանի, բանաստեղծ, թարգմանիչ Խորեն Գասպարյանի, բանաստեղծներ Լենա Անթառանյանի, Նաիրա Ջուլհակյանի և գրականագետ, թարգմանիչ Հայկ Բախչինյանի մասնակցությամբ:
Նրանց ընդունեց զորամասի հրամանատարի անձնակազմի հետ աշխատանքների գծով տեղակալ, մայոր Արմեն Սարգսյանը: Գրողները գրքեր նվիրեցին զորամասի գրադարանին, ապա հանդիպում տեղի ունեցավ սպաների ու զինվորների հետ, որին մասնակցում էին նաև Ա. Սարգսյանը, զորամասի ակումբի պետ, ավագ լեյտենանտ Արթուր Դարբինյանը և զորամասի հոգևոր սպասավոր Նվեր սարկավագ Աբգարյանը: Օրվա խորհուրդը ներկայացրեց Մ. Միկոյանը` զինվորներին հորդորելով շատ կարդալ գեղարվեստական գրականություն, նշելով նաև տպագիր և էլեկտրոնային գրական պարբերականների կայքերը: Մյուս գրողները նույնպես ջերմ խոսքեր հղեցին զինվորներին, կարևորեցին գիր ու գրականության անփոխարինելի դերը մարդու կյանքում, ապա Մ. Միկոյանը, Լ. Անթառանյանը, Ն. Ջուլհակյանը ներկայացրին իրենց ստեղծագործություններից (վերջինս՝ նաև Թումանյանի քառյակները):
Հ. Բախչինյանն իր ելույթից հետո տեղեկացրեց, որ Հայաստանի գրողների միության և մի քանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ որոշվել է ստեղծել գրքերի բանկ, որտեղ հավաքված գրքերը հետագայում կնվիրաբերվեն կրթօջախներին, գրադարաններին, մանկատներին և այլն:
Խ. Գասպարյանը հանդիպման էր եկել իր կիթառով, որի նվագակցությամբ կատարեց Վլադիմիր Վիսոցկուց թարգմանած «Նա եղել է Փարիզում» երգը, որը Բելգիայում բնակվող Արեգ Նազարյանը կատարել է Հելսինկիում՝ Վիսոցկուն նվիրված փառատոնի ժամանակ: Խ. Գասպարյանը կատարեց նաև բանաստեղծ Արշակ Քոչինյանի երգերից, ինչպես նաև Հովհաննես Թումանյանի քառյակներից, ապա ասմունքեց լուսահոգի բանաստեղծներ Հրաչյա Սարուխանի և Սամվել Զուլոյանի գործերից:
Կիթառի նվագակցությամբ Ռուբեն Հախվերդյանի և այլոց երգերից կատարեց զորամասի զինվոր Նարեկ Հարությունյանը: Բոլոր կատարումներն ու ելույթները ջերմորեն ընդունվեցին ներկաների կողմից:
Վերջում Ա. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց գրողներին` հետաքրքիր և ուսանելի հանդիպման համար: