Զարմանալի կենսահաստատ, հավատով և լույսով առլեցուն արվեստի հեղինակ Մարտիրոս Սարյանն ապրել էր նաև բազմաթիվ դառնություններ, տառապանքներ ու ցավեր: Դրանցից մեկն էլ՝ խոր անձնական, կապված էր որդու՝ Սարգսի հետ: Սարիկը, ինչպես նրան տանն էին ասում, Մ. Սարյանի առաջնեկն էր, առաջին ժառանգը: Նա ծնվել էր 1917-ին, այն շրջանում, երբ աշխարհը ցնցվում էր պատմական աննախադեպ իրադարձություններից. առաջին համաշխարհային պատերազմ, Հայոց ցեղասպանություն, Ռուսական հեղափոխություն: Այս տարիներին, ստեղծելով իր ընտանիքը, Սարյանը կարողացավ ունենալ սիրո, մարդկային ջերմության այն խաղաղ հանգրվանը, որն այդքան կարևոր էր իր նվիրական գաղափարների և համոզմունքների պահպանման համար: «Տագնապի այս ահավոր պայմաններում է՛լ ավելի էր մեծանում հարազատներիս հետ լինելու ցանկությունս», – կարդում ենք Մ. Սարյանի «Գրառումներ իմ կյանքից» գրքում:
1916-ին, ամուսնանալով Լուսիկ Աղայանի հետ, Սարյանը Թիֆլիսից տեղափոխվում է ծննդավայր` Նոր Նախիջևան, որտեղ և ծնվում է Սարիկը: Շուտով նրանք, արդեն երեքով, նորից գնում են Թիֆլիս: Սակայն երեխայի հետ վարձակալությամբ ապրելու դժվարության պատճառով տիկին Լուսիկը ստիպված է լինում Սարիկի հետ վերադառնալ Նոր Նախիջևան: Ընտանիքն ապահովելու համար Սարյանը, մնալով Թիֆլիսում, դասավանդում է Լիվանդովսկու գիմնազիայում: Սակայն շուտով քաղաքացիական պատերազմի պատճառով նկարիչը վերադառնում է իր ընտանիքի մոտ:
Փոքրիկ Սարիկը մեծ երջանկություն է պարգևում Սարյանին: Նա դիտում է իր առաջին երեխային սիրելի կնոջ գրկում, քնի պահին («Ս. Սարիկ», 1918): Մեծ կորուստներից, դաժան տեսարաններից և ծանր ապրումներից հետո այս անմեղ փոքրիկի` հրեշտակ հիշեցնող կերպարը նկարչի համար դառնում է կեցության և մարդկային լավագույն հույզերի հաստատում: Հայրական անսահման սիրո հայացքով Սարյանը դիտում է փոքրիկ Սարիկի առաջին շարժումներն ու երեխային հատուկ տրամադրության կտրուկ փոփոխության պահերը («Սարիկ», 1919): Փոքրիկի` իր մոր նման սև նշաձև աչքերը այնքան անկեղծ հուզմունք են արտահայտում, որ չեն կարող անտարբեր թողնել դիտողին: Տխրությամբ լցված սարյանական այդ աչքերը, կիտված հոնքերն ու սեղմված շուրթերը վայրկենական փոխվում են խելացի, վստահող և արդեն գոհացած հայացքի: Այդ տիպիկ երեխայական փոփոխական բնավորությունը դժվար կլիներ հաղորդել այլ կերպ, քան իրար կողք մեկտեղելով և հակադրելով:
Սակայն երկար չտևեց այդ երջանկությունը: Սարիկը հիվանդացավ ծաղիկ հիվանդությամբ և տառապելով, բայց լուռ, ամիս ու կես մնաց կիսախավար սենյակում: Եվ դա դեռ ամենը չէր: Երբ արդեն ծնվել էր Սարյանի կրտսեր որդին` Զարիկը (Ղազարոս Սարյանը), նրանք երկուսն էլ՝ Սարիկն ու Զարիկը, կատվից վարակվեցին խուզող որքինով: Ստացվեց այնպես, որ Զարիկին անհետևանք բուժեց հեքիմը, իսկ Սարիկը ենթարկվեց բուժման ռենտգենային ճառագայթմամբ, որն այն ժամանակ լավագույն բուժումն էր համարվում: Արդյունքը, սակայն, սարսափելի էր և անդառնալի. Սարիկը ընդմիշտ զրկվեց իր խիտ մազերից, վնասվեց նրա գանգոսկրը, ինչն էլ իր հերթին հետագայում ազդեց նրա տեսողության խիստ վատթարացման վրա:
1922 թվականի գծանկարում Սարիկին տեսնում ենք արդեն հյուծված, ճաղատ, գլխարկը գլխին, ինքնամփոփ: Նրա տխրությունն այս անգամ հակադրվում է եղբոր` Զարիկի, զվարթ, կյանքով և մանկական անմիջականությամբ լի կերպարին: Հայրական անհանգիստ հայացքով Սարյանը համեմատում է իր որդիներին նաև 1925 թվականի գծանկարում: Զարիկը` արտահայտիչ, նորից մոր նման և Սարյանի համար սիրելի սև նշաձև աչքերով, առնական ուժով լցվող, եռանդուն երեխա է, իսկ Սարիկը` գունատ, ճաղատ, թախծոտ աչքերով:
1928-ին վերադառնալով Փարիզից, նկարիչը կարոտալի հայացքով զննում է Սարիկին, նրա աչքերում գտնելով ցավ, ափսոսանք, ինչ-որ տեղ մեղադրանք, բայց և հնազանդություն անողոք ճակատագրի հանդեպ: Մեկ անգամ վնասելով` բժշկությունն արդեն անզոր էր օգնել Սարիկին, չնայած որ Սարյանը մի քանի անգամ ձեռնարկում է նրան բուժելու միջոցներ: Այդ նույն թվականին ստեղծված «Զարիկն ու Սարիկը» գեղանկարչական աշխատանքում, զերծ մնալով դիմանկարային բնութագրումից, նկարիչը պատկերում է այն, ինչ մտերիմ ու հարազատ է իր կարոտած սրտի համար: Տան և ընտանեկան օջախի մթոլորտը հաղորդող գծանախշով ծածկոցի ֆոնին նա ստեղծում է մի պոետիկ գունային սիմֆոնիա իր որդիների շուրջ, հաղորդելով նրանց նկատմամբ ունեցած հուզական զգացմունքները, ընդգծելով նրանց նշաձև աչքերը, որոնք հիշեցնում են սարյանական արվեստի ծանոթ խորհրդանիշ՝ հավերժական հոգևոր արժեքներ ամփոփող եգիպտական դիմակը:
Այն երևում է արդեն հաջորդ` 1929 թ. «Իմ ընտանիքը» կտավում: Ահա նկարչի սիրելի Լուսիկն ու իր որդիները նայում են կյանքին՝ գեղեցիկ, նշաձև աչքերի պարզ հայացքով, լուսավոր, բաց դեմքերով, իսկ դիմակի հայացքում կարծես քարացել է մի լուռ հարցում. կկարողանա՞ք անցնել կյանքի արհավիրքների միջով, դիմակայել և պահպանել ձեր հավատամքը: Ընդգրկելով եգիպտական դիմակը իր համար ամենաթանկ ու նվիրական մարդկանց շրջանակում, նկարիչը կարծես ցանկանում է պաշտպանել նրանց և ինքն իրեն (ձախից տեսնում ենք Սարյանի ինքնանկարը) կյանքի փոփոխական, իրարամերժ, հաճախ դժվար և դաժան երևույթներից: Դրանց հաղթահարումը հնարավոր է միայն շնորհիվ մարդկային հոգևոր հզոր ուժի, որը դրսևորվում է մարդու ստեղծագործության մեջ, անցնում դարերի միջով և, ուրեմն, հաղթում:
Այդպես էլ ապրեց իր կյանքի կարճ ուղին Սարգիս Սարյանը: Չնայած իր առողջության և արտաքինի հետ կապված («Սարիկ», 1933) բազում դժվարություններին` բնավորությամբ նա զվարթ էր, ընկերասեր ու կյանքով լի: Շատերն են հիշում նրա զրնգուն, հարևան բակերում լսվող ծիծաղը: Վատ տեսողությունը չխանգարեց նրան. նա մասնագիտացավ գրականագիտության մեջ, դարձավ Մոսկվայի Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտ, պաշտպանեց ատենախոսություն` նվիրված իտալացի նշանավոր նովելիստ Բանդելոյի ստեղծագործությանը: Հետագայում աշխատեց Հայաստանի Գիտությունների ակադեմիայում, հեղինակեց տասնյակ գրքեր, հոդվածներ: Հորը ուղղված նամակներից մեկում Սարիկը գրում էր. «Մենք աշխատում ենք առավոտից երեկո, որպեսզի արդարացնենք Սարյանի որդիներ լինելու բարձր կոչումը» (13.02.1952թ.): Հայտնի է, որ նա աշխատել է իր ատենախոսության վրա մեծ պատասխանատվությամբ, միշտ հիշելով, որ լինելով Սարյան, իր ամեն մի խոսքն ու դիտարկումը պիտի կատարի կշռադատված և անթերի: «Ծանր է Մոնոմախի գլխարկը»,- հաճախ կրկնում էր նա Ա. Պուշկինի «Բորիս Գոդունով» ողբերգության խոսքերը:
Հայր և որդի Սարյանները հաճախ քաջալերում էին միմյանց: «Սիրելի պապա ջան, պատասխանում եմ քո արևով լի, կենսահաստատ նամակին: Կրկնակի ուրախ կլինեմ, եթե նույն այդ թափով դու ստեղծես մի քանի աշխատանք»,- նույն իր նամակում գրում է Սարիկը: Իսկ Սարյանը, Սարիկին նվիրելով Բրուսելի ցուցահանդեսին ստացած զենքը ձեռքին բրոնզե արձանիկը, կցում է դրան մի հղում. «Կյանքը պայքար է, պայքարիր, մի՛ ընկճվիր, նյարդերդ գործի մի՛ դիր: Գիտակցություն, գիտակցություն և զգացմունք: Պայքարիր, ինչպես ես, և հաղթանակը քոնն է լինելու»:
Պատերազմի տարիներին Սարյանների ընտանիքը տագնապալից շրջան էր ապրում` կապված առաջնագծում կռվող Ղազարոս Սարյանի հետ: Երկու անգամ կրկնվեց ռազմաճակատից եկող նամակների հինգ ամիս տևողությամբ բացակայությունը: Իսկ ամեն մի նամակ առաջին հերթին Զարիկի ողջ լինելու վկայությունն էր: Այդ տարիների ապրումները այնքան խորն էին, որ Մարտիրոս Սարյանը այդ թեմայով նկար ստեղծեց, պատկերելով իր կնոջը՝ Լուսիկին, ձեռքին պտուղ բռնած, իսկ հայելու մեջ՝ նամակ: Սարգիս Սարյանն էլ գրեց «Սպիտակ աղավնին» վերնագրով մի պատմվածք: Բովանդակությունը իր ընտանիքի կյանքից էր: Նկարիչը երկար ժամանակ լուր չուներ ռազմաճակատում կռվող իր որդուց, նա վաղուց արդեն վայր էր դրել վրձինը: Բայց նամակը վերջապես եկավ: Նկարիչը կարդաց. «Մեր թնդանոթները մաքրում են երկինքը մահաբեր ինքնաթիռներից: Դրանք ուզում են ծածկել արևը, քո սիրած արևը: Իսկ մենք ոչնչացնում ենք դրանց: Ինչ էլ որ պատահի, մի՛ մարեցրու քո հոգու արևը…»:
Այս խոսքերը կարծես մի կանխազգացում էին, կապված նաև Սարիկի ճակատագրի հետ: 1962-ին նա հեռացավ կյանքից: Տան պատին մինչ այսօր կախված է մնացել 1942 թվականին ստեղծված դիմանկարը: Չնայած գրաֆիկական տեխնիկային` Սարյանն այստեղ փոխանցել է Սարիկի լուսավոր կերպարը, հարուստ հուզական ներաշխարհը, աչքերի խորաթափանց արտահայտությունը, իր ժառանգի հոգու արևը:
Սարիկին կորցնելուց հետո Վարպետը երկար ժամանակ չէր նկարում: Սակայն, ասում են, շուտով երազում տեսավ որդուն, և նա ասաց. «Պապա ջան, ինչո՞ւ չես նկարում: Թող արվեստանոց բարձրացնեն մեծ հայելին, և դու ինքնադիմանկար ստեղծիր»: Վարպետը նորից մտավ իր արվեստանոցը, վրձինը վճռականորեն ձեռքը վերցրեց, այդպես էլ նկարեց ինքն իրեն. չէ՞ որ նա պետք է չմարեցներ իր հոգու արևը, ստեղծագործելով պայքարեր մահվան դեմ` հանուն կյանքի և հավերժության: