Ե՛վ զրույց, և՛ բանաստեղծություն

Մարտի 15-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծուհի Ագնեսի (ԱՄՆ) «Ընտրանի» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը` նվիրված բանաստեղծուհու ծննդյան 70-ամյակին:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ժողովածուն համարելով տարիների փորձառություն, նշեց, որ թեև օվկիանոս է բաժանում Ագնեսին հայրենիքից, բայց երբ երկուսի արանքում կա խոսքը, բանաստեղծությունը, որևէ օվկիանոս չի կարող պատնեշել, առանձնացնել: «Թեթևորեն իր բանաստեղծական աշխարհն է կառուցում, բայց այդ թվացյալ թեթևության տակ կան ծանր փորձությունների խտացումներ, ապրումներ, որոնք մարդկային հոգու խորքերից են: Փոքր, կարճ խոսքի տարողությամբ Ագնեսը կարողանում է և՛ զրուցել, և՛ բանաստեղծություն մատուցել»,- ամփոփեց Էդ. Միլիտոնյանը:
Բանաստեղծ, ՀԳՄ քարտուղար Ղուկաս Սիրունյանը փաստեց, որ տարբեր տարիների գործերը, հավաքվելով այս գրքում, ճանապարհի խորը զգացողություն են բերում` ցույց տալով, որ բանաստեղծուհին հասել է խոսքի ու մտքի ներդաշնակության: Իսկ դա գրականության հաջողության առհավատչյան է:
Ըստ բանաստեղծ Արևշատ Ավագյանի` «Բարությամբ, մաքրությամբ ու կենսասիրությամբ լրացնում և հումք ես տալիս մեր այսօրվա գրական ընթացքին` նպաստելով հայրենիքի և Սփյուռքի մերձեցման գործին»,- ասաց նա:
Բանաստեղծուհի Հռիփսիմեն խոստովանեց, որ գիրքը խմբագրել է այն ջրասուզակի, լողորդի նման, որն անընդհատ ուզում է ջուրը մտնել և նոր բաներ գտնել, հանել և տալ մարդկանց: «Մատս դնում եմ իր զարկերակին, և այդ զարկերակը տանում է դեպի իր սիրտը, այդ սիրտը խոսում է իմ սրտի հետ»,- ասաց Հռիփսիմեն:
Ելույթ ունեցան նաև Կորյուն Առաքելյանը, Սեյրանուհի Գեղամյանը:
Հեղինակի բանաստեղծություններից կարդացին Անահիտ Դանիելյանը, Անահիտ Նավասարդյանը և ուրիշներ:
Շնորհակալական խոսքով հանդես եկավ Ագնեսը` ընդգծելով, որ իր բոլոր գործերը իր կյանքի ապրումներից են:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հրամանով բանաստեղծուհի Ագնեսն արժանացավ «Վիլյամ Սարոյան» մեդալի:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։