Դարերից եկող մտերմություն` բանակ և գրականություն

Սեպտեմբերի 17-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ ՀԳՄ և ՀՀ ՊՆ համատեղ մրցանակաբաշխության մրցանակների հանձնման արարողությունը (մրցանակակիրների ցանկը տե՛ս «ԳԹե թիվ 23 (3256), ուրբաթ, 3 հուլիսի 2015 թ.):
Բանակի ու գրականության մտերմությունը նոր չէ, այն դարերից է գալիս: Զինվորի սխրանքը, նրա մտորումներն ու ապրումները գրողները դարձրել են գրականության նյութ, հյուսել պատմություններ, քնարական երգեր` պանծացնելով հայրենիքի պաշտպանին: Մ. Պեշիկթաշլյանը ոգեշունչ երգեր է ձոնել քաջ զեյթունցիներին, Ավ. Իսահակյանը Հայ Գուսան ստորագրությամբ ֆիդայական, հայրենասիրական երգեր էր գրում` ժողովրդի մեջ թեժ պահելով ազատագրության ոգին: Այսօր ևս գրողները ստեղծում են գործեր, որոնք արտացոլում են բանակի ներկան, նրա անցած ուղին: ՀՀ ՊՆ և ՀԳՄ նախաձեռնությամբ այս տարի սահմանված մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել գրականություն և բանակ կապը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը կարևորեց ժամանակակից բանակի, բանակում ծառայողի, բանակի հանդեպ վերաբերմունքի ուղեծրերով ներկայացված ստեղծագործությունները և այն լիցքը, որ գրողին մղել է նման գործեր գրելու: «Հայ գրականության լավագույն նմուշները երկրին, նրա պաշտպանությանը նվիրված, ռազմահայրենասիրական ոգով գրված ստեղծագործություններն են, և ժամանակակից գրողները ևս դուրս չեն այդ շրջանակից` Արցախյան պատերազմը և շարունակվող պատերազմական հոգեվիճակները հիմք են, որպեսզի այդ հոգեվիճակները ապրող մարդու կեցության խնդիրները դառնան ստեղծագործությունե,- ասաց նա:
ՀՀ ՊՆ վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը փաստեց, որ բանակ-հասարակություն կապի բոլոր գործառույթներում մշտապես գրողները հրավիրվել են զինված ուժերի ստորաբաժանումներ, պարբերաբար հանդիպումներ են ունեցել զինվորների հետ: Ապա կարդաց ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի ուղերձը. «Ողջունում եմ բանակային թեմաներով լավագույն ստեղծագործության` Հայաստանի գրողների միության հայտարարած մրցանակաբաշխության բոլոր մասնակիցներին:
Այս նախաձեռնությունը, որը հուսով եմ, կդառնա ավանդական, ես կարևորում եմ հետևյալ երեք պատճառներով.
Առաջին` գրականությունը և նրա բոլոր ժանրերը, ինչպես և արվեստի մյուս ճյուղերը, կոչված են ոչ միայն ճիշտ արտացոլելու կյանքն իր բոլոր դրսևորումներով, այլև ուրվագծելու մեր հոգիներում փայփայվող ապագայի տեսլականը: Այդ երազներն իրականություն դարձնելու համար յուրաքանչյուր սերունդ իր բաժին պայքարը մղեց, բայց Հայկական բանակն էր, որ ինչպես հայոց դյուցազնավեպի մանուկ հերոսը, կերտեց պաշտպանված Հայրենիք և զինադադարը վերածեց թեև փխրուն, բայց հաղթական խաղաղության:
Երկրորդ` Հայկական բանակը մի նոր ու անկրկնելի գույն դարձավ Հայաստան աշխարհի ու հայ կյանքի բազմերանգ խճանկարում, և ինչպես նկարիչն է մաքուր կտավը փոխակերպում աշխարհն իր բոլոր գեղեցկություններով պատկերող նկարի, ինչպես երգահանի գրած նոտաներն են մեռյալ թվացող լռությունը մեկեն վերածում կենարար երաժշտության, այնպես էլ գրողը պիտի իր հույզերն ամփոփելով թղթի մակերեսին պարփակված գրադաշտի սահմաններում, շարադրի հայ զինվորի ու հրամանատարի աներերության ու զոհողությունների պատմությունը: Պիտի ընդհանրացված կերպով, բայց նաև լուսանկարչական ճշգրտությամբ ուրվագծի դաշտային համազգեստի գույներում քողարկված նրանց հարուստ ներաշխարհը, երկաթյա կամքն ու զգայուն հոգին:
Եվ վերջապես երրորդ` գրականությունն է, որ յուրաքանչյուր սերնդի համար պիտի ձևակերպի գաղափարներ, կերտի դրանք մարմնավորող կերպարներ և արվեստի հզոր ուժով մարդուն օգնի վեր բարձրանալով առօրյա կյանքի գորշությունից` դառնալու իր երազների մարմնավորումը, դառնալու այնպիսին, ինչպիսին մեզ ստեղծեց Տեր Աստված և ինչպիսին մեզ ուզում էին տեսնել մեր ծնողները:
Լիահույս եմ, որ ճակատագրով հայությանը դարձյալ բաժին ընկած վտանգաշատ այս ժամանակներում ինչպես մեր տասնութ-քսան տարեկան որդիներն են վստահորեն կատարում իրենց պարտքը, այնպես էլ հայ գրականության մշակներն են հավատարիմ մնալու իրենց կոչմանը, և ստեղծելու բարձրարժեք գրականություն Հայրենիքի, այն պաշտպանողների և տանը նրանց սպասողների մասինե:
Գրականագետ Պետրոս Դեմիրճյանը, ով նաև մրցանակաբաշխության ժյուրիի նախագահն էր, ներկայացրեց, թե ժյուրին ինչպես է աշխատել և ինչ սկզբունքներով: Նա տեղեկացրեց, որ ժյուրին ընդունել և քննարկել էր 2014 թ.-ից մինչև 2015 թ. ապրիլի 30-ը տպագրված ստեղծագործությունները, որոնցում արտացոլված էր ազգային-ազատագրական վերջին պատերազմի շրջանը, բանակն իր ամբողջ ներքին աշխարհով: «Կային գործեր, որոնք տեսանելի իմաստով ռազմական գործողություններ չէին արտացոլում, բայց արտացոլում էին այդ ամենի վերապրումները մարդու հոգեկան աշխարհում: Առաջնությունը տրվել է այն ստեղծագործություններին, որոնք անմիջականորեն ու գեղարվեստական բարձր մակարդակով ներկայացրել են ազատագրական պատերազմը, բանակըե,- ամփոփեց նա:
Պարգևները հասցեատերերին հանձնեցին ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը և գեներալ-մայոր Վ. Ավետիսյանը:
Ամիրան Գալստյանը կարդաց մրցանակակիրների ստեղծագործություններից:
Ցերեկույթը վարում էր Ա. Գալստյանը:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ
Լուսանկարները`
Բախշի ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.