ԱՐԺԱՆԱՑԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ

 

Մարտի 3-ին Վրաստանի Ռուսթավի քաղաքի «Ռուսթավի» հյուրանոցի հանդիսությունների սրահում կայացավ վրաց անվանի գրող Իլիա Ճավճավաձեի հիմնադրած «Իվերիա» թերթի անվան գրական-մշակութային մրցանակաբաշխության արդյունքների ամփոփումը և մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառման գլխավոր կազմակերպիչ, վրացական «Էլիտա» հրատարակչության հիմնադիր և գլխավոր խմբագիր Նուգզար Ճիաբերաշվիլին տեղեկացրեց, որ մրցանակաբաշխությունը կազմակերպվում է 6-րդ անգամ, մասնակցում են Ուկրաինայից, Հայաստանից, Ադրբեջանից, Իտալիայից, Թուրքիայից ժամանած, ինչպես նաև Վրաստանում բնակվող տարբեր ազգերի և ազգությունների ավելի քան 100 անվանի և սկսնակ գրողներ, ստեղծագործող դատապարտյալներ, հաշմանդամներ, նկարիչներ և լուսանկարիչներ: Տարբեր անվանակարգերում նրանցից 33-ը արժանացել են մրցանակների: Հանդիսության մասնակիցներին ողջունեցին Ռուսթավիի քաղաքապետ Իրակլի Տաբաղուան, Վրաստանի խորհրդարանի անդամ Լադո Կախաձեն և ուրիշներ:
Միջոցառմանը ելույթ ունեցավ շիրակցի բանաստեղծ, «Շիրակ» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Մարգարյանը: Նա խոսեց հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության, հայ-վրացական գրական, մշակութային կապերի, առնչությունների զարգացման ու նորացման, խաղաղության և ժողովուրդների բարեկամության ամրապնդման մասին:
«Երկիր մոլորակն է աշխարհի բոլոր ժողովուրդների սրբազան հայրենիքը: Մենք բոլորս Նոյի, նրա զավակների` Սեմի, Քամի ու Հաբեթի ժառանգներն ենք: Այսօր մեր մոլորակը, համայն մարդկությունը տառապում է բնական և արհեստածին աղետներից, արհավիրքներից ու ախտերից: Հարկավոր է վերջ տալ ազգամիջյան ատելությանը, կռիվներին և միասնական ուժերով կերտել համաշխարհային խաղաղությունը, ամրապնդել ազգերի եղբայրության սուրբ գործը, միասնական ուժերով պայքարել մեր մոլորակի պահպանության և պաշտպանության համար», – ասաց Սամվել Մարգարյանը:
Ներկաները ջերմ ու երկարատև ծափերով ողջունեցին հայ բանաստեղծին: Հնչեց ՀՀ պետական օրհներգը:
Հայաստանից «Իվերիա» միջազգային մրցանակների արժանացան Սամվել Մարգարյանը, թարգմանչուհի Նինո Սպանդերաշվիլին, գյումրեցի սկսնակ գրող Վրեժ Սարգսյանը:
Գոհար ՄԿՐՏՉՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։