Արցախյան հերոսամարտի մասնակից
Մարգարիտա Թառանյանի
պայծառ հիշատակին:
Աշունը լեռներում շուտ վերջացավ: Երեկոյան սկսված անձրևը սառավ օդում, սկսեց մեծ-մեծ փաթիլներով ձյուն տեղալ: Ամեն պահի սաստկացող քամին ծակում- անցնում էր զինվորների մարմնի միջով: Դիմացի բլրի վրա թուրքերի խրամատներն էին: Ինչպես միշտ, անընդհատ կրակում էին, հատկապես գիշերները` վախն իրենցից հեռու վանելու համար:
Հայերի կամավորական ջոկատի մարտիկները լռությամբ հետևում էին թշնամու գործողություններին, չէին կրակում` փամփուշտ էին խնայում: Ինչպես բոլոր դիրքերում, այստեղ էլ թուրքերը լավ էին զինված և արդեն ձմեռային տաք հագուստով էին: Իսկ հայկական կամավորական ջոկատի մարտիկները դեռ ձմեռային տաք հագուստ չէին ստացել: Մթան հետ սառչող կատաղի քամին ծակում-անցնում էր մարմինների միջով: Ցրտից խուսափելու համար կծկվում էին խրամատներում, որտեղ քամին մի քիչ կոտրվում էր, բայց դա էլ փրկություն չէր:
Հաջորդ օրը պետք է գրոհեին: Բոլորը գիտակցում էին, որ նաև իրենցից է կախված ընդհանուր գործողության հաջողությունը: Մարտական գործողությունը նշանակված էր վաղ լուսաբացին: Իրենք պետք է գրավեին դիմացի բարձունքը, նպաստեին աջ և ձախ թևերի գրոհի հաջողությանը:
Երկար, տառապալից գիշերն անցավ: Դիմացի բարձունքի թուրքերը հայտնվում ու անհետանում էին, զննում հայերի դիրքերը: Հայերը նայում էին տաք հագուստի մեջ, տաք գլխարկներով թուրքերին, և ցուրտն ավելի էր սաստկանում, կաթվածահար անում միտքն ու սառած մարմինը: Թուրքերը ծիծաղում էին հայ կամավորականների մրսելու վրա, ռադիոկապով միանում, ձեռ էին առնում: Տեսնում էին, թե ինչպես են դողում բարակ, սպանող ցրտի դեմը չփակող հագուստների մեջ, ու ծիծաղում էին: Թուրք կապավորը թուրքերենով և կոտրտված հայերենով ու ռուսերենով ձեռ էր առնում.
– Արա էրմե՛նի, բուշլատ խոչի՞՜շ… Արա էրմե՛նի, քու նախագահ բուշլատ չունե՞՜ս…
Ու եթերը լցվում էր լկտի ծիծաղով:
Հայերն այդ լկտի հռհռոցից կատաղում էին, բայց ցուրտը սեղմում էր սառցե մամլիչների մեջ: Նաև կատաղած հայհոյում էին, կրակում թուրքերի ուղղությամբ, բայց դրանից վիճակը չէր փոխվում:
Գիշերը ձյան փոխված անձրևը հաստ շերտով նստել էր բլուրներին: Համատարած սպիտակն ավելի էր սաստկացնում սառնամանիքը: Քամին թուլացել էր, բայց ցուրտը չէր մեղմացել:
– Թուրքերը տաք հագուստի մի փոքրիկ պահեստ ունեն,- երեկ ասաց ջոկատի հրամանատարը,- եթե գրավենք, տաք կհագնվենք: Մի քիչ էլ շահագրգռում էր տղերքին:
Բոլորն սպասում էին լուսաբացին, որ հարձակվեն ու փրկվեն ցրտից: Ով չի տեսել այդ ցուրտը, չի կարող հասկանալ, թե ինչ է դա` կամազուրկ անող այդ հրեշը, երբ հուսահատված, պարտություն կրած մարդը կամավոր հանձնվում է նրան ու թույլ տալիս, որ տանի իրեն, ուր ցանկանա:
Ջոկատի բուժքույրը, նույնպես փաթաթված բարակ հագուստի մեջ, կծկվել էր խրամատի մի անկյունում, դողալով սպասում էր մարտի սկսվելուն: Այդ ժամանակ դուրս կգային բանտախցի տպավորություն թողնող խրամատից, կվազեին, կկրակեին, կտաքանային: Սպասվող գործողությունից էր կախված նաև ի՛ր վիճակի փոփոխությունը:
Հարձակման ժամը մոտենում էր, տղերքն սկսեցին շարժվել, պատրաստվել: Բուժքույրը նույնպես պատրաստվում էր: Ավտոմատը ձեռքին, սանիտարական պայուսակը մեջքին, պետք է տղերքի հետ վազեր, կրակեր, սպաներ թշնամիներին, ժամանակին օգնության հասներ վիրավոր ընկերներին: Հրամանատարը նրան միշտ համոզում էր մնալ դիրքերում, առաջանալ զինվորների հետևից, բայց նա չլսելու էր տալիս` մի քանի ամիս առաջ թուրքերն սպանել էին ամուսնուն, ուզում էր վրեժ լուծել:
Գրոհի ժամը մոտենում էր: Հրամանատարը խրամատի մի ծայրից անցնում էր մյուսը, կարգադրություններ անում, խորհուրդներ տալիս: Չնայած անցած երեկոյան ամեն ինչ ստուգել էր, բացատրել, բայց նորից էր ստուգում:
Բոլորը պատրաստ ապասում էին, բայց երբ հարձակման ազդանշան տրվեց, ոչ ոք առաջ չգնաց: Կարծես սառել, կպել էին խրամատների սառած պատերից: Մարտական գործողությունը կարող էր ձախողվել: Բուժքույրը, կծկված խրամատի մի անկյունում, նայում էր այդ սարսափելի տեսարանին: Մի պահ խղճաց տղերքին, նրանց անվճռական, խեղճացած վիճակին: Աչքի առաջ եկավ մի քանի ամիս առաջ զոհված ամուսինը և ոտքի ցատկելով` գլխից վերև թափահարեց ավտոմատ հրացանն ու դուրս վազեց խրամատից.
– Ով չի վախենում, թող գա՛ իմ հետևից…
Կարծես մի հսկա դուրս եկավ գետնի տակից: Փոքրամարմին, աղջկական տեսքով բուժքույրը, ում բոլոր տղաները սիրահարված էին, ում աշխատում էին պաշտպանել ոչ միայն թուրքերից, այլև մեկը մյուսից, միանգամից անճանաչելի ու անհասկանալի հսկա էր դարձել: Կախարդական մի պահով վերափոխվել էր:
Առաջին պահին չէին կողմնորոշվում: Իսկ թուրքերն սկսել էին կրակել` նկատել էին բուժքրոջը:
– Ով չի վախենում, թող գա՛ իմ հետևից,- ձայնը դեռ թնդացնում էր սառցապատ խրամատի քարացած օդը: Ձայնը նույնպես ուրիշ էր, անծանոթ, հսկայի…
Ո՞ր տղամարդը կարող էր անտարբեր մնալ այդ կախարդական ձայնի հանդեպ: Տղամարդկային ամոթը ցնցեց բոլորին: Իսկ բուժքույրն առաջ էր վազում, թուրքի գնդակը կարող էր գտնել նրան:
Եվ թնդաց հուժկու ուռան: Կաշկանդող ցուրտը հեռացավ: Խրամատների սառույցներն սկսեցին հալվել: Տղաներն իրենք էլ չզգացին, թե ինչպես հասան թուրքերի խրամատին, դուրս վռնդեցին, գրավեցին բարձունքը: Անսպասելիությունից շփոթված թուրքերը, մեծ կորուստներ տալով, փախան, գլորվեցին բարձունքից ցած, դեպի ներքևի հարթավայրերը: Հաղթանակը կատարյալ էր: Աջ և ձախ թևերից նույնպես առաջ էին շարժվում:
Իսկապես, թուրքերը տաք հագուստի մի փոքրիկ պահեստ ունեին: Խրամատներում թափված դեռ տաք դիակների վրայով ցատկելով, հասնում էին այնտեղ, վերցնում զինվորական տաք բաճկոնները: Բոլորը մի պահ մոռացել էին բուժքրոջ մասին:
– Ո՞ւր է Անահիտը,- ժխորի միջից առանձնացավ հրամանատարի ձայնը:
Անսպասելի լռություն տիրեց: Բոլորը կանգ առան: Ամաչեցին, որ տաք հագուստի ձգտումը մոռացնել էր տվել իրենց սիրելի բուժքրոջը, ով ոչ միայն գթության քույր էր, այլև անվախ զինվոր, ով ոչ միայն մահվանից փրկում էր վիրավոր ընկերներին, այլև իրենց հավասար մասնակցում էր մարտական գործողություններին, իրենց հավասար վտանգում կյանքը:
Բոլորը մի պահ քարացան` գուցե զոհվե՞լ է: Գուցե խառնաշփոթի մեջ չե՞ն նկատել նրա զոհվելը: Մոռացել էին սառնամանիքը, վազեցին խրամատների երկարությամբ` թռչելով թուրքերի տաք դիակների, արյան լճակների վրայով:
Ինչ տեսան, չէին հավատում, թե դա կարող է իրականություն լինել: Բուժքույրը, ում ամուսնուն մի քանի ամիս առաջ սպանել էին թուրքերը, ով թշնամու հանդեպ վրեժով էր լցված, կռացած վիրավոր թուրք զինվորի վրա, վիրակապում էր նրա արնահոսող վերքը: Արհամարհելով մատներն անզգայացնող, սիրտը կծկող անտանելի ցուրտը` վիրակապում էր թուրք զինվորին: Տղերքը, կանգնած նրա կողքին, նայում էին, չգիտեին ինչպես վարվել: Մեկն ուսից իջեցրեց ավտոմատը: Կողքին կանգնածը, հասկանալով նրա մտադրությունը, բռնեց ձեռքը, սաստող հայացքով նայեց աչքերի մեջ:
– Թուրքի վերքն ա կապում..,- կմկմաց ավտոմատն ուսից իջեցրած զինվորը:
– Դա քու խելքի բանը չի,- ասաց կողքին կանգնածը,- ավտոմատդ էն կողմ քաշի:
Տղերքը հավաքվում էին: Վիրավոր թուրքը, տնքալով, խեղճացած հայացքով նայում էր գլխավերևում կանգնած, միմյանց հետ վիճող զինվորներին: Նա այդ պահին մտքի մեջ հայհոյում էր իր ընկերներին, որ իրեն թողնելով, սարսափահար փախան: Ապա սկսեց ժպտալ: Վերքից հոսող արյունից մթնող աչքերից արցունքի կաթիլները գլորվեցին այտերի վրայով:
Անահիտը կարծես չէր նկատել ընկերների մոտենալը` շարունակում էր վիրակապել վիրավոր թուրքին:
Սառնամանիքից կարմրատակած, փայտացող մատներով վիրակապում էր: Զինվորներից մեկը հագից հանեց քիչ առաջ թուրքերի խրամատից վերցրած տաք բաճկոնը, գցեց վիրավորի վրա կռացած Անահիտի ուսերին:
– Թուրքն էսպես չէր անի,- դժգոհ փնթփնթաց զինվորը, որն ուզում էր գնդակահարել վիրավոր թուրքին:
– Մենք թուրք չենք,- ասաց մյուս զինվորը, որը բռնել էր նրա ձեռքը, չէր թողել գնդակահարել:
Մինչ զինվորները վիճաբանում էին, Անահիտը վերջացրեց վիրակապելը և ռադիոկապով հայտնեց վիրավոր գերու մասին:
Թուրքը դեռ ժպտում էր: Արնաքամվելուց ու սրտին հասնող սառնամանիքից խամրող հայացքով նայում էր հեռացող բուժքրոջ հետևից ու ժպտում: Լուռ շնորհակալություն հայտնող ժպիտն աստիճանաբար մեռնում էր` կարծես պոկվում էր շուրթերից ու աչքերից, գնում բուժքրոջ հետևից: