Բանաստեղծը չի կարող չազդվել միջավայրից

Փետրվարի 2-ին ԻԻՀ հեղափոխության հաղթանակի տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում տեղի ունեցավ քննարկում «Իսլամական հեղափոխության ազդեցությունը ժամանակակից իրանական գրականության վրա» խորագրով և, Վարանդի թարգմանությամբ, Իրանի ժամանակակից պոեզիային նվիրված «Ակներ ակներև» գրքի շնորհանդես:
Բացման խոսքում Գրականության ինստիտուտի տնօրեն, բ.գ.դ. Վ. Դևրիկյանը, Իրանը համարելով ոչ միայն հնագույն քաղաքակրթություններից, այլև արդի աշխարհի բարոյականության դրոշակակիրներից մեկը, անդրադարձավ «Ակներ ակներև» ժողովածուին՝ նշելով, որ գրքում երևում է 19-րդ դարավերջից մինչև 21-րդ դարասկզբի բանաստեղծական մտածողության ավանդների զարգացման ընթացքը: «Թարգմանությունների միջոցով մենք տեսնում ենք, թե ինչն է բանաստեղծորեն մնայուն՝ թե՛ տաղաչափության, թե՛ բանաստեղծական մտածողության, թե՛ պատկերային համակարգի առումով»: Ապա արժևորելով բանաստեղծ Վարանդի ավանդը թարգմանական գործում, Վ. Դևրիկյանը հավաստեց, որ բանաստեղծությունները՝ որպես ինքնին թարգմանություն, որպես հայոց լեզվով ստեղծագործություն, բավականին գեղեցիկ են հնչում: «Գիրքը տեղեկություն է տալիս արդի իրանական գրականության ուղղությունների, բանաստեղծական ձևերի մասին»,- ամփոփեց նա:
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդական, Մշակույթի կենտրոնի ղեկավար Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին, փաստելով, որ ցանկացած հեղափոխություն իր հետ բերում է մեծ փոփոխություններ, նշեց, որ հեղափոխության ազդեցությունն ակնհայտ է Իրանի գրականության վրա: «Ցանկացած բանաստեղծություն բանաստեղծի հույզերի, ապրումների արդյունք է, և հեղափոխական միջավայրում գտնվող բանաստեղծը չէր կարող չազդվել այդ միջավայրից, և այդ ազդեցությունը չէր կարող արձագանք չգտնել նրա բանաստեղծության մեջ: Ուստի` իսլամական հեղափոխության ժամանակաշրջանում բանաստեղծություններում գերիշխում է իսլամական գաղափարախոսությունը և դրա ազդեցությունը»,- ասաց նա:
Աելիտա Դոլուխանյանը, ցավով նկատելով, որ Իրանի ազգային հանճարներին ուրիշ ժողովուրդներ վերագրում են իրենց, վստահեցրեց, որ Հայաստանը Իրանի շատ ջերմ բարեկամն է: «Այդ ջերմությունը մենք ստացել ենք մեր գրողներից: Հ. Թումանյանը հատուկ հոդված ունի, որտեղ կոչ է անում հայ ժողովրդին կարդալ պարսկական հանճարեղ բանաստեղծներին, որովհետև նրանք մարդկության հանճարներն են և դադարում են լինել միայն Իրանի հարստությունը»,- ասաց նա:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ վերջին տարիներին ՀԳՄ-ում հաճախակի են կազմակերպվում հանդիպումներ պարսիկ գրողների հետ, տեղի են ունենում նաև պարսկերենից թարգմանված գրքերի շնորհանդեսներ: Իրանում զուգահեռաբար հրատարակվում են հայ հեղինակների գրքեր: Մասնավորապես՝ Իրանի «Աֆրազ» հրատարակչությունը ժամանակակից 13 հայ բանաստեղծների գրքեր է հրատարակում, ընթացքի մեջ է ութերորդը: Նաև Հայաստանում են հրատարակվում ժամանակակից պարսիկ բանաստեղծների գրքեր, անթոլոգիաներ: «Երկու տարի առաջ, երբ «Շիրազի վարդեր» ժողովածուիս շնորհանդեսին մեկնել էի Իրան, Թեհրանի մշակութային կենտրոնի տնօրեն Ալիռեզա Ղազվեի հետ հանդիպման ժամանակ որոշեցինք Հայաստանում տպագրել ժամանակակից պարսից գրականության անթոլոգիա, իսկ իրենք հրատարակեն «Հայ գրողները Իրանի մասին» գիրք, որն այժմ ընթացքի մեջ է»,- տեղեկացրեց Էդ. Միլիտոնյանը:
Միջոցառման ընթացքում փորձ արվեց քննարկել Իրանի իսլամական հեղափոխության ազդեցությունը գրականության վրա, վերլուծել իսլամական գաղափարախոսությունը և արժեքները, ինչպես նաև ներկայացնել Իրանի գրականությունը հայ թարգմանչի միջոցով: Քննարկումներին մասնակցեցին բ.գ.թ. Զ. Նոռուզին, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս Գառնիկ Գևորգյանը, բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, բ.գ.թ. Լիլիթ Սաֆրաստյանը, բ.գ.թ. Լուիզա Գասպարյանը:
Միջոցառումը կազմակերպել էին ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը և ՀԳՄ-ն:

Շ. ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։