ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է թարգմանիչ, լրագրող
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
Իվան Բունին
Գիրքը
Կալատեղում, դեզի վրա պառկած, երկար կարդում էի, և հանկարծ ինձ համակեց զայրույթը: Դարձյա՛լ վաղ առավոտից կարդում եմ, դարձյա՛լ ձեռքիս գիրք կա: Եվ այսպես` ամեն օր, մանկությունից մինչև հիմա: Կյանքիս կեսն ապրեցի ինչ-որ գոյություն չունեցող աշխարհում, երբեք չեղած, հորինված մարդկանց մեջ, հուզվելով նրանց ճակատագրերի, նրանց ուրախությունների ու տխրությունների համար` ինչպես իմ սեփականների, մինչ գերեզման ինձ կապելով Աբրահամի ու Իսահակի, պելազգների ու էտրուսկների, Սոկրատի ու Հուլիոս Կեսարի, Համլետի ու Դանթեի, Գրետխենի ու Չացկու, Սոբակևիչի ու Օֆելյայի, Պեչորինի ու Նատաշա Ռոստովայի հետ: Եվ ինչպե՞ս հիմա գլուխ հանեմ իմ երկրային գոյության իրական և հորինովի ուղեկիցներից: Ինչպե՞ս բաժանեմ նրանց, ինչպե՞ս որոշեմ ինձ վրա նրանց ազդեցության աստիճանը:
Ես կարդում էի, ապրում ուրիշների հորինվածքներով, իսկ դաշտը, դաստակերտը, գյուղը, մուժիկները, ձիերը, ճանճերը, կրետները, թռչունները, ամպերը` ամենը ապրում էին իրենց սեփական, իսկական կյանքով: Եվ ահա ես հանկարծակի զգացի այդ և արթնացա գրքային կախարդանքից, գիրքը շպրտեցի ծղոտի մեջ և զարմանքով ու ուրախությամբ, ինչ-որ նոր հայացքով նայում եմ շուրջս, հստակորեն տեսնում, լսում, հոտ առնում, գլխավորը` զգում եմ արտասովոր պարզ և միևնույն ժամանակ արտասովոր բարդ ինչ-որ մի բան` այն խորը, հրաշալին, անարտահայտելին, որ կա կյանքում ու հենց իմ մեջ, և որի մասին երբեք հարկ եղածին պես չեն գրում գրքերում:
Քանի դեռ կարդում էի, բնության մեջ թաքուն փոփոխություններ էին տեղի ունենում: Արևոտ օր էր, տոնական, հիմա ամեն ինչ խամրել է, լռել: Երկնքում քիչ-քիչ հավաքվեցին ամպերն ու ամպիկները` որոշ տեղերում, հատկապես դեպի հարավ` լուսավոր, գեղեցիկ, իսկ դեպի արևմուտք` գյուղի ետևում, խաղողի որթերից այն կողմ` անձրևային, կապտավուն, տաղտկալի: Տաք, փափուկ տարածվել է հեռու դաշտային անձրևի հոտը: Այգում մի պիրոլ է երգում:
Կալի ու այգու միջև անցնող մանուշակագույն չոր ճանապարհով մի մուժիկ է վերադառնում գերեզմանատնից: Ուսին ունի սպիտակ երկաթե բահ` վրան կպած սևահողով: Դեմքն երիտասարդացած է, պարզ: Գլխարկը ետ է քշած քրտնած ճակատից:
– Փոքրիկ աղջկաս վրա հասմիկի թուփ տնկեցի,- առույգ ասում է նա:- Հարգանքներս: Հա կարդո՞ւմ եք, հա գրքե՞ր եք հորինում:
Նա երջանիկ է: Ինչո՞վ: Միայն նրանով, որ ապրում է, այսինքն` իրագործում է ամենաանըմբռնելին այս աշխարհում:
Այգում պիրոլն է երգում: Մնացյալ ամեն ինչը լռել է, սսկվել, նույնիսկ աքլորների ձայնը չի լսվում: Միայն այդ թռչունն է երգում. առանց շտապելու խաղացկուն դայլայլում է: Ինչի՞, ո՞ւմ համար: Իր համա՞ր, արդյոք, այն կյանքի համա՞ր, որով հարյուր տարի ապրում է այգին, դաստակերտը: Իսկ գուցե այդ դաստակե՞րտն է ապրում նրա ֆլեյտային երգեցողության համար:
«Փոքրիկ աղջկաս վրա հասմիկի թուփ տնկեցի»: Իսկ աղջնակը մի՞թե գիտի այդ մասին: Մուժիկին թվում է, թե գիտի, և նա գուցե ճիշտ է: Մուժիկը մինչև երեկո կմոռանա այդ թփի մասին, իսկ ո՞ւմ համար է այն ծաղկելու: Բայց, ախր, ծաղկելու է, և թվալու է, թե ոչ անիմաստ, այլ ինչ-որ մեկի համար և ինչ-որ բանի համար:
«Հա կարդում եք, հա գրքեր եք հորինում»: Իսկ ինչի՞ համար է պետք հորինել: Ինչի՞ համար են հերոսուհիներն ու հերոսները: Ինչի՞ համար են վեպը, վիպակը` հանգույցով ու հանգուցալուծմամբ: Ոչ բավականաչափ գրքային երևալու, փառաբանվածներին ոչ բավականաչափ նման թվալու հավերժական վախը: Եվ մշտական տառապանքը. հավերժ լռել, չխոսել հենց այն բանի մասին, ինչն իրապես քոնն է և միակ իսկականը, որն առավելագույնս օրինական ձևով պահանջում է արտահայտվածություն, այսինքն` հետք, մարմնավորում և պահպանվածություն թեկուզ բառի՛ մեջ:
20 օգոստոսի, 1924
Ռուսերենից
թարգմանությունը`
Հովհաննես ԱՅՎԱԶՅԱՆԻ