Օքրո ՕՔՐՈՅԱՆ – 80

ԼՈԿ ՀՈՒՅՍՆ Է ԱՅՍՕՐ ՀԵԾՈՒՄ ԴԱՎԻ ԴԵՄ
Գիտե՞ս, թե այսօր ով է լռելյայն հեծում դավի դեմ, հայ իմ,
Հայ իմ կարկամել ես ոխ ու քենից,
տիրական ես ու ձիգ, վերքեր ունես հին:

Հայ իմ, արյուն-արցունք են հեղել մահի դեմ սարսուռ,
Գալիք օրհասի ճամփին` տենդ ու շփոթ…
չես դիմել Աստծուն…

Եվ չես ունեցել ուղենիշ ու ելք,
գնացել հասել տարբեր տիրույթներ,
Գանգեր կոտրված, տներ ավերակ,
սերդ` անհասցե, կարոտդ` անտեր:

Եվ մի օր մղումով անդող, ջերմ ու սրտաբաց`
աղոթիր Աստծուն,
Որ քո խռովյալ հոգին մի անդորր առնի, խնդրի միացում…

Քո արևելքի և արևմուտքի,
քո Գարդմանքի և Բարձր Հայքի,
Հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու, հանուն Աստծո փառքի:

Սրտիդ մեջ` կրակ, աչքերիդ մեջ` երազ,
հորովելի երգով օրհներգիր,
Սեր, սփոփանք, մխիթարություն,
Մարմինը` հաց և Արյունը որպես գինի ըմպիր:

ՄԻԱԿ ՄԱՔՈՒՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱՐԴՈՒ ԽԻՂՃՆ Է
Ես դժգոհ չեմ կյանքից, արևից, ծառ ու խոտերից, ջրերից,
Աշխարհի գույներից, հուշերից,
խորհուրդներից, լռությունից,

Օրվա պրկումներից, ոչ էլ ճիչերից`
հանուն ճշմարտության,
Չեմ սիրում ժամանակը, երբ լոկ
խոսքերով են զարդարում այն:

Սակայն արի ու տես, զոհաբերելով ժամանակը ոսկի`
Աստծուն, մինչև ատյանը վերին…
զոհեցին խաբկանքներ խոսքի,

Եվ հետո զգալով իրենց փոքրիկ զորությունը չնչին`
Օրվա, անգամ գիշերվա պահերին…
սուտն են բրդում վերջին:

Կան այսօր, ապրում են մեր մեջ ու
ստի պատյանը չեն լքում,
Չեն քրքրում սուտը ժամանակի
և դեռ նոր գույներով ներկում,

Իրենց ստով քեզ մի կողմ են նետում, նման անպետք իրի,
Ու կարծես ուրիշ տեղից եկածի…
ստեր հորինում նոր օրերի…

Ստե՛ր, ձեզ համար չկա մեղքերի ներում… լուռ հոլովելով,
Արևի արծաթ շշունջներից… ձորը թափվեք օրորվելով:

Մեղք է, նոր օրերում ժառանգվեք կրկին սև անիրավից,
Նորից ՈՐԴՈՒՆ խաչեն մարդիկ ու
զրկեն Սիրո Մեծ Հավատից:

Ստով չես գտնի կորած մանկանը, ոչ էլ ազգ ու բարեկամ,
Եվ մտքերով մերվել հողին-քարին-լույսին
ու մութին անգամ:
ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԵՎԻ ՇԵՓՈՐ Է
ԱՂԱՎՆՈՒ ՃԵՐՄԱԿ ԹԵՎԵՐԻՆ
Եկ, եղբա՛յր, աշխարհ գանք` հավատի հիմնը ոգելով,
Արևի հետ ծառ ու խոտին ձոնվենք լուռ տոկալով,

Արևի հետ ջրերի ետևից վազենք խենթ ու խելառ,
Կարկուտ ամպեր կիսենք, բերենք անձրև արտերի համար:

Եվ ամենուր, ուր կա ժպիտ ու լաց, աչիկներ, աչիկներ թաց,
Շոյենք-սիրենք ու գուրգուրենք նրանց ի սեր Աստված,

Ու հետո արևի հետ արև շիկնած,
բորբոքենք տաք մի բարություն,
Արևի նման թեթև ու նուրբ, իջնենք որպես լռություն:

Ու ժամն է, սիրենք իրար, նայենք մեղմորեն-անհագ,
Ինչո՞ւ տանջվելով անվերջ, հավիտյան ապրենք մենակ,

Չէ՞ որ արևն է ճեղքել մութը, լույսը, կյանքի կոչել մեզ,
Ինչո՞ւ արևի պես, արևի հետ իրար հետ չլինենք` հլու-հեզ:

Արի, եղբայր, աշխարհ գանք` իբրև աստվածացոլք ձոներ,
Հողմային հառաչով ու ճիչով շրջենք լեռներ ու ձորեր…

Բարությունը համարելով մեր մեղքի վկան…
երկնային ցողով,
Իջնենք ծալքերը քնած հողի… ծնվենք երկունքի դողով…

ՏԵ՛Ր ԻՄ, ՆԵՐԻ՛Ր…
Տե՛ր իմ, ների՛ր, հավատո հանգանակս
ասերգում եմ հոտնկայս,
Եվ անձ` սիրով լցվել Հոր էությունից,
օրհնում եմ աշխարհն այս,

Տե՛ր իմ, Դու իմ Օծյալ, Այր իմաստուն-հեզ,
մեռոնն ես իմ աղոթքի,
Եվ իբրև ՍԵՐ, հոգևոր ներքին ապրում`
ինձ մղում ես սխրանք-թռիչքի…

Տե՛ր իմ, Քո աջը թող հովանի լինի
գիշեր-ցերեկ ինձ` բազմամեղիս,
Գլխիս կրած վեղար, հավատով-մկրտությամբ
շնորհվեմ խաչիս,

Այլ է ատյանը իմ խորհրդի, ՍԵՐ-վկայությունը խորանի,
Դու մեծագույն բարեխոսություն,
տո՛ւր իմաստությամբ հաց ու գինի:

Տե՛ր իմ, տո՛ւր մեղքերիս զղջում,
կյանքի փրկություն, խոսեմ Քեզ հետ,
Քո ժառանգորդը դառնալով, արարվեմ ծեգիդ,
սկիզբ-վերջդ ապրեմ վետ.

Չէ՞ որ փառքիս լույսն ես, ես` Քո կերպը,
միտք-շնորքը, պատարագով,
Քանզի լույս է բարձունքը…
Թող այս օրերին խոսենք Քո Որդով:

Քո Որդով խոսենք քար-սարերի, մեր ջրերի, կալերի հետ,
Քո Որդով խոսենք մեր
գործած-չգործած մեղք ու մեղկերի հետ,

Տե՛ր իմ, չեմ կարող սիրել նրանց,
ովքեր ասում են, թե Աստված չկա,
Անզգամ, անբարիշտ է, անհավատ`
գուցե մի օր դարձի գա:

Ես հավատում եմ լուսատուները շարժող
Աստծո գործերին, Աստծուն,
Երկնավոր Հորը և Արարչին`
իմաստուններն են տվել վկայություն,

Չեմ սիրում նրանց, ովքեր ներհակ
կերպով ապականում են մեկը մյուսին,
Եվ իրենց մտքի բնական քննությամբ
տուրք չեն տալիս Քրստոսին,

Տե՛ր իմ, ների՛ր, հավատո
հանագանակս ասերգում եմ հոտնկայս,
Եվ անձ` սիրով լցվել Հոր էությունից,
աղոթում եմ աշխարհին այս:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։