Ն. Կ.***- ԻՆ
Հրաշք վայրկյանը չեմ մոռանալու`
Պահը երջանիկ քո լուռ հայտնության,
Անցար դու որպես խուսափուկ ուրու,
Անարատ ոգի սուրբ գեղեցկության:
Անհույս տանջանքի տվայտանքներում,
Տագնապի ունայն աղմուկների մեջ
Ականջիս ձայնդ էր քնքշալուր հնչում,
Անուշ դեմքդ էի երազում անվերջ:
Անցան տարիներ, հողմակոծ կորան
Անդարձ օրերիս ցնորքները հին,
Քնքշալուր ձայնդ տվի մոռացման,
Եվ աղոտացավ դեմքդ երկնային:
Վտարանդության խուլ խավարի մեջ
Օրերն իմ դանդաղ ձգվում էին ցուրտ,
Չկար ինձ համար աստված, կյանքի տենչ,
Ներշնչանք ու սեր, բերկրանք ու արցունք:
Արթնացավ հոգիս քնից վաղանցուկ
Երջանիկ պահին քո լուռ հայտնության,
Անցար դու որպես տեսիլ խուսափուկ,
Անարատ ոգի սուրբ գեղեցկության:
Սրտիս արթնացած տրոփյունի մեջ
Նորից գտա ես ինքնամոռացում,
Հարյան ինձ համար աստված, կյանքի տենչ,
Ներշնչանք ու սեր, բերկրանք ու արցունք:
***
Սիրտս, թվում էր, թե մոռացել է
Ունակությունը ջերմ տառապելու,
Ես ասում էի` ինչ որ եղել է,
Էլ չի լինելու, էլ չի լինելու:
Անցել են բերկրանքն ու տրտմությունը,
Երազանքներս դյուրահավատ,
Բայց նրանք նորից, տես, արթնանում են
Գեղեցկի հզոր ուժի առաջ:
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
Երբ մարդկանց համար մարում է
օրվա աղմուկը վերջին,
Եվ քաղաքի լուռ փողոցներն ի վար
Գիշերն է իջնում` իր
անթափանցիկ քողի ծածկույթով,
Եվ քունն է տիրում` օրվա հոգսերի
պարգևը միակ,
Այնժամ ինձ համար խոր
լռության մեջ հոսում են անվերջ
Անքնության ձիգ, տանջալից ժամեր,
Գիշերային լուռ միայնության մեջ
սիրտս են խոցոտում
Օձի խայթի պես խղճիս խայթերը:
Անձկությամբ ճնշված
գիտակցությանս ու ցնորքներիս մեջ
Խռնվում են ծանր, թախծալից խոհեր,
Հիշողությունս աչքերիս առաջ բացում է երկար,
Գալարափաթեթ իր օրագիրը:
Եվ զարհուրանքով կարդալով կյանքիս
պատմությունը ողջ`
Սարսռում եմ ես ու անեծք կարդում,
Դառն արցունքներով ցողում եմ
սրտիս գանգատները դառն,
Բայց տխուր տողերն այդ բնավ չեմ ջնջում:
ՏԻՐԱՄԱՅՐ
Սոնետ
Չէի ուզի ես զարդարել պատերն իմ տան
Հին ու հմուտ վարպետների կտավներով,
Որ երկյուղած այցելուները զարմանան`
Գիտակների խիստ խոսքերին ունկնդրելով,
Այլ սենյակիս պարզ անկյունից կուզեի հար
Երկարատև լուռ ժամերին աշխատանքիս
Լոկ մի պատկեր հսկեր վրաս, ասես երկնից`
Աստվածամոր ու մեր փրկչի դեմքը տիպար:
Լոկ մի պատկեր. մայրը` վսեմ, որդին` խոհուն
Նայեին հեզ ու փառքի վառ ճաճանչներում
Արմավենու տակ Սիոնի` մենակ կանգնած:
Մարմին առավ երազանքն իմ ու ինձ Աստված
Քե՛զ առաքեց, իմ տիրամայր, իմ սրբություն,
Քե՛զ` անարատ գրավչության մաքուր կերտվածք:
ՊՈԵՏԸ
Քանի չի կոչել սրբազան զոհի
Ապոլոնը մեծ ազատ պոետին,
Մանրուքների մեջ ունայն աշխարհի
Ընկղմված է նա` տրված հոգսերին,
Սուրբ քնարը իր լռում է անվերջ,
Սառը քնի մեջ նիրհում է հոգին,
Ու երկրի չնչին զավակների մեջ
Գուցե թե նա է ամենից չնչին:
Բայց երբ հասնում է Բանն աստվածային
Նրա զգայուն ու սուր ականջին,
Թևաբախումով արթնացած արծվի
Ցնցվում է հանկարծ պոետի հոգին:
Մարդկանց կարծիքը օտար է նրան,
Զվարճանքներից փախչում է հեռու,
Ցած չի խոնարհում գլուխը հպարտ
Ամբոխի սիրած կուռքերին հլու:
Վայրի ու խոժոռ թափառում է նա`
Հնչյուններով ու հուզումներով լի
Անմարդ ափերին ծովի անսահման,
Սաղարթաշրշյուն խորքում անտառի:
ՊՈԵՏԻՆ
Սոնետ
Պոե՜տ, թանկ մի՜ համարիր ժողովրդի սերը վառ,
Հիացական գովքերի րոպեն կանցնի շուտափույթ,
Կլսես դատն անգետի և ամբոխի ծաղրը դառն,
Բայց դու մնա ամրասիրտ, անվրդով ու անհամբույր:
Արքա՜ ես դու, միայնա՜կ: Գնա՜ ազատ ուղիով
Այնտեղ, ուր միտքդ է տանում,
ազատ ճախրը խոհերիդ`
Որպես պարգև չուզելով գինը ազնիվ սխրանքիդ,
Արգասիքով խոկումիդ կատարյալին ձգտելով:
Պարգևը դո՜ւ ես տալու, դո՜ւ ես դատում ինքդ քեզ,
Քո տքնանքի գինը դու ամենից խիստ կդնես:
Գոհացնո՞ւմ է գործդ քեզ, խստապահանջ քերթողիդ,
Գո՞հ ես արդյոք դրանից. ուրեմն թո՜ղ փնովվի,
Թող որ ամբոխը անգետ ատրուշանիդ վառ թքի
Ու համբակի եռանդով եռոտանիդ տատանի:
ԿԱԶԲԵԿԻ ՄԵՆԱՍՏԱՆԸ
Լեռների հզոր գերդաստանից վեր,
Կազբե՜կ, քո պայծառ գագաթն է շողում
Արքայական ճոխ վրանի նման:
Ամպերից վերև քո մենաստանը
Աղոտ ցոլում է սարերի վրա,
Ասես երկնքում լողացող տապան:
Եզերք հեռավո՜ր ու երանավետ…
Հրաժեշտ տայի կիրճերին այս մութ,
Ելնեի ազատ գագաթներն ի վեր,
Այնտեղ` ամպամերձ այն մենարանում
Աստծուն մոտիկ թաքչեի հավետ…
***
Ժամն է, ժամն է, սիրելի՛ս, սիրտս անդորր է տենչում,
Սահում են օրերն արագ, և անցնող ամեն վայրկյան
Տանում է կյանքի հյուլեն, իսկ դեռ երկար ես ու դու
Մտադիր ենք ապրելու, բայց մեկ էլ տես` էլ չկանք…
Բախտ չկա այս աշխարհում. անդորր ու ազատություն`
Ա՜յս է բաղձանքն իմ հոգու` երանավետ հանգրվան.
Ու ես` ստրուկ պարտասուն,
վաղուց փախուստ եմ տենչում
Դեպ գործի ու վայելքի հեռավոր մի մենարան…
Թարգմանությունը`
Լիանա ՀՈՎՍԵՓՅԱՆԻ