Հենրիկ Բախչինյան

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է թարգմանիչ, գրականագետ Հենրիկ Բախչինյանին ծննդյան 75-ամյակի առթիվ

«Գրական թերթը» միանում է  շնորհավորանքին

 

Թարգմանությունը՝ Հենրիկ Բախչինյանի

ՊՈԼ ՎԱԼԵՐԻ

ՄՏԵՐԻՄ ԱՆՏԱՌ
Մտքերով էինք տարվել անարատ՝
Ուս ուսի տված, երկայնքով ճամփի,
Քո ձեռքի ափը՝ իմ ձեռքի ափին,
Առանց խոսքերի… ծաղկանց մեջ անհայտ.

Քայլում էինք մենք որպես ամուսին,
Մարգերից կանաչ գիշերում, մենակ,
Կիսում դյութական միրգը քաղցրորակ
Խելագարների բարեկամ լուսնի:

Հետո մենք մեռանք մամուռի վրա,
Շա՜տ հեռվում, մենակ, մեղմ ու թըրթըռան
Այս թավ անտառի խոնավ ստվերում.

Եվ բարձր ու անծիր լույսի մեջ կրկին
Մենք արտասվելով գտանք իրարու,
Օ՜ դու, լռության ընկե՜ր իմ անգին:

ՍԻԼՖԸ
Անծանոթ, անտես,
Զեփյուռի բերած,
Ապրող ու մեռած
Մի բուրմունք եմ ես:

Անծանոթ, անտես,
Հանճա՞ր թե դիպված.
Եղավ ողջակեզ՝
Նոր աշխարհ եկած:

Անգիր, անպատո՞ւմ
Պատրական խոստում
Մտքին սրաթև:

Անտես, անգիտակ,
Օ,՜ մերկ ժամանակ
Զույգ շապկի միջև:

ՔԱՅԼԵՐԸ

Քայլերը քո՝ իմ լռության
Մեղմ ու մաքուր երեխաներ,
Իմ մահիճն են անքնության
Գալիս դանդաղ, համր ու երեր:

Աստծո ստվեր, անբիծ էա՜կ,
Ի՜նչ անուշ են քայլերդ զուսպ,
Իմ պարգևները բովանդակ
Բերում են մերկ ոտքերդ սուրբ:

Եթե բացես շուրթերդ կեզ՝
Պատրաստելու ճաշն համբույրի,
Որ կերակրես ու հագեցնես
Բնակիչին իմ խոհերի,

Օ՜, ձգի՛ր պահն այդ գերագույն՝
Լինել էակ, լինել անգո,
Քանզի քեզ եմ սպասել կյանքում,
Եվ իմ սիրտը քայլերն են քո:

ԿՈՐԱԾ ԳԻՆԻՆ
Օվկիանի մեջ հեղել եմ ես
(Չեմ հիշում, թե ո՛ր երկնի տակ),
Անէության ընծա որպես,
Մի պուտ գինի անուշ ու թանկ…

Ո՞վ ուզեց, որ զոհեմ գինին.
Անսացի ես կախարդուհո՞ւն,
Թե՞ միգուցե՝ սրտիս ձայնին,
Որ ուզում էր տեսնել արյուն:

Ծխից հետո մի վարդագույն
Ծովը նորից դաձավ մաքուր՝
Հստակությանը միշտ սովոր…

Կորավ գինին, ջուրն է արբած…
Կերպարանքներ են խորախոր
Ցատկում օդի մեջ դառնամած…

ԺԱՆ ԿՈԿՏՈ

ՄՈՆՏԵ-ԿԱՌԼՈՅԻ ՏԻԿԻՆԸ

Երբ դու մեռած ես մեռյալների մեջ,
Երբ քարշ ես գալիս ողջերի կողքին,
Երբ որ ամեն ինչ դուրս է քշում քեզ
Եվ դուռը փակում քամու պես ուժգին,
Երբ դու ջահել ու սիրված չես արդեն,
Երբ դուռը ամուր փակվել է քո դեմ,
Քեզ մնում է լոկ հանգչել ջրի տակ
Եվ կամ էլ գնել մի ատրճանակ:
Այո՛, պարոնա՜յք, այդ է մնում լոկ
Մորթապաշտ մարդուն ու ստահակին,
Բայց այդ քայլն իրոք
Թե՛ սարսափով է լցնում քո հոգին,
Թե՛ վախենում ես երակդ բացել,
Կարող ես միշտ էլ քո բախտը փորձել
Եվ Մոնտե-Կառլո մեկնել ուղղակի:

Մոնտե-Կա՜ռլո, Մոնտե-Կա՜ռլո,
Անցկացրեցի օրըս անքուն.
Եվ ննջել եմ ուզում ես, օ՜,
Միջերկրական ծովի խորքում:

Երբ որ ծախեցիր քո հոգին հավետ
Եվ զարդեղենդ դրեցիր գրավ,
Որը էլ երբեք չես ստանալու ետ՝
Ռուլետը փոքրիկ խաղալիք է լավ:
Ի՜նչ լավ է ասել, թե՝ «Խաղում եմ ես»,
Դրանից դեմքդ դառնում է հրկեզ,
Շողարձակում են հուր աչքերը քո
Սգո գեղեցիկ քողերի ներքո,
Կրում ես սիրուն անունը՝ այրի,
Որ համակում է հոգիդ պարծանքով,
Եվ խենթ, ու պատրաստ, նոր ուժով վայրի,
Խաղատանը քո քարտն ես վերցընում:
Տեսե՛ք փետուրներն ու քողերը իմ,
Ինձ Մոնտե-Կառլո բերած աստղերի
Ապակին, նայե՛ք, ո՜նց է ցոլցըլում:

Բախտը կին է, որ նախանձում է շատ
Այս այրիներին՝ վեհաշուք ու վես,
Նա, անտարակույս, կարծում է հաստատ,
Թե գնդապետի կողակիցն եմ ես:
Իմ տասներկուսն է շահում անընդհատ,
Եվ կոճակները բացվում են հատ-հատ,
Մազերն են թափվում մեր մորթիների:
Ի՜նչ լավ է կրկնել՝ «Ուզում եմ էլի»:
Բայց երբ բախտը քեզ լքում է, մերժում,
Երբ սկսում է սիրտդ մաղձոտել,
Չես կարող անել էլ ոչ մի շարժում,
Մի մանրադրամ սեղանին նետել,
Եթե բախտը քեզ թողնելով մոլոր՝
Քարտերն է փոխում, թվերը բոլոր
Մոնտե-Կառլոյի սեղանի վրա:

Խոզե՜ր, անտաշնե՜ր, օ՜ անիրավներ.
Ինձ վռնդեցին, քշեցին նրանք,
Ինձ մեղադրեցին, չուզեցին ներել,
Իբր չար բախտ եմ խաղատուն բերել.
Խաղատունն իրենց կեղտոտ, լղոզված,
Ինձ, որ կարող եմ խաբել անկասկած
Անգամ Իշխանին և իշխանուհուն,
Վեսթմինսթրի դքսին…

Քո գործը արդեն ավարտված է, իմ
Հայտնագործությո՜ւն:
Էլ չեմ ունենա սեղաններ կանաչ՝
Մոնտե-Կառլոյի համար ստեղծված:
Ու հիմա ես, որ
Անդարձ կորցըրի մի քանի կիլո,
Օ՜ Մոնտե-Կառլե կամ Մոնտե-Կա՜ռլո,
Ես դարձել եմ իմ ստվերը այսօր.
Խաղավարները, որոնք կարող են մատներիդ զարկել,
Երբ որ ուզում ես խարդախել մի քիչ,
Եվ բնակվարձը, որ պետք է փակել,
Եվ նույն շապիկը, որը տագնապի սառը քրտինքից
Թրջվում է անվերջ,
Էլ չեն գտնի ինձ. հիմար չեմ ես էլ
Եվ կփրկեմ իմ գլուխն այս գիշեր
Մոնտե-Կառլոյի խորունկ ծովի մեջ:

 

ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆՅԱՆ ՄԻՋՆԱԴԱՐԱԳԵՏԸ

Վանո ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հենրիկ Բախչինյան միջնադարագետի՝ աշխատասեր ու տաղանդավոր գիտնականի ապրած կյանքը և կատարած գործը իսկական հայրենասիրության դաս է: Իմանալ սեփական ժողովրդի պատմությունը և գրականությունը, իմաստավորել այն բազմաթիվ գրքերում, հոդվածներում, դասագրքերում, որոնցով կրթվելու են բազմաթիվ սերունդներ. ահա՛ այն առաջադիր նպատակը, որն իր ամենօրյա գործով ի կատար է ածում գիտության անխոնջ մշակը, ճշմարիտ մտավորականը և հայը:

Հենրիկ Բախչինյան միջնադարագետի գիտական հետաքրքրությունների շրջանակը ձգվում է Գողթան երգերից մինչև Սայաթ-Նովա, սակայն առանցքային են եղել Հովհաննես Դրասխանակերտցին, Գրիգոր Նարեկացին, Ֆրիկը, Հովհաննես և Կոստանդին Երզնկացիները, Գրիգորիս Աղթամարցին, Պաղտասար Դպիրը և հատկապես Սայաթ-Նովան: Միջնադարագետ գիտնականը համակողմանի քննության է ենթարկել նաև հայ միջնադարյան ձեռագրերի հիշատակարանները, բնութագրել հիշատակարանի ժանրային առանձնահատկությունները, կազմել և հրատարակել է նաև հայ հոգևոր երգերի մատենաշարը՝ առանձին ուսումնասիրություն նվիրելով շարականի գրապատմական ուղուն:

Հ. Բախչինյանի «Սայաթ-Նովա» մենագրությունն իսկապես նոր խոսք էր սայաթնովագիտության մեջ, մասնավորապես խաղերի արվեստի և տաղաչափության հարցերի քննությունը, որն այսօր էլ մնում է եզակի իր տեսակի մեջ: Հ. Բախչինյանը կազմել, առաջաբանով, ծանոթագրություններով, բառարանով հանդերձ 1984 թ. հրատարակել է Սայաթ-Նովայի հայերեն խաղերի ժողովածուն, ապա 1987 թ. թուրքերեն և վրացերեն խաղերի տողացի թարգմանությամբ լույս ընծայել Սայաթ-Նովայի խաղերի լիակատար ժողովածուն, ավելի ուշ տպագրել է Դավթարի ուսումնասիրությունը, «Սայաթ-Նովայի կյանքը և գործը», «Սայաթ-Նովայի բանաստեղծական ժառանգությունը» գրքերը:

Ուշ միջնադարի մեկ այլ բանաստեղծի՝ Պաղտասար Դպիրի ժառանգությունը ևս համակողմանիորեն ուսումնասիրվել է Հ. Բախչինյանի կողմից: 1999-ին տպագրվեց Դպիրի տաղերի լիակատար ժողովածուն՝ ընդարձակ առաջաբանով և ծանոթագրություններով:

Հ. Բախչինյան միջնադարագետը հանդես է եկել ինչպես գրականության պատմության ուսումնասիրման սկզբունքով, այնպես էլ տեսական ընդհանրացմամբ. խոսքը «17-18-րդ դարերի հայ գրականությունը» և «15-րդ դարի գրականությունը» գրքերի մասին է, նաև «Հայ միջնադարյան բանաստեղծությունը» հինգհատորյակի. վերջինը հայոց հնագույն պոեզիայի տեսական ընդհանրացման փորձ է: Նա տպագրել է մեկ տասնյակից ավելի ուսումնասիրություններ, երկու տասնյակից ավելի բնագրեր, բազմաթիվ թարգմանություններ ֆրանսերենից և ռուսերենից, նրա խմբագրությամբ տպագրվել են շուրջ երեք տասնյակ գրքեր:

Հենրիկ Բախչինյանը մեր օրերի ամենաարդյունավոր միջնադարագետներից մեկն է՝ շնորհիվ համակ աշխատասիրության, բնատուր տաղանդի, գրականության հանդեպ մեծ սիրո:

 

Մեր մտավոր մշակույթի անխոնջ երախտավորը

Անի ՓԱՇԱՅԱՆ

Անշուշտ, դժվար է փոքր խոսքով ներկայացնել Հենրիկ Բախչինյան գրականագետի և մշակութաբանի ստեղծագործական կերպարը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նաև հրաշալի թարգմանիչ է: Շուրջ կես դար նա ստեղծել է արժեքավոր մենագրություններ, դասագրքեր, գիտական հոդվածներ՝ հարստացնելով մեր բազմադարյան մշակույթի պատմության էջերը:

Անհավատալի ջանասիրությամբ է հատկապես մոտեցել միջնադարյան աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովայի կենսագրությանը և գրական ժառանգությանը՝ դառնալով մեր լավագույն սայաթնովագետներից մեկը: Գիտական բացառիկ բարեխղճությամբ է նա վերաբերվել Սայաթ-Նովայի Խաղերի մեկնությանը, որը պահանջում է գրականագիտական նոր և նորագույն տեսությունների իմացություն, բացահայտել նոր և կարևոր նրբերանգներ մեծ սիրերգակի քնարերգության մեջ:

Տասնամյակների ընթացքում Հենրիկ Բախչինյանն ընթերցողի սեղանին է դրել լավագույն աշխատություններ՝ նվիրված Պաղտասար Դպիրին, Գրիգոր Նարեկացուն, Ֆրիկին, Կոստանդին Երզնկացուն, Գրիգորիս Աղթամարցուն, հարստացնելով այս շարքը այլ անուններով՝ ամբողջացնելով այս ամենը 5 հատորում՝ «Հայ միջնադարյան բանաստեղծությունը» ընդհանուր խորագրով: Գիտնականն իր հետազոտությունները կատարել է որոշակի սկզբունքներով, որտեղ արժևորված են թե՛ ժամանակը, և թե՛ ժամանակագրությունը: Նա տողացի թարգմանությամբ և մեկնաբանություններով է ներկայացրել Սայաթ-Նովայի ոչ միայն հայերեն, այլև վրացերեն և թուրքերեն Խաղերը, Նարեկացու Գանձարանի վերծանությունները՝ նույնպես բնագրերի քննությամբ: «Գրիգոր Նարեկացու Գանձարանը» գրքում, որը գիտնականը նվիրել է իր ընկերներին՝ վաստակաշատ նարեկացիագետներ Արշալույս Ղազինյանի և Պողոս Խաչատրյանի հիշատակին, առանձին գլուխ է հատկացրել Գանձարանի՝ որպես նորօրինակ հոգևոր քերթության, գաղափարական-գեղարվեստական արժեքի քննությանը: Միջնադարագիտությունն այն կարևոր հենքն է, որի վրա խարսխվում է մեր գրականության հետագա շրջանների ողջ բովանդակությունը:

Մեր հանդիպումներում հայտնաբերել եմ նաև Հենրիկ Բախչինյան մարդու լուսավոր կերպարը, նրա պարզ և բարեկիրթ վերաբերմունքը գրականագետների կրտսեր սերնդի հանդեպ:

Ծննդյան 75-ամյակի առթիվ շնորհավորում եմ հայ մտավոր մշակույթի նվիրյալին՝ քաջ առողջություն, նորանոր հաջողություններ իր ուսումնասիրություններում և հայտնագործումներում:

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.