Սամվել ԿՈՍՅԱՆ

Ներկայացված է ՀԳՄ և ՀՀ ՊՆ համատեղ ամենամյա մրցանակաբաշխությանը  

ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ
1.
Երկինքը կապույտ չէր` արնաազերագույն,
խաղաղությունը փշրված էր ապակու պես,
և խրամատներ էին
ծերունիների կնճիռները…

Երազի ետևից գնացողը
չէր կարողանում վերադառնալ իրականություն,
քամիները ծեր էին, խավարը՝ սարդոստայն…

Մարտադաշտ էր նրանցից
յուրաքանչյուրի սիրտը,
Ու իրենց սրտի միջով էլ գնացին
հավաքելու փշուրները խաղաղության …
2.
Նրանք լինելության կավը հունցեցին,
կավին ավելացնելով ֆիդայիների շունչը,
հայ մամիկների երգը,
մի քիչ հոգու խռովք,
մի քիչ հոգու լույս,
մի քիչ աստղափոշի
և ավելի շատ հավատ,
և ավելի շատ արժանապատվություն,
և ավելի շատ պատկերներ`
Ավարայրից ու Սարդարապատից,
և ավելի շատ կապույտ հեռուներ,
և այդ ամենը սիրո բարուրի մեջ,
երազելով
իրենց հաղթանակը
ավելի մոտեցնել նոր ծնվածներին,
կաղապար ընտրելով
ազատությունը…

Եվ ազատության մեջ էլ ձուլեցին
կյանքն ու հաղթանակը
որպես երկվորյակներ…
3.
Նրանք ովքեր ընկան,
Լեռները նրանց ասացին` դուք չեք ընկել,
Դուք չեք կարող ընկնել`
մենք ձեր ոտքերը կլինենք,
թռչուններն ասացին վերցրեք մեր թևերը
հաղթանակը թռիչքի մեջ է ծնվում,
և գետերն իրենց ընթացքը
նրանց երակների միջով շարունակեցին
նրանց արյան վրայից մաքրելով
մահվան հետքերը…

Եվ ապրողների հետ
Թշնամու դեմ էին նաև ընկածները…

***
Մահապարտները տխրության դաշտերից
տուն չեն գալիս,
Տխուր եմ, երեկ էլ էի տխուր…
Գուցե փողոց ելնեմ, իմ երկրի փողոցն է,
Փողոց-սաքսոֆոն,
Արմստրոնգի ճակատի պես սև,
Պարզապես հարբուխով հիվանդ երեքնուկ…
Սաքսոֆոնը շարունակում է նվագել,
Երեքնուկը ձայնակցում է –
երգ գուշակություն,
Մահապարտների աչքերի տակ են
Այս տարի ծիծեռնակներն իրենց բույնը դրել,
Ու ծիծեռնակների թևերով են
մահապարտների հոգիները
Տխրությանը փորձում թռչել սովորեցնել…
Սաքսոֆոնը իմպրովիզացիաների
լաբիրինթ է մտել,
Ինձ կանչիր` ես կգամ…
Բառի վրա է թափվում
Գիշերվա կոտրված ապակին…
Երազը մի՛ շրջիր,
Բաժանումը երազի ետևում է թաքնվել,
և այնտեղ է նաև մահվան գերանդին…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։