ԲԱՑԱՌԻԿՆԵՐԸ
Հրաշք կանչերը վերին ծիրերի
Քչերն են լսում՝ բացառիկները,
Նրանք են միայն ընդունում կանչը
Եվ չեն վախենում շրջադարձերից
Ոգու և տրված ճակատագրի։
Օրհնյալ կանչերից ահագնանում է,
Առկայծում նրանց ներսի աշխարհը,
Որտեղ երգում է ազատագրված
Սիրտը լուսապաշտ խենթ երգեհոնի,
Ազա՜տ ծիր ու ոչինչ, ոչի՜նչ մարմնեղեն,
Գերակայությո՜ւն մարդուց զորավոր,
Գերակայությո՜ւն աստվածայինի,
Բացառիկներ են նվիրյալները,
Բացառիկներն են ներում միմիայն՝
Քրիստոսի հանգույն…
Բնո՜ւյթը մարդու, որ Աստ է և Անդ
Եվ տրոհվում է անգամ ինքն իր մեջ
Ու անմատչելի ծիրերի ոգում,
Առանձնանում է իմաստավորմամբ,
Ընկալմամբ՝ Աստծուն վերապահվածով,
Ներդաշնակվելով
Օկտավաներին հզոր մելոսի,
Բանալիներ է անընդհատ
գտնում աշխարհակարգի
Ու պատվիրում է իր նմաններին
Երկնայինների անդորրը սիրել
Ու պաշտել ոգին անդրսահմանի…
Բացառիկնե՜րը – որպես ծաղիկներ
Մայր հողագնդի՝ ծածկագրված են
Ու գիտակցում են
Դարձապտույտի սրբազնությունը,
Որը տանում է կանխատեսված վայր՝
Աստվածայինին հաղորդակցվելու…
ԸՆԹԱՑՔ
Ի՛մ ցավ՝ քեզ գտա մորս արյան բավիղներում՝
Գրկեցի, օրորոցի, մտերմացա,
Որ մի՜ քիչ պակասի ցավս, բայց… զո՜ւր…
Ի՜մ Աստված՝ քեզ երկնքում գտա։
Դեռ փոքր էի՝ յոթ-ութ տարեկան,
Երբ առաջին անգամ լուսինը տեսա
Ոչ թե որպես հարթաքանդակ, այլ՝
Գնդաձև՝ ներթաքույց հպարտությամբ,
Ծանոթ ջրային բոլոր արքետիպերին։
Շնչիս մեջ երկնային հարթությունների
Բույրն զգացի, որից տաքացավ
Հոգուս ամենափխրուն սենյակը,
Ուրախացա, որ այնտեղ և երկնքում՝
Մե՜կը – նման է ինձ…
Իմ սե՜ր՝ կյանքի խաբեպատիր ճամփեքին
Մի տղա էր վազում՝ անտեղյակ անմաքուրին,
Սոֆոկլեսի ձախորդ Էդիպուսին,
Երկփեղկված կյանքի ներկայությանը։
Տարիներ անց նա գտավ իմ պատկերը՝
Դաջված իր ձախ կրծքին։
Մնացածը երկրային էր՝ դող և զգացում։
Զգացմունքն ու մտորում – հետևանքն էին անմահ։
Իմ հույս՝ հարասությունն է հույսս դարձյալ,
Ու հույսս դարձյալ՝ մարդը աստվածակերպ։
Իմ խոսք՝ քեզ գտա լռության դղյակում,
Գահավորակդ Գնդասարի թրծած կավը,
Ձեռքիդ գավաթում՝ նրա կրծքից հոսող ջուրը,
Ինձ սովորեցրիր թռչել ու աչքերով խոսել,
Հայացքս ուղղեցիր դեպի
Երկիր մոլորակի լանդշաֆտը,
Որին շոյեցի էությանս ծաղիկներով,
Ու նա դարձավ ամենաթանկը տիեզերքում…
Ի՛մ մահ, ի՜մ մտերիմ,
Մենք առանց բառ ենք իրար հասկանում՝
Մինչև տեսություն։
ԻՆՁ ՏԱՆՈՂ ՀՐԵՇՏԱԿԻՆ
Ինձ տանող հրեշտակը երկնում կանգ է առել՝
Տեսնելով այսքա՜ն լուսե տղերք
Վերև բարձրանալիս…
Իմ ծիրում չես, ո՛չ քնած ես, ո՛չ արթուն,
Օտար ես նույնիսկ քո ուղեծրին,
Քանզի քեզ ասել են, բայց ինձ չես տանում,
Դարձել ես տարածությունը գրավող
Դժվար ճակատագիր՝
Մեռնել չե՛ս թողնում, չե՜ս թողնում ապրեմ,
Այլ հրահրման քո ասպարեզից
Մղում ես դեպի գիրը՝ ի՜մ գիրը…
Ո՞ւմ պատգամախոսն ես.
– Ասա՛ վերջապես, կարեկի՛ց հրեշտակ,-
Ու թո՛ղ, որ մեռնեմ փափուկ թևերիդ
Օրորների տակ…
ԴԵՌ ԿԳՏՆԵՄ
Դեռ կգտնեմ սկուտեղը խղճի և պարտքի
Եվ բոլորին կբաժանեմ թասով իմ սրտի,
Արդեն հարթված գալարները հույսի վազքուղու
Կարտաբուրեն թաքուն ծնված սերերը հոգու։
Ծաղրելով թույլ ու գլխիկոր մեղքերը վարքի՝
Դեռ կգտնեմ սկուտեղը խղճի և պարտքի
Ու կցանեմ մարդ դառնալու ճամփեքին վայրի,
Որ ամպագույն վեհությունը էլ չթափառի,
Ակնածանքը ծնկի իջնի խորանում լույսի՝
Մաքրելով և լվանալով և՛ սիրտ, և՛ հոգի։
Դեռ կգտնեմ սկուտեղը խղճի և պարտքի
Եվ կերգեմ անանձնական ցավերը կյանքի։
Տաք թևերս պարզեմ, գրկեմ խենթ հոգիներին,
Քամեմ, խմեմ դառնությունը հորիզոնների,
Օտար ափերն ակոսելով թիերով խոսքի,
Դեռ կգտնեմ սկուտեղը խղճի և պարտքի։
Օ՜, ԴՈՒ ԻՄ ԽԵՆԹ…
Օ՜, դու իմ խենթ, հոգուս ընկեր,
մտացածին բարեկամ,
Չեմ ճանաչում ո՛չ քո ազգը, ո՜չ էլ՝ դեմքդ իրական,
Գալիս ես իմ երազներում,
որտեղ այգն է նորաբաց,
Անվրդով ու կարոտագին
ինձ գրկելով հանց մի վարդ։
Կերպավորմամբ թագուհի եմ՝
քո ստեղծած լուրջ բեմին,
Ինձանից է բխում լույսն ու
տարրալուծվում հույզերում,
Ներթափանցում կեցության մեջ,
դարձնելով այն արթնացում,
Հեռու ենք, բայց կայանում ենք՝
երկու ձուլված էություն։
Լարվածության շունչը հաճախ
հորձանուտ է մեզ քշում,
Գոյավորում ես անանուն, բարձրագնա ծավալում,
Ուր ընդերքն է ու նրանից
հմայք-ծառն է բարձրանում,
Պտուղներով տիեզերական
լցրած պարապը ճղճիմ։
Օ՜, դու իմ խենթ, հավատարիմ,
մտացածին բարեկամ,
Խիզախումներն ես քո շարում
կատարյալի սեղանին,
Կարևորը-չխեղդվել բուրմունքից կարմիր վարդի,
Թախիծները անձրևածին վերադարձնել կորստի։
Ու մեր սիրո անձանձրույթը
համբույրներ է արտածում,
Քո ընդվզման կռահումն է ամայությունը լցնում,
Իսկ երանին քողարկվածի-ի՜մ
նազանքով է շրջում,
Որսալով բառ սքանչացնող՝ և՛ հոգու, և՛ մարմնի…
ԿԱՆՉԸ ՔՈ ՎԱՐԴԻ…
Դո՜ւ ամենալավ ժամանակն ես իմ՝
Կյանքի երթուղում,
Առավոտ կանուխ արևն է ընծա
Շուրթերիս բերում,
Խենթ միջօրեին մեղվապարսերը
Մեղր են քամում,
Գիշերվա կեսին աստղն է քեզ դնում
Սիրուս դռանը,
Ու զրնգում է կանչը քո վարդի.
– Վե՜ր կաց, ո՜վ սիրուն, վեհ արքայորդի,
Բախտի ընտրյալ սերն է քո ծաղկել,
Ու երգ է ասում դուստրը անուրջի,
Բուրում են նրա շրթունքները ալ,
Բոցկլտում հրկեզ ու ոսկեբերան
Եվ համբույրներով օծում մարմինը
Քո անապական…
– Ո՞վ ես դու, անգի՛ն,- ասում ես նրան
Ու պատասխանում ինքդ քո հարցին,-
Դու ամենալա՜վ ժամանակն ես իմ՝
Հոգուս էջերին…
ԱՅՍ ԾԱՂԻԿԸ ՁԵԶ
Պարտադիր է դարձել լալով
ողջագուրվենք սգացող մորը,
Անարատ օրերն է՜լ մեզ համար չեն, մահն է ջրվորը,
Ջրտուք է անում լեռան լանջերին խոնարհումով ծես,
Աննկատ բացում երկնքի փեշը վերնառաք լույսով
Եվ ապսպրում ժամանակներին՝ այս ծաղիկը ձեզ…
Ո՜վ ասացողներ, իսկ ե՞րբ է գալու
Ժամանման պահը պսպղուն, որ մեղրահացը
Դնենք նրանց մոր ճերմակած
մազի ակնթարթներում
Ու խորհրդավոր օրորոց ճամփենք
խոստման օրորին,
Որ վայելչության երկնայինները փառքի համտեսում
Ճանաչեն իրենց հիշողությունը –
Երկրայինների զնգուն հանդեսում…
ԷԼԵԳԻԱ
Ի՞նչ գրեմ,- ասե՛ք,- ձեզանից թաքուն,
Որ միայն խղճիս սափորները լան,
Ես ձեր արևն եմ գրկել ու անքուն՝
Սպասել մինչև աստղերը գնան։
Սա՞ էր մեր կյանքը – սև զանգով արթուն,
Դժոխքն է մեր շուրջ կրակով մահվան,
Ինչո՞վ սփոփեմ քե՛զ, հիշողությո՜ւն,
Մինչև ինձ տանող հրեշտակները գան։
ՈՐՏԵ՞Ղ ԵՍ ԿԱՆԳ ԱՌԵԼ
Ինձ եկող սանդուղքները անուններ ունեն՝
Հավերժության կակաչ, Հրեշտակի թևիկ,
Բանաստեղծության դուռ, Հոժարակամ մոռացում։
Ժամացույցի սլաք, Ձյան ճերմակ արքա,
Աշնան գունազարդ վեպ, Լաստանավե կղզյակ,
Վերքոտ, անվերք ծառեր, Ծիծեռների քաղաք,
Լապտերների կանգառ, Հիշողության ժպիտ,
Արմատակալ քերթվածք, Երեխայի բուրմունք,
Արդարության կրակ, Ազատության սոխակ,
Սիրո հավերժ թռիչք, Պոեզիայի երկինք…
Որտե՞ղ ես կանգ առել, սե՜ր իմ,
ե՛կ մինչև Աչքերիս հարսանիքը։
Դու ինձ կորցրել ես հազար անգամ
ու հազար անգամ գտել,
որտե՞ղ ես կանգ առել, սե՜ր իմ,
ե՛կ մինչև Շուրթերիս գոհությունը,
որ չփշրվի Հայելու սիրտը,
և Առհավետը՝ ծիրան պարսերի։
Վերքերս ջուրը կլվա, երգեր կծնվեն նորից,
իմ մահին տեր կկանգնեմ
ու կասեմ՝ գնա՛, կգամ։
Լուսնեղջյուրը քանի՞ անգամ
պտտի սլաքներն իր բարի,
քանի՞ անգամ ցուցանի քեզ
դեմքն իր ամբողջ՝
նման ոսկե նկանակի…
Ինձ հազար անգամ գտել ես,
դե՜, հազա՛ր անգամ էլ գտի՜ր,
ե՛կ դեպի Անթառամի դաշտերը,
գաղտնի համբույրները ամռան,
Բացարձակ ծաղիկը մինչև,
մինչև Քարերը մահվան…