Արտակ ՎԱՐԴԱՆՅԱՆ / ՎԻՇԱՊԱՍԱՐ

(Նախիջևանյան ավանդազրույց)
Հեռու-հեռավոր ժամանակներում,
Երբ աշխարհավեր, ամենակործան
Ջրհեղեղն էր ողջ աշխարհը պատել,
Երբ Աստված իր խոլ, ահեղ զայրույթի
Հեղեղն էր թափում թշվառ մարդկության
Մեղսավոր գլխին,
Երբ Աստծու կամոք
Նոյ նահապետը հսկա տապանով
Լողում էր դեպի Լեռը փրկության,
Գիշերվա կեսին
Նոր դղրդյունով նավը համակվեց.
Տապանը ցնցվեց՝
Բախվելով ժայռոտ լեռնագագաթի:

Եվ Նահապետը՝ քնից արթնացած,
Սաստիկ վրդովվեց ու հույժ անիծեց
Լեռը չարագույժ,
Որ փրկվող կյանքի սերմերը կրող
Տապանն էր ջարդում.
«Անիծվե՛ս,– ասաց,– թող օձե՛ր սողան
Անջուր, անպտուղ քո լերկ ժայռերին»:
Եվ խիստ անեծքից լեռը երկփեղկվեց,
Դարձավ երախը բաց արած վիշապ…

… Անցել են բազում-բազում տարիներ,
Գողթան աշխարհի մով մատույցներում
Մի լեռ է կանգնած՝ հանց հսկա վիշապ,
Օձասարն է նա,
Որ Վիշապասար և Աժդանական
Անուններով է դարերով անցել.
Նրա լանջերին գարունն է փռում թավշագորգ կանաչ,
Իսկ լերկ գագաթի սուրսայր ժայռերին
Ամռանն օձեր են վխտում ու խայտում՝
Որպես հեռավոր Նոյան նզովքի
Վերհուշ-վկաներ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։