Վազգեն ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 

 

ՄԵՐ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԸ

 

(ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԵՐԵՔ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ)

1.

Վայրը՝ փողոց ու մայթ,

«Ֆոնը»՝ շենքեր, մեքենաներ.

Անցնում են «Այֆոններ», «Սմարթֆոններ»՝

համարձակ, անվախ, անգայթ…

Երթ չէ, շքերթ է:

Անցնում են վերից վար, վարից վեր,   մայթերով նեղ ու լայն,

Հատում են փողոցը անցումով

Եվ ոչ միայն։

Անցնում են՝ հանգստավետ թիկնած

Ափերի մեջ փափլիկ ու նուրբ

(Եվ ոչ միայն),

Ձեռքերի մեջ աղջիկների, կանանց՝

Իրենց տերերի,

Որ նայում են հմայված,

Ինչպես որս-նապաստակը օձի աչքերին…

Քայլում են վերացած…

Այֆոնում ժպտացող մտերիմն է՝

«Կյա՛նք, դու իմն ես…» հավաստումով։

Անցնում են սմարթֆոնները փողոցով՝

Երբեմն էլ կախ ընկած ձեռքերի

Ափերի մեջ՝ սեղմված,

Բայց

Գոհ են՝ իրենց մասն ունեն

(Լարերով թե անլար)

Տերերի ականջների փոսիկներում՝   տաք ու ապահով…

Եվ ո՛վ

Կարող է խանգարել հաճույքը լսելու՝

«Կյանք, ես էլ քեզ…»

Ո՞վ կարող է խանգարել.

Մեքենաների սուլո՞ցը,

Թե՞ վարորդների «կոմպլիմենտ» հիշոցը,

Քանզի փակականջ օրիորդները

Չեն լսում, բայց չգիտես ինչու, ժպտում են…

Քայլում են ու խոսում անտես մեկի հետ

Կամ վիճում՝ անզիջում…

Իսկ նրանց կողքով անցնող մարդիկ,

Որ «անգետ» են կամ միամիտ,

Զարմացած մտածում են, նայում առաջ ու ետ՝

«Էս ի՞նչ է, խոսում են իրենք իրենց հետ,

Քաղաքում էս ինչքա՜ն շատացել են խենթերը…

Թող փրկի նրանց Տերը…»

Հարգարժա՛ն միամիտներ, ուզո՞ւմ եք հասկանալ

«Կայֆն» ու գաղտնիքն այս ամենի

Եվ գաղտնիքներ այլ,

Համեցե՛ք «ՑԵՆՏՐ ՄՈԲԱՅԼ»։

 

2.

Հրա՛շք են, կախարդական

Մեր հեռախոսները…

Կլինեն ձեզ մտերիմ, փրկիչ ու օգնական։

Շարքը, ահա, աչքի առջև է ձեր,

Որ մեկի անունը տանք՝

Բազմանուն, բազմաձև, բազմերանգ,

Դրանք՝ ջինով լամպ, Դուք՝ նրանց տեր։

Ձեզ հետ կլինեն ամենուր, ուր էլ որ լինեք

(Ննջարան, փողոց, լսարան)՝

Ձեր ձեռքում այն պինդ պահեք։

Հրաշք է, ասենք մի բառ եք ուզում ճշգրտել,

Մի անուն հեռավոր անցյալից,

Ցուցամատի երկու հպում

Կամ թեկուզ բարձրաձայն պահանջ,

Եվ խնդրեմ՝ ահա՛ բառը ցանկալի…

Բայց թե դրանք ձեր ինչին են պետք,

Սիրո՛ւն աղջիկներ։

Մեր հեռախոսը ՍՄԱՐԹ (ԽԵԼԱՑԻ՛) ֆոն է,

Բազմաշնո՜րհ, որ

Ե՛վ հայելի է,

Ե՛վ ֆոտոսարք,

Ե՛վ հեռուստացույց,

Ե՛վ հուշարար,

Ե՛վ բամբասարան…

Չմոռանանք՝ նաև օնլայն դրամապանակ…

Այո՛, հայելի է ավելի քան՝

Կարող է խոշորացնել ձեր հոնքերի

Ամենափոքրիկ մազն անգամ

Եվ ավազահատիկը ձեր դիմափոշու։

Օրիորդնե՛ր հեզանազ,

Հեռախոսը միշտ պահեք ափի մեջ,

Նայեք ու հարդարեք դեմք ու մազ։

Նաև ֆոտոսարք է, որ նկարում է

Ետ ու առաջ, ձախ ու աջ,

Ուզում ես՝ քեզ, ուզում ես՝ դիմացինիդ,

Կամ խմբովի՝ քեզ էլ նրանց հետ,

Հազար ու մի պոզա,

Առավոտից իրիկուն,

Սելֆիների հեղեղ, ամեն տեղ՝

Լսարանում, փողոցում, այգում։

Ու հենց նույն վայրկյանին

Դրանք կարող եք սփռել աշխարհով մեկ

Դիմատետր՝ ֆեյսբուք – ինստագրամով,

Հետն էլ մակագրություն կամ առանձին՝  «էսէմէս»,

Ասել է՝ «է՛ս եմ ես»։

Այս հեռախոսը հեռուստացույց է,

Ամեն տեղ քեզ հետ, ափիդ մեջ, դիտի՛ր,

Ուզում ես շոու, ուզում ես ցույցեր,

Ուզում ես ֆիլմեր՝ արկածայի՞ն,

Խնդալո՞ւ, թե՞ սիրավեպ ընտիր։

Իսկ եթե ուսանող եք,

Քննության ժամին նա փրկիչն է ձեր,

Անտես հուշարար՝ թաքնված

Վարսածածկ ձեր ականջափոսիկում։

Չմոռանանք ամենից կարևորը՝

Հեռախոսը ինտիմ զրուցարան է,

Չասենք՝ բամբասարան, առավոտից իրիկուն,

Ինչո՞ւ չէ, նաև գիշերը,

Եթե մոռացած ինչ-որ բան եք հիշել…

Հիշեք, որ այն նաև դրամապանակ է,

Օնլայն է, ամենուր է հասու,

Մեկ վայրկյանում կարող եք վճարել

Ե՛վ պատվիրած շորիկի համար դրսեկ,

Ե՛վ արագահաս տաքսու:

Ահա, նայեք, այս է մեր տեսականին

(Շարքը ցուցադրվում է դանդաղ,  մեկ րոպե).

Ակնկալում եք նաև նվերնե՞ր, ինչո՞ւ չէ,

Անլար ականջակա՞լ, ժամացո՞ւյց խելացի…

Համարում եք քի՞չ, ուրեմն նաև՝  անլար լիցքավորիչ…

Եվ դրանցից բացի՝     Ֆանտաստիկ զեղչեր ու ապառիկ…

Ահա հեռախոսները մեր՝ մեծ ու փոքրիկ,

Հզոր ու գերհզոր,

Տարաչափ, տարագույն, տարափայլ,

Համեցե՛ք «ՑԵՆՏՐ ՄՈԲԱՅԼ»։

3.

Վայրը՝ մանկապարտեզ, խաղասենյակ,

Լիքը խաղալիքներ։

Կենտրոնում՝ ննջող դաստիարակը,

Անկյուններում՝ բալիկներ։

Լռություն։ Ո՛չ հարց, ո՛չ վեճ։

Հեռախոսներն են ափերի մեջ։

Հայացքով ակնապիշ՝ նայում են ու ժպտում։

Այսպես ամեն օր,

Խաղեր են այսօր ուրիշ,

Խաղեր են հին ու նոր…

Էլ ի՞նչ բակ, էլ ի՜նչ տուն…

Երջանի՜կ մանկություն։

 

Վայրը՝ ննջասենյակ,

Աղջնակը չի ուզում քնել.

Ջարդվել է հեռախոսը «պարտեզում»,

Մայրիկից նորն է ուզում,

Մայրիկը խոստանում է

Առավոտյան գնել։

 

Վայրը՝ ննջասենյակ։ Մահճակալ, օթոց,

Գրասեղան, պտտվող աթոռ։

Երկու պատանյակ՝  երկու ճերմակ, գիրուկ եղբայր՝

Ձեռքներին՝ հեռախոս։

Աթոռին, օթոցին թիկնած։ Հերթով:

Որոշել են եղբայրաբար:

Հեռախոսի մեջ խաղ՝ հետաքրքիր, լարված։

Բո՜ւմ, բո՜ւմ, կրա՜կ…

Թշնամին ընկա՜վ, հաղթանակ։

Առավոտ, կեսօր, երեկո…

Հիմա հերթն է քո…

Իսկ լուսամուտից այն կողմ՝ ցածում,

Տղերքը խաղում են ֆուտբոլ …

Ուռա՜, ուռա՜, գո՜լ,- կանչում են ու ցնծում…

Բայց ինչո՞ւ ավելորդ վազվզել,

Իզուր քրտնել, մրսել ու հազել,

Երբ այսպես «կայֆ» է սենյակում…

Եվ մայրիկն իզուր է դուռը թակում։

 

Վայրը՝ դասարան, վեցի «Ա»-ն։

Վարդանի՛կ, հիշի՛ր, հինգ անգամ հինգ…

– Մեկ վայրկյան, տիկին Վանեցյան…

Երեք հպում ափում պահած հեռախոսին՝

Քսանհինգ,- վստահ, համարձակ։

Էլ ի՛նչ բազմապատկման աղյուսակ…

Լա՛վ։ Ինչքա՞ն է հարյուրի տասը տոկոսը։

Մեկ վայրկյան…- ցուցամատի երեք հպում և՝

– Տասը,- ինքնագոհ, ուրախ։ Էլ ի՞նչ վախ։

Իսկ ուղեղին հանգիստ հավերժական։

Հրաշք է, հրաշք իսկական…

 

Վայրը՝ լսարան։ Աղջիկներ։ Ուրախ զրույց։

Հեռախոսներն՝ ի ցույց։

Տե՛ս, ի՛նչ սիրուն դիզայն է,

Հինգ ամիս առաջ եմ գնել…

Բայց արդեն հնացել է։ Ի՛մն էլ։

Մոդան փոխվել է վաղուց՝

Արդեն երե՜ք ամիս,

Արի «Մոբայլ ցենտր» գնանք էգուց։

ՊԱՏԿԵՐ ՎԵՐՋԻՆ

Անցնում են փողոցով մարդիկ…

Հայրիկներ մտահոգ

(նրանց աղջիկները,  արդեն տասներեք տարեկան,

դեռ «Սմարթֆոն» չունեն),

Մայրիկներ ժպտերես

(նրանց մանչուկները, արդեն վե՜ց տարեկան, դեռ «Այֆոն» չունեն),

Եվ աղջիկներ, որ քայլում են հմայված,

Եվ բոլորի հայացքները դիմացի մայթի…

Իսկ դիմացի մայթի շենքի պատին

Շողարձակում են մեծադիր,

Երկու կանչող բառ՝

Լուսավառ ու լուսափայլ,

ՑԵՆՏՐ ՄՈԲԱՅԼ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։