ՀԱՅՐԵՆԻՔ
Շնչառությունդ
կանգ է առել
անտարբերության կոկորդում,
ապերախտ կատուների պես
պոչերն են
խաղացնում ընչաքաղցները`
բզկտելով հավատդ վաղվա,
Տիրոջ հաճությունը ստանալու համար
մի երկու եկեղեցի կշինեն.
կքողարկեն որկորի բնազդն իրենց,
առանց ափսոսանք
կկտրեն արմատդ ժառանգության
ու մյուռոնդ կմարեն թույնով…
Է՜հ, երկի՛ր,
ամեն ոք իր ողբն է,
ամեն անզոր` իր հառաչը,
կախաղանվում են լարադայլայլ ծիծեռնակներդ`
նաիրյան անուշ երգերի տեղ
փրկության աղոթքը կտուցներին:
ԱՆՏԱՐԱԿՈՒՅՍ
Գեշ օրեր են,
գլխիկոր օրեր,
նայում եմ հայրենիքիս
մենակությանը.
չարության շունչն
աժդահա ամպի պես
բռնել է արևը,
հոդատապի նոպաների մեջ
կտոր-կտոր հարմարեցվում ենք
անտարբերությանը,
հայրենազուրկների բաղձանքն
առ հայրենիք
թանձրացել է սահմանների վրա,
անորոշ լարեր են տանում
հողի սրտով.
հոսանքահարո՜ւմ են…
Մի օր խելահեղությունը կդատարկի
ցավի վերջին բաժակը,
ու ոտքերը
(միակ ճանապարհով,
որ վերջինն է)
կվազեն ԵՌԱԲԼՈՒՐ`
ավետիս տալու.
ԱՆՊԱՐՏՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ…
ԱՆՎԱԽՃԱՆԵԼԻ
…իմ մորմոքից անվերջ ելնո՛ղ շող,
էլի գրկաչափ,
էլի Հայրենիք…
Ռոզա Հովհաննիսյան
Քանի՜ հազարամյակ
քայլեցի Հայրենիքս
կարմիր ավազի ակնակապիճներով.
ավարտը չի գալիս:
Մեկ է, չի գալու:
Իմ ժամանակը կվերջանա
և քոնը,
նրանցն էլ, որ զինվոր որդիներիցս
խլեցին արարչաշնորհ կյանքը:
Ես ամենատես հայր ասանի
որդու խոսքերից.
«Ինձ խփողի հետ այստեղ,
երկնքում ընկեր ենք հիմա»,-
դարձել եմ մորմոք:
Ճչում եմ չվերջացող երազի մեջ,
խեղդվում ձայնս.
կյանքը մահ չէ,
Հայրենիք է`
քայլո՜ղ, քայլո՜ղ, քայլո՜ղ…
ԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Մի ոտքի կանգնած` ասես արագիլ,
անհետացել եմ աննշմար կետից,
գոյում եմ հիմա կյանքի երախում:
Գիտեմ` շատ է քիչ իմ ժամանակը,
ու բարձրանում եմ
երկինքների մեջ խաղս ապրելու…
Բայց չգիտեի, որ անգամ այնտեղ
կարող եմ գայթել…
Ո՞նց կանգնեմ հողիդ զույգ ոտքով,
երկի՛ր,
փոքրացած,
ծվատ,
սիրուն հայրենիք:
ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔ
Բառի չափերում
չի տեղավորվում կարոտս,
երկարուձիգ շնչառությանս մեջ
սպասում եմ.
ինձ գտնելը քեզ կորցնելու գինն է.
առասպել է վերադարձս…
Հազարերորդ անգամ թվում է`
վերադառնում եմ,
հազարմեկերորդ անգամ` սպասում`
մենավոր ծառի պես,
որ հուշ-հուշ է մերկանում:
Հեղեղաշունչ քամին համոզում է.
– Արի՜ իմ երամի հետ,
մարդաչո՜ւ է,
թռչուններ չկան տարագիր,
արի՜…
Մրսած ափերով հրում եմ քամուն.
– Գնա՜, քամի՜…
էլ ոչ մեկի չեմ վստահում,
ես սպասում եմ… ինձ:
ՄԵԼԱՄԱՂՁԻԿ
Լսել էի բարձրացողների մասին
ու լեռան երազ էի գործում.
ծնկներս դող են, հայրի՛կ…
Չտեղավորվեցի ոչ մի սրտում,
թե մեծ էին… թե փոքր էին…
վախեր կան մութ, նաև… պատեհ…
Հավատի մեջ դեղնող կարոտ`
վերքը ճյուղ է տվել կրծքիս.
մի օր այնտեղ`
երկնքի հետ համբուրվելիս,
ես հանեցի մարմինս հեղգ
ու մոռացա ավազներին…
Վերադարձիս ժայռ է նետված…
Մատներովդ քերծիր ցավս…
Էլի, հայրի՛կ, Էլի՜… Էլի՜…
ԱՆԹԱՐԹ Է ԵՐԱԶՍ ԹՌՉՆԱԿԱՆ
Գգվում եմ անձրևին,
որ չտեսնես դողս,
երբ սպասում եմ
բույնը կորցրածի
հուսահատությամբ…
Բոլոր հուշողներին
թողեցի թիկունքում,
աղոթեցի բամբասանքի աչքն
ու բռնվեցի փշերիցս
գլխապտույտից առաջ`
քեզնից հետո…
Ամենուր փրկում եմ քեզ,
էլ տեղ չմնաց ինձ համար…
Չեմ ընկնելու բարձրության ահից.
աներևույթ լար կա երկնքիդ միջով…