ՎԵՐՋԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ
Ազնվությունը
մի բան էր, որ մենք կորցրինք կամկար.
Դու նորից գտար՝
գտար-տվեցիր մեզ բաժին-բաժին՝
երբ ամեն ընկնող զինվորիդ արյան
կաթիլը անցավ
քո երակներով, իմ սուրբ Հայրենի՛ք՝
երբ սարսռացիր…
Ազնվությունը բառ չէր, որ հեգվեց`
աղավաղվելով
մեծապետների ծուռ հեգնանքներում,
Ազնվությունը –
փորձեցին, սակայն չպիտի խեղդվեր՝
ճնշումների տակ,
բաղրամյաններում…
Ազնվությունը դո՛ւ ես՝
քո ցաված մայրերի սրտում,
որ նույն զավակով՝
ջրցանների տակ կոփված – անզիջում՝
հիմա արյուն է տալիս քեզ,
սակայն՝ և ո՛չ մի զիջում
չի՛ հանդուրժելու,
չի՛ ճանաչելու ոչինչ ավելին…
Ազնվությունը դո՛ւ ես՝
ճաքերում մշակի ձեռքի,
հայրերի, որ քեզ նախ ո՛ւժ են տվել,
հիմա էլ՝ զավակ,
կամավորների առյուծ սրտերում,
որ եկել՝ անշահ,
զինվորի կողքին ռազմիկ են, այլ՝ ո՛չ
ռազմի խրտվիլակ…
Ազնվությունը
արցունքն է զուլալ քրոջ աչքերի –
ջինջ ու կապուտակ
երազների մեջ՝ ընկած իր եղբոր,
ողբն է՝ փոքրիկից թաքցրած թաքուն
մանկամարդ կնոջ,
և մի երդում է երկինքը շանթող…
Ազնվությունը
աղոթքիս մեջ էլ դո՛ւ ես, Հայրենի՛ք,
քեզ փարատելու կարիքը չունես,
այլ – հակասական՝
դեռ ազնվություն շահարկող
անսուրբ խաչագողերից,
քեզ ազնվորեն ազատել է պետք
մի վերջին անգամ…
Ազնվությունը իմ հարցն է հիմա՝
ապրե՞լ, թե՞ չապրել.-
մեզ մի՛ վստահիր,
Աստվա՛ծ, դու գործիր,
բայց գիտեմ հաստատ՝
իմ մարմնից պոկված
մի պատառն անգամ իմ Հայրենիքի
կորցնելն այսօր՝
մեր հոգիների կորուստն է անդարձ…
***
Հարաբերական իմ անկախություն,
հարաբերական ինքնիշխանությամբ,-
կամ պատերազմից հինգ րոպե հետո,
կամ՝ պատերազմին
միայն հինգ պակաս…
Ժամանակավոր հրադադարով,
և անժամանակ իրականությամբ.
հղփացողների խրախճանքներով,-
մեր՝ ամեն պահի զոհաբերությա՜մբ…
Հարաբերական իմ համբերություն,
քեզ ինչպե՜ս սնեմ ատամներիս տակ՝
երբ իմ արյունը թափվում է կայուն
ու մահ չի՛ լինում հարաբերական..
***
Ձյունը որտե՞ղ է բաժանում ճամփան
մարդու և անվարձ հրեշտակների.
որտե՞ղ է երթը միանում նրանց,
ձյունը մեզ ի՞նչ է պատմում անդինից…
Սահմանի բոլոր մահերից վերև,
ցավերից վերև ու աղետներից՝
պատերազմներում մարած արևներ,
և ծնվող կյանքեր` նոր գարուններին…
Ձյունը ինչո՞ւ է այսքան անարատ,
հոգուն է նման մեր զավակների,
որ՝ չհասկացան, թե հերոսացան,
որ՝ պարզ – Հայրենին ազատագրեցին…
ԱՆՍԱՀՄԱՆԻՑ…
***
Ձյունավառ գիշեր,- աչքդ թաղվում է
անվե՜րջ-անդադար ձնահոսքի տակ.
լուսամուտիդ մեջ խաղաղությունը՝
թավշե խալաթիդ փափկությունն է տաք:
Եվ երազելու պատրվակ ունես –
ձյուն է՝ միշտ սպասված ու քե՛զ սիրելի.
միայն թե՝ ինչպե՞ս երազել այսպես,
երբ սահմաններին կրակ է – կռիվ…
Եվ աղոթում ես աչքերդ փակած,
և աղոթում ես՝ ձյունին նայելով,-
իսկ աղոթքիդ մեջ խոսքերը չասված՝
անմեղ զոհերի ցավն է ու՝ բողո՛ք.-
աշխարհի բաժան քարտեզի վրա՝
Արարչի՜ն՝ հրաշք գործելու կորով,
որ ո՛չ վրեժի և ո՛չ զենքի բան՝
հաստատվելու է միմիայն սիրով.
Ինչպես այս ձյունը – բաշխումի նման,
համահավասար՝ վեհ ու անվրդով…
Մեր բոլոր-բոլոր ցավերին սփոփանք –
հաշտության` ճերմակ, հսկա՛ մի դրոշ…
***
Եզրին –
կրակի ու խաղաղության,
եզրին՝
սայրի ու սառը փափկության,
ձյունասեր մանկան
խանդավառության
ու զգոնությունը պահելու եզրին…
Սահմանի վրա լարված լռության.
զենքով –
մատների ցրտահարության,
եզրին՝
հարահոս այս անդադարի
ու անվերջ խախտվող
զինադադարի –
հավասարարչափ՝
սահմանի երկու կողմերում առատ
թափվող ձյունի մեջ…
***
Սահմանին կանգնած տղերքը հիմա
երկրի հետ նաև երկինքն են պահում.-
երկնքի մեջ է երկիրն իմ ձգված.
ձյունը՝ երկնքից իջնող վարագույր…
Տղերքի կողքին՝ երկնային զորքեր –
հերոսների մի հսկա գումարտակ,
որ՝ արիասիրտ – ոգի են թողել,
երկիր են պահել կրակների տակ…
Սահմանի վրա դադարի մի պահ –
անհատնում իջնող ձյունե լռություն.
խաղաղությա՞ն, թե՞ սասանումի պատ.
պարզապես՝ ճերմակ դրո՜շը Աստծու…
***
Սահմանից այս կողմ
Աստծունն է ձյունը,-
սահմանից այն կողմ՝ Ալլահի ընծան…
Սահմանին կախված
այս վարագույրի՝
երե՞սն է Աստված,
աստա՞ռն է Ալլահ…
Երկու կողմերում համաչափ ձյուն է,
չի խախտում ոչի՛նչ,
Վերինն՝ անկասկած.
Մարդկային ցեղի լոկ ցանկությունն է
գեթ մե՛կ օր լինել այսպես հավասար…
Սահմանի վրա բուռ-բուռ ձյունում է –
մի բուռը՝ Աստված, մի բուռը՝ Ալլահ.
Զինադադարի հանդարտությունը՝
Արարչության չափ եզակի՜ ու թա՛նկ…
***
Այսքան տևական ու այսպես հստակ՝
ձյունը ինձ երբեք դեռ չէր հուսադրել.
Աստծո դաշինքի դրո՜շն է ճերմակ,
և այն մեր գլխին ոչ ոք չի սարքել…
Էլ վիրակապ չէ մեր բաց վերքերին,-
թող չարնահոսի Երկիրըս հիմա.
Բերանը փակեք չարախոսների,
մեզ ապրել է պետք՝ ո՛չ թե դիմանալ…
Սահմանից այն կողմ կա՞ն բանաստեղծներ,
– և ո՞վ է նրանց խոսքերի վկան.
Մեզ Արարիչն է երկնքից՝ ձյունով
դրո՜շ ծածանում,
Ի՛ր հետ դաշնության…
ԱՄԵՆ ՕՐ ԽԱՉԻՆ…
1.
Իսկ փետրվարը՝ փետրաթափ թռչուն,
քարացած-ընկած իմ ճամփի վրա,
Երեկվա ձյունը սառած ցեխաջուր,
սառցե դաշույն է՝ կտուրից կախված…
Եվ հազար սեպով խոցում են հոգիս
ցուրտն ու սարսուռը օրվա լուրերի.
Սահմաններին է գիշերը եղել,
թռչունը՝ զրկված հիմա թևերից…
Ու իր սառնաշունչ բերանում պահած՝
չասված – տեսածն իր թռչնի վերևից՝
փետրաթափ, տխուր աչքերով պաղած
ինձնից է հայցում գարնան ավետիս…
2.
… և ամբողջ գիշեր,
սահմանին ընկած զինվորի ու մոր
հոգեվարքի մեջ,
երեկ զառանցում – ջերմում էր հոգիս…
ես՝ ամոթահար,
մի հավերժություն ապրում եմ էսպես՝
հարաբերական ժամանակներում
հրադադարի…
3.
Մայրիկիդ սիրտն է
Քո հենակետը սահմանին, տղա՛ս,
և որդիների ուսին է հենված
հողը հայրենի.-
ամեն դիրք այստեղ՝
մի Ավագ խորան կրակի դիմաց,
ու ամեն զինվոր՝ Աստըծո Որդու
երկվորյակն է մի…
Տիրամա՜յր է հենց
Զինվորիդ ծնող քո Մայրը, տղա՛ս,
և իր աղոթքի խոսքերն են՝
նզովք պատերազմներին.-
… բայց
ամեն օրվա փորձությամբ եկած
պատուհասն ահա՝
այս անգամ էլ Քե՛զ գտավ՝
որպես թանկ մարմինը Զոհի…
Տեղանքի հեռու ծերպերի վրա
ձյունը քարացավ.
երեկվա փափուկ ճերմակի լույսով՝
քո՜ղն էր քո հարսի, –
հիմա՝ արևի, ասես անպատեհ ,
շողերով լցված,
կշոգիանա, որ ամպերից վեր
քո հոգուն հասնի…
ՀՈՍՊԻՏԱԼՈՒՄ
Հանուն Արևի – Արևը՝ էսպես
իմ սև աչքերի հայելիներով
զույգելու համար,
հանուն քեզ, Մայրի՛կ՝
զսպորեն տխուր
իմ լույս տիրամայր,
Հայրի՛կ, հանուն քեզ,
հանուն իմ երկրի,-
և լուսաժպիտ քո աչքերի մեջ
բազմապատկելու
Քե՛զ, իմ սիրելի,
հանուն ծնվելիք մեր որդիների՝
այս պատերազմում
ո՛ղջ մնացի ես…
ՎԵՐՋՆԱ -ԿԱՄ
… թշնամու
արյան ծարավին տալով
արժանի հարված –
թողնելով արձակ՝
իր արյան ծովով
ետ նավարկելու
եկած ճամփեքից,-
Մեր գլխի վերև՝
Մենք ու՝ պահապան
մեր կողքին ԱՍՏՎԱԾ,
ազատ-անկորուստ
մեր Հայրենիքի
երկինքը՝ սկզբից,
մեր ոտքերի տակ
հողը թանկ ու հին –
նախնական, արդար,
Հայոց լազուրում
լազուրն Արցախի,
երգելու ենք դեռ
Վանի, Կարինի
փրկության համար՝
շենացրած արդեն
Մուսալեռը մեր,
մեր Կարսն ու Անին…