Էս ինչ դժվար է, Տե՛ր իմ, քո գործը,
դու աստված ես, ու քոնն են բոլորը,
և՛ սերն ու քենը, զորն ու անզորը,
և՛ անարատը, և՛ հանցագործը…
Ով ինչ ուզում է, այն էլ անում է,
և զղջումը մի՜շտ վերջում է գալիս,
ապաշխարում են, քո առջև լալիս
ու դարձյալ գնում՝ համը հանում են…
Եվ դու ի՞նչ պիտի անես նրանց հետ,
երբ հերթով գալիս – կորչում են անհետ
անինքնասեր, չար և աներես,
մարդ են սպանում, աշխարհ ավերում,
խաբում են, գռփում, կեղեքում, գերում,
և դու բոլորի՜ն պիտի ներես…
***
Ու թե հոգի եք, օրհնվա՜ծ կենաք,
էս մեծ աշխարհում, որ կոտր է ընկել,
մարդուն բերկրանքում մի՜ թողեք մենակ,
տառապանքն է լոկ ապրում անընկեր…
***
Ես աստված եմ, աստվածազուն,
չէ՞ ես որդին եմ քո, Տե՛ր,
խաչում անվերջ ու չեն ասում,
որ ես խիղճ եմ, մերժված սեր:
Որ բարի եմ՝ ձեռ են առնում,
և որ խեղճ եմ ու բարի,
իմն են բոլոր հարվածներն ու
մեղքերն ամբողջ աշխարհի…
***
Արժանի չենք գուցե
օրհնանքին քո վերին,
բայց դու կարող ես, Տե՛ր,
հասնել քո որբերին.
ներիր նրանց դառը
ու անտրտում,
սիրիր՝ ոնց սիրել ես
դու քո որդուն,
սիրիր առանց ցասման,
առանց քենի…
Առաքինի մահ տուր
առաքինի մարդուն՝
առաքինի գործին՝
պսակ առաքինի…
թեկուզ դափնուց լինի
պսակը այդ,
թեկուզ փշի՜ց լինի…
***
Տե՛ր, դաժան է այս ծեսը ծեր,
որ մենք պիտի մորթենք գառներ,
աղավնիներ ու արջառներ
ու քե՜զ պիտի մատաղ անենք…
Նրանց հոգուն տեր չե՞ս դու, Տե՛ր:
***
Ծերանու՜մ ենք, մեզ մնում է
դառնալ քա՜ղցր ու առաքինի,
իսկ ձմեռը դեռ ձնում է
թեթև՜, փափու՜կ, առանց քենի:
Նույն ճամփան է, ու նույն հեռուն
դեռ կանչում է քա՜ղցր ու դյութիչ,
նույն տեսիլն է դեռ մեզ գերում
ձմռան սառը կիսամութից:
Նույն կրքերն են դեռ մեզ վառում,
նույն լքումն է, նույն լացը դեռ,
ու ժպտում են մեր խավարում
սերը- արդեն մաշված ու ծեր,
փառքը- որին չես հավատում,
բարությունը- խե՜ղճ, անատամ,
քենը՝ որ էլ քե՜զ է ուտում,
երազը, որ կարոտն է տան:
Երազ, որ մի՜շտ ճամփա է – բա՜ց,
բայց մեր քայլերն արդեն երեր,
արդեն անզոր, արդեն հարբած
այս վերջին ափն են մեզ բերել:
Ու էլ անպետք, էլ փուչ, պարպված,
խռոված մեր դատարկ դերից,
մենք ժպտում ենք հլու՜, պարտվա՜ծ,
ու ձյունն է – լու՜ռ – իջնում վերից:
Ողջը անհաս – էլ հնում է.
դժվա՜ր թե էլ մի բան լինի…
Ծերանու՜մ ենք… մեզ մնում է
դառնալ քա՜ղցր ու առաքինի:
ՎԵՐԱԴԱՐՁ ԴՐԱԽՏԻՑ
Չկար այնտեղ ստվեր ու մութ,
անբառ, անոխ ընդունեցին
ու փռեցի՜ն իմ դեմ անգութ,
ինչ այստեղ զուր որոնեցի…
Ընդունեցին խանդը պահած,
ընդունեցին ժպիտներով,
որ անառակ որդին, ահա,
տուն է եկել դատարկ ձեռով:
Չէ՜, կուշտ եմ ես նման բախտից
խաղա՜ղ, անխոհ ու ապահով:
Ու ես փախա՜ իմ դրախտից,
իմ ձանձրույթից փախա ահով.
Ճշմարտություն չկար այնտեղ,
քանի որ սուտ չկար,
ատելություն չկար նաև,
քանի որ գութ չկար,
և մահ չկար մեր դրախտում,
բայց նաև կյանք չկար,
երջանկություն չկար այնտեղ,
քանզի զրկա՜նք չկար…
***
Սիրով, խանդ ու դավերով,
մեր պարտությամբ սնվելով,
հավե՜րժ գնում ենք այսպես
մեռնելով ու ծնվելով:
***
Մեկ է՝ դահի՞ճ թե փրկիչ ես դու.
ապրում ես, և կյանք չկա ուրիշ
– կյանքը պատի՜ժ է,- ասում ես դու…
– Պատիժ է, բայց ի՜նչ հրապուրիչ…
***
Շողն իր ճերմակ անհունից
գցել է Տերը,
և՛ թառամում են ձյունի
ճերմակ վարդերը:
Ու ո՜չ ոք չի նկատում
շողի մեջ, շուքի,
որ վարդեր են կաթկթում
նման արցունքի:
***
Ամեն օրս – հրաժեշտ է,
երբ անցել եմ,
երբ տեսնում եմ, որ էլ ծեր եմ,
ո՜չ պիտանի…
Հիմա արդեն այնքան հե՜շտ է
ինձ խոցելը,
որ էլ ոչ ոք ինձ խոցելու
հավես չունի…
***
Աշխարհը բանտ է մի նեղ,
ու բոլո՜րը բանտում են.
Եվ նրանք, որ տուն ունեն,
և նրանք, որ անտուն են: