ՔՆԱՐԱԿԱՆ ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ / Լիդոլիա ՆԻԿԻՏԻՆԱ

ԿՅԱՆՔ
Մի՛ խնայիր ինձ, կյա՛նք, ո՛չ սիրո մեջ, ո՛չ աշխատանքում:
Թեթև ճանապարհների փոխարեն՝ գցիր ինձ լաբիրինթներ:
Տանջիր անքնությամբ:
Ցերեկները գործերի հեղեղ թափիր վրաս:
Ամեն ինչ կտանեմ:
…Միայն թե ամեն առավոտս սկսվի սիրելիիս ժպիտով:
Եվ կողքիս լինեն ընկերներս:
Իսկ ապրած օրերիս ազնիվ մենամարտում հաղթանակեն ձախորդությանը՝ բերկրանքը, հոգնությանը՝ բավարարվածությունը:

ԱՆՀՈԳ
ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ
Ջահել հեծյալի հանգույն, ամեհի նժույգ սանձած, լեռնային գետն է ցած սլանում՝ ճամփա բացելով…
Ի՜նչ թափով է փախչում իրեն սնուցող սառույց «տնասերներից»…
Ինչպիսի՜ արհամարհանքով է գլաքարերը դուրս նետում ուղղաբերձ ափերից, ինչպե՜ս է ձգտում փշուր-փշուր անել իր հոսանքին հակառակ ամեն մի բան, որ ասես ատելի մտքեր են, որոնցից այլ կերպ հնարավոր չէ ձերբազատվել:
Հապա որքա՜ն աղմկոտ է թավալվելիս: Ինչպե՜ս անամոթաբար է ծվեն-ծվեն անում վաղորդյան մշուշն ու ի՜նչ անարգ անտարբերությամբ է սլանում իր համար ծիածանի թափանցիկ շարֆ կախող ջրվեժների մոտով:
Եվ որքա՜ն անճանաչելի է այս նույն գետը ցածրավայրում: Որքա՜ն արագ և ինքնակամ անհետացան նրա ալիքների ուժերն ու համարձակությունը՝ հենց որ հասավ ավազուտ և տղմուտ հանգստավետ ափեր…
Գետը որքա՜ն պղտորվեց հանգստությունից:
…Ես և դու, սիրելի՛ս, չպետք է երկնչենք խոչընդոտներից, որոնք, անկախ մեր ապրած տարիների քանակից, չեն քչանում: Քանի դեռ մենք հարկավոր ենք միմյանց, մեր զգացումներն ամրանում են՝ հաղթահարելով դրանք:
Չէ՞ որ անհոգ հանգստությունը կործանումն է՝ բնավ էլ ոչ միայն լեռնային գետի:

ՍԻՐՈ ՕՐԵՆՔՆԵՐԸ
Ինչ-որ մեկը գրադարանում մոռացել է մի հաստ տետր: Նրա մեջ սիրելի երգերն ընդմիջվում են նետերով խոցված սրտիկներով և ինչ-որ մեկի անուն-ազգանվան սկզբնատառերով:
Տետրի ամենավերջում, վառ ծաղկեփնջով շնորհավորական բացիկի տակ մեծ-մեծ տառերով գրված է՝ սիրո 25 օրենք:
«…Եթե աղջիկը խոնարհում է աչքերը, նշանակում է՝ դու նրան դուր ես գալիս», «…Եթե ծիծաղում է և անպատասխան թողնում երկտողերդ՝ սիրում է ուրիշի»: Կարդացի այս տողերն ու նախանձեցի անհոգությանը լավատես ջահելի, ով «հաստատ» գիտի, որ սիրո օրենքները ճիշտ և ճիշտ քսանհինգն են…

ՏՈՆԱԾԱՌԻ ԳՆԴԱԿ
Ջահել ժամանակ, Ամանորի երջանկաբեր գիշերը, սիրելիս ինձ տոնածառի մի մեծ գնդակ նվիրեց: Այն փխրուն էր, անդիմացկուն…
Տարիներ շարունակ խնամքով պահպանեցի գնդակը, որ հանկարծ չկոտրվի, նույնիսկ մեկ անգամ չկախեցի տոնածառերին:
Հիմա էլ պահպանում եմ նվերը սիրելիիս, թեև նա կողքիս չէ…
…Ամանորի գիշերը դուրս կելնեմ փողոց, փայլփլուն Ձմեռ Պապի փաղաքուշ հայացքի տակ, սառած եղևնուց կախ կտամ սիրելիիս նվերը… Էլ ինչի՜ս է հարկավոր այն, երբ ավելի երկար ապրեց, քան մեր սերը:

ԿԳԱ ԺԱՄԱՆԱԿ
Կգա ժամանակ, երբ անվրդով կնայեմ երեսիդ: Խոսքեր կասեմ, անկարևոր ինչ-որ բաներ կնետեմ:
Դա հետո:
Իսկ հիմա ես պատրաստ չեմ հանդիպել քեզ: Հեռվից հեռու տեսնելով ստվերդ, թեքում եմ ճամփաս…
Դու առաջվա պես հիշողությունս ես փորփրում ապակու սուր-սուր բեկորներով, և ոչ մի զգուշավորություն ի զորու չէ պաշտպանել հոգիս նորանոր խոցումներից: Հասկանո՞ւմ ես՝ առայժմ պատրաստ չեմ մի նոր անջատման…

ԻՆՉՈ՞Ւ
Կուզեի քեզ տեսնել հաղթված, կուչ եկած, տառապած: Չարացած երկար կծիծաղեի՝ վերհիշելով սխալներդ ու անհաջողություններդ:
Կուզեի կում-կում ըմպել Վրեժի գավաթից՝ հարբելով և վայելք ապրելով:
Այսօր նստած ես կողքիս: Զղջում ես մեղքերդ, ներում խնդրում: Ես լռում եմ: Հոգումս հաղթանակի օրհներգեր չեն հնչում: Վրեժի գավաթից հարբեցնող գինի չի խմվում:
Միայն մերթ ընդ մերթ արցունքներս են կաթկթում ափերիս մեջ:
Ես շատ երկար եմ սպասել այս օրվան:
Եվ այդ օրը եկավ, ու պարզ դարձավ, որ կյանքը չի խնայել ո՛չ քեզ, ո՛չ ինձ: Ավելին՝ կոտրել է հավասարապես…
Այդպես ակնդետ մի՛ նայիր աչքերիս մեջ: Ավելի լավ է պատասխանիր.
– Ինչո՞ւ են մտերիմ մարդիկ հանկարծ օտարանում:
– Ինչո՞ւ են օտարները մտերմանում:

Թարգմանությունը`
Նիկոլայ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։