ԿՈՒՅՐԵՐԻ ՔԱՂԱՔԸ

ԳՈՒՐԳԵՆ ԵՆԳՈՅԱՆ

Մթնշաղի երկինքը պատառոտած կարմրագույն սևը դարձել էր գերիշխող: Քաղաքի ծայրամասերի հենասյուն-էլեկտրասյուների ահարկու ստվերները սարսափ էին ներշնչում ուշացած անցորդներին, որոնք վաղուց չբարեկարգված փողոցների գոյություն չունեցող մայթերին կարոտ՝ արագ փորձում էին հասնել իրենց տները: Բնազդային, համարյա կենդանական վախը նրանց ուրվականից ավելի երկչոտ էր դարձրել: Ծննդյան օրվանից մարդու մեջ անհայտի նկատմամբ տարիքի հետ արմատացող, ոսկրացող վախը դարձել էր գերիշխող մնացած բնազդների վրա: Իր նմանի հանդեպ տածվող այդ զգացումը, որ երևի կայենական ժամանակներից մտած էր նրանց մեջ, հանգիստ չէր տալիս մինչև լույսի առաջին աղբյուրին հանդիպելը…
…Երկնքի գույները սկսում էին մգանալ, և դա ավելի էր ուժեղացնում սարսափը: Ամեն քայլափոխին թափառող շների ոհմակին հարկադրված, բայց թույլ ու անուժ պատասխան տալու հեռանկարը այդ սարսափը դարձնում էր անկառավարելի, անասնական, ու մարդու` որպես բնության տիրակալի, մասին ստեղծված թյուր կարծիքը իր տեղը զիջում էր ստորացուցիչ, ամենայն արժանապատվություն նվաստացնող վախին, որ չգիտես ինչու այցի էր գալիս հենց գիշերը…
…Սեփական զգացումները կառավարելու անընդունակ մարդկանց խավը քաղաքում մեծամասնություն էր վաղուց ու գիշերը պարզապես օրվա մի պարտադրված ժամանակահատված համարողների թիվը այնքան փոքր էր, որ կարծես ընդհանրապես գոյություն չուներ: Աստվածային նախախնամությամբ սահմանված լույսի ու խավարի բաժանումը այստեղ չկար, ու նույնիսկ երկնայինի գեր­հզոր ուժը անզոր էր կատարել այդ բաժանումը, որ յուրաքանչյուրի հոգում էր, խառնված էր նրանց ոսկրածուծին և խավարը այստեղ պարզապես օրվա ժամանակահատված-գիշեր չէր, այլ` գոյության կենսաձև, գոյության, որ հաճախ սահմանափակվում էր միայն անասնականով և չուներ ոչ մի տրամաբանություն, եթե իհարկե դրա չգրված օրենքները դեռևս կիրառելի էին: Այստեղ գործում էր միայն լռության կոդեքսը, լռության, որ հավասար էր ինքնասպանության, ինքնաոչնչացման, մարդկությանը դեռևս անհայտ այն ձևերով, որ թելադրել էր ժամանակը, այդ բոլորի նկատմամբ բարեհաճ ու միաժամանակ անգութ պոռնիկը, որ վաղուց է, ինչ ոչ տղամարդու միջամտությամբ կուսությունից զրկված կեղծ արյան բծերով պատված սավանով փաթաթված շրջում էր քաղաքով՝ առաջին գիշերվա զգացումները դեռևս չապրած մարդկանց իր ճանկը գցելու նպատակով: Ու նրա հետ քնող արական սեռի թվացյալ կույսերը, որ իրենից գուցե նաև շատ ավելի պոռնիկ էին, գիշերվա խավարի մեջ էին փորձում կորցնել արյունոտ բծերով ծածկված սավանները, որոնց միայն կարմիր գույնը, չնայած պղծվածության նշան լինելուն, արդեն պայքար էր խավարի դեմ…
…Քաղաքը կույր էր: Կույր, ինչպես հանրահայտ Իլֆի ու Պետրովի Պանիկովսկին: Բայց միաժամանակ, կույր լինելով նույնիսկ, չէր ուզում ընդունել իր նսեմացումը, իր ծայր աստիճան ստորացումը: Թվում էր, քաղաքը դատապարտված էր մահվան, ինչպես ԳՈՒԼԱԳ-յան ժամանակների աքսորյալը, նրա անորոշ ու այդ անորոշությամբ չափից դուրս նաև պարզորոշ ու կանխորոշված ապագան մռայլ էր, ինչպես երկինքը սպասվող ամպրոպից առաջ…
…Թվում էր քաղաքը հոգնել էր ու չէր ուզում պայքարել իր որդիների ապագայի համար: Նրա, երկու տասնամյակ շարունակ թալանված, աղետյալ շենքերի բաց պատուհանախորշերից, որ բռնի կուրացված աչքերի տպավորություն էին թողնում, խավարն էր տարածել իր անտեսանելի իշխանությունը, որ կարծես անհաղթահարելի էր: Դա կույրերի քաղաքն էր: Այստեղ վաղուց է, ինչ ոչ ոք նույնիսկ կարճատեսի ակնոց չէր կրում, քանի որ դրանով խավարում տեսնելն ան­հնար էր ու ապարդյուն…
…Հիմա քաղաքը պատրաստվում էր հերթական գիշերվան: Գիշերը երկար էր լինելու ու հերթական անգամ թվալու էր անվերջ: Գիշերը իր խավարով պատրաստվում էր նորից իշխել մարդկանց գիտակցության վրա, դարձնել նրանց իր գերիները, ի դեպ, ինչպես արդեն վաղուց էր: Գիշերը չէր շտապում: Նա վստահ էր իր հաղթանակի վրա, վստահ էր խավարի իշխանության հավերժությանն ու անպարտելիությանը…
…Սակայն խավարի խորխորատներում ըմբոստություն էր ծնվում: Այն տարերային էր, անկազմակերպ, բայց և աննահանջ: Նույնիսկ խավարում տեսնելու ցանկությունը շատերին հուսահատ քայլերի էր մղում: Ըմբոստներն ուզում էին ազատվել «քաղաքի տերերի» անցանկալի իշխանությունից, զանազանվել աստվածաշնչյան հեզությունը եզության հետ շփոթողներից: Պայքարը երկար էր լինելու, բայց այն ազատելու էր իրենց կույրերի քաղաքում ապրելու և կույր կոչվելու խարանից…
…Շատերն էին ըմբոստներին խելագար անվանում, բայց ավելի լավ է խելագար լինել ազատության մեջ, քան հոգեբուժարանի պատերի ներսում, հոգեբուժարան, ինչին վերածվելու հեռանկարը քաղաքի համար այնչափ շոշափելի ու իրատեսական էր: Ու գիշերվա երկար տևողության հույսով երազախաբ եղածները, որ խավարի իշխանության առաջամարտիկներն էին, սարսափում էին լուսաբացի հեռանկարից, որը բնության օրենքներով նույնքան անխուսափելի էր, որքան և գիշերը, բայց այն սպառնում էր քնահարամ անել նրանց:
Ոչ շատ հեռավոր անցյալում, խելագարների ու կույրերի երազները այս քաղաքում նույնացվել էին, բայց հիմա նրանք տարբեր երազներ էին տեսնում, ավելին, խելագարների երազները սկսում էին մարմին ստանալ ամենօրյա քաոսից ելքի մինչ այժմ անարդյունք որոնումներում…
…Դեռ երեկ, խավարի իշխանությունը հավերժ համարողների շարքերը պառակտվել էին, ու «առնետները» փորձում էին լողալով հասնել իրենց երազների ափը` չհասկանալով նույնիսկ, որ այդքան երկար լողալ իրենք չեն կարող…

One thought on “ԿՈՒՅՐԵՐԻ ՔԱՂԱՔԸ

  1. Շնորհավորում եմ մեզ բոլորիս: Ուրախություն ապրելու մեծ առիթ է այս գորշ օրերի շրջանակում: Եվ շնորհավորում եմ Գուրգեն Ենգոյանին, որ դառնություններից հալածված` հիմա պանդուխտի կյանք է վարում մոսկվաներում…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։