Ալան Ուայթհորնը, բանաստեղծ և գիտնական է, Կանադայի Թագավորական ռազմական քոլեջի (Քենսինգթըն) պաշտոնաթող պրոֆեսոր: Մի շարք գրքերի հեղինակ է` «Արդար բանաստեղծություններ. անդրադարձ Հայոց եղեռնին», «Նախնիների ձայները. ինքնություն, ազգային արմատներ և վերհիշելով եղեռնը», «Հայոց եղեռնը. դիմակայություն անտարբերության իներցիային» և այլն: Նրա բանաստեղծությունները մեջբերվել են Կանադայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված խորհրդարանական քննարկումների ժամանակ: 2012 թ. Երևանում հրատարակվել է «Վերադարձ դեպի Հայաստան» բանաստեղծությունների երկլեզվյա ժողովածուն: Ներկայացնում ենք նորերս հրապարակած նրա բանաստեղծական շարքը:
ԱԼԱՆ ՈՒԱՅԹՀՈՐՆ
(Կանադա)
ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՉԱՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Վարդը միշտ վարդ է
և անուշաբույր`
ինչ անուն էլ տանք:
Եղեռնը եղեռն է
և ահասարսուռ`
ինչ քաղաքի անուն էլ տանք:
Պատմենք եղելությունը`
հետո միայն քաղաքի անունը տանք:
ԳԱԼԻՊՈԼԻՆ ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ
Նոր Հարավային Ուելսի ժողովը
ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Եվ ի պատասխան՝
թուրքն արգելել է
Ավստրալացու մուտքը
Գալիպոլիի դաշտ:
Չապաշխարող թուրք իշխանության նոր լկտի արարք`
պատժե՛լ, ահաբեկե՛լ այդ ավստրալացուն, որ
ճանաչել է Եղեռնը հայոց:
Եվ անսիրտ մերժում` չե՛ս այցելելու դու գերեզմանոց
և չե՛ս հարգելու հիշատակը զոհիդ:
Նման վարքատեր իշխանությունը
ունակ է նաև այլ մերժումների,
նաև նորանոր կոտորածների:
Ավստրալացիները հիմա հասկացան,
թե ինչ էին զգում հայերը այնժամ,
երբ արգելված էր ննջեցյալներին այցելել
մեկ դար շարունակ:
Ո՞րն է լինելու վարքն ավստրալացոց:
Շարունակությունը՝ էջ 6
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ, ՀԱՅԱՍՏԱ՛Ն
Վիճակը ծանր է մեր Հայաստանում
հատկապես այս ցուրտ, ձմեռնոտ տոնին:
Դրամն ընկնում է նույն արագությամբ,
ինչ ռուսի ռուբլին:
Եվ աշխատատեղ գրեթե չկա,
սակավ եկամուտ:
Ադրբեջանի կռիվը կրկին թեժ է, անխնա:
Հակամարտությունն` անվերջ մի պարույր:
Անհամար զոհեր, անապահով կյանք:
Թուրքն էլ, իր հերթին, առավել հզոր ու սպառնալից:
Եվ սահմանը` փակ:
Մենաշնորհ Ռուսիան վերահսկում է մեր ամբողջ կյանքը
իր Միությունը մտնելուց հետո:
Հեռանկարում` ռուսի արբանյակ:
Իսկ այլընտրանք կա՞:
Եվ ի՞նչ տարբերակ փոքրիկ, խոցելի ու շրջափակված երկրի համար:
Մի քաղաքագետ իր խոսքն է ասում.
հեռանկարը`
վատ, ավելի վատ և աղետալի:
Իսկ հային նվեր Ծննդյան տոնին մի բուռ սև ածուխ,
այն էլ այն դեպքում,
թե բախտը բերի:
Դե՜, առաջներում գեհեն ենք տեսել:
Զազրելի բաներ` հենց մեկ դար առաջ:
1915-ը շատ խորն է դաջված մեր ուղեղներում:
Այսօրվա կյանքն ու ճգնաժամերը խամրում-ցնդում են
ցեղասպանության ահ ու սարսափի ճիչերի ձայնից:
Մեծագույն Աղետն ու «մեծ ոճիրը մարդկության հանդեպ»,
որ բախտ վիճակվեց համայն հայության:
Արդ, սրտապնդվե՛ք, իմ եղբայր հայե՛ր:
Դժվար օրեր են,
և քանի՜ տարի դեռ պիտի տոկանք:
Բայց մենք դեռ կանք ու միակամ ենք:
Գոյատևել ենք
ի հեճուկս այլոց չարամտության ու չարիքների:
Եվ եկեք գրկենք իրար շատ ամուր
ձմեռային այս ցուրտ գիշերներին:
Վերահավաստենք կրկին ու դարձյալ,
որ ապրում ենք դեռ ու պիտի ապրենք:
Եվ մի օր
նույնիսկ կբարգավաճենք:
Իսկ մինչ այդ
եկեք հոգ տանենք իրար, մեր ընկերոջը ու հայը` հային:
«Ցը՜ տեսություն»:
ՊՈԵՏ ՁԵՎԱՑՈՂ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ
Նա համարվում է քնքուշ մի պոետ,
բայց շուտով հանկարծ
քողազերծվում է քաղաքագետը բիրտ:
Ավա՜ղ, ուշ է շատ:
Լսարանն արդեն նոր զոհ է դարձել:
Խորամանկ աղվես`
Գառան մորթու տակ:
Նենգ աղվեսն ուզում է
հմայել որսին:
Իսկ դու պիտ տեսնես
իրական դեմքը:
Եվ զգուշանաս ամեն աղվեսից`
գառան մորթու տակ:
Նաև պոետ ձևացող
քաղաքագետից:
Եվ հարց է` ո՞վ է ավելի վտանգավոր:
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ
Երբեմն ծաղրելով հարցնում են ինձ`
«Ի՞նչ արժե պոեզիան»:
Այժմ կարող եմ մասամբ պատասխանել
սադրիչ այդ հարցին:
Այս շաբաթ նվիրել եմ իմ բանաստեղծությամբ էջանիշները:
Եվ ի հատուցում առ այսօր
Ստացել եմ հետևյալ նվերները`
ներկրված լատվիական շոկոլադե սալիկ,
յոթ տարի հնեցրած հայկական կոնյակ,
մի պուլիկ թարմ մերած մածուն ու թարմ մրգեր
և հարյուր դրամի զեղչ բացիկի համար:
Հաշվապահի ճշգրտությամբ
կարող եմ հաշվել բանաստեղծությանս արժեքը:
Բայց, ինչ խոսք, այն շա՜տ ավելին արժե:
Նվիրելու ոգին է
իրական արժեքը:
Որ հավանաբար անչափելի է:
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ՊԵՍ ՍՐԸՆԹԱՑ
Բանաստեղծություններն ինչպես գնացքներ:
Սրընթաց կանցնեն կղզի-կայարանով
գիշերվա կեսին:
Դուրս ցատկեմ արագ ու
վայելեմ հաճույքն ընթացքի:
Եթե հապաղեմ,
կկորչի գնացքը գիշերվա մթնում:
Ու էլ չեմ անցնի այս ուղին կրկին,
բանաստեղծությունն էլ կկորչի ընդմիշտ
գծերի անհուն հորիզոններում:
Շչակի ձա՞յնն եմ լսում ես ուժգին:
Պիտի շտապե՛մ,
թե չէ կուշանամ:
Թարգմանությունը անգլերենից`
Արամ ԱՐՍԵՆՅԱՆԻ