Հայաստան
Կարոտի երգ դստրիկիս` Արմինեին
Դու իմ մայր դաշտ, ես` արտույտը,
Դու ճոխ Արաքս, ես` շամբուտը,
Զանգակի պես անուշ ձայնով
Դու խոր երկինք, ես` կապույտը:
Մասիսալա՛նջ, ես` քո շողը,
Ծաղկահովի՛տ, ես՝ քո ցողը,
Առաքելոց վանքում բուրող
Դու սուրբ մատյան, ես` բացողը:
Մեծ հացատե՛ր, մաճկալը` ես,
Ուխտատեղի՛, քեզ գալը` ես,
Էլ ո՞ւր գնամ քեզնից հեռու`
Դու Գորգ-խաչքար, նկարը` ես:
Կարկուտի տակ` դու իմ ծածկը,
Ուխտանշան` իմ դաջվածքը,
Մեծահարուստ դու իմ քարուտ,
Սալ-սալ տված իմ կալվածքը:
Դու ընտրովի միակ ճամփաս,
Խնկե մատուռ, ես` ծոմ ու պաս,
Ես քեզ մատաղ` թե վրա տան
Թուրք ու խուժան, խան ու աբաս:
Ես` անթառամ, դու` իմ հողը,
Ծով կարոտիս թրթիռ-դողը.
Աշխարհը թող դրախտ դառնա,
Ես` խրճիթիդ հար ապրողը:
Միայն քար ունեմ
Ընկեր իմ, արի, խնդալի բան տես,
Բյուր ազգի մարդիկ բացել են հանդես –
Մեկն ունի Բայկալ, մյուսը` հանք ու ծով.
Գլուխ են գովում եղած-չեղածով…
– Իմ Հիմալա՜յը` բարձրն աշխարհում:
– Բա՜, Նիագարա՜ն` միակն աշխարհում:
– Մեր Էյֆելյա՜նը` ի՜նչ հրաշք-կոթող:
– Բա՜, իմ Սահարա՜ն, չես հասնի ոտով:
– Բա՜, Շամիրամի այգի՜ն կախովի:
– Գանգեսն ուրանա՜ք` ազգս խռովի:
– Բա՜, իմ սեր-Չիլի՜ն` երկաթ ու անագ:
– Փղոսկրե ափը դուք ո՞նց մոռանաք:
– Քուվեյթի նա՜վթը`
հինգ օվկիան խորունկ:
– Ղազախիս ցորե՜նն աշխարհապռունկ:
– Բա՜, մեր բամբա՜կը` պարծանքն ուզբեկի:
– Բա՜, կատարնե՜րը հպարտ Կազբեկի:
– Մեր ցիտրուսնե՜րը մոռացաք, գացո:
– Բա՜, մեր Ուրալի ուրան-հանածո՜ն…
Այսպես կանչեցին գովքն
իրենց ազգի –
Լոկ հայն էր լռիկ`
բախտից չար բազկի:
Բայց մեկեն ելավ ըմբոստ, կռվաթև.
– Ձեզնից ունևոր,
հարուստ եմ վայ թե –
Միայն քար ունեմ, քարեկիր ու ժայռ –
Ապրում եմ էսպես` հարուստ ու հոժար:
Հենց է՜դ քարով եմ շատ
դարեր վաղուց`
Ինձ, հա՜, պաշտպանել սով ու թշնամուց…
Կյանքականչեր
Իմաստախոս մանրաքանդակներ
***
Մարդն իր հոգուց չարը զատի,
Կգա Տոնը Մարդազարդի…
***
Այ քեզ շեֆոց-խորհրդարան,
Հարկեր` խեղճոց, առ ու թալան…
***
Իշխանատեր.
Օր-զօր, հա՜, կեր,
Միլիոն փախցնես`
Խեղճոց խաթեր…
***
Ով` փորատեր-դմակով,
Ապրող` չարյաց դիմակով,
Խեղճոց սովին` աչք ածի,
Թե հարկ չտաք`
ձեզ քացի…
***
Շահ-ջարդ բիզնես,
Ա՜խ, ինչ փիսն ես.
Խեղճ ու որբոց`
Հա՜, ցավ դիզես…
***
Ա՜խ, նստել են շահ-կալին,
Մոռացել են մաճկալին,
Աստվա՜ծ, դաշտում ո՜վ բանի,
Բայց ծով-բերքն, ա՜խ, ով տանի…
***
Ով` անհենակ,
Նա, հա՜ մենակ…
***
Ով գնա դավի`
Բոլ չարիք` ցավի…
***
Չարյաց այսօր կաշառես,
Վաղը դոլար պաշարես,
Ջարդ տաս բարու կատարին,
Բերես ճարպ-փոր քո տարին…
***
Ով՝ Ծունկ ունի բերանին,
Բողազին` բոլ կեր անի…
***
Իրար բարև չեն տալիս,
Իրար Արև չեն տալիս –
Շահի առաջ` կուչ-գերյալ
Մարդն ապրո՞ղ է, թե՞ մեռյալ…
***
Մարդն աշխարհից ով գնա,
Այնտեղ մենակ չի մնա.
Թե բերել է գութ ու սեր,
Որբ, խեղճոց է, հա՜ ուսել…
Աստծո բերած Լույս- բախտում.
Նա հավերժի դրախտում…
***
Մարդն աշխարհից գնացողը
Մնացողին չմոռանա.
Նրան թողնի վարած հողը`
Մարդն աշխարհում անմահանա…
***
Մենք բոլորս գնացող ենք,
Սեր, կարոտով իրար ցողենք…
***
Նորաշեֆ-Այրեր`
կուշտ ու խլականջ`
Դրսից չեն լսում լաց ու ցավականչ: