ՔՈՒՅՐ ՄԱՆՈՒՇԱԿԻՆ
Փշերի ներքո էր
վիճակված մեզ, ավաղ,
պսակբացեքը մեր –
քոնը` մասրենու, իսկ
իմը` ճակատագրի…
Ո՜վ սրբազան գույնը
կրող միանձնուհի,
դու խոնարհ ու չքնաղ,
հեռուներից եկած
Սաբայի թագուհի՜…
Մեզ աշխարհն իր միտքը
ամպրոպի որոտների
միջից էր` բարբառեց
կշռույթով սողոմոնյան, բայց
Խորքը մենք մեն-մի պահ
տեսանք` շանթի լույսով…
Երկինքների ներքո
մեր տեղը, ասում ես,
բույրո՞վ ամրագրենք –
դու` պսակիդ, ես` բառի…
Փշերի ներքո էր
վիճակված մեզ, ավաղ,
պսակբացեքը մեր…
ԱՊԱՇԽԱՐԱՆՔ
Այնտեղ, գագաթներին մերձ,
ուր աստղն է ճարճատում`
իր լույսից շնչահեղձ…
Քամիները մեծավայել,
մաքուր զրույց են վարում
անդ` գագաթների հետ,
հեռանալով մարդկային
հովիտներից քինոտ…
«Տվե՜ք իմ անձավը…»,- ասում է
բրուտը աքսորյալ,
որ տևական ու համառ
ինքն իր կավն է հունցում
նոր Շունչ-փչման համար…
…Այնտեղ, գագաթներին մերձ,
ուր աստղն է ճարճատում`
իր լույսից շնչահեղձ…
***
Հովնանին փսխող
կետաձկան պես
գիշերն է ահա
արտածում զուգսն իր:-
Անդրանեզրական
հեռուներից եկած
զարդավաճառն է
մետաքսին մթան
փռում լուսատու ոսկի ու արծաթ,
աստղ ու մոլորակ,
հմայիլներ թանկ…
Ուր միտք` այնտեղ էլ չափ
ու կշիռներ,
խառնիխուռն պարսեկ
ու լուսատարի:
Մինչդեռ, ո՜վ անցյալ,
դեռատի հոգում
քո գիսավորը շերեփուկ էր մի,
աստղացրոնքը` փռած ձկնկիթ…
Երբ մանուկ էի` իմ ցնորական տանիքը ելած,
այսուայնտեղից ցած գահավիժող
ասուպներն էի ըղձում շոշափել,
կամ` լուսնի շեկլիկ ծիրանաչրից
համտեսել մի քիչ…
……………………………………
Ցնորքը` ծնում մեզ աշխարհի
համար,
գիտելիքը հետ է տանում
վերստին…
***
Ի՜նչ կիրակի, ի՜նչ խնդություն,-
գնամ-բաշխե՜մ աչքալուսանք…
Հոգու պայծառ այգեկութին
ողկույզնե՜րը տեսնեմ լույսի…
Երկնագմբե՜թ կամարակապ,
հոգևո՜ր է գինին` ընդ քո…
Տաղասացիս թափառական
տրվե՜ց թասը Տիրոջ կամքով…
Ո՜վ գիտուններ, մի կողմ դրեք
խոհ ու գրյանք ստվարական,
զի Պատկերը վերնապարգև
արբեցյալինն է պատվական…
Ախ, սիրուհու աչքը խումար
գինով սրտի վրա է լոկ
շողք արարում… Ո՜վ սթափ մարդ,
բա՜վ է խորհես Անխորհելին…
ԻՐԻԿՆԱԼՈՒՅՍԸ
Իրիկնալույսը` ասես ցնցուղից,
ցողվում է թախծի վարդերի վրա
ու լուսավորում ծածուկ մի ուղի`
օծման տոներին
կանչվածի համար…
Անդրանցականից է հանց
առաքված
ու ասես ցոլքն է
Կենդանարարի…-
Եվ խաչքարերին վարդյակ է
ծաղկում
առաքյալ լույսից այդ
հոգեպարար…
Կարոտյալ սրտում այդ
ժամին է, որ
հանկարծ լապտերն է
վառվում վերհուշի:-
Ու Շառագույնի պալատից
կանչող
ձեռքն է նշմարվում մի
օդանույշի…
***
Գագաթներ` մայրամուտի
բոսորի մեջ – արյունը
արեգական խաչելության…-
Ձմեռնամուտի սառը
քամին գույժն է բերում
վեցերորդ ժամվա, ողբասաց
թավուտների խշշոցը
միահամուռ…
Ցրտահերկի ակոսների մեջ
սերմնագռավների երամն է
մեռած լույս կտցահարում…
Մշուշեղեն գետեր են
իջնում սարերից` ասես
այլաշխարհից հնչող` հովվական
կանչերով թաթախված…
Ո՜վ եմ ես այստեղ, գուցե
եգիպտացիներին ծախված
մի ստրո՞ւկ երազատես…
***
Երբ հրաբուխն` իբր հանգած,
արթնանալով դարե նիրհից,
միանում է մի ցնցումով
հրահեղուկ խորքերին հին…
Ինչ-որ անհայտ պայծառացմամբ
ձուկն է հանկարծ մտաբերում
ձվադրման վայրերը այն,
ուր եղել է նախկիններում…
Իսկ փոշոտված ծաղիկն ի՞նչ է
զգում, աղջիկն այդ մայրացող…
(Ախ, ուռենյաց շարքը` լացող
անպտղության ճամփաներին…):
Իսկ ինձ բառի կաթնուկն է սոսկ
տալիս համը իմ գոյության –
մնացյալը` մի որբություն…
***
Ինչպես որ կույրի
դիմագծերն են
բացվում-պայծառանում,
երբ շոշափելով դրամը`
ճանաչում է նիշը,-
մխիթարվում ենք թախծոտ
այդպես՝ ընկղմվելով
մանկության հուշերի
մշուշներում երանավետ…
Երբ, ավաղ, էլ ուշ է`
տաճարն է մեր դիմաց,
խունկի բույրը անուշ,
մահը`… հարսնաքողով…
Այդպես` ինչ Առջևում է`
փնտրում ենք Ետևում`
մանկությունից էլ անդին…
Ճիշտ այսքան է տևում`
աղոթքի չափ մոմի-
կյանքը` հագած… մարմին…
***
Երազ եկավ ինձ մի զարմանալի.
կողպած էր դուռը,
չկար բանալին:-
Փակել էին ինձ մի
հին տան ներսում:
Թե փակողն ո՞վ էր`
ոչ ոք չէր ասում…
«Ախ, քեզ կըորսան
անձրևի ցանցով,
ջրով մոգությամբ,
հողմերի սանձով,
լուսնի պաղ լույսի
ծուղակով սորուն
ու ծիածանի պարանով սիրուն…»:
Եկավ ժամանակ,
ու բացվեց դուռը:
Ելնեմ` ի՞նչ տեսնեմ –
դեմս ոսկեհուռ
զգեստներ հագած կանգնած էր
մեկը,-
մի ձեռքում՝ մական,
մյուսում տեգ էր…
«Ախ, քեզ կըորսան
անձրևի ցանցով,
ջրով մոգությամբ,
հողմերի սանձով,
լուսնի պաղ լույսի
ծուղակով սորուն
ու ծիածանի պարանով սիրուն…»:
Չգիտեմ` որքան
ցնորքն այս տևեց:
Նշան արեց ինձ` իրեն հետևել
այդ տարաշխարհիկ,
այցելու ոմնը…
Ու նորից հնչեց մի ողբի նման.
«Ախ, քեզ կըորսան
անձրևի ցանցով,
ջրով մոգությամբ,
հողմերի սանձով,
լուսնի պաղ լույսի
ծուղակով սորուն
ու ծիածանի պարանով սիրուն…»:
***
Ինչպես ծաղիկն է ավարտվում`
թերթիկները տալով քամուն,
վերանալով երազամույն…
Կամ`պսակը խլածաղկի,
որ փնտրում է ինչ-որ նախկին
մի կացավայր, քշվելով ո՞ւր…
Կամ գնացկան ջրերը, որ
ծով են գնում գիլուգլոր`
մոռանալով անուն-ակունք…
Հա՛, այդպես էլ` ադամորդին,
նման դադրած մի սայլորդի,
հոգու վաստակն է տանում Տուն…
***
Բառերի երա՜մ,
թույլ տուր ինձ ապրել քո
երկնքին մոտ –
իմը Սիմուրղն է, թե չէ` այլապես,
այս կենցաղի մեջ,
ագռավ եմ, ճնճղուկ`
իմ գետնատարած
հոգսի մեջ խղճուկ…
Թևաթափ եմ, երբ
չեմ գոյում խոսքում`
օ, աստեղային
բառե՜ր, ձեր հոսքում…
Դուք, որ շարվում եք
մի ինքնակառույց տաճարի նման,
ինձ շաղախեցե՜ք
ու վեր տարեք ձեր
որմի հետ ելման…
Ձեր բևեռային աստղի հետևից
նավարկությունն է ինձ
այստեղ պահում:
Խոսքով եմ հպվում ես Հարատևին,
իմ էությունը խոսքով եմ շահում…
***
Եղանա՜կ է արևմաղի…-
Ցնծությո՜ւն, էլ մի՛ հապաղիր…
(Արևմաղին` խոսք կա հնուց`
թավուտներում գայլ է ծնում…):
Այս անգամ էլ թող ինձ ների
հեծելազորը ամպերի,
որ իրեն… չեմ առաջնորդում…
Գովասա՜նքս արևորդուն`
ծիածանին այս պճնամոլ,
որ, կնունքի ավազանով,
եղբայր է ինձ արյունակից,
թասընկեր` գույն-խրախճանքի…
Մի պարգև է երանավետ
հոգու խաղը տարերքի հետ,
երբ պարում է սիրտդ անվերջ
տերունական շուրջպարի մեջ…