ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ, դրամատուրգ
ՍԱՄՎԵԼ ԿՈՍՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամյակի առթիվ
«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին
70 ՍՈՎՈՐԱԿԱՆ ՏՈՂ
Կարևորը, թե ունեցածը ինչպես տեղավորել բառերի մեջ,
գլխացավի միջից քամել մտքի պատառիկները,
աշխարհն այնպես շրջել, որ հանդիպեն քամիները`
իրերի դասավորությունը վերականգնվի ու խելագարի գլխում
ճանապարհի փոխվեն անկումները…
Արյան ոչ մի ալիք, որ կարող է ցրել տաղտուկը,
երազելը ձանձրույթ է, ապրելու նշանները՝ ջնջված…
ես կղզի դարձա, երբ ավելացան հոգսի ջրերը,
ու դեպի ինձ` սիրո նավակները խորտակվեցին…
Մի՛ սպանեք, որ ձեզ էլ չսպանեն – սա էի ուզում ասել,
մի՛ հեռացեք, որ մոտենալը անհնարին չդառնա,
մեղավորներ մի՛ փնտրեք – նրանք էլ ձեզ են փնտրում,
սիրեք իրար, եթե չեք մոռացել ինչ է սերը…
Հոգնածներին մի՛ առաջնորդեք – նրանք անկարող են,
մի՛ համոզեք, թե աղոթքը կօգնի, աղոթքը չի սիրում նրանց,
կայծ մի՛ փնտրեք, ուշ է, թաց աչքերը մարում են ամեն մի կայծ,
ցանկապատեք նրանց, որ հոգնածության վարակը չտարածվի…
Չգիտեմ դուք ինչպես, բայց ես ուզում եմ բացել աչքերս,
թելադրողը նկուղներն են, մոռացել եմ ինչ կա վերևում,
բառերի աստիճանները թույլ են, երերվում են ինչպես ծղոտ,
թռցնում եմ աղավնուն, որ լույսը կտուցին վերադառնա…
Փոքրիկ այս երկրում որտեղից այսքան ատելություն,
որ իր շուրջն է հավաքել բոլոր նրանց, ովքեր այդպես էլ
ինքնահաստատման այլ միջավայր չկարողացան գտնել…
ես նրանց ինչ կարող եմ առաջարկել, միայն իմ մոլորությունը,
իբր, հնարավոր է դեպի լավը աշխարհում մի բան փոխել,
ինչպե՞ս, եթե վաղուց լուռ է խաղաղության նվագախումբը,
եթե թշնամիները շրջափակել են ձութե կեղևի պես,
և քոնը լույսի կմախքն է` փաթեթավորված նամազներով,
և թռչունների փոխարեն երկնքում ավտոմատների ստվերներն են…
Հիմա էլ այս անձրևը, թափվում է առանց զգուշացնելու,
ինչո՞ւ, եթե հրեշտակները միևնույն է չեն պտղավորվելու,
ինչո՞ւ… Ձեռքերս դեպի քեզ ձգվող երկու ռելսեր, Երկիր,
սակայն գնացքները դադարել են երթևեկը, գուցե, որ այլևս
ոչինչ չկա ինձանից քեզ տեղափոխելու – մի՞թե չկա…
Հնարավո՞ր է հաղթահարել մանկության դիմադրությունը,
հավատալ, որ քո չգտածը ինչ – որ մի տեղ սպասում է քեզ` կա,
և որ կարևորը գտնել իմանալն է, իսկ ամենակարևորը,
ամենա-ամենակարևորը իմանալ ինչ ես փնտրում:
Հուշերը չեն մխիթարում, կյանքի լավ օրերը՝ նույնպես,
դեռ ոչ մեկին չի դիմավորել իր անցյալը, ջրհեղեղի ջրերը
այլևս չեն սողալու Արարատի լանջերն ի վեր, և չի լինելու,
որ բացվեն ծովի կապույտն անդրադարձնող առագաստները…
Անհայտ է ինչու հայտնվեցի պարտվածների պատմության մեջ,
և ում լրտեսներն էին լույսը, ժամանակն ու տարածությունը,
իմ մեջ քանդեցին իմ եկեղեցին, հիմա չգիտեմ որտեղ աղոթել,
երբ ինձ չեմ վստահում այլևս, և դու էլ, Երկիր, ինձ չխնայեցիր…
Մահն իզուր է փորձում հետս պահմտոցի խաղալ, իզուր,
չեմ թաքնվելու, թող կատաղի, ցցի խավարի փետուրները,
թեև հնարավոր է ինքն է ի զորու լրջորեն փոխել
արյան կարգն ու քանդել տաղտուկի թագավորությունը:
Այնուամենայնիվ, կյանքը շարունակվում է, կեցցե՜ կյանքը,
կնճիռների ակոսների միջով նրա ճյուղերն են ու ծաղիկները,
ծաղիկների վրա դզզում-բզզում են կապույտ մեղուները,
թեև դառն է նեկտարը և չունի անցյալի քաղցրությունը…
Մի՞թե աղոթելու ժամն է, հայելին շփոթել է իմ պատկերը,
այս ճաղատի աչքերում թռիչք չկա ու ոչ մի թռչունի երգ,
այս ճաղատի աչքերում ոնց որ նորություն չէ մեռնելը,
ներեք, եթե քանիցս մեռել ու ձևացրել եմ, թե ապրում եմ,
եթե իմ միջով ձմեռը փորձել է գարնան շրջազգեստը հագնել,
որովհետև ձմռանն եմ ծնվել, իսկ ձմեռն ինչ ծնվելու ամիս է…
Հուշերի դարակները դուրս թափել, հիմա ինչ եմ փնտրում,
ձիերի ոտնահետքեր են յուրաքանչյուր թերթի վրա,
օրերն այլանդակված են, խեղված, մտքերը հենակներով,
սա իմ անցյալը չէ, ինձ ուրիշի անցյալն են պարտադրել,
թեև ուրիշի անցյալում էլ նույնն է որբության հոտը…
Երկիր, մի՞թե ինձ ու քեզ են միայն, երկու միայնակների
ստիպել այլոց կամքը հարգել, ապրել այլոց կյանքով,
ցավալի է, սակայն մնաս բարով, Երկիր, մնաս բարով,
որովհետև իմ հաջորդ կյանքը լինելու է Մարսի վրա…