Մարգո ՂՈՒԿԱՍՅԱՆ
(17.04.1927 – 27.04.2013)
Հրապարակախոս, արձակագիր
ՀԳՄ անդամ 1978 թ.-ից
Բեռնատարների ծանրության տակ ճանապարհը պնդացել, բայց չէր հարթվել: Երբեմն դարուփոսերն այնքան կտրուկ էին, որ թվում էր՝ ուր որ է ավտոմեքենան շուռ կգա: Ընթացքի հանդարտ պահերին նայում էի շուրջս, այս ի՜նչ անկրկնելի գեղեցկություն է: Հաճարի, ընկույզի, բոխու և հացենու ծառերը ճամփան ի վար երկար ստվերներ էին գցել: Նրանց արանքում մասրի թփերը, հոնի ու զկեռի համեմատաբար ցածր ծառերը, խիտ ցանկապատի նման, սեղմվել էին իրար:
Ձորն այնքան խորն է, որ գետի խշշոցը մեզ չի հասնում: Աջ կողմում անտառապատ թեք լանջերից առուներ են իջնում՝ իսկը արծաթե գոտիներ, տեղ-տեղ հատելով ճանապարհը` վազում են ցած, խառնվում գետի ջրերին:
Ոտքով քայլելու ի՜նչ սքանչելի ճանապարհ: Ափսոս, ժամանակը քիչ է, և մենք, Կիրանց վանքը տեսնելուց հետո, դեռ Դեղձուտի վանք էլ պետք է հասնենք: Այնուամենայնիվ, ինչպե՞ս կարելի է անտարբեր անցնել սառնորակ աղբյուրի կողքով: Ի՜նչ աղբյուր, զուլալ, համեղ ջրով, շուրջն էլ՝ այնքան բազմատեսակ բույսեր, որ կարծես բուսաբանական մի ամբողջ թանգարան լինի: Քիչ էլ ենք գնում և, անտառի հոծ գանգուրների մեջ, հեռվում մի պահ երևում է եկեղեցու սրածայր գմբեթը. երևում է ու նորից կորչում: Մի քանի րոպե անց եղինջի մարդաբոյ թփուտներն հաղթահարելով՝ կանգնում ենք զարմանալի մի հուշարձանի առջև: Իջևանի շրջանի Կիրանց վանքն է՝ կառուցված Կիրանց-ջուր գետահովտում, որը արտաքին տեսքով բավականաչափ տարբեր է մեր մյուս վանքերից ու եկեղեցիներից:
Այս բարձր կոթողն աղյուսաշեն է. դա արդեն հազվադեպ երևույթ է քարե սիմֆոնիա գնահատականը վաստակած մեր ճարտարապետության համար: Գմբեթը պահող թմբուկն անսովոր չափով բարձր է: Նեղ, երկարուկ պատուհանների և նույնքան սրածայր գմբեթի պատճառով առանձնանում-տարբերակվում է նույն դարաշրջանում մեր մյուս քարգործ վարպետների ստեղծածներից: Նորություն էին նաև պատուհանների շուրջը և թմբուկը գոտևորող զարդանախշը՝ երեսպատված երկնագույն շքաղյուսով:
Հմայված նայում ենք. ահա արվեստի մի գործ, որ մի քանի հատկանիշներով տարբերվում է մյուսներից, և հենց դրանով էլ անջնջելի տպավորություն է թողնում դիտողի վրա: Ասենք, մեր հազարավոր հուշարձանները մեկը մյուսից տարբերակողը հենց այդ առանձնահատուկ հատկանիշներն են: Շարվածքի թրծած, կարմրավուն աղյուսը, եզերված շաղախի սպիտակ գծերով, հուշում է մեզ մի հին ավանդություն, որը սերնդեսերունդ պատմվել է կառուցող վարպետի մասին: Սիրելի՛ ընթերցողներ, Կիրանց վանքի մասին, դիտելուց հետո, անշուշտ, մենք չենք մոռանա նաև այդ ավանդությունը:
Ներսում, եկեղեցու ընդարձակ սրահում, դարձյալ հայացքդ գամվում է բարձր գմբեթին, որի թվով ինը նեղ պատուհանները, լույսի վերձիգ շերտերով, աշխուժացնում են պատկերը: Լուսամուտները բոլորող զարդանախշը նման է գորգային հյուսվածքի:
Ուշադրությամբ դիտում ենք եկեղեցու մանրամասները: Մեր ճարտարապետ ընկերն ասում է. «Համենայնդեպս, պատասխանատու տեղերը ոչ թե աղյուսով, այլ քարով են շարել»: Նա շեշտում է քար բառը: Իրոք, դռան եզրերը, սյուների խարիսխները, հիմքը և նրա վրա բարձրացող երկու-երեք շարքը, ինչպես նաև քիվերը, կերտված են քարով: Մեզ այնքան հարազատ, մեր բնության պարգևած շռայլ շինանյութով:
(Միջանկյալ ասենք, որ Սեդրակ Բարխուդարյանն իր «Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ» գրքում քարի մասին մի քանի դիպուկ տող է գրել.
«…Սկզբից մինչև մեր օրերը Հայաստանում շինարարական հիմնական նյութը մնաց քարը: Եթե Հայաստանի հարևան երկրներում (Ասորեստան, Բաբելոն, Պարսկաստան) քարի պակասության հետևանքով աղյուսը դարձավ հիմնական շինանյութ, և այդ երկրների վարպետները կատարելագործվեցին աղյուսաշեն շինարարության ասպարեզում, ապա Հայաստանի վարպետը մնաց ընդմիշտ կապված իր երկրի առատ քարի հետ և կատարելագործվեց այդ բնագավառում»):
***
Եկեղեցին ներսից սվաղված է. ծեփը, սակայն, տեղ-տեղ թափվել է. երևում են աղյուսի կարմիր, համաչափ շարքերը: Ժամանակին այդ պատերը զարդարված են եղել ճոխ որմնանկարներով: Սակայն դրանցից ի՞նչ է մնացել հիմա: Հատակից մինչև առաստաղ անհոգի այցելուների ձեռքերի հետքերն են՝ պատերը աղտոտված, գրոտված: Որմնանկարների պատառիկները պահպանվել են միայն բարձր տեղերում, մարդուն անհասանելի մասերում, ուղղակի գմբեթի տակ և թմբուկի լուսամուտների արանքում: Սրտի ցավով մտածում ես. դրանք էլ մնացած չէին լինի, եթե չարհոգի մարդիկ կարողանային այնտեղ բարձրանալ: Խորանի լուսամուտի վերևում տեսանելի է զգեստի փեշի ճոխ զարդարանքը, հենց միայն դրանից կարելի է ենթադրել, թե ինչքան շքեղ է եղել որմնանկարն ամբողջությամբ, որը մարդկային բարձրադիր ֆիգուր է: Մնում ես ապշած. այդ ի՞նչ հիվանդագին մղում է, որ հնարավոր է դարձրել աղավաղել, ոչնչացնել դարերի, հետագա սերունդների համար ստեղծված որմնանկարները և դրանց տեղում ածուխով, կավիճով և այլ ներկերով, ծուռտիկ ու տգեղ, տառասխալներով գրել սեփական անունը, անփառունա՜կ անունը: Մինչդեռ եկեղեցու կառուցողն ի՜նչ հնարամտությունների է դիմել իր ստեղծագործությունը կատարյալ դարձնելու համար:
Գլխավոր եկեղեցու խորանի տակ աջ և ձախ կողմերի ավանդատները երկհարկ են: Երկրորդ հարկի առաստաղին բացվածք կա, որը տանում է դեպի գմբեթ: Մոտակա գյուղից մի պատանի, որը միացել էր մեր խմբին, ասում է. «Գաղտնի ճանապարհ է. թունելի նման նեղ, երկար, միայն երիտասարդներն են կարողանում բարձրանալ»: Վերևից սքանչելի տեսարան է բացվում, անտառապատ լեռնապարը: Միջնադարում, սակայն, այդ բարձր դիտակետը, թերևս, ծառայել է թե՛ բնությամբ զմայլվելու և թե՛ թշնամուն հետախուզելու համար: Այսօր էլ անհանգիստ է այնտեղ՝ Իջևանի շրջանում: Սահմանը մոտ է Կիրանց վանքին: Եվ պատահել է, որ ադրբեջանական կողմից արձակված ռումբերը պայթել են վանքի մերձակայքում: Ստացվում է, որ մեր պատմական հուշարձանները ևս ականատեսն ու մասնակիցն են պատերազմի:
Կիրանց վանքի դուռը առանձնահատուկ ուշադրություն է պահանջում: Գոտևորված է Մակարավանքի երկաթատիպ բազալտով, որի վրա քանդակները հավիտենական են լինում: Իհարկե, եթե մարդը իր ուժը չփորձի վրան: Դռան բուսական ու երկրաչափական զարդաքանդակները դիտելիս հնարավոր չէ զուգահեռ չանցկացնել Մակարավանքի հետ. նույնատիպ ոճ, քարի մշակման միանման եղանակ:
Վանքի գլխավոր եկեղեցու կողքին երկու փոքր եկեղեցիներ էլ կան, դարձյալ աղյուսաշեն: Ցածրիկ պատերին, աղյուսի արանքներից ուրցի թփիկներ էին աճել, որ բուրավետ էին դարձրել շինությունը: Բայց դա մեզ չէր ուրախացնում, ընդհակառակը, տխրեցնում էր, քանի որ գիտեինք՝ պատերի արանքում աճած բույսերը ավերում են շինությունը: Այդ նույն եկեղեցու տանիքում քանդված մասեր կային, որոնք բացել էին վարպետի գաղտնիքը՝ որպեսզի ծածկը թեթև լինի, սնամեջ հորինվածք էր գործածվել:
Կիրանց վանքում ինչքա՜ն բան կար տեսնելու: Ընդարձակ սեղանատունն, օրինակ: Սրբատաշ քարե կամարներով և տարբեր մեծության ավազաքարերով ու գետաքարերով պատերը, թաղակապ ծածկը: Զարմանք բան էր, թե վարպետն ինչ հմտությամբ էր հարմարեցրել քարը քարին, որ դարեր անց նույնիսկ այդ ընդարձակ սրահը միանգամայն անխաթար էր մնացել: Երբեք չեմ մոռանա Կիրանց վանքը, որի մասին արժեր հյուսել ավանդություն՝ հիշո՞ւմ եք, մեր զրույցի սկզբում ես խոստացա պատմել ձեզ:
Քարգործ վարպետն ունենում է մի շատ ընդունակ աշակերտ: Նա մեն-մենակ կառուցում է այս վանքը: Վերջացնելուց հետո կանչում է վարպետին իր առաջին աշխատանքը գնահատելու: Վանքն այնքան փառահեղ է լինում, որ անվանի վարպետը նախանձում է աշակերտին: Նա ամեն կերպ փորձում է թերություն գտնել, բայց չի կարողանում: Երկար մտածելուց հետո ասում է. «Կիրը անց ես կացրել»: Ահա այստեղից էլ ծագել է անունը՝ Կիրանց: Բայց որ կիրը անց կացած չի եղել, այսինքն՝ շաղախը անորակ, փխրուն չէ, այլ, ընդհակառակը, քարի պես ամուր է, վկայում է դարերով՝ մոտ յոթ հարյուրամյակ կանգուն այս եկեղեցին: Եվ հենց ճարտարապետական արվեստի ու գործածված շինանյութի պատճառով է, որ Կիրանց վանքը բացառիկ արժեք է ստացել: Ափսոս, փոխանակ հպարտանալու, տարեց վարպետն իր երիտասարդ, տաղանդավոր աշակերտի հանդեպ անարդար է եղել:
Անմոռաց է մնացել նաև Կիրանց վանքը շրջապատող եղնջուտը, որ ձեռք ու ոտք էր այրում: Բայց այդ ժամանակ դեռ չգիտեի, որ Դեղձուտի մոտ եղնջով ասեղնահարվելուց փրկվելու ոչ մի միջոց չէր լինելու: Սակայն զրույցը երկարեց, և ձեզ հետ միասին, սիրելիներս, Դեղձուտ կայցելենք հաջորդ զրույցի ժամանակ:
1981-1993 թթ.