ՌԱՖԱՅԵԼ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ / ԹԱՔՍՏՈՑ

ՌԱՖԱՅԵԼ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
(08.07.1946 – 19.08.2010)
Արձակագիր
ՀԳՄ անդամ 1985 թ.-ից

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Անդրանիկ Նավասարդյանին 5 տարեկան հասակում մեքենան հարվածել էր: Պատահաբար: Շատ թեթև: Անզգուշորեն փողոց վազած երեխային նկատելով՝ վարորդը ողջ ուժով սեղմել է արգելակը, սակայն էլի որոշ տարածություն ընթանալով՝ մեքենան հարվածել է երեխային, նրան օդ նետել ու ի վերջո մեխվել տեղում: Օդում հայտնվելով՝ Անդրանիկ Նավասարդյանը երկու (որոշ ականատեսներ պնդում էին, թե չորս) անգամ պտտվել է, շրմփացել ասֆալտին: Երեք րոպե ուշաթափ մնալուց հետո երեխան բացել է աչքերը, ժպտացել վախից գունատված ներկաներին և ասել. «Օդ թռա»: Մարդիկ հանկարծակիի գալով՝ թեթևացած ծիծաղել են, իսկ իրեն մարդասպան համարող վարորդը ահավոր դողացրել է, բարձրաձայն լաց եղել ու փառք տվել Աստծուն: Այնպես որ, ամեն ինչ լավ է ավարտվել:
Դեպքը ոչ ոքի համար գաղտնիք չէր, ու նույնիսկ բազմաթիվ ականատեսներ կային, որոնք սկզբնական շրջանում հաճույքով պատմում էին այդ մասին՝ իրենց կողմից նորանոր մանրամասներ ավելացնելով, սակայն կատարվածից երկու-երեք ամիս անց, զգալով, որ մարդկանց վերջնականապես ձանձրացրին, մոռացության տվին եղածը ու սկսեցին Շոտլանդիայի լճերից մեկում ապրող ինչ-որ հրեշի խիստ կասկածելի գոյության փաստը քննարկել: Այնպես որ, դեպքը մոռացվեց: Մինչև այն օրը, երբ մյուս հետաքրքրասերների հետ միասին, հարևան շենքում ծագած հրդեհը դիտելիս 25-ամյա Անդրանիկ Նավասարդյանը, չդիմանալով երեխային տանը թողած մոր աղեկտուր ճիչերին, ջրով լի դույլը վրան լցնելով, նետվել է կրակի մեջ, անհետացել մարդկանց աչքից ու քիչ անց հայտնվել է վառվող-մխացող հագուստներով, կիսաայրված մազունքներով, բայց երեխան գրկին: Զարմանքից մի կերպ ուշքի գալով՝ խանդավառ հավաքվածները ծափահարել են, գրկել-համբուրել Անդրանիկ Նավասարդյանին, հանգցրել մխացող հագուստները, ապշել սեփական կյանքը այդքան հեշտ վտանգի ենթարկելու նրա ընդունակության վրա: Բայց պետք է ասել, որ սկզբնական ոգևորությունը անցնելուց հետո, Անդրանիկ Նավասարդյանի արարքը մարդկանց առանձնապես դուր չեկավ: Չնայած ամեն կերպ աշխատում էին այդ բանը թաքցնել: Որովհետև ինչ էր ստացվում: Բոլորով միասին կանգնած դիտում էին ահավոր հրդեհը: Բոլորով միասին մխիթարում էին վշտից խենթացած մորը: Բոլորով միասին չէին թողնում, որ նա կրակը նետվի: Ամեն ինչ բոլորով միասին: Բայց հանկարծ մեկը, ինչ-որ մի Անդրանիկ Նավասարդյան ուրիշ մի քայլ է կատարում: Այնպիսի մի քայլ, որ բոլորով միասին երբեք էլ չէին կատարի: Նույնիսկ մտքներով չէր անցնի: Ուրեմն ինչպե՞ս մեկնաբանել փաստը: Իբր ի՞նչ: Այսինքն՝ իրենք, բոլորով միասին, ուրիշ են, նա՝ ուրի՞շ: Բայց այդպես մտածելը մինչև անգամ վիրավորական էր, ու տհաճ զգացողությունը հեռու վանելու համար հաշվենկատ մեկը, բազմիմաստ ժպտալով, հիշեց ավտովթարի դեպքը: Մոռացված պատմությունը աշխույժ բանավեճի նյութ դարձավ, և ի վերջո բոլորը մի հաստատ եզրակացության եկան՝ օդում անհաշիվ պտույտներ գործած (այժմ արդեն պտույտների թիվը որոշակի չէր նշվում) և սարսափելի ուժով ասֆալտին զարնված երեխայի գլխի հետ ինչ-որ բան, անշուշտ, կատարվել էր: Անհետաքրքիր առօրյայով ապրող մարդիկ ատոմային ռումբի գաղտնիքն ու թաղամասի գեղեցկուհու բարոյական նկարագիրը սպառիչ քննարկելուց հետո, այս հարցին նույնպես անդրադառնում էին՝ ցանկանալով ճշտել, թե Անդրանիկ Նավասարդյանի գլխի հետ, այնուամենայնիվ, ի՞նչ է պատահել: Այն, որ մի բան եղել է, անկասկած էր, սակայն ախտորոշման շուրջ համաձայնության գալ ոչ մի կերպ չէր ստացվում: Վտանգներով հղի վեճերից խուսափելու համար մարդիկ այն է՝ ցանկանում էին հարցը, անլուծելի համարելով, վերջնականապես փակել, սակայն խենթի պես սիրահարվելով հյուրախաղերով Երևան ժամանած ռուս մի կիսահայտնի երգչուհու՝ Անդրանիկ Նավասարդյանը, հյուրախաղերի ավարտից հետո, նրա հետ միասին քաղաքից անհետացավ: Երկու օր անց զանգահարեց Ուրալի մյուս կողմում գտնվող հեռավոր մի քաղաքից ու փորձեց ծնողներին հանգստացնել, բացատրել արարքը: Բայց խոսափողում այնքան կողմնակի խշշոց-խռխռոցներ կային, և որդու ձայնը այնքան թույլ էր լսվում, որ ծնողները ոչինչ չհասկացան: Համարյա ոչինչ, քանի որ «Մեր», «Հրեշտակ», «Աստվածային գեղեցկուհի», «Կախարդական շուրթեր», «Շուտով կամուսնանամ», «Մի տարի հետո թոռ կունենաք» բառերը տասը րոպե տևած խոսակցության ընթացքում այնքան հաճախ կրկնվեցին, որ խոսափողը վայր դնելուց հետո, ծնողներին, այնուամենայնիվ ինչ-որ բան հուշում էին: Իսկ մոտերքում կամ ոչ շատ հեռու ապրող որևէ աղջկա հետ ամուսնացած ու սեփական տեսակը շարունակող տղամարդկանց Անդրանիկ Նավասարդյանի արարքը պարզապես գազազեցրեց, ու ավտովթարի դեպքի քննարկումները նոր և բավական անդուր բնույթ ստացան: Մեկ տարուց ավելի ծնողներն ու շրջապատը Անդրանիկ Նավասարդյանի վարած կյանքի մասին շատ աղոտ պատկերացում ունեին: Ճիշտ է, ամիսը 2-3 անգամ նա զանգահարում էր Ուրալի մյուս կողմում գտնվող իր հեռավոր քաղաքից և բավական երկար խոսում, սակայն խոսափողում եղած խշշոց-խռխռոցներն ու Անդրանիկի հազիվ լսվող ձայնը նրա հայտնածները ռեբուսի պես մի բան էին դարձնում, որ ընկալուչը վայր դնելուց հետո ծնողները փորձում էին լուծել: Իսկ նամակ գրել Անդրանիկ Նավասարդյանը չէր սիրում: Նոր տարվա, ծնողների ծննդյան օրերին հեռագրեր ուղարկում էր, բայց դրանք զուտ շնորհավորական բնույթ ունեին ու, անկեղծորեն ասած, այնքան անփույթ էին կազմված լինում, սխալներով լի, որ մեծագույն դժվարությամբ էին վերծանվում, ու վերծանելուց հետո էլ վստահություն չէր լինում, թե ուղարկողը հենց այդ մտքերն է ցանկացել արտահայտել: Մեկ տարուց ավելի ահա այսպիսին էր վիճակը, սակայն մի օր միջքաղաքային հերթական հեռախոսազանգից հետո ընկալուչը վերցնելով՝ Անդրանիկ Նավասարդյանի մայրը ապշեց, քանի որ որդու ձայնը հրաշալի ու հստակ էր հնչում, իսկ խշշող-խռխռոցները ընդհանրապես չկային: Հոգեբանափիլիսոփայական կարճ ներածականից հետո Անդրանիկ Նավասարդյանը սկսեց խոսել «Կյանքի տված դասերի» և «այդ դասերից քաղած օգուտների» մասին ու փորձելով առանձնապես չծավալվել «Գործած ահավոր սխալի», ինչպես նաև «Այդ ահավոր սխալը մեծագույն դժվարությամբ ուղղելու» վերաբերյալ՝ Անդրանիկ Նավասարդյանը մորը տեղեկացրեց, որ հիմա ինքը Մոսկվայում է: Տուն վերադառնալու մոր համառ հարցապնդումներին պատասխանելու փոխարեն Անդրանիկ Նավասարդյանը սկսեց նկարագրել Մոսկվայի առավել տեսարժան վայրերը՝ առանձնահատուկ ուշադրության արժանացնելով մետրոյին և նրա շքեղ կայարաններին: Բավական ժամանակ անց, հերթական հեռախոսազանգին, Անդրանիկ Նավասարդյանը նորից անդրադարձավ «Գործած ահավոր սխալի», ինչպես նաև «Այդ ահավոր սխալը մեծագույն դժվարությամբ ուղղելու» թեմաներին և դարձյալ չպատասխանելով տուն վերադառնալու մոր համառ հարցապնդումներին՝ հիմա էլ սկսեց նկարագրել Կիև հրաշագեղ քաղաքի պատմական հուշարձանները: Աշխարհագրության, պատմության, ճարտարապետության, գեղագիտության վերաբերյալ ծնողների ունեցած աղքատիկ գիտելիքները աստիճանաբար հարստացնելով՝ Անդրանիկ Նավասարդյանը իր հետագա հեռախոսազանգերին մանրամասն խոսեց Լենինգրադ-Պետրոս Մեծ-Սպիտակ գիշերներ, Մինսկ-Հայրենական Մեծ Պատերազմ-Վերածնունդ, Մերձբալթյան Հանրապետություններ-Անսովոր ծով-Սաթ, Չինգիզ Խան-Անապատ-Միջին Ասիա թեմաներով, ու մինչ շփոթված ծնողները ՍՍՀՄ եվրոպական մասի քարտեզի վրա գնդասեղավոր դրոշակներով նշում էին իրենց որդու անցած երթուղին ու փորձում կռահել, թե մոտակա օրերին հեռախոսազանգը որ քաղաքից է հնչելու, հանկարծ հեռագիր ստացվեց. «Դիմավորեք, գալիս եմ»: Բայց հեռագրում չէր գրված, թե երբ է գալիս, որտեղից կամ ինչով:
Մինչ ծնողները, ռեբուսները լուծելու մեծ փորձ ունենալով, փորձում էին այս հարցերի պատասխանը գտնել, Անդրանիկ Նավասարդյանը, մայիսյան թավշոտ մի երեկո, սեղմեց իրենց դռան զանգի կոճակը: Աշխարհագրության ուսուցչուհի ժասմինե Սանասարյանը, որ Անդրանիկ Նավասարդյանին Մարկո Պոլո անունով էր կնքել, դեպքից կես ժամ անց բակում հավաքվածներին տեղեկացրեց.
– Մարկո Պոլոն վերադարձավ: Պատրաստվեք շքահանդեսի:
Հաջորդ օրերին Անդրանիկ Նավասարդյանը քաղաքավարի ու սիրալիր ժպիտով պատասխանում էր ծանոթ-անծանոթների հարցերին, բավարարում նրանց անհագ հետաքրքրասիրությունը՝ իրենց շենքից շատ ու շատ հեռուներում գտնվող մարդկանց ու քաղաքների մասին պատմելով, սակայն կարճ ժամանակ անց զարմանքով զգաց, որ ուրիշները իրեն, չգիտես ինչու, յուրային չեն համարում, որ ինքը նրանց համար օտար է մնում, խորթ մեկը:
Նման վերաբերմունքից վիրավորված՝ Անդրանիկ Նավասարդյանը մարդկանցից ընդհանրապես երես թեքեց ու աշխատում էր չնկատել: Սակայն այդպես ապրելը գնալով դժվարանում էր: Շատ էր դժվարանում:
– Մեր պստիկ քաղաքին մարկո-պոլոներ պետք չեն,- մի անգամ նրա հետ խմելիս ասաց շենքի ամենամոլի հարբեցողը, որ մինչև իր հիմնական կոչումը գտնելը պատմության ուսուցիչ էր եղել և որոշ հարցերի վերաբերյալ սեփական տեսակետն ուներ, չնայած խնամքով թաքցնում էր,- առանց քեզ էլ գիտենք, որ երկիրը կլոր է ու մեծ՝ դասագրքերում կարդացել ենք ու հավատացել: Բայց պետք չի, որ մի ուրիշը որպես վկա այդ բանը հաստատի: Մեր պստիկ քաղաքում մեծ աշխարհի բնակիչները տեղ չունեն՝ մասշտաբները չեն բռնում: Դրա համար էլ աշխատիր չտարբերվես: Որ մենակ չմնաս: Սովորական, կարգին մարդ ձևացիր: Ոնց որ բոլորը: Ու կտեսնես, թե ինչքան կսիրեն-կհարգեն քեզ: Զիջողությունների գնա, թե չէ դժվար կապրես… շատ դժվար:
Քամահրանքով լսելով շենքի ամենամոլի հարբեցողին՝ Անդրանիկ Նավասարդյանը, բավական ժամանակ անց, իրենից անկախ ու աննկատ, սկսեց զիջողություններ անել ու սովորական, կարգին մարդ ձևանալ: Արդյունքը հրաշալի էր, քանի որ թշնամաբար տրամադրված շրջապատը կտրուկ փոխեց իր վերաբերմունքը, և գոհ այն մտքից, որ իրենք էլ իրենց սեփական «Անառակ որդու վերադարձը» ձեռք բերեցին, առանձնակի ջերմությամբ շրջապատեցին Անդրանիկ Նավասարդյանին: Եվ ավտովթարի դեպքը ընդհանրապես մոռացվեց: Ու ճարպոտված ժամանակը սկսեց շատ խաղաղ անցնել՝ սահուն և բարեկեցիկ:
Միայն աստղերին էր հայտնի, թե Անդրանիկ Նավասարդյանը ուշ գիշերներին, երբ կատարելապես վստահ էր, որ իրենից դուրս գտնվող աշխարհը սուսուփուս քնած է, ինչպիսի սրբազան սարսուռով էր բարձրացնում հայացքը՝ փորձելով ըմբռնել անընդգրկելին ու հարատևը, ու ինչ ահավոր ճիգեր գործադրելով՝ սեփական լինելությունը անսպասելիորեն փոխակերպում էր մի անտեսանելի հյուլե-կայծի, և ինքն իրեն տիեզերքի անհունն էր ճանապարհում՝ աշխատելով ներդաշնակորեն միաձուլվել ամբողջովին, շոշափելիորեն զգալ բացարձակապես այլ կարգի գոյություններն ու հավերժությունները, և թե ինչ խենթացնող-անբացատրելի վայելք էր դա նրան պատճառում:
«Սակայն այդպես չի լինում,- շշնջում է Անդրանիկ Նավասարդյանի ներսում եղած ձայներից մեկը վերադառնալուց հետո,- պարզապես անհնար է ու նաև վտանգավոր հնարածը որպես իրական վերապրելը»: «Իսկ դուք որտեղի՞ց գիտեք, հարգելիս, որ չի լինում,- մեղմ հանդիմանում է ձայներից մեկ ուրիշը,- եթե չի լինում, ապա որտեղի՞ց այս խենթացնող վայելքն ու անբացատրելի զգացողությունը»: «Ձեր խոսքերում հավանաբար դժվար ըմբռնելի ենթատեքստ կա,- փորձում է հասկանալ ձայներից ամենաբութը,- խորհրդանիշներ կան, որոնք անմեկնելի են»: «Չէ,- անասելի բարությամբ բացատրում է ձայներից նա, որ Անդրանիկ Նավասարդյանի լինելությանը տիեզերքի անհունն է ուղեկցել,- ոչ մի ենթատեքստ, ոչ մի խորհրդանիշ, պարզապես երբեմն այդպես էլ է ստացվում, միայն թե հարկավոր է փորձել»: «Խենթանալ կարելի է, տիկին,- անզուսպ քրքջում է ձայներից ամենասթափը, որ համառորեն հերքում ու անտեսում է մյուս ձայների գոյությունը,- ձեր կախարդական շուրթերն ու հրեշտակային գեղեցկությունը մի՞թե այս գիշեր ինձ կատարյալ երջանիկ լինելու հնարավորությունն են ընձեռելու»: «Հնարավորություններ միշտ էլ ընձեռվում են,- շշնջում է մի ձայն, որին ոչ ոք չի ճանաչում,- սակայն ըմբռնել է պետք և ճիշտ օգտագործել»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։