1994 թվականն էր: Ապրում էի Բելգրադում: Հաճախ էի այցելում պատերազմի բոցերում հայտնված Հարավսլավիայի ամենատաք ու վտանգավոր վայրերը: Այդ ժամանակ լույս տեսավ «Բալկանյան կրակների միջով» ակնարկներիս և ուղեգրություններիս գիրքս: Ամիսներ անց սերբերեն թարգմանաբար լույս տեսավ նաև «Հայրենիքի բույրը» բանաստեղծություններիս ժողովածուն: Բելգրադում մի օր հանդիպեցի սերբ անվանի գրաքննադատ ընկերոջս:
– Տեղյակ եմ, որ տպագրված երկու գիրք ունես սերբերենով, անպայման դիմի՛ր Սերբիայի գրողների միությանն անդամակցելու համար,- ասաց նա,- քեզ բոլորը ճանաչում են և բարձր են գնահատում գրական վաստակդ:
Դիմեցի՛: Օրեր անց տեղեկացա, որ ընդունող հանձնաժողովի բոլոր անդամները առանց բացառության համաձայնել են:
1995-ի սեպտեմբերին վերադարձա Երևան: ՀԳՄ նախագահ Ռազմիկ Դավոյանը ԶԼՄ-ներից տեղեկացել էր Սերբիայի գրողների միությանն անդամակցելուս մասին: Ցանկանում էր զրուցել հետս, տեղեկանալ կատարած աշխատանքիս մասին: Նախ շնորհավորեց, հետո ափսոսանքով նշեց, որ հայ գրողը օտար երկրում գրողների միության անդամ է, իսկ Հայաստանում՝ դեռ ոչ:
– Սեպտեմբերին ծրագրված է անցկացնել ՀԳՄ արտահերթ պլենում,- ասաց Դավոյանը,- քսանամյա գործունեությանդ մասին հակիրճ ելույթ պատրաստիր: Բոլորն էլ քաջատեղյակ են հայ-սերբական գրական կապերի ոլորտում քո արածին:
Համաձայնեցի՛: Անդրադարձա գործունեությանս առավել բնութագրական շերտերին: Պլենումին ներկա էին մեր անվանի բանաստեղծներ Սիլվա Կապուտիկյանը, Մարո Մարգարյանը, Գևորգ Էմինը, որոնք իմ ելույթից հետո դիմեցին նախագահ Դավոյանին՝ հաստատելու ՀԳՄ-ին անդամակցությունս՝ հաշվի առնելով հայ-սերբական գրական կապերում բազմամյա վաստակս:
Գրողն իր ժողովրդի խոսնակն է, մանավանդ մեր օրերում, երբ այլալեզու ու անհայրենիք քոչվորները բախում են մեր հայրենիքի դուռը: Գրողների միության անդամատոմսը գրողը պարտավոր է կրել սիրով, նվիրյալի պես, գրավոր խոսքով սատարել և ամուր պահել մեր երազապաշտ ոգին: