Մետաքսե
(23.12.1926 – 10.08.2014)
Բանաստեղծ
ՀԳՄ անդամ 1963 թ.-ից
ԱՄԵՆ ԳԻՇԵՐ
Ես մեռնում եմ ամեն գիշեր
Վերածնման նոր հույսերով,
Դեռ մեռնում եմ մահով անմեռ,
Եվ այդ մահս երազ է ծով…
Բայց աշխարհը նույնն է մնում,
Մեռնող ամեն արցունքն է ցող,
Մեռնող ամեն գիշերն անհուն
Առավոտ է շողշողացող:
Նույնն են մնում աստղ ու լուսին,
Ես էլ նույնն եմ մնում, կարծես,
Միայն ինչ-որ մեկն իմ մասին
Աստղերից է շշնջում քեզ,
Թե՝ աշխարհում դեռ կա՛ մի կին,
Որ մեռնում է ամեն գիշեր,
Եվ համբարձված նրա հոգին
Շաղ է տալիս աշխարհում սեր…
ԳԱՂՏՆԻՔ ՉԻ ՄՆՈՒՄ
Լվացքդ սիրուդ նման փոքրացել,
դարձել է մի բուռ,
Եվ սի՜րտդ է տաշտիդ նման փոքրացել,
Դու թաքցնում ես խնամքով, իմ քույր,
Բայց ինձ հավատա,
Որ ես քո փռած լվացքներից եմ միայն զգացել,
Որ տանդ վաղուց տղամարդ չկա…
Ամեն տան լվացք ունի յուրովի կենսագրություն,
Որին նայելիս զգում ես իսկույն,
Թե ինչ մարդիկ են ապրում այդ տան մեջ,
Ինչ ճաշակ ունեն,
Ունեն ինչ տարիք և անգամ ինչ սեռ…
Ձեր պատշգամբից ձգվող պարանին
Չես փռում արդեն դու
տղամարդու վերնաշապիկներ,
Տնազգեստներ, տաբատ չես փռում,
Ու նայողներին լվացքդ անքեն
Մատնում է, ավա՜ղ, այրիանալուդ
Տխրությունն անտեր…
Ամրակալների փայտե մատները սիրտդ կսմթում,
Ցավով են սեղմում ապրածիդ թերին,
Քամին մարում է ճերմակեղենի լույսերը տրտում,
Նրանց փեշերով իրիկնամուտը
ծեփում պատերին:
Ննջազգեստդ փաղաքշանքի կորուստից սմքել,
Կառչել է ահա
Օրերին կապող միակ պարանից,
Զեփյուռը կռվում քղանցքը
նախշող ծաղկանց հետ գունատ,
Թերթիկների մեջ սփռում է թախիծ…
Շրջազգե՛ստդ, շրջազգե՛ստդ հողմից ցնորվել,
Մենավոր հովից խելագարվում է
տանդ պարանին,
Ախ, հիմա ինչքա՜ն
Խելագարներ կան,
Որ բախտի քամուց իրենց կորցրել,
Խփվում են այսպես կյանքի պատերին…
ՔՄԱՀԱՃՈՒՅՔ
Սիրահար կնոջ քմահաճույքի մատներախաղով
Ես մեկիկ-մեկիկ արձակելով եմ փրկում սադափե
Այս կոճակները, որ օղակների շրջափակումով
Շղթա են կապել քո ոսկեդեղին վերնաշապիկի
Փակ օձիքն ի վար,
Ու փայլփլումով նայում են շվար,
Թե ե՞րբ խենթացած կանացի մի
ձեռք կփրկի իրենց.
Ու ես փրկում եմ քո զգայական շոգ օգոստոսից
Ոչ միայն նրանց,
Այլև քո կրծքի լայնքն ու երկայնքը
բնությամբ շահած
Աղվամազերի այս ծմակը մութ,
Որ ողջագուրվում կեսօրն օրորող
զեփյուռի հետ զով՝
Իր ամբողջությամբ բուրում է քեզնով…
Այս երբ շղարշվեց երազանքներիս
ցնորքը կապույտ.
Ու տարավ հոգիս, տարավ մոլորեց
Այս թավիշի մեջ,
Այս թավուտ հենքում,
որ բաբախում է սրտիդ զարկերով,
Ու թրթռոցը շնչաբերական
Դողահարվում է մատներիս
այրող շիկացումներից…
Հազար երանի կշնորհեմ ինձ,
Թե կարողանամ անցնել
այս մազե կամրջակներով
Ու տիրել սրտիդ, որ լի է դատարկ միամտությամբ,
Այն մտերմությամբ,
որ ապրում է լոկ սիրահարության
Աղվամազային ստվերախաղով,
Եվ ո՛չ թե սիրո հարատևության արևգալներով,
Որ լի են կյանքի հեթանոսությամբ…
Չեմ էլ վախենում,
թե կարոտներիս կայծկլտումներով
Կխանձեմ հանկարծ կուրծքդ
գարդարող նախամարդկային
Այս ծփանքը տաք
Ու քիթս խոթած նրա թավիշե երանության մեջ,
Դեռ շնչում եմ քեզ,
Դեռ արտաշնչում, ցնորում եմ մեզ-
Որ վարդավառի կիրք ու փայփայանք
Մեր ներսում բախվող այս իրարամերժ
Ինքնահաստատման բարձրավանդակում,
Ու երջանկության հայտնագործությամբ
Մեր բաժանումին բերի սուրբ հերքում…
Գինարբուք ապրող կնոջ
քմահաճ մատներախաղով
Ես մեկիկ-մեկիկ համբուրելով եմ
արձակել սադափ
Այս կոճակները, որ կյանք են մտել քո ոսկեդեղին
Վերնաշապիկի նուրբ օղակներից.
Թե հերթը գա ինձ,
Սիրուդ փոխարեն անտարբերությամբ
մի օր օղակվեմ.
Թող վախճանիս հետ այս փափուկ հենքում,
այս թավիշի մեջ
Քո՛ ձեռքով թաղվեմ…
ՄՈՌԱՑԱ
Սիրտս մոռացա գիշերը քեզ մոտ,
Անսիրտ քայլեցի ձեր փողոցն ի վար,
Կյանքս ծերացավ մինչև առավոտ,
Ձեր փողոցն ի վա՜ր, ձեր փողոցն ի վե՜ր…
Սիրտս պահերով թե դու վեր տարար,
Տարո՛վ վար տարար, քարո՛վ վար տարար,
Ախ, կյանքս վեր ու վարերով անցավ,
Վարերո՜ւմ անցավ…
ՀԻՇԻՐ ԻՆՁ
Դու այս գիշեր մաքրությամբ,
լույս մաքրությամբ հիշիր ինձ,
Թող արցունքներ ես դառնամ
ու գլորվեմ այտերիդ,
Թող փշրվեմ ներումի, նվիրումի ճամփին քար,
Միայն թե դու այս գիշեր սուրբ
մաքրությամբ հիշիր ինձ:
Դու այս գիշեր ետ մնա կարոտներից անանուն,
Թող մոմի տեղ ե՛ս այրվեմ
հուշերիդ մութ խորանում,
Գիշերն իջել է ծունկի ու, խոնարհված լուսնյակին,
Նահատակված իմ սիրո
խաչքարերն է համբուրում…
ՍԻՐԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Իրիկնամուտի կիսալուսնի մեջ
Դու երևացիր որպես երազի հմայող տեսիլ,
Որպես անխնամ մի հին հայտնություն,
Մեռնող արևի ցոլքը մակարդող վերնաշապիկով,
Պիջակով կապույտ
Ու երկնքի պես գլխաբաց ու խեղճ…
Իրիկնամուտի ստվերների մեջ,
Գգվանքների մեջ այն աստեղնաշար ուռենիների,
Հանկարծ հայացքով բռնեցիր դու ինձ
Ու խուճապահար ջահելությանդ շոգ ինքնագրով
Վառեցիր ձեռքիդ ծխախոտն իսկույն,
Ծխեցիր տխուր, ծխեցիր երկար ու տագնապով լի,
Ծխեցիր ագահ,
Թվաց, ուզում ես պատկերս ծխով
ցնդել քո ներսում…
Իրիկնամուտի շրշյունների մեջ
Մի այրող ալիք խանդից
թրթռաց արյանդ հոսքում,
Մայթերը կրքից լիցքավորվեցին քո ոտքերի տակ
Ու գունատվեցին որպես
ասֆալտե ապրող ափսոսանք…
Գուրգուրանքների սոսափյուններով
աշխարհն օրորվեց,
Կարոտի հույսը վառվռեց
հոգիս անծանոթ լույսով,
Բայց դու ձեռնապահ համարձակությամբ
Ինքնախաբվեցիր սիրո մեջ անգամ,
Երբ սկսեցիր սպասել, հուսալ,
Անսալ ողորմող նախաձեռնության
շշունջին իմ խուլ…
Իրիկնամուտի խաբկանքների մեջ
Դու հայտնվեցիր որպես պատրանքի
նվաղող երանգ,
Որպես միամիտ
այրականության մտավախություն,
Ու սպանեցիր երկյուղածության տնօրինությամբ
Մի նորաբողբոջ,
Մի ողբերգական սիրահարություն…