Հոգու կուտակումները լույս աշխարհ բերելու համար արվեստագետին երբեմն բավարար է լինում կարճ մի ընթացք, երբեմն էլ՝ երկար տարիներ: Հաճախ բուռն ստեղծագործական ակտիվությանը հաջորդում է երկարաձգվող լռությունը, որը ճեղքելուն նպաստում են անսպասելի շրջադարձեր կյանքում, մարդկային հարաբերությունների վերանայումներ՝ երբեմն օտար աչքի համար աննկատելի, աննշան, բայց խիստ էական, հեղափոխիչ՝ ստեղծագործող անձի համար: Հոգու քուրայում հասունացած բառ ու կերպար, մտածում և հույզ ուներ Կամիլան շուրջ մեկ տասնամյակ, որ մի հուժկու պոռթկմամբ ցայտեց իր վեցերորդ ժողովածուի՝ «Ծաղկած ցավի» տեսքով։ Նախորդ գրքերը տպագրվել էին 1999-ից սկսյալ՝ ընդամենը մեկ-երկու տարվա տարբերությամբ, ամենամեծ ընդմիջումը եղել էր չորս տարի: Եվ ահա 11 տարվա լռությանը հաջորդեց «Ծաղկած ցավը» Կամիլա Երկանյան-Քեշիշյանի նոր, առավել խտացված գույներով, պատկերավորման հարստությամբ ու խտությամբ աչքի ընկնող, պինդ ու վստահ վրձնահարվածներով արված փոքր ու միջին ծավալի բանաստեղծական կտավների ծնունդը: Ինքն իր տառապանքի երկարամյա լուռ ընթերցողը հիմա մի «անխինդ երջանկությամբ» երկխոսում է ինքն իր հետ՝ կիսաբաց անելով իր աշխարհի դռներն ընթերցողի առջև, այն աշխարհի՝ «Որտեղ չկա՛յ չարութիւն ու տատասկ,//Որտեղ վհուկներ չեն վխտում://Քամուն եմ տուել ցաւդ մրրկահողմ,//Պսակով օծել վիշտդ զարդարուն…»:
Իր կուրծքը պատռելով ճակատագրի դեմ՝ հիմա անհաշտ-հաշտված, ընդվզող-խոնարհ, տարիների մեջ իմաստնություն ամբարած՝ մենախոսում է, և իր տողերը հասցեական են, խոկումը՝ ծայրեիծայր ապրված… Հետո արդեն՝ հետագա էջերին քիչ առ քիչ բացահայտվում է իր տառապանքի աղբյուրը, բայց էլի նուրբ գծագրումներով, բանաստեղծական պատկերների և այլաբանության լեզվով՝ տողատակի և տարընթերցումների համար տեղ թողնելով։ Տառապանքի կնիքն ունեն իր վերապրումները մանկության տան դռների առջև հայտնվելուն պես՝ իրեն այցելած պատկերներով ու հուշերով պարուրված, տառապանք է ապրում, երբ աշխարհից ու մարդկանցից օտարված որբ մանկանց հայացքներների մեջ է հոգեսուզվում, տառապանքի խորը կնճիռն է գծագրվում Կամիլայի տողերում, երբ խոսում է հանուն հայրենիի կյանքը զոհած այրերի մասին: Սրանք առանձին բանաստեղծական շարքերի մեջ են զետեղված, թեև թեմատիկ առումով խիստ սահմանազատված չեն, բանաստեղծական հարուստ լեզուն էլ ու պատկերահամակարգը թույլ են տալիս խորհրդապաշտ լինել՝ ջնջելով հիմնական թեմայի և անհատի զգայական աշխարհի ու դրանից բխող վերաբերմունքի արտահայտության միջև բոլոր սահմանները: Փորձել տարանջատել, թե սա հայրենիքին նվիրված շարք է, իսկ մյուսը՝ սիրուն, երրոդը՝ զուտ խոհական, չորրորդը՝ բնապատկերների շարան և այլն, Կամիլայի պոեզիայի պարագայում անկարելի է, քանի որ սրանք ներհյուսված են մեկմեկու, շատ գործերում՝ բազմաճյուղ, տարընթերցելի: Որքան ընդհանրական, նույնքան հասցեական են, և սա է քնարերգության հմայքն ու ուժը… Գիրքը բացվում է հայրենիքին ուղղված տողերով, բայց այն ձոն չէ, ավելի շատ մտերմիկ զրույց, սիրահարված կնոջ՝ ապավեն գտնելու կերպ, հավատարիմ զավակի մտերմիկ դիմում իր ծնողին, ցավը հասկացողի և կիսողի երկխոսություն. «Տունս յենուել եմ մարող արեւիդ», «Բառս յենուել է ծարաված շուրթիս», «Վէրքս յենուել է փլատակ յոյսիդ»,- այս տողերով են առանձին-առաձին գլխագրվում բանաստեղծության պարբերությունները՝ անձնական ապրումի լեզվով արտահայտելով հայրենի եզերքի հանդեպ իր վերաբերմունքը. դա գալիս է նաև մանկությունից քաղված վառ հիշողությունից, ինչին հետագա շատ գործերում անդրադարձներ ունի: Իսկ այստեղ սեր ունի՝ հայրենի «արնաթաց հողին» շաղված, «փլատակ յոյսերի» առկայությունը չի վանում, ընդհակառակը՝ ձգում, առավել սիրելի է դարձնում. հայրենիքն իրեն որպես ապավեն է դիտում և պատկերացնում լույսերի մեջ. «…յենուել եմ ես մանկութեանս արդար,//Իսկ նա յենուել է արեւիդ լոյսին,//Որպէս յաղթութեան յենարան անհաս»:
Հայրենիքի հետ իր ներդաշնակման-միաձուլման իղձ-ցանկությունը կարդում ենք հաջորդիվ՝ «Դաշտ է մարմինս հիւլէ,//Ուր երցուկն է ապրում,//Խառնիր նուագդ անհուն//Նրա հունչերին մաքուր…»:
Իր նվիրմամբ քնարական հերոսը թագադրում է կատարում իր հայրենիքին՝ «զերթ լուսատուի», գուրգուրում է այն՝ «հանց իր ձագի», լվանում է նրան «արնավէրք ցավից», մաքրում «ստուերախոց ճահճից»… Իրականության պատկերը տալով գեղարվեստական պատկերի միջոցով՝ ավելի տեսանելի է դարձնում իրերի բուն վիճակը՝ չհուսախաբվելով, սակայն, և ոչ էլ հուսախաբելով ընթերցողին, քանզի լույսի և արևի ներկայությունն է ամենուր, և ապագա թագադրումների հրճվանքն է սպասվում «Մաքրե՜մ ստուրախոց ճահճից,//Թագադրե՜մ, զերթ լուսատու,//Մեզ նոյն Արեւն է պահում,//Ինչպէս հմուտ նավարկու»:
Օրերի հոլովույթում ապրված իր հուսավառության և հիասթափության, քաղած փորձառության, վանող հասարակությունից տարանջատվելու, պատրանքներից ցավագնորեն ձերբազատվելու մասին է խոսում հեղինակը «Ճգնաւորները» յոթնապատումի մեջ:
«Երազներ են թափւում մեր մարմնից,//Դատարկւում է անզօր գիշերը»:
«Թափո՛ւր է աշխարհը մեզնով». պատրանքների անկման պահերին և իրականության դաժանությանը բախվելով՝ «սպիացող քաղցր վէրքերով» ճգնում է ապրել իր օրը:
Կյանքի «դառնաշունչ փչող հովերին», «գորշ անցեալի մահականչերի» հիշողության, ապրվող ժամի «չարախնդության» մեջ դիմում է Արարչին՝ ուժ առնելու կյանքի ու վախճանի համար. «Աստուածները երբ լալիս են,//Ո՞նց բարբառեմ այս ամենը://Արարի՛չ, օգնի՛ր ինձ անվախ//Արնոտ կեանքի դուռը փակել»:
Բանաստեղծն ինքն իր մտքերի հետ կռիվ ունի, մերթ ներում, հանդարտվում է, մերթ ընդվզում-ծառս է լինում: Խոհեր են հավերժականի և անցավորի մասին, խոհական բանաստեղծության նմուշներ են, որ երբեմն մղձավանջների վերապրումով են արտահայտվում: Կյանքի և մահվան մասին խոհը հոռետեսությամբ է եզրագծված. «Մղձավանջը ելել՝ ընդերքի խորքից,//Գլխատուած կեանքի երազն է խժռում»:
Նույն անկումնային տրամադրությամբ են ստեղծված շարքի «Մղձաւանջ», «Տարփուհին», «Երբ աշխարհը փտում է հիփնոզով փառքի» գործերը, առաջինում՝ մարդկության հոգեկան թշվառության, երկրորդում՝ սիրո մահվան և պղծության, երրորդում՝ նախանձից մինչև համաշխարհային աղետի մասին ծանր մտածումներն ու նկուն տրամադրությունները: Այս ամենը բերում կապում է Հայրենիքի ներկայի և ապագայի հետ առնչվող սեփական մտահոգությանը, «…Երբ օրերը անտուն են եւ անսէր//Ու նոյնիսկ դիմակներն են լալիս//Եւ դարն է զառանցում՝ փտախտը կեանքի//Իսկ հայերնի տունը դատարկուող փեթակ է ասես…»:
Երաժի՛շտը հենց պիտի հայության ներկայի նկարագիրը տալիս կորուստների մասին խոսեր այս տողերով. «Երբ հնամենի բոյնը ծախում են մի քանի գրոշով//Ու թրքաթաթախ կըլկըլոցները գերադասում՝//Սեփական արեան լադերից…»:
Սեփական արյան լադեր են Կամիլայի «նվիրումները» նրանց, ովքեր կյանք ու երազ չխնայեցին հայրենի արմատները պահպանելու համար: Բանաստեղծությունների մի փունջ ձոնված է՝ ի հիշատակ և ի պանծացում նրանց, ովքեր՝ «…չվերադարձան,//Հասկանալով,//Որ հեռուներից իրենց հետ տուն են բերել//Ծանր առաւօտները, պատերազմները,//Հացի կարմիր դաշտերը,//Ուր արեւը արեան կաթիլներից//Լայնանում, ուռչում է եւ//Պայթում օրուայ ափերում…»:
Ծանր բան կա պատերազմից թե՛ վերադարձողների, թե՛ չվերադարձողների հուշ-զգացողություններում, նաև նրանց, ովքեր, անտեղյակ պատերազմից՝ ապրում են իրենց մանկությունը և հետո՛ են գիտակցելու իրենց հայրերի հերոսացման գինը. «…Իսկ երեխաները շարունակում են//Կռիւ-կռիւ խաղալ//Հեռացող թռչունների բներում»:
Մահվան ու հերոսացման, տված զոհերի համար ափսոսանքի մասին է խոսում խորհրդանիշների լեզվով, և սիմվոլներից մեկն էլ կերպավորված Ծառն է. «Հեղուկ մթի//Փամփշտահար եզերքում//Սաւառնում է հայեացքս,//Որին հանգում է ծառը,//Որ չմրսի,//Ու նրա բարալիկ ճիւղերը//Բողբոջում են վէրքերիս վրայ…»:
«Համբոյրս որպէս վիրակապեր դնեմ վէրքիդ վրայ»,- ասում է նա ազատության մարտիկին: «Քո աչքերի մէջ//Յոյսի կանգառներն են//Հայոց բարձրադիր//Եզերքը պահում…»,- այսպես է իր խոնարհումը բերում բանաստեղծուհին հանուն հայոց գոյության նահատակներին և ապա վերջակետում՝ «հերթը մե՛րն է//Պատուով ապրելու»:
«Լռութեան ճիչը» լսելի է սիրելիների հեռացումից հետո, և այդ ցավը տարբեր գեղարվեստական արտահայտություններ է առնում Կամիլայի գրքում: Կարճ, ընդամենը մի քանի տողից կազմված գործերում խտացումները մեծ են, ասելիքը՝ ազդու: Իսկ «Պատերազմ» բառը՝ միայն վերնագրում:
«Երկնքի գունատ դէմքից//Դալկադէմ աշնան մի տերեւ ընկաւ սեղանիս,//Որպէս գալիքի ցուրտ օր»:
2017-ին գրված այս եռատողը անցյալի վերապրո՞ւմ է, ներկայի տագնա՞պ, ապագայի վտանգի կանխազգացո՞ւմ. թերևս բոլորը միասին, որ բնապատկերի միջոցով ընթերցողին է հաղորդվում՝ ընկողմանելով նրան տագնապահարույց մտածումների մեջ: Դաշտերից տուն բերված «վիրավոր թռչունների», «պատառոտուած երկնքի» երեխայի պես լացի պատկերները դարձյալ զուգորդվում են պատերազմի հետ:
Ապա հաջորդում են ինքնազննումները՝ «Ինքնանկար», «Տար ինձ քո հեռուն» և այլ գործերում: Հոգու թևավոր տենչանքներով, «ցավէ պսակ» հեծեծանքերով, բեղմնավոր հույզերով, լուսաբեր հմայքներով՝ «ստուերներից լոյս թրծող աղջիկ» է, որ ներհայեցումներով, մտովի սավառնումներով, միայնության մութ ժամերով և հեռուն տանող լուսաբացներով գծագրում է իր ներքին կառույցը: Թռչունը, որին դիմում է, հենց իր կերպավորումն է. «Քո թեւերը հրեշտականման են,//Իսկ թռիչքը՝ գնդակահարուած….//Թռչու՜ն,//Տար ինձ քո հեռուն…»:
Ինքնադիմանկարի մի այլ յուրահատուկ դրսևորում է «Մի՛ մոտենայ իմ սեղանին» տողով սկսվող բանաստեղծությունը. «…Ես՝ անտիպ բանաստեղծութիւն//Դրուած կեանքի զոհասեղանին…»:
Մի այլ տեղում՝ «Հայելիներ» շարքի Ե մասում, դարձյալ իմաստավորում է իր գոյությունը, այն է՝ լույս սերմնավորել հոգիներում. «Իմ ձեռքերում//Լոյսի սերմեր են//Որ բերել են թռչունները//Ու ափերիս մեջ բնաւորել իրենց գոյութիւնը…»:
Հուշը բանաստեղծական ապրումի հիմքն ու աղբյուրն է, բայց Կամիլան ներփակված է իր մեջ, ու իր խոսքն ակնարկի գաղտնիքով է կառուցված. ամբողջապես չի տալիս ընթերցողին իր բաժին հուշ-հիշողությունը, գաղտնորեն է վերապրում մորմոքները՝ վաղ տարիներից մաշկի տակ առած. «Մի՛ դիպչիր յուշիս.//Նա իր մէջ ներծծում է//Ապրած օրերիս հանրագումարը…»:
Այս հանրագումարում շարունակ հոլովվում է իր մանկությունը, ու այստեղ արդեն գույները մեղմվում, լույսի բաժինը շատանում է: Ամենը գնում-հանգում է մանկությանը, որի պայծառությունից շարունակ լույս է քամում ու բերում լցնում իր տողերը: Նույնին ականատես ենք եղել Կամիլայի նախորդ՝ «Բառահանդէս» գրքում, և հիմա էլի նորանոր ձևերով անդրադառնում է իր վաղ զգացողություններին. «Մանկութիւնս ու ես,//Կտուց կտցի օրհնում ենք//Իրիկնահաց բաժանող//Թռչուններին»:
Կամիլայի «մազապուրծ հուշի երակներից\\Կարօտի երգեր են հոսում»: Այդ կարոտի արտահայտությունն է նրա «Ռեքվիեմը»՝ բազում ափսոսանքներով ու հուշի պատկերազարդումներով: «Ես կանգնած եմ մեր հին տան առջեւ…». այսպես է սկսում ու նույն տողով ավարտում բազմամաս «Ռեքվիեմի» շատ դրվագներ, ու սա ակամա հիշեցնում է երաժշտական երկի կառուցվածք. դարձյալ նվիրում է, այս անգամ նրան, ով միշտ եղել է մանկության հուշերի հորիզոնում, ումից լույս ու ջերմություն է քաղել, ում երկրպագել է, ումով հիացել է, ում ներկայությունը, թեկուզ հեռահար, ջերմացրել է իր օրերը: Հա՛յրը:
Մանկությունն այն ապաստանն է, որտեղ շարունակ վերադառնում է, որում իրերը շնչավոր են ու կրում են իր գոյության նախասկզբի իմաստը, որի ամեն մի աղճատում ցավագնորեն է գնահատում. վերապրումները տարամերժ են: Դրան հաջորդել են «կեղեքված արշալույսներ», «ոտնաչափ տարածություն ունենալու գոյապայքարը»: Իսկ իր փայփայած հուշերում՝ մանկության անձեռնմխելի աշխարհում՝ «Հայրենիքը տաք հացի յիշողութիւնն է՝ դաջուած//Իմ հին տան պատին,//Որտեղ Աստծոյ ամէն ատաւօտ//Մանկութիւնս թռչու՜մ է դէպի Նա՝//Ամոքելով մեզ համար պահուած օրերի չափաբաժինը»:
«Կարմիր մայրամուտների հեքիաթում» տեղավորված իր աշխարհում վերադարձը ոչ միայն հին տպավորությունների վերապրում է, այլև վաղ կորուստների ցավի կենդանացում ու վերագնահատում, բայց ցավն այդ ծաղկած է, ոնց փշածաղիկն է գեղեցիկ ծաղկում՝ բոլորովին անսպասելի… Այդ հուշերի մեջ վեցամյա աղջնակի արած նկարն է, կարմիր կոշիկները, բանալիների ձայնն ու հոր ոտնաձայները, որոնց արթուն սպասում էր դուստրը ներսի սենյակում: Նման սպասում բանաստեղծուհին ապրել է շարունակ, ու կարոտի նկարագիրն այսպես է ձևակերպում Կամիլան. «… կրծքիս տակ անդադար քնում-արթնանում են//Սպասումի աչքերը՝//Ճանապարհի վերմակով ծածկելով իրենց անյագուրդ կարօտը,//Երբ ուղղութիւնը անհետք է//Եւ ժամանումը չի՛ ճանաչում ոչ մի տարածք,//Եւ բացակայութիւնը քո ներկայութիւնն է փորագրված իմ մէջ…»:
Գեղարվեստական առանձին արժեք են ներկայացնում բանաստեղծուհու կերտած՝ առնվազն մի տասնյակի հասնող զուտ բնանկարներն ու «նատյուրմորտները», որ թերևս նկարչի աչքի դիտողականության արդյունք են: Ահա դրանցից մի նմուշ՝ «Անձրեւից հետոյ//Նռնենիները հորիզոններին կ’ընծայեն//Մերկութիւնն իրենց//Ու իրենց մէջ բանտած//Կարմրակէզ պտուղներ կը սփռեն//Անկշռութեան մէջ»:
Ահա և մի նատյուրմորտի օրինակ՝ «Կաւէ հին կարաս//Նրա մէջ//Մի կաթիլ գինի//Գինու կաթիլում//Մի հատիկ ցորեն//Ու նրա երազում//Ծփանքը արտերի»:
«Ծաղկած ցավ» բանաստեղծությունների ժողովածուի՝ քննարկման արժանի թերևս ամենից հզոր բաժիններից մեկը սիրային քնարերգությունն է: Սկսյալ «Առյուծաբաշ արքաներ» քերթվածքից մինչև «Արեւելքի գիշերներ» բաժնի երգերը, անթաքույց, գիրգ, պերճ ու հասուն սիրո արտահայտություններ են՝ հատու վրձնահարվածներով, թանձր գունեղությամբ, սիրո և վայելումի զգացումով հագեցած, բանարվեստի արտահայտչամիջոցների ճոխ գործածությամբ:
«Կեանքն ըմբոշխնող արու-արքայ մարմիններ,//Հարուա՛ծ-հարուա՛ծ սուզուող խորքը ցնծութեան,//Հասնումների սիրատոչոր ժայթքումով,//Առագաստի քրտինքներով բոցավառ…»: («Առյուծաբաշ արքաներ»)
Սիրո խտտանքի հարուստ գույներով է լեցուն «Ծով» խորագրված շարքը: Այն արևելքի պերճ գույն ու հանգով է ստեղծված՝ վայելումի խոնջանքով ու հրճվանքի զգացումով: «Հասունցած հասկի կշռոյթով» իր «առագաստի դաշտերուն փռուած//անուշաիւղ մերձեցումի ապրումով» հեգում է իր սիրեցյալին՝ անհագուրդ, առատ, բոլորանվեր:
Կամիլայի «Ծաղկած ցավ» բանաստեղծությունների ժողովածուն այլ շերտեր էլ ունի, ընթերցողը նրանում բազում բացահայտումներ ունի անելու: