Նորվեգացի նշանավոր բևեռախույզ, մեծ մարդասեր, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենը համաշխարհային քաղաքակրթության համայնապատկերում շողշողացող այնպիսի աստղ է, որ լույս է սփռում չորս կողմը, ջերմացնում ու ոգեշնչում մարդկանց: Նա բացառիկ ներդաշնակությամբ զուգակցում էր մեծ գիտնականի, հասարակական գործչի ու մարդասերի լավագույն հատկանիշները: Նանսենն առաջինն էր, որ չքավորին օգնության ապահովումը կարեկցանքի աստիճանից հասցրեց գործնական քաղաքականության, իսկ սովորական անձնական բարեգործությունը՝ պետական ակտի մակարդակի:
Ֆրիտյոֆ Նանսենի պայքարը՝ հանուն մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության, փոխեց դիվանագետների ու քաղաքագետների տեսակետն իրենց սեփական գործունեության նկատմամբ և ստեղծեց նոր չափանիշներ միջազգային քաղաքականության մեջ:
Ֆրիտյոֆ Նանսենի մարդասիրական հսկայական նվաճումների ողջ պատկերը կարելի է բաժանել երեք հիմնական խմբի՝
ա) Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ–ից Նորվեգիա սննդի պաշարների առաքման միսիան:
բ) Ռազմագերիներին, սովյալներին ու Առաջին համաշխարհային պատերազմի փախստականներին ցուցաբերած աջակցությունը:
գ) Ազգերի լիգային նրա աջակցությունը:
Նանսենյան օգնության կոմիտեի նախաձեռնությամբ մոտ յոթ միլիոն մարդկային կյանք փրկվեց սովից Վոլգայի ավազանում, որպես Ազգերի լիգայի օգնության Գերագույն հանձնակատար՝ նա օգնեց, որ Հունաստանի կառավարությունն ստանա միջազգային խոշոր փոխառություն՝ փախստականների համար տներ կառուցելու նպատակով: Հայ ժողովրդին օգնելու համար Ազգերի լիգայի ասամբլեան խնդրեց Նանսենին երկարացնել փախստականների հարցերով իր աշխատանքի ժամկետը: Եղեռնից մազապուրծ երեք հարյուր քսան հազար հայեր նանսենյան անձնագրերով ստացան նոր կյանքի և գոյության պահպանման համար հենակետ:
1925–ին ուսումնասիրելով հայ գաղթականների բնակեցման հնարավորությունները՝ Ֆրիտյոֆ Նանսենն ամբողջովին նվիրվում է հայ ժողովրդին օգնելու գործին: Սարդարապատի անապատում գաղթականության համար կենսապայմաններ ստեղծելու ծրագրի վրա աշխատելու ընթացքում Նանսենը զուգորդումներ է կատարում բնակլիմայական պայմանների, պատմական տեղեկությունների արհեստական ջրատարների հնարավոր գոյության և ժամանակի իրական պայմանների միջև՝ ցուցաբերելով զարմանալի իմացություն երկրագնդի այս մասի անապատացման մասին:
Ֆրիտյոֆ Նանսենի «Խաբված ժողովուրդ» աշխատությունը Հայ Դատի հենասյուներից է, Հայաստանին և հայ ժողովրդին նվիրված լավագույն գրքերից մեկը:
Տակավին 1906–ին Իզմիր քաղաքում լույս տեսավ Նանսենի «Դեպի Բևեռ» գիրքը: Կայացավ հայ ընթերցողի առաջին հանդիպումը անվանի գիտնական-հետազոտողի հետ: «Հայրս մեռավ «Հայ» բառը շուրթերին, նա այնքան սիրում և սքանչանում էր հայ ժողովրդով»,- հետագայում խոստովանում է Նանսենի դուստր Լիվ Հեոյեր-Նանսենը:
Եվ ամենևին էլ զարմանալի չէ, որ մի օր մեր հանրապետությունում պիտի ծնվեին Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամը (2002) և թանգարանը (2014), որոնց գործունեությունն առաջին հերթին նվիրված է մեծ մարդասերի ժառանգության պրոպագանդմանը:
Մեր հանրապետությունում գործում են Ֆրիտյոֆ Նանսենի անվան դպրոցներ (Երևանի թիվ 150, Արմավիրի թիվ 4 և Դիլիջանի թիվ 1), հիվանդանոց (Սպիտակում), մանկատուն (Գյումրիում), զբոսայգի և թանգարան (Երևանում), նրա անունով փողոցներ են կոչվել Երևանում, Ստեփանավանում և Սպիտակում:
Նանսենին նվիրված ֆիլմեր են նկարահանել հայ կինոռեժիսորներ Սերգեյ Միքայելյանը, Յուրի Երզնկյանը և Էդուարդ Տեր-Սահակյանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարության և Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի նախաձեռնությամբ 2004-ի հունիսի 23–ին Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի շենքում, բացվեց «Նանսենը և Հայաստանը» ցուցահանդեսը, որին ներկա էին Նորվեգիայի վարչապետը և ՀՀ նախագահը: 2006–ին լրացավ Ֆրիտյոֆ Նանսենի հայերեն հրատարակված առաջին գրքի («Դեպի Բևեռ», 1906 թ.) հարյուրամյակը: Այս կապակցությամբ Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը անցկացվեց գիտաժողով, իսկ Երևանի պետական և Սլավոնական համալսարաններում բացվեցին Նանսենի անվան լսարաններ: 2011 թ. Երևանի Մոսկովյան-Աբովյան փողոցների խաչմերուկում բացվեց Նանսենի արձանը (հեղինակ՝ Գարեգին Դավթյան):
2014 թ. Երևանի Նանսենի անվան փողոցում, ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանների հովանավորությամբ, բացվեց Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանը: Սակայն այս ամենով չի մարվում մեր ժողովրդի պարտքը մեծ մարդասերի հանդեպ:
Այսօր, երբ հողագնդի վրա ահեղ դղրդյունով դեռևս բացվում են չարի ծաղիկները՝ զենքից ճառագող կրակե միջուկով և մահվան շունչ փչող ծխածածկ թերթիկներով, առավել քան երբևէ, փնտրելի է դառնում մարդու այն տեսակը, որն անմնացորդ նվիրումով պատվար է կանգնում իր նման հազարավորների կողքին՝ փակելով նվաստացումի ու ոչնչացումի ճանապարհը: Երբ մոլորակի քաղաքական խարդավանքների ու նյութապաշտության հրապարակի վրա սավառնում են գիշատիչ թռչունները՝ սպասելով անուժ ու անզոր ընկնողներին, չեն խամրում հիշողություններն ընկածին օգնելու շտապող վեհագույն հոգիների մասին, այլ գնալով պայծառանում և դեպի իր նմանի սիրտը տանող լուսե կամուրջ են դառնում միլիոնավոր մարդկանց համար:
Նանսենյան հիշողությունների լուսե կամրջով շաղկապվելով՝ այս պահին չենք կարող չզգալ նրա վեհագույն ներկայությունը, չենք կարող չխոստովանել ինքներս մեզ, թե ինչպես, ասես աներևույթ մի ձեռք մեր ներսում ցանում է Մարդ արարածի նկատմամբ պատասխանատվություն ունենալու ծիլերը:
«Մերձավորին սիրելը միակ ռեալ հնարավոր քաղաքականությունն է»,- պնդում, հորդորում, համոզում էր Ֆրիտյոֆ Նանսենն իր մարդասիրական ողջ առաքելության ընթացքում: Որտե՞ղ էր այդ զգացողության ակունքը, և սառցաբեկորներում աշխարհաճանաչողություն փնտրող գիտնականի կրծքավանդակում ինչպես էր այդքան ջերմորեն բոցկլտում զարկվածի ու զրկվածի նկատմամբ ունեցած նրա սերը, դժվար է ասել, բայց այդ ազդակները նրա հետ գուցե թե գործել էին սկսած նրա ծննդյան օրից:
Նանսենն իր մարդասիրական գործունեության բարձրակետում էր, երբ հուսախաբ լինելով Ազգերի լիգայից ու մեծ պետություններից՝ իր առաջացած տարիքում էլ երկար ճանապարհորդություն է կատարում ամերիկյան քաղաքներով, որպեսզի իր դասախոսություններով միջոցներ հայթայթի օթևանից ու սննդից զրկված հայ գաղթականների համար: Հանուն մեկ մանկան առջև դրվելիք մեկ ափսե ապուրի՝ նա ուներ նաև իր ամենավերջին միջոցը, երբ փակված էին նրանց համար օգնություն ստանալու բոլոր ճանապարհները: Նրա ամենավերջին միջոցն իր լայնեզր գլխարկն էր, որով Մեծ Մարդասերը հանգանակություն էր հավաքում փողոցներում:
Սարդարապատի անապատում գաղթականների համար կենսապայմաններ ստեղծելու առաքելությամբ 1925–ին Հայաստան եկած Նանսենը հիացած էր հայ ժողովրդի ազնիվ ու բարոյական կերպարով:
«Եվրոպական ժողովուրդներն ու պետական գործիչները հոգնել են մշտնջենական Հայկական հարցից: Դա ինքնին հասկանալի է: Չէ՞ որ այդ հարցը նրանք ձախողեցին: Հայաստան անունը նրանց նիրհած խղճերում արթնացնում է սոսկ ուրացած կամ չկատարած խոստումների տհաճ հիշողություններ: Նրանք մատը մատին չխփեցին իրենց խոստումները կատարելու համար, քանի որ դրանք տրվել էին թեև փոքր, արնաքամ, սակայն շնորհալի մի ժողովրդի, որը չուներ նավթի ու ոսկու հանքավայրեր:
Կարեկցում եմ հայ ժողովրդին, որ խճճվեց եվրոպական քաղաքականության մեջ: Նրա համար ավելի լավ կլիներ, եթե իր անունը երբևէ հնչած չլիներ եվրոպացի որևէ քաղաքագետի բերանից: Սակայն հայ ժողովուրդը բնավ չի կորցնում հույսը: Նա համառ, անխոնջ աշխատում է և սպասում է, շարունակ սպասում:
Նա սպասում է մինչև օրս»,- գրում է Ֆրիտյոֆ Նանսենը:
Գյումրիում նա այցելում է հայ որբերին և գրում. «Մենք տեսանք Մերձավոր Արևելքի Նպաստամատույց կոմիտեի բոլոր հիմնարկները Լենինականում: Դրանց մեջ մտնում էին տասնմեկ հազար որբերի մանկատներն ու դպրոցները՝ հավանաբար կազմելով աշխարհում ամենամեծ թիվը: Մեզ վրա խոր տպավորություն թողեց այն փառավոր գործը, որ արվել էր և շարունակվում էր արվել, որպեսզի այդ երեխաներին մեծացնեին ու դարձնեին հասարակության պիտանի անդամներ: Հատկապես պետք է նշել, որ այդ հազարավոր առողջ, երջանիկ և ուշիմ երեխաներին իրականում խլել էին մահվան ճանկերից»:
Հետագայում այդ որբերից մեկը՝ տաղանդավոր գրող Խաչիկ Դաշտենցը, պիտի հիշեր.
…Օ՜, մեծագործ այր Ֆրիտյոֆ Նանսեն,
Արդյոք իմացա՞ր, որ քո ետևից
Ալեքն է վազել Շիրակի դաշտով,
Կռունկն է կառքով մաքառել հեռվից:
Ու ես առիթից օգտվելով հիմա,
Թողած Ալեքին ու իր ոսկե ձին,
Քեզ եմ վերհիշում կարոտով մի պահ,
Հոյակապ, շքեղ մեծ նորվեգացի:
Ինձ էլ վիճակվեց քեզ տեսնել մի օր,
Որբական կյանքիս դառնահուշ շեմքին.
Դու վերջին անգամ եկար մեզ այցի,
Ու մեռար՝ Երկրիս արևը դեմքիդ:
Ամառային մի օր Նանսենը մասնակցում է Շիրակի ջրանցքի բացման համաժողովրդական տոնախմբությանը: Չբավարարվելով լուսանկարչական ապարատն անընդհատ չխկացնելուց՝ Գթասրտության Ռահվիրան ժամանակն է համարում կրկին գլխից հանելու իր լայնեզր գլխարկը, բայց այս անգամ ջրանցքում աղմկելով հորդացող ջրերի մեջ նետելու համար: Հետո, երբ գրում էր Հայաստանին նվիրված իր «Խաբված ժողովուրդ» գիրքը, նշում է, որ «Դա մեծ օր էր, քանզի ավարտվել էր մի այնպիսի գործ, որը երջանկություն կպարգևեր նոր օջախներին…»:
«Ճշմարիտ Եվրոպացի»,- այսպես են բնորոշել Ֆրիտյոֆ Նանսենին: Այդ բացառիկ անձնավորությունն իր մեջ բացառիկ ձևով խտացնում էր Եվրոպայի գաղափարը՝ սկսած այն օրից, երբ Եվրոպան դեռևս առասպելաբանության մեջ էր: Ֆրիտյոֆ Նանսենն ուներ պայքարով առաջանալու, հաղթանակի համար ոգին անկոտրում պահելու խորհուրդը. «…այրեցեք ձեր ետևում թողած նավերը, քանդեցեք ձեր ետևում մնացած կամուրջները: Միայն այդ դեպքում ձեզ և ձեր ուղեկիցների համար այլ ելք չի մնա, քան միայն առաջ շարժվելը»:
Նման ձևով հաղթողը կրկին տուն է վերադառնում: Սա է նանսենյան թե՛ տրամաբանությունը, թե՛ փիլիսոփայությունը: Չէ՞ որ երկրագունդը կլոր է, և նման ձևով տուն վերադարձողը նահանջի ճամփան անհամարձակ բռնողը չէ, այլ հաղթանակով իմաստնացած և իր տունը ճշմարտապես վայելելու արժանի մեկը:
Հիմա Մեծ Նորվեգացին Հայաստան է վերադարձել: Վերադարձել է թանգարանի ձևով: Ու դարձյալ հիշեցնում է մեզ, որ նույնիսկ երբ գթասրտությունը բարձրացված է կառավարական ու քաղաքական մակարդակի, չմոռանանք, որ այն Նանսենի նման Մեծ Մարդասեր անհատների սիրո պտուղն է՝ կախված կյանքի ծառի ճյուղերից:
Նրա առաջ խոնարհվում էր Փարիզը,
Բեռլինը զգաստ էր կանգնում,
Պետերբուրգը տոնում էր,
Լոնդոնը՝ ծափահարում,
Նյու Յորքը՝ փոթորկում:
Մենք էլ… Հիշե՛նք:
Աշխարհի հայ նկարիչների միավորման կողմից «Ակադեմիա» պատկերասրահում կազմակերպվեց Ֆրիտյոֆ Նանսենին նվիրված կերպարվեստի ցուցահանդես, որին ներկա էր Ֆրիտյոֆ Նանսենի թոռնուհին՝ տիկին Մարիտ Գրևեն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակի կապակցությամբ թողարկեց հոբելյանական նամականիշ:
Նորվեգիայի ԱԳ նախարար պարոն Յոնաս Գահր Շտյորեի պաշտոնական այցի ընթացքում, ՀՀ մշակույթի և ՀՀ ԱԳ նախարարությունների նախաձեռնությամբ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվեց հոբելյանական համերգ՝ հայ և նորվեգացի երաժիշտների կատարմամբ:
Հայաստանի ազգային արխիվում անցկացվեց «Ֆրիտյոֆ Նանսեն – Հայաստան» թեմային առնչվող արխիվային փաստաթղթերի և լուսանկարների ցուցադրություն:
Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի տրամադրած նյութերով Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոներ անցկացվեցին Սանկտ Պետերբուրգում, Բուենոս Այրեսում և Հալեպում:
Նորվեգիայի Թագավորության Բերգեն քաղաքի Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ Երևանի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում 2011 թ. հուլիսի 1-ին անցկացվեց Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված համերգ (դիրիժոր՝ Էսպեն Սելվիկ, մենակատար՝ Մարինա Կան): Համերգից հետո հյուրերը եղան Արցախի Հանրապետությունում, որտեղ հանդիպումներ ունեցան նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, Մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանի հետ: Խմբավար Էսպեն Սելվիկը, Արցախի մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը և արցախցի բժիշկ Վահան Արզումանյանը վաղեմի բարեկամներ են: Նրանց նախաձեռնությամբ Բերգենում` Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի մոտ, տեղադրվել է հայկական խաչքար՝ ի հիշատակ մեր ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի:
2011-ի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը Արցախում անցկացվեցին Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ, որոնց մասնակցում էին նաև Նորվեգիայի Ֆրիտյոֆ Նանսեն հումանիտար հիմնադրամի նախագահ Կաարե Նոստելը, Բերգենի Ֆրիտյոֆ Նանսեն թանգարանի տնօրեն, խմբավար Էսպեն Սելվիկը, ճանաչված դաշնակահարուհի Մարինա Կանը, Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի աշխատակիցներ: Արցախի պետական կամերային նվագախմբի, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի, Արցախի պետական համալսարանի համատեղ նախաձեռնությամբ անցկացվեցին մի շարք միջոցառումներ (համերգներ, դասախոսություններ, «Ֆրիտյոֆ Նանսեն՝ աշխարհի խիղճը» ֆիլմի ցուցադրում): Հանդիպում անցկացվեց նաև Արցախի Ազգային ժողովի պատգամավորների հետ:
Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150–ամյակը մեծ շուքով նշվեց ինչպես Հայաստանի և Արցախի Հանրապետություններում, այնպես էլ Սփյուռքի հայաշատ գաղթօջախներում: Ճիշտ է, դրանով ինչ–որ չափով մեր երախտագիտությունը հայտնեցինք մի Մարդու, ով Եղեռնից մազապուրծ 320.000 հայ գաղթականների երկրորդ կյանք պարգևող Հայրն է դարձել, և ում գործը, ինչպես երջանկահիշատակ Գարեգին Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսն է նշել. «Քրիստոսի ավետարանի մարդկային թարգմանությունն է», բայց մեր պարտքը երբևէ չենք կարող մարել: