Այն, որ 15-րդ դարավերջում ապրած հոգևորական, ճանապարհորդ Մարտիրոս Երզնկացին իր ուղևորությամբ հավաստի է և առկա է միջնադարի համաշխարհային պատմության մեջ, փաստ է: Նրա զարմանահրաշ ճամփորդության նոթերը պահպանվում են Երևանի մատենադարանում, թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն (Récit du voyage de l’évêque Martyros Erzengatsi Մարտիրոս Երզնկացի en Europe (fin XV siècle), ռուսերեն: Ֆրանսերենով է Սոմերսեթ Մոեմը կարդացել այն և մի ծավալուն հոդվածով իր հիացմունքն է արտահայտել այս խիզախ ուխտավորի մասին (հոդվածը անգլերենից հայերեն է թարգմանել Կարպիս Սուրենյանը): Երևի թե այդ ճանապարհին էր (ոչ ֆիզիկապես) նաև Սոմերսեթ Մոեմը, որ 1827 թվականին կարդաց Մարտիրոսի ուղեգրությունը և գնահատեց իրենից չորս հարյուր տարի առաջ ապրած հայի ինքնաորոնման խիզախումը:
«Արզնջանը բանուկ և մարդաշատ ոստան էր, ու Եփրատը, նշանավոր գետը, հոսում էր դրա միջով: Գտնվում էր մրգաստաններով ու խաղողի այգիներով հարուստ դաշտավայրում, որը շրջապատված էր բլուրներով, ուր ապրում էին ոչ մի իշխանության չենթարկված վայրի ցեղախմբեր»: «Եպիսկոպոսը ուղևորվել է Հռոմ, ուր Պապը նրան տվել է հանձնարարական նամակ, որ մեծ ծառայություն է մատուցել նրան իր շատ դժվարին ճամփորդության ընթացքում: Կարելի է ամենաչոր ընթերցանությունն է սա, և սակայն շարունակում ես կարդալ, որովհետև զգում ես մարդու անընկճելի քաջությունը»: «Կարծում եմ՝ բացառիկ մարդ է եղել նա՝ Արզնջանի եպիսկոպոս Մարտիրոսը»:
Առանց այդ մասին կասկած իսկ ունենալու, մեր քաջասիրտ Երզնկացի Մարտիրոսի հետ մրցության էր ելել Պաոլո Կոելյոն, երբ 1978-ին մեկնեց դեպի նույն Սանտ Յագո դե Կոմպաստելլա (Սբ. Հակոբի սրբատեղին), դեպի ուր ուղևորվել էր Մարտիրոս Երզնկացին նրանից 500 տարի առաջ:
Մարտիրոսը Աղասի Այվազյանի «Սինյոր Մարտիրոսի արկածները» վիպակում, որ վեպի բովանդակային տարողություն ունի, դարձավ Սինյոր Մարտիրոս: Մարտիրոսի և Կոելյոյի ուխտագնացությունների միջև զուգորդությունները մի ամբողջ շարք են կազմում: (Դրանցից մի քանիսի մասին խոսել եմ արդեն): Մի բան պարզ է՝ նրանք երկուսն էլ ուզում էին գտնել ճշմարտությունը, լույսը, իրենք իրենց:
Այս նույն ճանապարհն էր բռնել նաև Աղասի Այվազյանը, երբ խորամուխ եղավ Մարտիրոսի զարմանահրաշ ուղևորության պատմության մեջ: Նրա նախնիները էրզրումցի էին:
«Մարդ պատկառելի է ոչ թե այս օրով, այլ անցյալով ու ապագայով, ոչ թե լայնությամբ պետք է նայել մարդուն, այլ ժամանակի խտությամբ» («Սինյոր Մարտիրոսի արկածները»):
1489 թվականի հոկտեմբերի 29-ին Մարտիրոս Երզնկացին, որ արդեն եպիսկոպոսի հոգևոր աստիճան ուներ, ճամփա ընկավ դեպի Իսպանիայում գտնվող Սուրբ Հակոբի ուխտավայրը: Սուրբ Կիրակոս վանքից դուրս գալուց անմիջապես հետո Մարտիրոսն սկսում է ցատկոտել ուրախությունից մենակության ու ազատության մեջ: Որքա՜ն շատ քայլելու եռանդ էր կուտակված նրա մեջ: «Մարտիրոսի ոտքերն ուժեղ էին և նոր էին ճամփա ընկել»: Եվ անմիջապես էլ Աղասի Այվազյանը մեզ հրամցնում է. «Ու հանկարծ Մարտիրոսը ուզեցավ ցատկել, նա սկսեց ինչ-որ ոչ հայերեն բառեր ասել, այդ բառերը ոչ մի լեզվով էլ չէին, բայց գեղեցիկ էին և ազատ ու հեշտ էին հնչում: Մարտիրոսը մտածեց, որ իր նախնիների խառնուրդ լեզուն էր, իր բնական լեզուն (Երևի այն ժամանակից, երբ դեռ աշխարհի բոլոր մարդիկ նույն լեզվով էին խոսում։ Ա. Հ.): Ով գիտե, ինչքան ազգեր են խառնվել իր արյան մեջ, ու հիմա իր ազատագրված պահին դուրս էր հորդում այդ ազատ լեզուն: Ազատ ու հնչեղ, բնական ու բարբարոս: Ու ինքն իրենից չէր ամաչում Մարտիրոսը՝ թեպետև զգալով, որ, իհարկե, անսովոր ու ամոթալի պատկեր կլինի ուրիշի աչքին ոչ մի լեզվով խոսելը և պարելը՝ սքեմը հագին հոգևորականի, որի մտքերը և զգացմունքները կազմակերպված ու դասավորված են սովորաբար ու շատ օրինական ու ընդունելի են նաև իր տեսանկյունից»: Այսինքն՝ կաշկանդումներից փրկված Մարտիրոսի առաջին զգացողությունն այն է, որ իր արյան մեջ տարբեր գետեր են հոսել ժամանակների հետ. այլ կերպ չէր էլ լինի: Ո՞ւր էին անհետանալու այն ազգերն ու ցեղախմբերը, որ աղմկում էին հին ժամանակներում, թմբկահարում էին իրենց՝ ուժեղագույնների առասպելները: Կարո՞ղ էին դրանք հենց այնպես գոլորշիանալ: Երևի թե իրենց համար էլ աննկատ՝ խառնվել ու ձուլվել են իրենցից արյամբ ավելի հզորների մեջ՝ իրենց վայրենությունն ու անտաշ բարքերն էլ իրենց հետ: Բայց Աստծո ընտրած ազգերը պահել են իրենց դոմինանտությունը՝ մեծահոգաբար տեղ տալով, չոչնչացնելով իրենց ապավինած արարածներին: Ու հենց այս խառնածին արյունն էր, որի կանչին պետք է արձագանքեր, չէր կարող չարձագանքել մարդ արարածի ազատ ոգին: Այս պահից էլ սկսվում է նրա կարճ, վանքի պատերով սահմանափակ կյանքի ընթացքում կուտակվածի աստիճանական վերափոխումը, ինքն իրեն որոնելու, ինքնաճանաչման ելածի վերածնունդը: Սկսվում է Մարտիրոսի հոգեբանական անցումը իր իմացած աշխարհից դեպի անծանոթ աշխարհ: Բայց աշխարհի քաղաքացի լինելով՝ նա մնալու էր հայ, հետագայում Ա. Այվազյանի իսկ գրչով հաստատվելու էր, որ նա ունի նաև իր յուրահատուկ մարդաբանական անունը՝ «Արմինուս»: Նրա քայլերը չնախատեսված են, բայց իրենն են, և սա է, որ նրա հոգին լցնում է բերկրանքով այնքան, որ նա անմարդ բացության մեջ գոռում է «Կեցցե՛ կյանքը»: Նա ինքն է ուզում փնտրել ու գտնել անհայտը ու զգուշանում, որ որոշումը չաղարտվի սխալ հուշումներով: Վենետիկցի պատահական ճամփորդի խորհրդին չի հետևում, չի գնում նրա ցույց տված լայն, փորձված ճանապարհով, այլ՝ նրան հրաժեշտ տալուց հետո մտնում է արահետ: Այսինքն՝ մի ուղի, որ գուցե մարդն է բացել, գուցե մի այլ կենդանի արարած, բայց տրորված չէ լայն ճանապարհի չափ, որով շատերն են անցնում: Նա աշխարհին մի շատ կարևոր ասելիք ունի ուրեմն:
Ավազակապետ Յունուսի կողմից իրեն տրված խոսելու իրավունքի կարճ պահի մեջ նա պետք է իր մեծ ասելիքը կարողանար աննկատ տեղավորել: «Նրա (Մարտիրոսի) աչքերում երևաց նաև մի փոքր ճարպկություն, որը Մարտիրոսը՝ ինքը զգաց ու հաճելի չէր այդ, բայց հաղթանակ էր ակնկալում, ու զսպելը դժվար էր. ինչ ասես՝ դուրս էր գալիս ներսից լավի հետ միասին»: Իսկ նրա մեծ ասելիքն այն էր, որ բոլոր մարդիկ նման են իրար, և երբ սպանում ես, սպանում ես քեզ. «-Դո՛ւ… Դո՛ւ… Դո՛ւ… սպանելու ժամանակ երբեք չե՞ս նայել նրա դեմքին… Ոչինչ քեզ նման բան չկա՞…Արդյո՞ք դու քեզ չես սպանում…»:
Մարտիրոսին ավելցուկով հաջողվում է ավազակներին դարձի բերել: Մարտիրոսի «Ճառը» բարության ու բոլոր մարդկանց՝ իրար նման լինելու մասին, սկսում է ներգործել ավազակախմբի անդամների վրա՝ առանձին-առանձին: Ա. Այվազյանը հոգեբանական համոզիչ միջոցներով ներկայացնում է նրանց վիճակը: Նրանցից Մուստաֆան էլ էր ունենում «կպչուն» մտքեր, դրա համար էլ ընկերները հռհռում էին նրան նայելիս, և ահա նա իր այս ախտորոշված հոգեկան հիվանդությամբ բնական է, որ դառնար Մարտիրոսի ակամա լարած թակարդի առաջին զոհը: Մյուսների վերափոխումը նույնպես ծանրակշիռ պատճառներ ունի: Միանգամայն տեղավորվում է արկածային ռոմանտիկայի թելադրած կանոնների մեջ: Չարը դառնում է բարի:
Ծովահեն Բոսկոյի պատմությունը կարծես վկայությունն է Համբարձյալ վեհապետերի այն ուսմունքի, թե ամեն ինչ սկսվում է մեր ներսից, որ պետք է հետևենք մեր մեջ եղած աստվածային լույսին, և մեր շուրջը ամեն ինչ կփոխվի: Ահա Մարտիրոսի շուրջը մեծ շառավղով արդեն փոխվում էր աշխարհը նույնիսկ, երբ դեռ ինքը չէր մոտեցել ու չէր մասնակցում Բոսկոյի խաղին: Բոսկոն կորցրել էր աշխարհի համերի զգացողությունը: Պարզ է, որ սա լուրջ հոգեբանական պատճառներ պետք է ունենար: «Էլ չեմ կարող,- ասում էր Բոսկոն, հոգոց հանում:- Դժբախտ մարդ եմ… Ամեն սպանությունից հետո տխրում եմ… Ի՞նչ պիտի լինի իմ վիճակը»… «Դժբախտ եմ… Ինչ անեմ… Ոչ մի բանից հաճույք չեմ ստանում: Այս գինին ոնց որ ջուր լինի, ջուրն էլ՝ ոնց որ գինի… Սիրտս ճմլվում է, ներսս էլ ինչ-որ բան է կոտրվում… Առաջին անգամ ինչ լավ էր… (Խոսքը առաջին անգամ սպանություն կատարելու մասին է: Ա.Հ.)։ Ես այլևս չեմ կարող…»:
Եվ քայլում էր Մարտիրոսը և չէր ընկճվում: Իսկական ուխտավորը այսպես կլինի: Հրճվում էր, երբ հրճվել էր պետք, հիանում էր, երբ հիանալու բան կար շուրջը: Թեև մի անգամ նրա լացն ենք տեսնում Կորնելիայի հեռանալուց հետո: Աղջկա վստահող աչքե՞րն էին, որ գրավել էին նրան ու այնուհետև մի մեծ խոռոչ էին թողել Մարտիրոսի սրտում:
Տոմազոն, որ օգնել էր Մարտիրոսին դուրս պրծնել Բոսկոյի գերությունից, կարծես նրա ուրախ բջիջը լիներ, որի մասին ինքը չգիտեր: Դրանից ու բազում այլ տաժանքներից հետո էլ «Ամեն ինչի մեջ Մարտիրոսը բանականություն էր փնտրում»: Ա. Այվազյանը մի քանի անգամ գտնում, կորցնում և նորից է գտնում բանականության, տրամաբանականի բանալին կամ տրամաբանությունն ու բանականությունը՝ որպես բանալի: Տոմազոյի և Մարտիրոսի ներկայացումը Բաչոյի շրջիկ թատրոնում ֆարսի մի կատարյալ նմուշ է: Արագությունը, որ վեպի համար ընտրված առավելագույնն է այստեղ, քանի որ ներկայացման պայմանական ժամանակի մեջ պետք է տեղավորվեն նորահայտ մտքեր, տրամաբանություն, որ իրենց բյուրեղային մերկությամբ ու թափանցիկությամբ ի վերջո դառնում են ճշմարտություն: Իսկ սա, պարզվում է, ոչ մեկին պետք չէ: Նա իր հոգում ունեցած ամբողջ հավատով ու մարդու հանդեպ ունեցած հոգածությամբ ամենապարզ ու մատչելի խոսքերով էր դիմում հանդիսականներին՝ տարբեր խավերի մարդկանց, վստահ, որ համոզելու է բոլորին, որ երբ խաբում ես, ինքդ քեզ ես խաբում՝ վնաս տալով ուրիշին: «…հետո ինքներդ այդ վնասը ստանում եք մի ուրիշ տեղից, դուք իշխում եք և չգիտեք, որ դժբախտ եք հենց այդ պատճառով… Ուղղակի պետք է ճիշտ մտածել, և բոլորդ երջանիկ կլինեք»: Երբ Տոմազոն մի կերպ պոկում, փախցնում է Մարտիրոսին հավաքվածների զայրույթից, նա դեռ գոռում է. «-Տոմազո՛, իզուր շտապեցիք, ազնիվ խոսք, եթե ես վերջացնեի իմ խոսքը, կհանդարտվեին… Չթողեցիք, որ վերջացնեի իմ միտքը… Ախր դա հասարակ է և բոլորի համար օգտակար»: Ահա և կյանքի փիլիսոփայությունը: Մարտիրոսն է, որ աշխարհին նայում է այն երեխայի միամտությամբ, որ կարծում է՝ եթե իրեն մինչև վերջ լսեն, ուշադիր լսեն, ի վերջո կկարողանա հասկացնել, որ իր ասածն է ճիշտ, որ ինքը սուտ չի խոսում:
Մարտիրոսը անվերջ զարմացող է, թե ինչո՞ւ ուրիշները չեն տեսնում՝ ինչքան ավելի հեշտ է աշխարհում ամեն ինչ ու պարզ, որքան հարմար է ապրելը, եթե մարդիկ հասկանան պարզ ճշմարտությունը, բանականը: Ու թեև իր ճանապարհին միայն ու միայն ինքն է դա հասկացողը, դրա կրողը, բայց իր եզակիությամբ է կարողանում զարմացնել, ուշքի բերել առայժմ… Նա մեծ հույսեր է կապում ներդաշնակության ու բանականության հետ: Բայց ահա իր անվերջ թվացող ճանապարհին տեսնում է մուրացիկ դարձած ԲԱՐԲԱՐՈՍ ԲԱԲԻՇԱԴԻՆ… Եվ այստեղ է, որ «Մարտիրոսն առաջին անգամ փախչում է իր բանականությունից»: Ի՞նչ էր սա… որ բանականությունը ոչ մի տեղ չի՞ տանում, թե՞ որ բանականությունը հակադրվել է ճշմարտությանը: Եվ այնուամենայնիվ, «…երբ հոգնած ու ջղային էր, նա դիմում էր իր ամենակարող տրամաբանությանը և կամաց-կամաց ամեն ինչ իր տեղն էր բերում, մեղավորներին արդարացնում էր, արդարներին բացատրում աշխարհի ներդաշնակության կանոնները, ու մեկ-մեկ էլ, հատկապես քնելուց առաջ, մտածում էր սիրո մասին»: Այսինքն՝ գիտակցելով իր առաքելությունը՝ նվիրված էր դրան անխոնջ ու անմռունչ ծառայելուն:
Ճշմարտությունը հասկանալու, հայտնաբերելու կարիք չուներ… Այն ակներև էր… Եվ դա բնությունն էր, միակը… Երբ դրա կարիքը կա, Մարտիրոսը ձուլվում է բնությանը այնպես, որ բույսի պես հաշտ է անձրևի հետ… «Կեսօրին սկսեց անձրև մաղել. այնքան աննկատ էր, որ Մարտիրոսին նույնիսկ հաճելի էր, և նա չէր տարբերում անձրևի կաթիլները օդի խոնավությունից: Ու երեկոյան մեկ էլ անսպասելիորեն զգաց, որ ոտքերը հազիվ է հանում ցեխից: Գնալով ցեխը փաթաթվում էր նրա ոտքերին, ու Մարտիրոսը ամեն քայլի հետ մի մեծ ցեխակույտ էր հետը տանում: Հողը յուղոտ էր, խիտ, հարուստ, և ամեն կողմ միայն հող էր: Ծառերը քիչ էին, խրճիթ չէր երևում, թաքնվելու տեղ չկար: Մարտիրոսը սկսեց մտածել հողի ու երկնքի մասին, նրանց մոտիկության և կապի մասին, ու մենակությունը մոռացավ, և իր տաք մտքերի մեջ տեղավորեց իրեն»: Այսպես կաներ ամեն կյանքով լի մի արարած, լինի դա բույս, մարդ թե գազան…
Թեև Կորնելիայի Հայտնվելը նոր կացության մեջ էր դրել կուսակրոն, եպիսկոպոս Երզնակցի Մարտիրոսին, բայց դա նեղություն չտվեց ս. Հակոբի ուխտավորին, քանի որ սա էլ բնություն էր: «Նա (Կորնելիան. Ա. Հ.) Մարտիրոսին ավելի հեռու տարավ, քան թե Մարտիրոսը կարող էր իր մի զույգ հոգնած ոտքերով հասնել»: Հիշենք, որ Սանտ Յագո դե Կոմպաստելլայի ճանապարհը մեծ դժվարություններ ունի այժմ՝ 21-րդ դարում էլ: Իսկ «Բնությունը հրաշքը հրաշքի ետևից Մարտիրոսի միտքը շարժում էր, ճշմարտություններ էր հայտնաբերում իր համար…»:
Բնության և մարդու մոգական միաձուլությունն էր, որ անսպասելի էր Մարտիրոսի համար, երբ ակամա հայտնվել էր «զարմանալի ուխտի» անդամների մոտ, որոնց պարտեզում ծառերը իրենց անուններն ու սովորություններն ունեին. նրանց չէր կարելի նեղացնել: Պետք էր մրգերը ոչ թե քաղել, այսինքն՝ սպանել նրանց, այլ՝ սպասել մինչև նրանք ծառերի վրա վերջացնեն իրենց կյանքը և երջանիկ ընկնեն գետնին: «Առավոտյան արթնացավ Մարտիրոսը մրգերի ուժեղ բույրից: Եվ առաջին անգամ մտածեց, որ աշխարհը բույր ունի, նրա բույրը արհեստականորեն չի կարելի ստեղծել, նրա բույրը արևի նման է: Եվ ինչքա՜ն հոտեր են միախառնվում և ի՜նչ ուժ ունեն: Եթե արևին նայելիս մարդու աչքերը ուրախանում են, ապա աշխարհի ամբողջ բույրը միանգամից շնչելու դեպքում պետք է թոքերը պայթեն… Մարտիրոսը իրեն երջանիկ զգաց, որ կարող է շնչել, տեսնել և շոշափել իրեն… Մարտիրոսը հետադարձ զգաց իր Նորագեղուկի բույրերը, լույսը, և որ այդ տեղը կա աշխարհում՝ այս հողի և այգիների կողքին: Մարտիրոսն ուզեց գոռալ, բայց տեսավ պատուհանների մեջ ուրախ փարաջաներով մարդկանց և կամաց ինքն իրեն ասաց. «Կեցցե կյանքը»: Հիշենք, որ այս երկու հատիկ բառը նա երկրորդ անգամ էր արտաբերում: Առաջին անգամ նա այս բառերը գոռալով էր արտասանել, երբ դեռ շատ չէր հեռացել իր վանքից, իր Նորագեղուկից: Ինչո՞ւ հենց այս ներդաշնակություն, բարություն, սեր ունեցող այգին նրան հիշեցրեց իր ծննդավայրի մասին: Նա այստեղ տեսել էր այն, ինչ ուզում էր ունենալ իր Հայրենիքում: Մի փոքրիկ հողակտոր, որի վրա ոտք չի դրել օտարը, և ուրեմն՝ կա, պետք է լինի այդ անապակ կետը աշխարհում: «Օտարի ոտք չդիպած մի պատառ հող որ չլիներ, բա ո՞նց կմնար էսքան աշխարհը»… «Մի փոքրիկ տեղ պիտի մնար, որ դառնար Հայաստան: Սա է էդ հողը…- նա («Ոտավորը» մի քանի տողանոց այս խորհրդավոր պատմվածքի հերոս Ոտավորը) նորից նշեց տեղը,- էս հողի վրա թշնամին ոտք չի դրել…»: Ի՞նչ պետք է կարդանք Այվազյանի՝ խորհրդանիշերի այս մեծ անտառում… Այդ մի ոտք անապակ տեղը հենց տարա՞ծք է միայն, ու եթե տարածք է, ի՞նչ նշանակություն ունեն այստեղ օտարը, հողի թիզուկես լինելը… Գուցե այսպե՞ս հասկանանք՝ եթե նույնիսկ մի փոքրիկ տարածք կա մարդկային էության մեջ, որ աղարտված չէ, դա էլ հենց նշան է, որ այն վերականգնման սկիզբը կարող է լինել, ինչպես «մանանեխի հատիկի չափ հավատը»՝ դեպի մեծագործություններ տանող ելքուղի: Միայն ազատ մնալու կամք է պետք:
Թռչնաշուկայի աննման գունագեղ տեսարանը թե՛ բանտված և թե՛ ազատության մեջ գտնվող հոգիների թռիչքի բնականության ընդգծումն է: «Ամեն ինչ թռչել էր ուզում այստեղ, օդի մեջ թռիչք կար, բոլորի շարժումների մեջ թռիչք կար, թռչել էր ուզում, ով ազատ էր, ով կապանքների մեջ էր, ով երկար թևեր ուներ, ով բոլորովին թևեր չուներ: Թռչում էին ծովի վրա ճայերը, թռչում էին ծովի ալիքները, թռչում էին մարդկանց խոսքերը, երգերը, հայացքները, կրքերը…»: Ազատության մեջ էին նաև Մարտիրոսը, Տոմազոն և նախկինում ավազակ, իսկ հիմա մուրացիկ Մուստաֆան, այսինքն՝ իրենք էին ընտրել իրենց ազատության տեսակը: Եվ ահա երեքով մոտենում են արդեն սբ. Հակոբի ուխտավայրին, բայց դեռ չեն հասել: Տոմազոյի փիլիսոփայությունը կարծես թե ուզում է ընդհանուր եզր գտնել Մարտիրոսի հետ, սրան խառնվում է Մուստաֆայի գտած ճշմարտությունը: Երբ Տոմազոն հարցնում է «-Իսկ ի՞նչ է բարին», «Երբ մարդիկ մուրացկան են,- հանկարծ ասաց Մուստաֆան»: «Երբ մարդիկ սիրում են իրար… – հոգնած բառերի հնությունից ու մաշվածությունից՝ ասաց Մարտիրոսը»: Տոմազոյի ու Մարտիրոսի երկխոսությունը շարունակվում է ու փորձում զարգացման ելք գտնել: Մուստաֆան ասելիք չունի, իսկ Մարտիրոսի հարցերը չեն սպառվում. «Հապա էլ ինչո՞ւ ենք խոսում բարու, գեղեցկության, բանականության և լույսի մասին»: «Պետք է խոսենք,- ոգևորվեց Տոմազոն,- և միշտ պետք է խոսենք… Առանց դրան կյանքը կկորցնի իմաստը և կոչնչանա…»: «Ուրեմն, էլ ինչո՞ւ ենք սպանում, կռվում, նախանձում, պաշտում ուժը…- ասաց Մարտիրոսը»: Եզրափակում է Տոմազոն. «-Առանց դրանց կյանքը կանգ կառնի… Պետք է սիրենք, ատենք, ճշմարտությունն ասենք, սպանենք, սպանվենք…- և եզրակացրեց,- Ճաշը կեփվի…»:
Սրան հաջորդում է երեքի մուտքը Սանտ Յագո, որ տեղավորվում է ընդամենը մի նախադասության մեջ: «Օրավարձով գնեցին հագուստներ, ուտելիք և արդեն կուշտ մտան Սանտ Յագո»: Ի՞նչ խորհուրդ պետք է փնտրի ու գտնի ընթերցողն այս սեղմ նախադասության մեջ: Ինչո՞ւ այսքան երկարատև տանջանքների, թնջուկների միջով անցնելուց հետո պետք է «կուշտ փորով» մոտենային Սուրբ Հակոբի շիրմին և ոչ թե քաղցից ու զրկանքներից հյուծված, որ Հիսուսի աշակերտին ներկայացնեն, թե ինչերի միջով են անցել՝ իր մոտ հասնելու բախտին արժանանալու համար… Երևի սուրբ Հակոբին ուզում էին ասել միայն իրենց գտած մեծ ճշմարտության մասին, որ ԱՍՏԾՈ տված ԱԶԱՏ ԿԱՄՔԸ իրենք ճիշտ են հասկացել… Դավանանքով, մտածելակերպով, մարմնական կառուցվածքով տարբեր երեք մարդ… Նրանք երեսնիվայր չփռվեցին սուրբ Հակոբի շիրմի վրա, լաց չեղան, թողություն չխնդրեցին իրենց սիրելիների, հանգուցյալների, աշխարհի մեղքերի համար, ինչպես դա արել, անում ու անելու են այստեղ հասած ուխտավորները… և ինչպես նկարագրված է Մ. Երզնկացու, նաև Կոելյոյի ու այլ ուխտավորների ուղեգրություններում: Որքա՜ն հուզական ու չափազանց սրտառուչ է այս պահը:
Իսկ Այվազյանի սինյոր Մարտիրոսի արկածները այսուհետև դեռ տեղափոխվելու են Կոլումբոսի նավարկության դաշտ… «Մարտիրոսը ոտքը դրեց հողին՝ որպես թե Հնդկաստան է հասել, որտեղից մոտ է Հայաստանը, Երզնկան»: Նա իրեն տրված ԱԶԱՏ ԿԱՄՔՈՎ այլ բան չէր ցանկանում… Աշխարհի քաղաքացի, խառնածին արյունով Մարտիրոսի բաղձանքը հողագնդի վրա իր երկիր, իր Հայաստան երկիր, իր Նորագեղուկ հասնելն էր…
«Սրանով վերջանում է մեր այս պատմությունը:
Այնուհետև Մարտիրոսը բազմաթիվ աներևակայելի արկածներ ունեցավ այդ նոր հողի վրա: Ապա նա Կոլումբոսի հետ վերադարձավ Իսպանիա և կրկին Իսպանիայից ոտքով երեք տարի քայլեց ամբողջ Եվրոպայով, մինչև հասավ Հայաստան… Այս ընթացքում նրա հետ պատահեցին ոչ նվազ զարմանալի առեղծվածային դեպքեր, բայց այդ մասին մի ուրիշ անգամ…»:
Ինչո՞ւ Աղասի Այվազյանը նորից չանդրադարձավ այս պատմությանը: Գուցե Արմինուսին հայտնաբերե՞լն էր, որ մտքերի, անհավանական պատմությունների նոր ալիք բերեց նրա ֆանտազիաների համար, գուցե Աղի Կոմս Իսայ Ակիմիչն ու նրա որդի՞ն տարան իրենց ուղիներով… Գուցե թողեց, որ մեկ ուրիշը ուղեկցի Մարտիրոսին դեպի Երզնկա, փորձի իր գրողական կարողությունները… Բայց Սինյոր Մարտիրոսը՝ որպես այդպիսին կմնա մեր գրականության ամենագունեղ, ամենաբազմաբարդ և միևնույն ժամանակ վճիտ լինելու չափ պարզ մարդկային տեսակը, հայ մարդու մի տեսակը, որ փնտրում էր ճշմարտությունը, բռնում էր այն ու չէր ուզում նկատել, թե ինչպես է այն դուրս սողում իր մատների արանքից ամեն անգամ…
